ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 15:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 27 պատգամավորներ: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի օր բոլորին, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հրավիրվածներ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2023 թվականի հուլիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ:
Առաջարկվել է 2023 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը, հիմնական զեկուցող՝ պատգամավոր Արամայիս Աղաբեկյան: Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք այն քննարկելու: Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի ժողովրդին, Արցախի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին:
Գագիկ Բաղունց - Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք այն քննարկելու։ Ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նստաշրջանի աշխատանքներին: Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Ներկա են 27 պատգամավորներ:
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը ներկայացնելու համար հրավիրվում է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան:
Արամայիս Աղաբեկյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի «Բնակչությունը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտավորության մասին» բանաձևի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին համաժողորդական հանրաքվեի արդյունքների, 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «ԼՂՀ պետական անկախության մասին» հռչակագրի, հակամարտ կողմերի միջև 1994 թվականի մայիսի 12-ին «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թվականի մարտի 31-ին ԵԱՀԿ ղեկավար կազմի առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եվրախորհրդարանի 2023 թվականի հունվարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» բանաձևի, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումների, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի հունիսի 22-ի բանաձևի վրա, խստորեն դատապարտելով, որ ադրբեջանական կողմն առայսօր պարբերաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ուշադրություն հրավիրելով, որ մինչև հիմա Ադրբեջանը չի կատարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտավորությունները և ամեն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչը, ըստ հայտարարության դրույթների, պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո, Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են։ Այս կապակցությամբ արձանագրում ենք հետևյալ իրողությունները.
Ադրբեջանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թվականի հունվարի 30-ին, անդամագրվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը, ստանձնել է պարտավորություններ, որոնք ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանության պայմանով, որ նրանք իրենց հերթին ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում եղած տարաձայնությունների փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվել են իրենց համաձայնությունը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելով։
Ադրբեջանը, խախտելով ստանձնած պարտավորությունները, սանձազերծել է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ Կազմակերպելով իր ինքնապաշտպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արժանի դիմադրություն ցույց տվեց և պաշտպանեց իր անկախությունը 1992-1994 թվականներին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում։ 1994 թվականի մայիսին Ադրբեջանն ստիպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրել «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից։
Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բազմամյա բանակցությունների գործընթացը, 2016 թվականի ապրիլի 2-ին վերստին լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը դադարեցվել է Ոուսաստանի Դաշնության միջամտությամբ։
Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ և ռազմական գործողությունների անմիջական կառավարմամբ, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածավալ ռազմական ագրեսիայի Արցախի Հանրապետության դեմ, որը դադարեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հրահանգով և համակարգմամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանների» անվան տակ Շուշի-Քարին տակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և արգելափակել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների միջև գործող միակ ցամաքային՝ Լաչինի միջանցքը՝ նաև խափանելով այդ տարածքով էներգակիրների՝ գազի և էլեկտրականության մատակարարումը:
2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ադրբեջանին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:
2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար՝ երկու ուղղություններով, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին:
Արհամարհելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ Ադրբեջանը սույն թվականի ապրիլի 23-ին ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում՝ խորացնելով շրջափակումը, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ պաշարման մեջ առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Այսօրինակ հակամարդկային գործողությունների հետևանքով Արցախում բնակվող 120 հազար խաղաղ բնակիչները, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրական վտանգի առջև։ Շուրջ 30 հազար բռնի տեղահանվածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության վայրեր:
Հետապնդելով Արցախը հայաթափելու և ուժի կիրառմամբ այն իր կազմի մեջ բռնակցելու անթաքույց նպատակ և անպատժելիության պայմաններում խախտելով միջազգային իրավունքի գործող նորմերը՝ Ադրբեջանը հետևողականորեն ապօրինի կերպով զավթում է Արցախի Հանրապետության նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում և ահաբեկում խաղաղ բնակչությանը, ամեն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունեությունը՝ անտանելի դարձնելով մարդկանց կյանքը։ Միևնույն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր։
Ահազանգելով, որ Ադրբեջանի կողմից պաշարման ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է հայրենազրկվելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ցեղասպան գործողությունների վտանգի առջև, հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը, ուղերձով դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին և կոչ է անում առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։
Ակնհայտ է, որ ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը կան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը, միջազգային իրավունքի բոլոր նորմերը։
Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։
Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ճանաչում հանուն փրկության սկզբունքի հիման վրա։
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան զեկուցողին, խնդրում եմ հերթագրվել:
Հերթագրում:
Հերթագրվել է 2 պատգամավոր: Տիկին Պետրոսյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Գալստյանը:
Արևիկ Պետրոսյան - Շնորհակալություն: Պարոն Աղաբեկյան, կարծում եմ, որ նախապատմությունը անհրաժեշտ է մեկնարկել ԼՂԻՄ-ի Մարզային խորհրդի որոշումից, որից հետո տեղի ունեցավ Սումգայիթի ջարդը: Ես կարծում եմ՝ Սումգայիթի ջարդը անպայման պիտի այդ հայտարարության մեջ ընդգրկվի, որովհետև որակվում է որպես ցեղասպանություն:
Արամայիս Աղաբեկյան - Տիկին Պետրոսյան, այս հայտարարությունը եղել է քննարկման մեջ, և բոլորս էլ հնարավորություն ենք ունեցել առաջարկություններով հանդես գալ՝ այդ թվում և խմբակցության շրջանակներում, այդ թվում նաև ընդհանուր ԱԺ խմբակցությունների ղեկավարների քննարկումների ընթացքում: Կարծում եմ՝ այդ ժամանակ ավելի նպատակային կլիներ այդ հարցի քննարկումը:
Արևիկ Պետրոսյան - Կարծում եմ՝ մեկ նախադասություն ավելացնելը մինչև հանրաքվեն և լայնածավալ պատերազմը կարելի է դա լրացնել, դա դժվարություն չի հանդիսանում: Բայց պնդում եմ, որ անհրաժեշտ է Սումգայիթի ոճրագործությունները նշել:
Գագիկ Բաղունց - Տիկին Պետրոսյան, եթե դեմ չեք, այդ հարցին կպատասխանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պարոն Բալայանը, որը անմիջապես մասնակցություն է ունեցել տեքստի խմբագրմանը: Խնդրեմ, պարոն Գալստյան:
Դավիթ Գալստյան – Պարոն Աղաբեկյան, մի ոճաբանական երևի թե։ Ակնհայտ է, որ ճանաչման համար անհրաժեշտ հիմքերը կան: Առաջարկ, որ «անհերքելի» է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը, ոչ թե «ակնհայտ», այլ « անհերքելի»: Մի քիչ այս բառի իմաստը ավելի ուժեղացվում է։ Հաշվի առնելով, որ վերջին տարբերակը ես ուշ եմ ստացել, ճիշտ եք ասում, առաջին քննարկմանը եղել եմ, առաջարկություններ արել ենք, բայց այս վերջնական տարբերակում ինձ հնարավություն չի եղել մինչ այդ ասեի վերջնական տեքստի վրա։ Ինձ թվում է՝ իմ գործընկերները կընդունեն, որ ոչ թե ակնհայտ է, այլ անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը:
Արամայիս Աղաբեկյան – Եթե իմաստային տեսանկյունից մեծ տարբերություն է տալու, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Խմբագրական հարցեր են սրանք։
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ԱԺ ուղերձի վերաբերյալ: Խոսքը տրվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանին: Խնդրեմ, պարոն Բալայան:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԱԺ ուղերձի նախագիծը: Այն դրական եզրակացությամբ ձեզ ենք ներկայացնում՝ վերջնական որոշման տեսքով ընդունելու համար: Առիթից օգտվելով, եթե թույլ տաք, ուզում եմ նաև բարձրացրած հարցերի վերաբերյալ արձագանքել: Խնդիրը հետևյալի մեջ է, տիկին Պետրոսյան, որ Ձեր ասած որոշումը, իհարկե, կարևոր է, բայց քանի որ մենք սա դիմում ենք Արցախի Հանրապետությունը ճանաչելու առումով, դրա համար մենք այդ հիմքերն ենք ներկայացրել: Ձեր ասածը մի քիչ այլ հիմք ունի։ Գաղտնիք չէ, որ այս շարժումը սկսվել էր և ժողովրդի հիմնական պահանջը այն է եղել, որպեսզի ԼՂԻՄ-ը վերամիավորվի Խորհրդային Հայաստանին: Մենք, այդ ամենը հաշվի առնելով, այս տեսանկյունից ենք փորձել ներկայացնել 1991 թվականի իրադարձությունների հետ կապված: Այսինքն՝ անկախության հետ կապված ֆունդամենտալ նշանակության իրավական որոշումներն ենք փորձել այդ հիմքում դնել: Իսկ ինչ վերաբերում է պարոն Գալստյանի առաջարկությանը, դա ընդունելի է: Հետո նաև մի ուրիշ բան, դա իմ կարծիքն է, համենայնդեպս քանի որ խմբակցություններն են հեղինակները, եթե խմբակցության ղեկավարները ինչ-որ ասելիք ունեն, մենք կարող ենք մի 10 րոպեով դադար վերցնել, դա էլ քննարկել, եթե անհրաժեշտ է, բայց իմ մոտեցումը սա է:
Գագիկ Բաղունց – Պարոն Բալայան, մենք ունենք դեռ մտքերի փոխանակություն: Եթե խմբակցությունների ղեկավարները այլ առաջարկություններ ունեն, մենք կլսենք և կամփոփենք այդ առաջարկությունը: Շնորհակալություն, պարոն Բալայան:
Արևիկ Պետրոսյան - Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է մի այլ կերպ, մի ձև, թեկուզ և այդ նորմերի մեջ չի մտնում, բայց մի ձև թե (բառը չի լսվում), թե որտեղ Սումգայիթի ոճրագործությունները նշել, որովհետև մեր խաղաղ ցույցերի պատասխանը եղել է ցեղասպանություն: Դա փաստ է և այդ փաստը անհերքելի է: Ես չգիտեմ նորմերին համապատասխանում է, թե՝ ոչ, բայց այս փաստը չի կարելի անուշադրության մատնել:
Վահրամ Բալայան - Տիկին Պետրոսյան, եթե նկատել եք, մենք այստեղ գրում ենք «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ հիմնվելով» ու այսպես թվարկում ենք իրավական նշանակության որոշումները։ Միգուցե տեքստի ինչ-որ մի տեղ վանի, բայց բոլոր դեպքերում կքննարկենք, երևի ելույթները կլինեն: Մյուս կողմից նաև անմիջապես կխորհրդակցենք խմբակցության ղեկավարների հետ, եթե անհրաժեշտություն է, դա էլ կքննարկենք: Խնդիր չեմ տեսնում:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Բալայան: Հիմա մտքերի փոխանակություն։ Տիկին Պետրոսյան, եթե շարունակելու եք պնդել Ձեր առաջարկությունները մտցնել ուղերձի տեքստի մեջ, ապա մենք հարցը կդնենք քվեարկության: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արթուր Հարությունյան - Այդ հարցի վերաբերյալ քննարկում եղել է, նախկինում դա քննարկվել է: Քանի որ այդտեղ առաջին մասը բոլորը իրավական ակտերի թվարկումներ են, այսինքն՝ հիմնվում է հռչակագրի, բանաձևին և այլն, իսկ դրանք գործողություններ են, և նաև խոսքը վերաբերում է անկախության ճանաչմանը, ինչպես պարոն Բալայանը նշեց: Այդ հարցը քննարկումների ժամանակ եղել է։ Որոշումը այնպես է, որ դրանից առաջ գործողությունները ինքը ընդհանուր շփոթմունք է բերելու ուղղվածությանը:
Գագիկ Բաղունց - Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրվել է մեկ պատգամավոր: Խնդրեմ, տիկին Պետրոսյան:
Արևիկ Պետրոսյան - Կարծում եմ՝ ամենավերջում կարելի է մեկ նախադասություն ավելացնել, «ի դեպ» կամ ավելի լրացուցիչ տեղեկություն հայտնել` «ղարաբաղյան խաղաղ շարժմանը պատասխանվել է սումգայիթյան ոճրագործություններով»:
Գագիկ Բաղունց – Տիկին Պետրոսյան, ես էլ եմ համամիտ, որ Ձեր առաջարկությունը ընդհանուր կոնտեքստից դուրս է գալիս, սակայն եթե պնդում եք, Ձեր պատգամավորական իրավունքն է: Մենք հարցը կարող ենք դնել քվեարկության:
Արևիկ Պետրոսյան - Քվեարկության դնելու իմաստ չկա, որովհետև հասկանում եմ, որ որոշումը կայացված է։ Այնուամենայնիվ, մի փաստ էլ ասեմ, որ չեղած Խոջալուի ջարդերը «դրոշակ» սարքած աշխարհով մեկ մեր հարևանը տանում է, իսկ եղածի մասին մենք չենք խոսում:
Գագիկ Բաղունց – Եղավ, շնորհակալություն։ Մենք ընդունեցինք Ձեր դիրքորոշումը: Թույլ տվեք շարունակենք: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա: Այժմ քվեարկության է դրվում ԱՀ ԱԺ ուղերձը:
Քվեարկություն:
Կողմ՝ 28, դեմ`չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Այսպիսով, հարգելի գործընկերներ, ավարտվեց օրակարգային հարցի քննարկումը: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Այսքանով ավարտում ենք ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Հիշեցնեմ, որ ժամը 16-ին տեղի կունենա Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան: Ցտեսություն: