ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

  ժԱՄԸ 11:00

 

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԱՀ նախագահը, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

         Նիստին ներկա են 31 պատգամավորներ: Նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

         Գագիկ Բաղունց - Բարի առավոտ բոլորին, ԱՀ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ սույն թվականի օգոստոսի 4-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ:  

Առաջարկվել է 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրելու մասին օրակարգով:

Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:

Գրանցում:

Ներկա են 31 պատգամավորներ: Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք ձեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել պարոն Թովմասյանին ավելի քան 25-ամյա, որից հինգը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում։ Հարուստ խորհրդարանական կենսագրություն ունեցող պետական և քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը անմնացորդ նվիրումով, ժողովրդանպաստ նախաձեռնություններով զգալի ներդրում է ունեցել ԱՀ ԱԺ պատմության մեջ: Հավատացած ենք, որ իր խորհրդարանական դիվանագիտության փորձով կշարունակի մասնակից լինել ԱՀ ԱԺ պատմության կերտման գործընթացին: Առողջություն և հաջողություններ ենք մաղթում պարոն Թովմասյանին` նրան միշտ մեր կողքին տեսնելու ցանկությամբ:

 ափահարություններ)

Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահի թափուր պաշտոնում ընտրելու համար «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը: Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հետևյալ տարբերությամբ. թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասական րոպե,  թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև 30 րոպե, թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե:

Հարգելի գործընկերներ, արտահերթ ելույթի իրավունքով  խոսքը տրվում է  Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանին: Խնդրեմ, պարոն նախագահ:

Արայիկ ՀարությունյանՆախ ուզում եմ ողջունել, հարգելի հայրենակիցներ, գործընկերներ։ Տեղյակ եք, որ օրեր առաջ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահի պաշտոնից՝ առողջական խնդիրներից ելնելով: Հուսով եմ՝ բժիշկների աջակցությամբ նա կկարողանա լուծել առողջական խնդիրները և շարունակել իր ակտիվ քաղաքական գործունեությունը: Ես բարձր եմ գնահատում պարոն Թովմասյանի վաստակը Արցախի պետականաշինության գործում, իսկ անձամբ ինձ համար տասնամյակներ շարունակ նա եղել է և մնում է որպես ավագ գործընկեր և լավ ընկեր: Շնորհակալություն, Արթուր Բաբկենի:

ափահարություններ)

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի նոր ընտրությանը, ապա, բնականաբար, դա պատգամավորների և խմբակցությունների բացառիկ իրավունքն ու լիազորությունն է՝ ընտրելու իրենցից յուրաքանչյուրին: Սակայն, հաշվի առնելով Արցախի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և հանրապետության նախագահի պաշտոնում իմ ստանձնած մեծ պատասխանատվությունը, ես ինձ իրավունք եմ վերապահել առաջարկել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին՝ քննարկել Դավիթ Իշխանյանի թեկնածությունը: Բոլոր քաղաքական ուժերի ղեկավարությանը ներկայացրել եմ իմ առաջարկի հիմնավորումները, որոնք վերաբերում են հատկապես պարոն Իշխանյանի անձին և անցած ճանապարհին: Անկախ իր կուսակցական պատկանելիությունից՝ Դավիթ Իշխանյանը այնպիսի քաղաքական և պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն իրեն դարձնում են արժանի թեկնածու ԱԺ նախագահի համար: Իհարկե, ՀՅԴ-ն համազգային մակարդակով մեծ ինստիտուցիոնալ ներուժ ունեցող  մարմին է, հատկապես սփյուռքի իր կառույցների միջոցով հսկայական աշխատանք է կատարել և կատարում Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Սակայն ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի արժեքը հիմնականում պայմանավորված չէ իր կուսակցական գործունեությամբ, առավել ևս, վստահ եմ, որ Արցախի քաղաքական համակարգում Դաշնակցության դերից, կշռից ու այլ հատկանիշներից միևնույն է այս համահայկական կառույցը հիմնադրել և ներդնելու է առավելագույն ջանքերը հանուն Արցախի: Ուրախ եմ, որ քաղաքական ուժերի մոտ իմ առաջարկը ընդունվել է ըմբռնումով: Հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է, և ձեր ցանկացած որոշում մեծ հարգանքով է ընդունվելու իմ կողմից՝ շարունակելով ԱԺ քաղաքական ուժերի և անհատապես բոլոր պատգամավորների հետ իմ կառուցողական համագործակցությունը հանուն Արցախի Հանրապետության  հարատևման և Արցախի ժողովրդի արժանապատիվ ու ազատ ապագայի: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն նախագահ: Հարգելի գործընկերներ, այժմ Ազգային ժողովի նախագահի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանին: Խնդրեմ, պարոն Հարությունյան։

Արթուր Հարությունյան – ԱՀ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը ներկայացնում է Դավիթ Ռուբենի Իշխանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի թափուր պաշտոնում ընտրվելու համար:

Դավիթ Ռուբենի Իշխանյանը ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 27-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Աշան գյուղում: 1985 թվականին ավարտել է Աշանի միջնակարգ դպրոցը: 1992 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ «Պատմություն և իրավագիտություն» մասնագիտությամբ: 1987-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է: 1991-1995 թվականներին՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, 1992-1995 թվականներին ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, 1995-2000 թվականներին՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն, 2000-2005 թվականներին՝ Աշան համայնքի ղեկավար, 1989 թվականից՝ ՀՅԴ կուսակցության անդամ, 2007-2021 թվականներին՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ: 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2015 թվականի մայիսից 2017 թվականի մարտ՝ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, 2020 թվականի մարտի                                            31-ի խորհրդարանական ընտրություններում «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2022 թվականի մարտին ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ։ Ամուսնացած է, ունի 3 զավակ: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով:

Հարգելի գործընկերներ, օգտվելով առիթից՝ ես էլ եմ ուզում մեր խմբակցության անունից շնորհակալություն հայտնել պարոն Թովմասյանին, առողջություն ցանկանալ, և այս երեքից ավելի տարիների համատեղ աշխատանքի ընթացքում ծանրագույն այս  ժամանակահատվածում մեր կատարած բավականին արդյունավետ կատարած աշխատանքի, անձնապես ինձ համար պատիվ եմ համարում, պարոն Թովմասյան, Ձեր՝ որպես ԱԺ նախագահ աշխատելու ընթացքում Ձեզ հետ համատեղ աշխատելու և համոզված եմ, որ նույնպես որպես պատգամավոր շարունակելու եք մեր երկրի համար ձեր ավանդն ու ներդրումն ունենալ մեր պետականության կայացման գործում: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Եթե հարցեր ունեք պարոն Հարությունյանին,  խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել Ձեր  տեղը:

Այժմ հրավիրվում է Ազգային ժողովի նախագահի թեկնածու պարոն Իշխանյանը:

Դավիթ Իշխանյան – Շնորհակալություն: Ես, բնականաբար, իմ առաջին խոսքը պիտի ուղղեմ իմ գործընկեր պարոն Թովմասյանին, թույլ տվեք նաև ասեմ ընկեր Թովմասյանին։ Բազմիցս պարոն Թովմասյանը առիթներ է ունեցել ոչ միայն մեր կուսակցության հետ իր հարաբերությունների, այլ նաև մեր անձնական հարաբերությունների։ Այո, ես մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ 1985-86 թվականների ուսումնական տարուց, երբ որ ուսանողական տարիներից մենք ծանոթացել ենք, միմյանց հետ ունեցել ենք հարաբերություններ և մեր կյանքի երևի լավագույն այդ շրջանը պիտի համարենք այդ հիմնաքարի դնելը: Այդ հիմնաքարը դրվել է 1986-87 թվականներին մեր ուսանողության տարիներին, մեր ազգային ազատագրական պայքարի, այսպես ասած, նախաշեմին: Շնորհակալություն: Կարող եմ նաև, ես վստահ եմ, եթե իմ գործընկերները, կուսակից ընկերները խոսեն նաև մեր կուսակցության անունից, այդ շնորհակալությունը փոխանցել, համենայնդեպս ես՝ որպես հայ ապագա Դաշնակցության բյուրոյի անդամ, պիտի իրավունք վերապահեմ մեր համագործակցության համար շնորհակալություն հայտնելու: Հաջողություններ և առողջություն, պարոն Թովմասյան:

Ինչ վերաբերում է այս առաջադրմանը, ես հետևյալը կփոխանցեմմեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ, իրավիճակը և պայմանները խիստ արտասովոր են։ Ընկալելի չի լինի, եթե հանդես գամ ծրագրային ելույթով: Ժամանակի թելադրանքն այնպիսին է, որ առօրյա խնդիրների լուծումը դարձել է հրամայական, սակայն պետք է ի մտի ունենալ՝ վճռորոշը նպատակն է ու տեսլականը: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր երկրի համար այս ծանր օրերին պատասխանատու նման պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար: Բոլորս խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչ թե դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացվում: Նախկինում ևս Արցախի խորհրդարանի ղեկավարը խորհրդարանում ներկայացված մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչ չի եղել, այն ժամանակ էլ որոշ հանգամանքներ նման որոշում կայացնելու պատճառ են դարձել: Սակայն համոզված եմ, որ այս պարագայում, երբ երկրի վիճակն օրհասական է, նման որոշման ընկալումը հանուն միասնության ու որոշումները համախոհությամբ իրականացնելու շատ ավելի ընդունելի կլինի: Դյուրին չէր նաև որոշում կայացնելու գործընթացը:

Պատասխանատու այս պաշտոնը պարտավորեցնող է, ժամանակն ու կացությունը՝ առավել ևս: Ազգային ժողովին ԱՀ Սահմանադրությամբ տրվում է առաջին հերթին օրենսդիր գործունեությամբ զբաղվելու լիազորություն, սակայն միաժամանակ համակարգային առումով Ազգային ժողովը օրենքով օժտված այն կարևորագույն հարթակն է, որ ժողովրդի կամքն է ներկայացնում և որտեղ պետք է տեղի ունենան մտքերի բախումներ՝ տարբեր տեսակետների ազատ արտահայտման վայր հանդիսանալով բոլոր քաղաքական ուժերի և խմբավորումների համար: Այդ առումով Ազգային ժողովն իր քաղաքական ներկայացուցչական դերը պետք է բարձրացնի: Ազգային ժողովի հարթակում է, որ պետք է ստեղծվի քաղաքական մտքի բախման հնարավորությունը և կայանա պետական-քաղաքական որոշումների բյուրեղացման պրոցեսը: Այս գործընթացից զերծ չպետք է մնան նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը, որոնց մեջ կան առողջ և գիտակից քաղաքական մոտեցումներ ունեցող գործիչներ, քանի որ պահի թելադրանքն է համախմբել քաղաքական բոլոր առողջ ուժերը՝ բռունցքվելու համար որպես իր ճակատագրի տեր վճռակամ արցախահայություն:

Ազգային ժողովը մեր պետությունը ներկայացնող համապետական ընտրությունների միջոցով ձևավորվող երկու սյուներից մեկն է: Նախագահական ինստիտուտը և Ազգային ժողովը այն երկու մարմիններն են, որոնք օրենքի իրավունքով լիազորված են խոսել ժողովրդի անունից: Զարմանալի չեն ներքին և արտաքին ուժերի կողմից այն հարվածները, որոնց նպատակը պետական ամենակարևոր այդ երկու ինստիտուտների քայքայումն է: Դա առավել նկատելի է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Հենց այս դիտանկյունից պետք է նայել թշնամի պետության՝ Ադրբեջանի նախագահի հորջորջանքը այս երկու պետական հիմնասյուների կազմաքանդման ուղղությամբ: Չպետք է անտեսել նաև ներքին տարրերի միջոցով Ազգային ժողովի դերի նվազեցմանն ու վարկաբեկմանն ուղղված քայլերը: Հանուն պետականության պահպանման պարտավոր ենք տեղի չտալ և առավել ամրապնդել սահմանադրական իրավունքով օժտված ժողովրդաընտիր այս պետական կառույցը: Յուրաքանչյուր պետական կառույց մեզ համար անվտանգային համակարգի մի բաղադրիչ է: Ազգային ժողովը այդ համակարգի հիմնական հենասյուներից մեկն է: Մեր անվտանգային ներկա համակարգը մեզանից պահանջում է նոր մոտեցումներ ու ռեսուրսներ: ԱՀ և նրա ժողովրդի անվտանգային համակարգի հիմնական երաշխիք ՊԲ-ի պահպանումը, զարգացումն ու զորացումը շատ դեպքերում կախված է հենց այն օրենսդրական դաշտից, որին միտված է մեր գործունեությունը: Ազգ-բանակ հայեցակարգի կենսունակությունը, կամա թե ակամա, պայմանավորված է ԱԺ-հասարակություն կապի և դրանից ծնունդ առած օրենքների ընդունումով:

Խորհրդարանների ընթացիկ պարտականություններին զուգահեռ համաշխարհային բեմահարթակում կարևոր դերակատարություն է տրվում խորհրդարանական դիվանագիտությանը: Պետք է արձանագրել, որ նախապատերազմյան վերջին տասը տարիներին այդ ուղղությամբ կատարվել են զգալի աշխատանքներ, ձևավորվել են բարեկամական խմբեր, կապեր են հաստատվել տարբեր երկրների պատգամավորների հետ, Արցախի խորհրդարանի պատգամավորները բազմաթիվ այցելություններ են ունեցել արտասահմանյան երկրներ:  Անցած տասնամյակների մեր պատմության մեջ կարևոր երևույթ էր 2019 թվականի ԱՀ բարձրագույն իշխանությունների, ՀՅԴ բյուրոյի, աշխարհասփյուռ կառույցի և Հայ դատի գրասենյակների ջանքերով  Ստեփանակերտում կազմակերպված «Արցախի բարեկամների ֆորում» համաժողովը, որին մաս էին կազմում տարբեր երկրների խորհրդարանականներ և քաղաքական գործիչներ: Այդ մասնակիցներից և բազմահարյուր այլ բարեկամներով կազմված ցանցը այժմ ևս առկա է: Մեր ծանր առօրյան և երբեմն նաև անճարակության զգացումը պատճառ է դարձել, որ հետպատերազմյան շրջանում անտեսվի այդ զինանոցի առկայությունը: Մեր առաջիկա քայլերի մեջ, անշուշտ, կարևորվելու է այդ ցանցը վերականգնելու և նրա հետ աշխույժ քաղաքական աշխատանքներ տանելու գործընթացը:

Սակայն հարցերի հարցը Արցախ-Հայաստան հարաբերություններն են, իսկ մեր պարագայում՝ միջխորհրդարանական համագործակցության խնդիրը: Իմ և հատկապես մեր խմբակցության անունից բազմիցս հարց է բարձրացվել Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին: Համոզված եմ, որ շրջափակման պայմաններում ներկա տեխնիկական միջոցների առկայությամբ կարելի է լուծել նաև այս հարցը: Ձեր վստահության քվեն ստանալով՝ մենք այդ ուղղությամբ պարտավորված ենք լինելու հստակ քայլեր անել: Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն՝ խուսափելով ապակառուցողական դրսևորումներից:

Շատերի մոտ ձևավորվել է կարծիք, որ Հայաստանի Հանրապետությունը իր ձեռքերը լվացել է Արցախից: Իշխող են դառնում այն տեսակետները, թե մենք պետք է նոր ուղիներ ու գործընկերներ փնտրենք: Ուզում եմ այս պատասխանատու ամբիոնից վերահաստատել և վստահեցնել, որ մեր բոլոր ջանքերը ուղղված են լինելու 1988-ին որդեգրած ազգային- ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձևավորված կարևոր ռազմավարական նպատակի իրացմանը: Մնացած բոլոր քայլերն ու ծրագրերը պետք է դիտարկել մարտավարական քայլեր:

Հավատացեք, քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին, արձանագրելի է հետևյալը. ոչինչ չի ավարտվել:

Արցախյան պայքարը 30 տարի շարունակ եղել է այն առանցքը, որի շուրջ համախմբվել են համահայկական բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և անձնական նկատառումներից: Մեր ներազգային համերաշխությունը ձևավորվել է եռամիասնության սկզբունքի հիման վրա: Տագնապալից այս օրերին անհրաժեշտություն է վերակագնել այդ եռամիասնությունը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն և ներուժ ունի այդ կարևոր առաքելությանը նոր շունչ ու եռանդ հաղորդելու:

Այս կարևոր, հայրենանվեր պարտականության մեջ մեծ դեր է վերապահված հայ առաքելական եկեղեցուն: Եկեղեցին մեր ժողովրդի ճգնաժամային օրերին միշտ կարողացել է ստանձնել ազգապահպան իր առաքելությունը: Փոթորկալից օրերին եկեղեցին է եղել այն փրկօղակը, որին կառչելով կարողացել ենք հաղթահարել բազում մարտահրավերներ: Ես վստահ եմ, որ ինչպես անցյալում, այսօրվա մեր մարտահրավերների հաղթահարման գործում ու ժողովրդին համախմբելու առաքելության մեջ պետություն-եկեղեցի համագործակցությունը և համախորհուրդ քայլերը կարևորագույն դեր կունենան հոգեբանական այս իրավիճակից դուրս գալու համար:

         Հարգելի´ գործընկերներ, անկախ Արցախի պետականության կերտման առաջին իսկ օրերից, շնորհիվ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչյանի, հիմք է դրվել բարոյականության սկզբունքների վրա հիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն:

ԱՀ նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը և քաղաքական գործընկերների հորդորը ստանալուց հետո առաջին հերթին հենց այդ մտատանջությամբ եմ տառապել՝ արդյո՞ք կկարողանամ պահպանել Արթուր Մկրտչյանի սահմանած բարոյական արժեքների նշաձողը: Մի բան հստակ է՝ միայնակ դժվար է լինելու, միգուցե անկարելի, իսկ  միասին՝ հնարավոր:

Արցախի պետությունը կերտվել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի արդյունքում: Այդ ուղղությամբ վերջին 35 տարիներին մեր ժողովրդի զավակները չեն խնայել ոչ մի բան: Արյունով, քրտինքով, բազում զոհաբերությունների գնով մեր հավաքական իրավունքին տեր կանգնելու կամքը պետք է մնա անդրդվելի և աննկուն: Պայքարի ոգին այսօր թևածում է Արցախում: Արցախում բնակվող յուրաքանչյուր անհատ՝ դպրոցական մանուկից մինչև զառամյալ ծերունի, դիմադրություն ցուցաբերելով թշնամու օրեցօր սաստկացող ճնշումներին, կարողանում է պահպանել իր քույրերի և եղբայրների, հայրերի և պապերի կերտած պետությունը: Հրաշքների չսպասեք։ Մեր իրականությունն այնպիսին է, որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մեզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն՝ հրաշքներ գործելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ յուրաքանչյուրս լծվենք մեր գործին:

Իմ խոնարհումն ու հարգանքը մատուցելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այս բարձր ամբիոնից մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել՝ ամեն գնով շարունակելու ենք պայքարը՝ հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Իշխանյան: Եթե հարցեր կան ԱԺ նախագահի թեկնածուին, խնդրում եմ գրանցվել: Գրանցում։

Հարցերի համար գրանցվել է 2 պատգամավոր: Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Կարեն Հովհաննիսյան – Պարոն Իշխանյան, ձեր խոսքը տպավորիչ էր և երևի թե արժանանա ամենաբարձր գնահատականի ԱԺ կողմից։ Որպես մարդ, որպես քաղաքական գործիչ՝ հոյակապ էր: Ես ունեմ երկու հարց, որպեսզի արդեն գործնական հասկանանք էլի։ Ձեզ համար, որպես ՀՅԴ կարկառուն գործչի, կուսակցական կարգապահությունը և ժողովրդավարության բարոյական չափորոշիչները: Ո՞րն է ձեզ համար առաջնահերթությունը, կկարողանա՞ք ստեղծվելիք կոմունիկացիաները, որ ներկա պահին չկա կամ մասամբ է գործում ՀՀ ԱԺ-ի հետ, ձեր տանջանքի գնով վերականգնել, և դա կարող է տարատեսակ ասեկոսների կամ խոսակցությունների առիթ հանդիսանա: Եվ պատրա՞ստ եք դիմադրելու նաև այդ խոսակցություններին:

Դավիթ Իշխանյան – Շնորհակալություն: Բավականին ծանր և դեռևս չմեկնաբանված հարց է, և ի սկզբանե շատ դժվար է ամբողջական պատկերացում տալ, թե ինչպիսին կարող են լինել զարգացումները: Կարևորը տրամադրվածությունն է: Չեմ ուզում իմ կուսակցական պատկանելիությունը խառնել ընդհանուր պետական այն առաքելությանը, եթե վստահվի ինձ այդ պաշտոնը: Որովհետև եղել են նաև այդպիսի դրվագներ իմ կյանքում, և ես կարողացել եմ, պահպանելով իմ ընդհանուր կուսակցական սկզբունքները, նաև ձեր հիշատակած կարգապահությունը, համադրել մեր պետական և ազգային ընդհանուր շահերին: Անշուշտ, ես իմ խոսքի մեջ խոսեցի նաև կամուրջներ կառուցելու և ապակառուցողական քայլերին չապավինելով և պետք է նաև անդրադառնալ այն կարևոր հարցին, երբ որ խոսում ենք այդ կոմունիկացիաներից, իշխանություն, պետություն հասկացողությունները շատ կարևոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա իր մեջ տարանջատել: Երբեմն իշխանություն-պետություն, իշխանություն-հայրենիք հասկացողությունը մեկտեղվում է: Համենայնդեպս շատ կարևոր կլինեն այն առաջին քայլերը, որ մենք կտեսնենք այս ընտրությունից հետո: Եվ եթե ընտրությամբ վստահվի, համենայնդեպս, իմ կողմից որոշակի քայլեր կձեռնարկվեն, և պիտի փորձվի համապատասխան, ընդհանուր մթնոլորտը ստեղծել: Կարծում եմ, ինչպես իմ խոսքի մեջ ես շեշտեցի, մենք պետք է բոլորս լծվենք այս գործին և այդ գործընթացին: Անկախ ունեցած մեր այսօրվա պայմաններից, մեզ համար կարևոր պետք է լինի նաև առաջ նայելու միտումը: Իրավիճակը, բնականաբար, շատ ծանր է, բայց միշտ էլ ելք կա: Ես կարծում եմ, որ մենք՝ հատկապես քաղաքական գործիչներս, պետք է փորձենք այդ հնարավոր տարբերակները գտնելու:

Գագիկ Բաղունց - Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան - Պարոն Իշխանյան, իմ ունեցած տեղեկություններով  մինչև ընդունելը այդ առաջարկը` ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելուն, պետք է, որ որոշակի նախապայմաններ Ձեր կողմից առաջ քաշվեին և որոնցից մեկը, ինչպես ես ունեմ այդ ինֆորմացիան, հակասահմանադրական կառույցների լուծարումն էր: Արդյո՞ք տրվել են այդ նախապայմանները և ի՞նչ փուլում են։

Դավիթ Իշխանյան – Գիտե՞ք, գործընկերոջս՝ Հովհաննիսյանի և Ձեր կողմից բարձրացված հարցերը ընդհանրապես այդ ռիսկերի և ռեսուրսների գնահատման ընդհանուր կոնտեքստի մեջ է: Այո, եղել են ընդհանուր քննարկումներ, եղել են քննարկումներ տարբեր ձևաչափերում իմ և նախագահ Հարությունյանի միջև, եղել են քաղաքական ուժերի ղեկավարների հետ միասին նախագահի կողմից հրավիրված քննարկումների ընթացքում, նաև եղել են մեր կուսակցական շրջանակներում մինչև այս որոշում կայացնելը: Անշուշտ, մենք ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնություն ունենք, և այդ սկզբունքները ոչ միայն, ինչպես Դուք ասում եք հակասահմանադրական, պետք է նաև դրանք ամեն ինչը իր որակումը ունենա, բայց սկզբունքները ԱԺ դերի բարձրացման, մեր ընդհանուր սուբյեկտայնության միտված քայլերի, մեր համազգային ներքին համերաշխության  և եռամիասնության, որի մասին ես անդրադարձա և այլն, ինչպես նաև ներքին կյանքին վերաբերող հարցերի: Այս հարցերը, ընդհանուր առմամբ, քննարկվել են, և ընդհանուր ունենք մենք թե ըմբռնում, թե լուրջ այսպես մոտեցումներ, և ես վստահ եմ, որ այն պարագան, որ մեզ հնարավորություն կտա այն պայմանավորվածությունները, ինչ որ ձեռք ենք բերել, իրականացնել, կլինի մեզ համար ուղիղ կանաչ ճանապարհ, եթե ոչ, այլապես մենք կունենանք ընդհանուր դիրքորոշումներ:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Իշխանյան, կարող եք զբաղեցնել Ձեր  տեղը:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել:

Մտքերի փոխանակության համար հերթագրվել են 5 պատգամավորներ` պարոն Պետրոսյան, պարոն Հովհաննիսյան, պարոն Մելքումյան, տիկին Հակոբյան և պարոն Բալայան: Խնդրեմ, պարոն Պետրոսյան, թող պատրաստվի պարոն Հովհաննիսյանը:

Մարսել Պետրոսյան – Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում մի կարևոր իրադարձություն: Հնարավոր է, որ այն ինչ-որ առումով բեկում մտցնի մեր ընդհանուրիս կողմից որդեգրած քաղաքականության մեջ:  Հնարավոր է նաև ոչինչ չլինի: Նախորդ ընտրություններում` և նախագահական, և խորհրդարանական, «Ազատ հայրենիքը» ստացել է մեծամասնություն Ազգային ժողովում և, ըստ էության, ստացել է ժողովրդի մեծամասնության քվեն: Այդ քվեն ինչ-որ առումով նաև սրբություն է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար: Սրբություն է, որովհետև դրա մեջ ամփոփվում է վստահությունը ժողովրդի: Եթե ժողովուրդը իր քվեն կամ ժողովրդի մեծամասնությունը իր քվեն տվել է «Ազատ հայրենիքին», դա չի նշանակում, այդ քվեն «Ազատ հայրենիքի» սեփականությունն է: Այդ քվեն վստահություն է, և «Ազատ հայրենիքը»  պարտավոր է վերադարձնել այդ վստահությունը իր ընտրողներին, ինչը չարվեց, և որի փայլուն վկայությունն է այսօրվա մեր արտահերթ ընտրությունը: «Ազատ հայրենիքը» քաղաքական կուսակցություն է, սակայն պետք չէր այն վերածել քաղաքական ակումբի, որովհետև ԱԺ նախագահ ընտրում են, ոչ թե նշանակում են: Բոլոր դեպքերում մի առիթով ես նկատել եմ, որ փաստորեն մենք փոխանակ առաջընթաց ապրենք ժողովրդավարության ոլորտում, ըստ էության, ելնելով իրավիճակից, ժամանակի թելադրանքից, այլ թելադրանքներից, որոնք թափվում են Լեռնային Ղարաբաղի վրա ընդհուպ մինչև Հայաստանից, Ադրբեջանից, Եվրոպայից, Ռուսաստանից, ընդհակառակը, մենք շարունակում ենք քայլ առ քայլ ոտնահարել մեր բոլոր նվաճումները: Եթե մենք այսպես շարունակելու լինենք, ես չգիտեմ՝ ինչ հանգրվանում ենք հայտնվելու վերջնական առումով: Բոլորդ էլ գիտեք իմ անձնական վերաբերմունքը Դավիթ Իշխանյանի հանդեպ՝ որպես ՀՅԴ անդամ, որպես քաղաքական գործիչ, որպես մարտիկ, որպես ծնող, որպես լավ ընկեր և այսպես շարունակ: Նա օժտված է բոլոր բարեմասնություններով, որպեսզի ղեկավար Ազգային ժողովը: Եթե Ազգային ժողովի այս գումարման 1-ին նիստում նման վճիռ կայացվեր կամ նման առաջարկ արվեր, որպեսզի ՀՅԴ ներկայացուցիչը լինի Ազգային ժողովի նախագահ, ես լիարժեքորեն համամիտ կլինեի և կփորձեի իմ կուսակից ընկերներին բացատրել դրա կարևորությունը, անհրաժեշտությունը, դրական միտումները և ոչ միայն: Սակայն այսօր ես դա համարում եմ, և ոչ միայն ես, այլև մեր քաղաքական ուժը, համարում ենք քաղաքական որոշում: Այս իրավիճակում նման քաղաքական որոշում կայացնելը ոչ միայն վտանգավոր է, այլև հղի է անսպասելի երևույթներով: Հարգելի գործընկերներ, բոլոր դեպքերում տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Այսօր, փաստորեն, երբ մենք հաճախակի ենք խոսում օրենքի տառի ոգու պահպանության, օրենքի տառի ոգու սրբության մասին, այսօր մենք ինքներս ոտնահարում ենք և այդ օրենքը, և օրենքի տառը, և օրենքի ոգին: Ես չեմ կարծում, որ «Ազատ հայրենիք» խմբակցության շրջանում չկան արժանի, արժանապատիվ անձինք: Պետք չէ յուրաքանչյուր անգամ, երբ որ ինչ-որ մեկին առաջադրում ենք ղեկավար, նրան վերագրենք նրա չունեցած բազմաթիվ հատկություններ և առանձնացնենք բոլորից՝ ներկայացնելով որպես անփոխարինելի: Այո, նման նախադեպ եղել է, իսկ ի՞նչ եք շահել այդ նախադեպից: Ոչինչ: Դա նույնպես եղել է քաղաքական որոշում, վճիռ, որը վերջնարդյունքում ոչինչ չի տվել Ազգային ժողովին: Ինչո՞ւ․ որովհետև այնժամ նույնպես գոյություն ունեին Ազգային ժողովում պատգամավորներ, ովքեր ոչնչով չէին զիջում իրենց մտածողությամբ, իրենց զարգացածության աստիճանով, իրենց քաղաքական մտածելակերպով, նրան, որին նշանակել էին: Պետք չէ պարզապես ֆետիշացնել ամեն ինչ, ներկայացնել, որ մենք ինչ-որ հեղափոխություն ենք կատարում: Ընդհանրապես նման քայլերը մենք դիտարկում ենք որպես, Ղարաբաղի բարբառով ասած, «ժողովրդին շղվցրած պահել»: Սա շատ վտանգավոր մոտեցում է, սա շատ վտանգավոր քաղաքականություն է։ Մենք չենք մտածել հետևանքների մասին, մենք չենք մտածում, թե դա ինչ է տալու, որքանով է այդ նշանակման, ընտրության դրական արդյունքը գերազանցում բացասականին: Մենք այդ հաշվարկները չենք արել: Համոզված եմ, որ իշխանական վերնախավում նույնպես նման բան տեղի չի ունեցել, որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում այսօր, ես այդ մասին գիտեի 9-10 ամիս առաջ:

 Հարգելի գործընկերներ, ամեն դեպքում սա քաղաքական որոշում է։ Ես ավելի քան համոզված եմ, որ Դավիթ Իշխանյանը ընտրվելու դեպքում իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի բոլորի հույսերը: Մենք, որպես քաղաքական ուժ, բնականաբար, կհամագործակցենք ապագա ընտրված նախագահի հետ բոլոր այն հարցերում, որոնք բխում են Արցախի ժողովրդի շահերից: Շնորհակալություն ուշադրության համար:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Պետրոսյան: Պարոն Մելքումյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Դավիթ Մելքումյան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, մեր այսօրվա օրակարգային հարցը կարող է դառնալ սովորական, ընթացակարգային, սակայն կարող է նաև դառնալ երկրում այսպիսի դժվար իրավիճակում իշխանությունների հիեարխիայում քաղաքական համարժեք ուղեգիծ որդեգրելու ձգտում, որին անպայման պետք է հետևեն նոր քայլեր, որոնք կամրապնդեն հանրային համերաշխությունն ու քաղաքական համագործակցությունը: Մեր հայրենակիցների սրտացավ մեծամասնության օրինակով ուզում եմ հավատալ այն բոլոր խոսքերին, որոնք ներկայացվել են` հիմնավորելու համար մեր գործընկերոջը` Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու կապակցությամբ: Խորհրդարանի պատգամավորների միջավայրում պետք չէ բացատրել, որ նմանատիպ առաջարկություն կար նաև 2020 թվականի դեկտեմբերին՝ այդ ժամանակաշրջանի բարդ քաղաքական դասավորությունների պայմաններում: Բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել: Այս ընթացքում երկրի արտաքին քաղաքականությանն ուղղված հարցերում Ազգային ժողովը գրեթե միշտ միասնական տեսակետ է ունեցել, և այդ միասնականության ապահովման գործում մեծ դեր է ունեցել պարոն Թովմասյանը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թովմասյանին՝ այդ բարդ ժամանակաշրջանում քաղաքական հանդուրժողականության և համատեղ աշխատանքի համար:

2020 թվականի պատերազմից հետո գոնե երրորդ տարում և բարդ մարտահրավերների պայմաններում պետք է քաղաքական համարձակություն դրսևորել և ընդունել, որ 2020 թվականի մարտին կայացած համապետական ընտրությունները,  նախընտրական ծրագրերն  ու ընտրությունների արդյունքները չէին կարող անփոփոխ ազդեցություն ունենալ մեր այսօրվա հանրային, քաղաքական կյանքի վրա:

Ի դեպ, այնպես չէ, որ մենք առաջին անգամ ենք անցնում նման գործընթացով։ Վերջերս նաև հանրային ակտիվ դերակատարների կողմից են ակնարկներ հնչում, որ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ ղեկավար կազմի առաջադրման հետ համեմատության մասով, որին միայն մեկ պարբերությամբ  կարող եմ պատասխանել. ոչ 2015 թվականին, ոչ էլ հիմա քաղաքական փոքրամասնությունը ԱԺ նախագահի պաշտոն չի խնդրել։ Ուշադրություն ևս մեկ անգամ․ ոչ 2015 թվականին,  ոչ էլ հիմա քաղաքական փոքրամասնությունը ԱԺ նախագահի պաշտոն չի խնդրել։ Դա մեծամասնության քաղաքականության ու  պատասխանատվության դաշտում է: Կոնկրետ ԱԺ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի հետ կապված ես միայն դրական տեսակետ կարող եմ փոխանցել մեր խմբակցության կողմից:  Բազմաթիվ դրական կողմերի մասին կարելի է խոսել, բայց վստահ եմ, որ և մենք, և առավել ևս Դավիթ Իշխանյանն այսօր դրա կարիքը չունենք։ Պարզապես արձանագրենք նրա խորհրդարանական անցյալը, քաղաքական փորձը և Դաշնակցության նման քաղաքական ազդեցիկ կառույցի աջակցության պատրաստակամությունը: Մնացած ամեն ինչ կախված է խորհրդարանական համերաշխ և արդյունավետ աշխատանքից, որտեղ պետք է գերակշռեն անցյալի դրական փորձն ու բացթողումներից արված հետևանքները: Մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով աջակցել խորհրդարանի նոր նախագահին, և խմբակցությունը կողմ է քվեարկելու Դավիթ Իշխանյանի թեկնածությանը: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Մելքումյան։ Հրավիրում եմ տիկին Հակոբյանին, թող պատրաստվի պարոն Բալայանը։

Մետաքսե Հակոբյան – Արցախի Հանրապետության սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, իհարկե, փաստը, որ Արցախի Հանրապետության խորհրդարանը Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրում, արդեն իսկ ողջունելի է այն առումով, որ մենք պետություն ենք, որ մենք ինքնուրույն քաղաքական գործընթաց ենք իրականացնում: Հիմա, երբ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ թիրախում է մեր սուբյեկտայնությունը, որը հնարավոր և անհնար միջոցներով իջեցվել է նվազագույնի, մենք պարտավոր ենք կարևորել քաղաքական ինքնուրույն գործընթացները որպես սուբյեկտայնության դրսևորման նշան, քանզի դա պետականությունը պահպանելու գլխավոր գործառույթներից է և պետք է կարևորել ու ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել՝ չխուսափելով նաև հանրաքվեներից և համապետական ընտրություններից: Միևնույն ժամանակ, ծանոթ լինելով Արցախի Հանրապետության իշխանությունների մարտավարությանը, մտահոգություն կա, որ այս փոփոխությունը իշխանությունների կողմից կրկին իրականացվող բարեփոխումների իմիտացիա է, այլ ոչ թե իրական բարեփոխումների սկիզբ։ Եվ եթե մտահոգությունս տեղին է, ապա վստահեցնում եմ ձեզ, որ հիմա, երբ Արցախի ժողովուրդը  իր շնչի վերջին պատառիկներով գոյի պայքար է տանում, առավել քան երբևէ կարևոր և անհրաժեշտ է ուժեղ իշխանություն ունենալ, քանզի որևէ մեկը չի կարող հակառակը պնդել այն փաստի, որ Արցախի ներկայիս իշխանությունները իրենց կառավարման ընթացքում հաջողեցին միայն մի բանում` տապալել և շարունակել տապալել պետական կառավարման ողջ գործընթացը: Այդպես էլ չկարողացան ինքնուրույն որոշումներ ընդունել, դրսևորել քաղաքական կամք և շատ դեպքերում թե արտաքին և թե ներքին ճնշման կամ ճնշումների ներքո գնացին հակապետական քայլերի:
 Իհարկե, ուրախ ենք, որ թեկնածուն մեր գործընկեր խմբակցության պատգամավորն է, որի հետ հատկապես 3 տարի համախոհության մթնոլորտում իրականացրել ենք պայքար հանունի՝ հանուն հայրենիքի, հանուն Արցախի Հանրապետության հայկական մնալու, և երբեք ոչ մի միլիմետր չենք շեղվել այդ ուղուց:
Իրապես հուսացած ենք, որ այս փոփոխությամբ մենք կտեսնենք Ազգային ժողովի և Ազգային ժողովի նախագահի դերակատարության բարձրացում ներքին և արտաքին քաղաքականության վարման գործընթացում։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության  իշխանությունների հանդեպ սուբյեկտային կեցվածք դրսևորելու հնարավորություն ձեռք կբերենք: Ի վերջո ականատեսը կլինենք Արցախի Հանրապետությունում տարատեսակ, իսկ երբեմն, ավելի հաճախ ոչ սահմանադրական, ոչ օրենքներով նախատեսված խորհուրդների և հանձնաժողովների փակմանը:

Ես իրականում երկար ելույթ չեմ պատրաստել և չեմ էլ պատրաստվում խոսել և, ավարտելով խոսքս, լիահույս եմ, վստահ եմ նաև, որ մեր գործընկերը ընտրվելու դեպքում  Ազգային ժողովում կարևոր դերակատարություն կունենա՝ հավատարիմ մնալով  պայքարի ճանապարհին մեր որդեգրած սկզբունքներին, իր և իր կուսակցության դիրքորոշմանը: Շնորհակալություն։

         Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, տիկին Հակոբյան։ Խնդրեմ, պարոն Բալայան։

         Վահրամ Բալայան – Նախ, սկզբից ուզում եմ պարոն Թովմասյանին շնորհակալություն հայտնել մեր խմբակցության և անձամբ իմ անունից: Պարոն Թովմասյանի հետ ես ճանապարհ եմ անցնում 1981 թվականից, կես դար է համարյա: Շատ խոսքեր կարելի է ասել այդ մարդու, իսկապես մեծատառով մարդու հասցեին՝ հոգատար ընկեր, որի հետ իսկապես կարելի է ճանապարհ անցնել, և կարծում եմ նա ինքը բավականին խոր հետք է թողել մեր այս 30 տարվա անցած ճանապարհի վրա: Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Հիմա Դավիթ Իշխանյանի մասին իհարկե, հարազատի մասին նրա ներկայությամբ մի քիչ դժվար է խոսք ասել, նրան ներկայացնել, բայց, համենայնդեպս, ես պիտի ասեմ: Դավիթ Իշխանյանին ես լավ եմ ճանաչում, պատիվ եմ ունեցել լինել նրա դասախոսը, նրա կուսակցական ընկերը, նրա սովորական ընկերը, այսպես ասած, դրանք տարբեր բաներ են, ուզում եմ շեշտել, և կարծում եմ՝ այդ կտրվածքի մեջ ես կփորձեմ նրան ներկայացնել: Այս վերջին օրերին, երբ մարդկանց հետ հանդիպում ենք, անընդհատ խոսում են նրա մասին, որ Դավիթ Իշխանյանը ի վիճակի՞ է Ազգային ժողովի նախագահ լինել և փորձել ժողովրդին ծառայել, երկրին ծառայել: Եթե ընդհանրական ասեմ, ես մարդկանց միշտ ասում եմ, որ ոչ միայն Ազգային ժողովի նախագահ, այլ ավելի բարձր էլ կարող է լինել: Ինքը բնավորությամբ չոր անձնավորություն է և շատ դեպքերում մարդկանց հետ հանդիպումների ժամանակ կարող է իրեն չներկայացնել այնպես, ինչպես իրականում ինքը կա: Ես պիտի ասեմ, որ խորքային անձնավորություն է, և շփումների ընթացքում համոզվում ես, որ իսկապես կարող է Արցախը հպարտանալ, որ նմանօրինակ զավակ ունի: Դավիթ Իշխանյանի ռազմական, քաղաքական գործչի կերպարի մասին ես հետևյալը պիտի ասեմ, որ այս մարդը եփվել է այդ ամենի մեջ, անցել է մի ճանապարհ, որը իսկապես հայրենանվեր է եղել, աստվածաշնորհ է եղել, իր ծառայությունն է բերել մեր երկրին, իր ծառայությունն է բերել մեր ժողովրդին, և դա բոլորի աչքի առաջ է: Պիտի ասեմ, որ այդ ճանապարհը հարթ չի եղել,   հարթ չի եղել քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, որոշ հանգամանքներից ելնելով, երբեմն, շատ դեպքում իշխանության շատ իշխանասիրության պատճառով: Բայց այդ ամենը Դավիթ Իշխանյանը հաղթահարել է: Քաղաքական գործչի համար անչափ կարևոր է լինել սկզբունքային: Այս մարդու մեջ դա անչափ շատ է: Անկախ որևէ հանգամանքներից՝ նա մշտապես իր սկզբունքների վրա է: Ղարաբաղցու նման այդ հաստակողությունը դա շատ լավ է: Դավիթ Իշխանյանը կարգապահ անձնավորություն է՝ որպես քաղաքական գործիչ: Սա մեր օրերում անչափ կարևոր է։ Կարևոր է, որովհետև մենք կարգապահության շնորհիվ ի վիճակի ենք իսկապես այդ բարդ, ծանր ժամանակաշրջանը հաղթահարել: Իհարկե, մտահոգություններ հայտնվեցին այստեղից, որ քաղաքական փոքրամասնությունը չի կարող Ազգային ժողովի նախագահի թեկնածու ունենալ։ Բայց մի բան պիտի ասեմ, որ դասական պարլամենտարիզմի տեսանկյունից իսկապես դա այդպես է, բայց մենք ոչ ստանդարտ ժամանակներ ենք ապրում, և պարոն նախագահի այդ որոշումը, «Ազատ հայրենիքի» պաշտպանությունը Դավիթ Իշխանյանի թեկածության, կարծում եմ, որ ճիշտ է, որովհետև սա ինչ-որ մի տեղ համախմբող դերակատարություն պիտի ունենա, մանավանդ պարլամենտի ներսում, և այն լավագույն տրադիցիաները, որ պարոն Թովմասյանի ժամանակ վերջին տարիներին կար, պատերազմից հետո անպայման շարունակվելու է, ես համոզված եմ, և ավելի է խորացվելու: Դավիթ Իշխանյանի մարդ տեսակի մասին ես ասեմ հետևյալը, որ ինքը այդպես հեշտ ուտվող մարդ չէ, այսինքն՝ որպես սովորական քաղաքացի սա նույնպես կարևոր հանգամանք է, որը լրացնում է քաղաքական գործչի բնութագրին: Ես կարծում եմ, որ Դավիթ Իշխանյանը իր անցած ճանապարհով ապացուցել է, որ ինքը ազնիվ անձնավորություն է, հոգատար մարդ է իր շրջապատի և մնացածի հանդեպ: Առանց շաղակրատանքի, առանց բարձր խոսքերի նա իսկապես այդ ամենը կարող է ներկայացնել իր շրջապատի նկատմամբ: Ես իմ ընկերներին հորդորում եմ իսկապես պաշտպանել Դավիթ Իշխանյանի թեկնածությունը, և  սխալված չեք լինի։ Կարծում եմ, որ այս անցումային բարդ ժամանակահատվածում նման մարդկանց ներկայությունը և ղեկավար լինելը անհրաժեշտություն է: Վերջում ուզում եմ հետևյալ բանն ասել, որ Արցախ աշխարհը ընդհանրապես հզոր մարդկանց շատ է տվել, մարդիկ, որոնք այդ բեռը հազարամյակներ վերցրած տարել են՝ սկսած Արամ Նահապետից, եկած Վաչագան Բարեպաշտ, Ավան հարյուրապետ, Եսայի Հասան-Ջալալյան, Եղիշե Իշխանյան, Հայրապետ Մուսայելյան։ Մարդիկ, որոնք իսկապես մեր ժողովրդին այդ կրակներից հանել են։ Եվ ամեն անգամ թվում էր, որ սա վերջը պիտի լիներ, բայց այս մարդիկ կարողացել են նուրբ դիվանագիտությունը համակցել ուժի հետ: Սա շատ կարևոր է, և կարծում եմ, որ պարոն Իշխանյանը այդ սկզբունքները հաշվի կառնի: Եվ փառք այդ մարդկանց, այդ փաղանգին, որ իսկապես այդ բեռը տարել են և հազարամյակների միջով բերել հասցրել են այստեղ: Կա նաև մի ուրիշ հանգամանք, որ այդ գործիչների կողքին մենք ունեցել ենք նաև Մելիք Շահնազար, որի քաղաքականության արդյունքում նրա դառը պտուղները առ այսօր մենք քաղում ենք: Ես ցանկանում եմ, որպեսզի մեր քաղաքական գործիչները հեռու մնան այդ ճանապարհից, ընտրեն առաջին ճանապարհը, որովհետև դա աստծո կողմից օրհված է և հանուն Արցախի ու հանուն Արցախի ժողովրդին է: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Բալայան։ Խնդրեմ, պարոն Թովմասյան։

         Արթուր Թովմասյան - Ուրեմն, մեր խմբակցությունը ոչ թե «Ազատ հայրենիք» է, այլ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»։ Ընդամենը «Ազատ հայրենիքից» կասեի, որ անկախ պատգամավորներ, տարբեր կուսակցություններից ավելի շատ են, քան «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամներ, որոնցից մեկը ես եմ, դահլիճում եմ: Խմբակցության անունը լրիվությամբ ասենք, մենք դաշինք խմբակցություն ենք, ոչ թե «Ազատ հայրենիք» կուսակցության խմբակցություն : Շնորհակալություն:

         Գագիկ Բաղունց- Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, ավարտեցինք մտքերի փոխանակությունը: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Խնդրեմ, պարոն Իշխանյան:

         Դավիթ Իշխանյան - Շնորհակալություն: Ես իմ խոսքի մեջ չանդրադարձա, շնորհակալություն նաև «Ազատ հայրենիք»  խմբակցության և այդ դաշինքի մեջ գտնվող բոլոր քաղաքական ուժի ներկայացուցիչներին և նաև բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց վստահության քվեն են տվել ձեր խմբակցությանը: Անշուշտ, իմ եզրափակիչ խոսքը հատուկ նախապատրաստված խոսք չէ, բայց ես շատ կարևորում եմ այդ բոլոր տեսակետները լսելուց հետո մեկ-երկու բան փոխանցել: Մի կողմից հաճելի է լսել այն դրականը, ինչի մասին խոսում են, բայց իմ դաստիարակությունը և իմ համեստությունը շատ դեպքում թույլ չի տալիս ավելին լսելու: Ես ընդհանրապես համարում եմ, որ այսօր մենք ցույց տվեցինք, որ սա խորհրդարանական ամբիոն է։ Խորհրդական ամբիոն է այն առումով, որ ընդհանուր առմամբ տեսակետներ ներկայացվեցին շատ բաց, ազնիվ, և ակնկալիքները ընտրական գործընթացից հետո նաև լինելու է այն, որ մեզանից, ձեզանից յուրաքանչյուրը իր խոսքի մեջ լինի ազատ: Ես կցանկանայի նաև լսել, իհարկե, այն բացերի մասին՝ անտահական, քաղաքական, նաև որպես խորհրդարան, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա այդ բացերը լրացնել, որովհետև այն, ինչ որ մենք ունենք, դա մեր հաջողություններն են, բայց մեր ունեցածով մենք չենք կարողացել, չենք կարողանում դեռևս այն հաջողությունների մակարդակը ապահովել, որով կարողանանք նաև մեր հանրությանը, մեր ժողովրդին ներկայացնելու ընդհանուր մի պատկեր: Մեկ անգամ ևս ուզում եմ իմ երախտիքի խոսքը փոխանցել բոլորիդ և անկախ ընտրությունների արդյունքից ակնկալել, որ մենք կկարողանանք միասին, ինչպես մինչև հիմա կարողացել ենք, հիմնական հարցերի շուրջ ցուցաբերել համախոհություն: Իսկ այդ հիմնական հարցերը արտացոլված էին մեր վերջին երեք տարիների արտաքին ճակատի վրա, մեր հայտարարություններում, մեր ընդհանուր կեցվածքում, մեր ընդհանուր դիրքորոշումներում, և կարողացել ենք գոնե որպես կարևորագույն օղակ պահպանելու մեր նկարագիրը և մեր դիմագիծը: Պիտի մենք շատ լուրջ հասկանանք, որ մեզ ուղղակի հետևում են խոշոր խաղացողները, միջազգային մակարդակի խաղացողները, ինչու չէ նաև մեր հակառակորդները և մեր թշնամիները: Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք մենք այդ մակարդակը ցուցաբերել: Շնորհակալություն բոլորիդ:

         Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Իշխանյան: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

         Արթուր Հարությունյան - Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, անկեղծ ասած, եզրափակիչ ելույթ չէի նախատեսում, որ ունենայի, բայց մտքերի փոխանակության ժամանակ հնչեցին մտքեր, որոնց մասով հնարավոր չէ չարձագանքել: Այսինքն ես սպասում էի, որ մտքերի փոխանակության ժամանակ գոնե այս որոշման մասով, այս գործընթացի մասով, որը որ հիմա տեղի է ունենում այստեղ, պետք է լինեին դրական մտքեր, բայց էլի տեսնում ենք, որ մեր ընդդիմադիր գործիչները առիթը բաց չեն թողնում ամբիոնը օգտագործելու և նորից առանց որևէ հիմնավորում ներկայացնելու քննադատելու իշխանության կատարած աշխատանքը՝ հաշվի առնելով այն ծանրագույն մարտահրավերները, որոնք որ հիմա ծառացած են մեր երկրի առջև և իրենց նաև այդ խոսքով փորձել ոգևորել, փորձել աջակից լինել, բայց նորից տեսնում ենք, որ ամբիոնը օգտագործում են անհիմն քննադատությունների համար: Ինչ վերաբերում է պարոն Պետրոսյանի ասած մտքերին, անկեղծ ասած ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք հանրապետության նախագահ ենք ընտրում: Եվ խոսվում էր քվեների մասին, ժողովրդի տված քվեի մասին, քվեն փոխանցելու այլ մարդու: Պարոն Պետրոսյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Ազգային ժողովում կա քաղաքական մեծամասնություն: Դա «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն է, որը որևէ մեկին որևէ քվե չի տալիս, իսկ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելը չի նշանակում, որ դու ժողովրդի քվեն տալիս ես Ազգային ժողովի նախագահին: Ժողովուրդը քվեն տվել է հանրապետության նախագահին, և որևէ մեկը չի պատրաստվում այդ քվեն փոխանցելու: Քվեն փոխանցվում է միայն ժողովրդի պահանջով: Եվ տա աստված, որ մենք հասնենք այն օրին, որ մենք կարողանանք անցկացնել այդ ընտրությունները։ Մենք իհարկե շատ ուրախ կլինենք, որպեսզի տեսնենք ժողովրդի քվեն փաստացի ում է տրվելու ևս մեկ անգամ: Այսինքն, եթե լինի ընտրություն, ժողովուրդն է որոշելու, իսկ այսօր խոսել քվեն ստացել ենք ժողովրդից, փոխանցում ենք այլ մարդու, դա անհիմն, անկեղծ ասած՝ անհասկանալի էր Ձեր ելույթը ընդհանրապես ինչին էր վերաբերում: Ես հիմա հիմնավորում եմ, ասում եմ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք հանրապետության նախագահ ենք ընտրում։ Մենք քվեն որևէ մեկին չենք տալիս, Ազգային ժողովում քվեն մնում է մեծամասնությանը և Ազգային ժողովի նախագահը դա չի նշանակում, որ մեծամասնություն է փոխվում կամ քվե է փոխանցվում: Ես կարծում եմ՝ Դուք դա շատ լավ հասկանում եք՝ Ձեր փորձը հաշվի առնելով: Իսկ ուղղակի քննադատելու կամ խոսելու համար չեմ կարծում, որ այս ամբիոնը պետք է այդ ձևով օգտագործենք: Իսկ իշխանությունների գնահատականը տալիս է ժողովուրդը, ոչ թե Դուք կամ մեկ այլ մարդ։ Պատմությունն էլ այդ ամեն ինչը ցույց կտա: Շնորհակալություն:

         Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ արտահերթ ելույթ է խնդրում Արցախի Հանրապետության նախագահը: Խնդրեմ, պարոն նախագահ։

         Արայիկ Հարությունյան - Նախ, իհարկե, ես էլ մտադիր չէի արձագանքելու, բայց ուզում եմ անդրադառնամ այն, որ մենք ինքնուրույն չենք իշխանությունը Ղարաբաղի, վերջը չեմ ուզում անդրադառնալ: Խոսողներին կարող եմ ապացուցել իրենց քաղաքական ուժը որտեղից է ֆինանսավորվել նախընտրական փուլում, հետագայում քանի անգամ է փոխել չակերտավոր իրենց առաջնորդին և չեմ ուզում անդրադառնալ, որ նախկինում մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որ ասել է «բուժքույր էլ չեմ կարողանում վերցնեմ առանց Հայաստանի», իհարկե փակագծեր չբացենք: Գոնե այս երևույթը, այս ընտրությունը պիտի ձեզ համար ապացույց լինի հերթական, տասնյակ անգամ, որ որևէ մեկի հետ չենք քննարկում և մեր որոշումները կայացնելու առումով, որևէ մեկից, Հայաստանից կամ այլ կենտրոններից, այլ մարդկանց, այլ ուժերին չենք ենթարկվում: Մենք ինչ անում ենք, անում ենք մեր երկրի մեր պատկերացրած շահերից ելնելով՝ սկսած նշանակումները և մեր բոլոր քայլերը: Գոնե այսօր ինձ թվացել է, թե մենք պետք է խոսենք մի թեմայից՝ միասնությունից և մեր ապագայից: Վերջ ի վերջո, ժողովուրդ, կենտրոնացեք, խնդրում եմ, վերջ տվեք: Եթե ունեք առաջարկություններ կոնկրետ քայլեր իրականացնելու, խնդրեմ, միշտ բաց եմ եղել: Ասում է նապաստակը յոթ երգ գիտի, յոթն էլ գազարի մասին: Ընկերներ, վերջ տվեք, թե ինչ է կատարվել, ինչ ենք անում, ինչ ենք եղել: Գոնե այս առաջարկությունը իմ կողմից, որը ընկալվել է միանշանակ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից, հենց այդ տրամաբանությունից ելնելով, որ մեր երկրի պատմության ամենածանր ժամանակահատվածն ենք ապրում: Սթափվե՛ք, խնդրում եմ: Խոսում են հակասահմանադրական մարմինների մասին։ Չկա հակասահմանադրական մարմին։ Եկեք միավորման մասին խոսենք: Եթե ունենք մոլորված մարդիկ, մոլորված ուժեր, մոլորված քաղաքական գործիչներ, երկխոսության շրջանակներում ընտրենք ճշմարտությունը և դրանով շարժվենք: Ժողովուրդ, դուք հասկանու՞մ եք ինչ վիճակում ենք գտնվում: Շատ եմ ափսոսում, որ այսօրվա այս իրականում պատմական մեր քաղաքական պրոցեսը, որը դա հենց ապացույց է, որ մենք միավոր ենք, որ մենք պետություն ենք, որ մեր Սահմանադրությունը գործում է, որ մենք ինքնուրույն ենք: Գոնե սա օգտագործենք, որ միավորման, համախմբման, չգիտեմ դեռ ինչ ծանր խնդիրներ են մեր առջև սպասվում, օրակարգ ունենք, դրանով առաջնորդվենք: Շատ եմ ափսոսում, իմ սպասելիքները ավելին են եղել, անկեղծ, ոչ թե գովք ասելու։ Կներեք, ես պարոն Իշխանյանին շատ շատ ավելի բարձր եմ դասում, քան այստեղ հնչած բոլոր ելույթները կամ քննադատելու այս պրոցեսը, այլ մեր երկրի ապագայի վերաբերյալ համատեղ, միասնական ուժով առաջ գնալու մասին եմ ես ակնկալել: Շնորհակալություն:

         Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, հիմա, Կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Գաղտնի քվեարկության կարգը ներկայացնելու համար հրավիրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:

       Էդուարդ Աղաբեկյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այո, իրավիճակը ոչ ստանդարտ է, ոչ դասական, ծայրահեղ ոչ ստանդարտ, բայց քվեարկության կարգը մնում է նույնը համապատասխան վանդակում լատինատառ V-աձև տառի նշմամբ ձեր կարծիքը հայտնեք փակ քվեարկությանը: Կխնդրեի հանձնախմբի անդամներին մոտ մի 10 րոպե այնտեղ կազմակերպչական խնդիրներ կան՝ ստորագրություններ, քվեաթերթիկների հաշվարկ և այլն և այլն: Կխնդրեի անցնել նախասրահ: Իսկ այդ ոչ ստանդարտ (չի լսվում)  բավականին ցինիկ խաղ է ընդհանուր՝ աշխարհ, արևելք, արևմուտք, այս նույն աշխարհի մեջ Ղարաբաղ աշխարհի համար ցինիկ պատերազմ, անունը՝ խաղաղություն: Շնորհակալություն:

         Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Բոլոր պատգամավորներին խնդրում եմ անցնել նախասրահ:

(քվեարկություն)

         Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Քիչ առաջ մենք ավարտեցինք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը։ Արդյունքները ներկայացնելու համար հրավիրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:

        Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում 12-րդ արձանագրությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի արձանագրությունը: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը արձանագրում է՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրելու համար առաջարկվել է Դավիթ Ռուբենի Իշխանյանի թեկնածությունը, ում ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 31 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզել է հետևյալը՝ քվեատուփում առկա է 31 քվեաթերթիկ, որոնցից անվավեր չկա, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 22, դեմ՝ 9: Շնորհակալություն:

         Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Հաշվի առնելով քվեարկության արդյունքները՝ հրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրելու մասին

         Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 122-րդ հոդվածի  6-րդ մասով՝  Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Դավիթ Ռուբենի Իշխանյանին   ընտրել  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ: Շնորհավորում եմ, պարոն Իշխանյան, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի: Պարոն Իշխանյան, հրավիրում եմ Ձեզ զբաղեցնել Ձեր տեղը:

         Դավիթ Իշխանյան - Հարգելի գործընկերներ, շնորհակալություն վստահության համար։ Անշուշտ, ես իմ ելույթի մեջ անդրադարձա այն հիմնական ուղղություններին, որոնց շուրջ, կարծում եմ, մենք պիտի փորձենք կառուցել մեր հիմնական գործունեությունը: Սրանք, այսպես ասած, այսբերգի մի կողմն են, նաև կա այսբերգի մյուս հատվածը, որին միտված, ես կարծում եմ, մենք մեր առօրյա աշխատանքային գործունեության ընթացքում՝ խմբակցության ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ, տարբեր ձևաչափերով հնարավորություն կունենանք համապատասխան մեր ընդհանուր աշխատանքները կատարելու և կառուցելու այն քայլերը, որոնց միտված էր ոչ միայն իմ ելույթը, այլ նաև խմբակցության ղեկավարների, խմբակցությունների տեսակետները: Մեկ անգամ ևս ուզում եմ այս բարձր վստահության համար շնորհակալություն հայտնել, շնորհակալություն քաղաքական մեծամասնությանը՝ այս դժվար որոշումը կայացնելու համար: Այո, ես համարում եմ, որ դա դժվար որոշում էր ձեզ համար տարբեր հարվածներ, քննադատություններ, տարբեր մեկնաբանություններ ստանալու առումով: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, նաև ես իմ խոսքի մեջ ասացի, որ դյուրին չէր այս որոշում կայացնելը, որպես անձ, անհատ, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, նաև որպես փոքրամասնության ներկայացուցիչ այսօր Ազգային ժողովում: Բայց կարծում եմ, որ այն, ինչ որ ասվեց այս ամբիոնից, դասական իրավիճակի մեջ չենք մենք գտնվում, և ոչ դասական այս իրավիճակը մեզանից պահանջում է ոչ դասական հանգուցալուծումներ: Ինչպես ընդունված է ասել, նաև մեզ նետված ձեռնոցին ասիմետրիկ պատասխաններ և որոշումներ կայացնելու համար, ես կարծում եմ՝ մենք պետք է միշտ կենտրոնանանք դրա վրա, հաշվի առնելով, բնականաբար, ինչպես պարոն Պետրոսյանն էր ասում, նաև հետևանքները և նաև այն իրավիճակները, որոնցում մենք կարող ենք հայտնվել: Սուր անկյունները, ցանկալի կլիներ, որպեսզի մենք միշտ կարողանանք հարթել միմյանց հետ և ներկայանալ այս դահլիճ, այսպես ասած, ընդհանուր համախոհության մթնոլորտում: Շնորհակալություն:

         Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Իշխանյան:  Հարգելի գործընկերներ, այսքանով ավարտում ենք այսօրվա նստաշրջանի աշխատանքները: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:  Ցտեսություն: