ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 10:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 29 պատգամավորներ: Նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հրավիրվածներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2023 թվականի հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն՝ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ: Առաջարկվել է 2023 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16.00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ հետևյալ օրակարգով՝
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական վիճակագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»:
Օրակարգային հարցերը քննարկվել են խորհրդարանի գլխադասային հանձնաժողովներում, և պատրաստ ենք ներկայացնելու արտահերթ նստաշրջանում: Առաջարկում եմ անցնել նստաշրջանի աշխատանքներին, խնդրում եմ պատգամավորներին գրանցվել։
Գրանցում:
Ներկա են 29 պատգամավորներ։
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Սկսենք նախագծերի քննարկումը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Արցախի Հանրապետության նախագահի կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ, պարոն Միրզոյան։
Ժիրայր Միրզոյան – Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի սեղմ ժամկետներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ազգային ժողովի նախագահի թեկնածուների առաջադրմամբ պաշտոնը թափուր մնալուց հետո 10-օրյա ժամկետը և օրենքով ամրագրված հերթական նիստ գումարելու ժամկետը և առանձնահատկությունները չեն համապատասխանում ներկա իրավիճակին և բավականին տևական են: Առաջարկվում է վերանայել Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը, գործող 10-օրյա ժամկետը փոխարինել աշխատանքային 2-օրյա ժամկետով, իսկ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը քննարկել թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա նիստում՝ հերթական նիստի փոխարեն:
Գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ արված առաջարկությունները հաշվի առնելով, ավելի հստակ դարձնելու համար հրաժարականի դեպքում դադարման պահը լիազորությունների, նոր կետ ենք ավելացրել և սահմանել, որ Ազգային ժողովի նախագահի հրաժարականի դեպքում լիազորությունները դադարեցված են համարվում հրաժարական ներկայացնելու պահից: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան պարոն Միրզոյանին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան։ Պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետական- իրավական հարցերի հանձնաժողովում նիստում՝ 4 կողմ, 0 դեմ:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան։ Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա։
Այժմ քվեարկության է դրվում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Քվեարկությանը մասնակցել է 29 պատգամավոր:
Կողմ՝ 21, դեմ՝ 8։
Որոշումն ընդունված է:
«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելու համար հրավիրվում է պարոն Միրզոյանը:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն: Քրեական օրենսգրքում կատարվող լրացումներով առաջարկվում է օրենսգրքի 17-րդ գլխում լրացնել առանձին հոդվածներ՝ «Զրպարտություն» և «Վիրավորանք»՝ դրանով իսկ քրեականացնելով մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելուն ուղղված գործողությունները: Զրպարտությունը և վիրավորանքը որպես հանցագործություն ներառված էին 2003 թվականի Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում, որը 2010 թվականին ապաքրեականացվել է: 2013 թվականին ընդունված Արցախի Հանրապետության Քրեական օրենսգիրքը արդեն իր մեջ չէր բովանդակում վիրավորանքը և զրպարտությունը որպես քրեորեն պատժելի արարքներ: Ապաքրեականացման արդյունքում ստացվել է, որ նվազեցվել է այդ արարքների հանրային վտանգավորության աստիճանը, որը իր հերթին հանգեցրել է հանրային պատասխանատվության մակարդակի անկման: Նշվածի բացասական ազդեցությունը իր բնույթով առավել վտանգավոր է դառնում հատկապես ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում, երբ պետության մոտ բացակայում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը լիիրավ պաշտպանելու ամբողջական գործիքակազմը, որը նվազեցնում է վստահությունը հանրային իշխանության մարմինների նկատմամբ: Մյուս կողմից՝ հատկապես հայտարարված ռազմական դրության պայմաններում ոչ միայն բարձր են վիրավորանքի և զրպարտության հանրային վտանգավորության աստիճանը, այլև իրենց բնույթով նրանք նպաստում են նոր հանցագործությունների կատարմանը, քանի որ դրամական փոխհատուցումը գործող չափերի սահմաններում քաղաքացիաիրավական հարաբերություններում չի կարող ունենալ բարձր կանխարգելիչ ազդեցություն և հակակշիռ լինել անձի պատիվը ու արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելուն: Օրենքով ներկայացված նախագծերը հիմնականում ներառում են Քաղաքացիական օրենսգրքի 1093 հոդվածով ամրագրված վիրավորանքի և զրպարտության սահմանումները, միաժամանակ ընդլայնվում է վիրավորանքի հանցակազմը և, որպես որակյալ մաս, պայմանավորված կլինի նաև արարքի կատարման եղանակով, մասնավորապես, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով: Նշված արարքները քրեականացնելուն զուգահեռ օրինագծով զգալիորեն խստացվում են նաև արարքների համար սահմանված սանկցիաները՝ սահմանելով նաև ազատազրկման ձևով պատժատեսակ: Օրինագծով նախատեսված սանկցիաները սահմանում են՝
վիրավորանքի համար՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկու հազարապատիկի չափով, իսկ որակյալ մասի համար՝ երկու հազարապատիկից երեք հազարապատիկի չափով կամ կալանքով մինչև 3 ամիս ժամկետով,
զրպարտության համար՝ հազարապատիկից երկու հազարապատիկի չափով, իսկ որակյալ մասի համար՝ երկու հազարապատիկից երեք հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Հարակից օրենսգրքերում կատարվող փոփոխությունները բխում են Քրեական օրենսգրքում կատարվող լրացման բնույթից, մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական պաշտպանության միջոցներից Քաղաքացիական օրենսգրքում թողնել դատական կարգով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջի իրավունքը:
Քրեական դատավարության օրենսգրքում կատարվող լրացմամբ առաջարկվում է տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի շարքում լրացնել նաև վիրավորանքը և զրպարտությունը, այսինքն՝ սրանք դիտարկվելու են որպես մասնավոր մեղադրանքի գործեր:
Գագիկ Բաղունց - Հարգելի պատգամավորներ, եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հերթագրվել են երկու պատգամավորներ։ Խնդրեմ, տիկին Հակոբյան։ Պարոն Գալստյան, պատրաստվեք:
Մետաքսե Հակոբյան - Պարոն Միրզոյան, եթե չեմ սխալվում, վերջերս Հայաստանի Հանրապետությունում ևս նման օրենք ընդունվեց, և շատ կարճ ժամանակում տեսանելի էր, որ այդ օրենքը չաշխատեց, որովհետև շատ հանգիստ փաստաբանները նման գործերի դեպքում միանշանակ հաղթում էին մեղադրող կողմին բնականաբար: Եվ Հայաստանի օրինակը մեզ ապացույց, որ դա արվեց, որպեսզի որպես մահակ օգտագործվի կոնկրետ, օրինակ, ընդդիմության դեմ և քաղաքական ոչ նույն հայացքներ ունեցողների դեմ: Դա ակնհայտ էր, կարծում եմ՝ որևէ մեկը դրան չի կարող հակառակը ասել: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ նպատակ կա, երբ նման նախագիծ հիմա արդեն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում է: Իհարկե, ընդունելի է, որ եթե դա իրականում դատապարտի այն մարդկանց, ովքեր իրականում զրպարտում են կամ վիրավորում են, բայց այստեղ կասկածի տեղիք է տալիս այդ հիմնավորումը․ արդյո՞ք սա ևս չի ուզում կառավարությունն, իշխանությունն որպես մահակ օգտագործել այն մարդկանց դեմ, ովքեր իրենց հետ համակարծիք չեն, մեղմ ասած: Եվ կխնդրեի սահմանումը։ Դուք նշեցիք, որ կա հա՞, զրպարտանքի այդ սահմանումը։ Մի փոքր բացած ասեք․ ո՞րն է կոչվում զրպարտանք և վիրավորանք։
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն հարցի համար: Սկսեմ վերջից՝ զրպարտությունը ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը: Սա «Զրպարտության» հոդվածի առաջին մասն է, առաջին մասով նախատեսված արարքները, որը կատարվում են պարբերաբար: Վիրավորանքը ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը: Սա առաջին մասն է և երկրորդը՝ առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել են անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, և երրորդ մաս՝ կատարվել է պարբերաբար: Սրանք սահմանումներն են։ Ինչ վերաբերում է որպես գործիք օգտագործելուն, ես վերջում նշեցի, որ սրանք մասնավոր մեղադրանքի գործեր են, և ամեն դեպքում անհրաժեշտ է վիրավորվող օբյեկտի, կոնկրետ ում դեմ ուղղված է հանցագործությունը, գրավոր դիմումը: Նույնը եղել է նաև քաղաքացիաիրավական կարգով, ուղղակի այնտեղ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում է նախատեսված քաղաքացիաիրավական կարգով, իսկ Քրեական օրենսգրքում արդեն հոդվածները մտցնելու դեպքում մենք ապացուցման պարտականությունը դնում ենք արդեն պետական կառավարման մարմնի վրա, ոչ թե տվյալ դեպքում քաղաքացիաիրավական հարաբերությունների կողմերի վրա, այնպես որ, երբ խոսքը վերաբերում է մասնավոր մեղադրանքի գործին, չեմ կարծում, որ կարող է Ձեր մտահոգությունները այդքան տեղին լինեն: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում կատարված փոփոխության և դրանից հետո տեղի ունեցած պրոցեսներին, Հայաստանի Հանրապետությունում ոչ թէ եղել է «Վիրավորանք» և «Զրպարտություն» հոդվածներ Քրեական օրենսգրքում, այլ եղել է «Ծանր վիրավորանք», այսինքն՝ միանգամից երկրորդ մասն է մտցվել։ Բացի դրանից Հայաստանի Հանրապետությունը որոշ կաշկանդվածություն ունի օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նման տեսակի, քանի որ անդամագրվում է մի շարք միջազգային կազմակերպություններին, նրանց եզրակացություններով և այլն:
Գագիկ Բաղունց – Արձագանքեք։
Մետաքսե Հակոբյան - Եթե մենք չճանաչված պետություն ենք, արդյո՞ք դա մեզ իրավունք է տալիս չմտահոգվել կամ չկաշկանդվել: Կարծում եմ՝ դա ճիշտ հիմնավորում չի: Եվ հաջորդը, ասեմ, որ այդ սահմանումները իրենք միանշանակ չեն, այսինքն՝ այստեղ հնարավորություն է տրվելու էլի նույն արարքը կատարող անձերին տարբեր տեսանկյուններից նայել, այսինքն՝ ում գլխին պետք է մուրճը իջեցնել, իջեցվելու է, ումը ոչ՝ ապա ոչ, որովհետև միանշանակ այդ սահմանումներով հնարավոր չէ որոշել՝ որն է վիրավորանք, որն է զրպարտանք և այլն: Սա իմ կարծիքն է:
Ժիրայր Միրզոյան - Ձևակերպումներում ես նշել եմ, որ լրացվել է նախորդ կարգավորումների վերաբերյալ մինչև 2003 թվականը Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում ձևակերպումներից տարբերվում է միայն վիրավորանքի երկրորդ մասի այն ձևակերպումը, որտեղ նշված է, որ դրանք տեղեկատվական տեխնոլոգիաներով և հանրային այլ եղանակով: Մնացածը նույն ձևակերպումն է, ոնց եղել է նախկինում: Ինչ վերաբերում է մեր՝ Արցախի Հանրապետության համար որևէ պարտավորություն չլինելը միջազգային կազմակերպությունների առաջ, իհարկե, այդպես է, որևէ պարտավորություն չունենք, բայց ունենք լրիվ այլ իրավիճակներ Հայաստանի Հանրապետության հետ համեմատած: Դրա համար հանրային բնույթի վտանգավորությունը Հայաստանում և Արցախում իմ գնահատմամբ և մեր մասնագետների գնահատմամբ բավականին տարբեր է:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Ես ավելացնեմ ևս մի հարց: Դուք նշեցիք, որ վիրավորանքի կամ զրպարտության ենթարկված անձի կողմից գրավոր դիմում պիտի լինի գործ հարուցելու համար կամ եթե դրա արդյունքում զրպարտության ենթարկված անձը մահացել է, որևէ մեկը իրավունք ունի՞ դիմել:
Ժիրայր Միրզոյան- Ոչ, այդ գործը կարճվելու է:
Գագիկ Բաղունց- Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Գալստյան:
Դավիթ Գալստյան - Պարոն Միրզոյան, մի քիչ ավելի պրակտիկ երևի ես կփորձեմ հասկանալ մեր հանրությունը շատ իրազեկելու համար, թե որն է այդ զրպարտանքը կամ վիրավորանքը, որը հնչեցվում է։ Օրինակ, եթե Արցախի Հանրապետության բնակիչները, քաղաքացիները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում այն անձանց կամ պաշտոնյաների, ընդհանրապես կապ չունի, այն որոշ անձանց հասցեին, ովքեր ասում են «Արցախը Ադրբեջանի մաս է» և այդ անձը, ով դա արտաբերել է, դիմում է դատարան, որ իր հասցեին հայհոյանքներ են հնչեցվել, դա իր մեջ պարունակում է Ձեր ասած այդ հոդվածներով վիրավորանք կամ զրպարտա՞նք։ Եվ արձագանքի ժամանակ մի հատ էլ հարց կտամ:
Ժիրայր Միրզոյան - Տեսեք, պարոն Գալստյան, Ձեր հարցի պատասխանը պետք է տա նախաքննության մարմինը, մինչև գործող օրենսդրությամբ դա պետք է տա դատարանը: Այսինքն՝ սահմանել բառերի կամ արտահայտությունների շարք և ասել սրանք վիրավորանք են և սրանք վիրավորանք չեն, այդպիսի բան հնարավոր չէ: Վիրավորանք արդեն ընդունած կամ ում դեմ ուղղված է վիրավորանքը, այդ անձը դատարան կամ համապատասխան նախաքննական մարմիններ դիմելու արդյունքում կպարզվի՝ դա որակվո՞ւմ է վիրավորանք, թե՞ ոչ: Կոնկրետ ձևակերպումներով մենք չենք կարող ասել՝ դա վիրավորանք է, թե ոչ:
Դավիթ Գալստյան - Այսինքն հնարավոր է, որ եթե դա դիտարկվի որպես վիրավորանք կամ զրպարտություն, այդ մարդուն կանգնեցնել այդ պատասխանատվության առջև, տեսականորեն դա հնարավոր է:
Ժիրայր Միրզոյան – Տեսականորեն, եթե արտահայտությունը նախաքննության մարմնի կողմից որակվի որպես վիրավորանք և դատարանի կողմից հաստատվի, այո: Դա որոշվելու է իրավապահ համակարգում, սահմանված ընթացակարգով:
Դավիթ Գալստյան - Մի հատ էլ առաջարկ՝ կառավարությունը կամ երկրի ղեկավարը չի՞ ուզում արդյոք օրենքի նախագծով հանդես գալ, որ ով նման արտահայտություն անի, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, դա ևս քրեորեն պատժվելու լինի: Ինձ թվում է իսկական ժամանակն է այդ օրենքին զուգահեռ նաև նմանատիպ օրենքների նախագծով հանդես գալ, այն էլ հրատապ: Շնորհակալություն:
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն: Այդպիսի հարց քննարկվել է, քննարկվել է մի շարք տարբեր ատյաններում, այդ թվում՝ Հանրային խորհրդում։ Բայց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու իրավասություն ունեն միջազգային իրավունքի սուբյեկտները: Մնացած դեպքերում՝ քաղաքացու կոչեր և այլն, և այլն, դրանք կարելի է դիտարկել որպես սահմանադրական կարգի տապալում, որովհետև Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն է, և ցանկացած նման կոչ ուղղված է, հենց սահմանադրական կարգի տապալման հոդվածում հենց հղում է կատարված այդ ձևակերպումների վրա: Ուղղակի սահմանադրական կարգի տապալումը միայն խոսքով չի կարող որակվել, այն պետք է նաև զուգորդված լինի գործողություններով: Դրա համար ես համարում եմ, որ դա արդեն կարգավորված է և մտնում է սահմանադրական կարգի տապալման հոդվածի դիսպոզիցիայում:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և երկու հարակից օրենքների փաթեթներում լրացում կատարելու մասին նախագծերը քննարկվել են պետական-իրավական հարցերի հանձնաժողովում՝ 3 կողմ, 1 դեմ քվեարկության արդյունքներով:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, տիկին Պետրոսյան:
Արևիկ Պետրոսյան - Շնորհակալություն: Ես զրպարտանքի եմ ենթարկվել «Հրապարակ» թերթի կողմից, ընդ որում՝ ինֆորմացիան, տեղեկատվությունը մեր այս դահլիճից է դուրս եկել՝ կեղծ, և ես շատ ափսոսում եմ, որ օրենքը չունի հետադարձ գործողություն։ Հակառակ դեպքում ես կդիմեի դատարան: Շնորհակալություն։
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթների ցանկություն: Չկա։
Այժմ քվեարկության է դրվում «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Քվեարկությանը մասնակցել են 29 հոգի։
Կողմ՝ 23, դեմ`4, ձեռնպահ՝ 2։
Որոշումն ընդունված է:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հարակից նախագծերով ներկայացնելու համար հրավիրվում է պարոն Միրզոյանը:
Ժիրայր Միրզոյան – 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվեց հնարավորություն վճարի դիմաց օգտագործման վերցնել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե առկա գույքը բավարար չէ: Օրենքի փոփոխության հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով կարգավորվեցին պետական բյուջեի միջոցների հաշվին ամենամսյա վճարի տրամադրման հետ կապված հարաբերությունները: Ներկայում գույքը վարձակալությամբ տրված ֆիզիկական և իրավաբանական անձանց զգալի մասը գտնվում է Արցախի Հանրապետության սահմաններից դուրս և գործնականում ստացվում է այնպես, որ գույքը հանձնվում է վարձակալության, դրա դիմաց բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովության նպատակով վճարները վճարվում են պետական բյուջեի միջոցներից և այդ գումարները փոխանցվում են Արցախի Հանրապետության սահմաններից դուրս:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման դիմաց ամենամսյա վճար վճարելու պարտականությունը հանել՝ միաժամանակ թողնելով գույքի օգտագործման անհրաժեշտության վերացման դեպքում, եթե գույքը վերադարձվում է վնասված, գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա նրան տալ համարժեք փոխհատուցում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարվող մեկ այլ փոփոխությամբ, ելնելով ռազմական դրության իրավական ռեժիմի պայմանների առավել արդյունավետ ապահովման անհրաժեշտությունից, առաջարկվում է ի լրումն օրենքով սահմանված միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների՝ սահմանել լրացուցիչ միջոցառումներ և սահմանափակումներ, մասնավորապես՝
պետական և տարածքային կառավարման մարմինների, դրանց հիմնարկների և կազմակերպությունների գործառույթների, դրանց իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն կամ կասեցում,
հեռուստատեսությամբ հեռարձակվող, համացանցի և ռադիոյի միջոցով տարածվող նյութերի բովանդակության սահմանափակում,
Արցախի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում, ինչպես նաև ինտերնետ հասանելիության մակարդակի կամ ամբողջական սահմանափակում՝ ապահովելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական ապահովության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների ինտերնետ հասանելիությունը,
բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, անկախ կազմակերպական իրավական ձևից և սեփականության տեսակից, փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրի,
էներգետիկ բնապահպանական կապի, առողջապահության և կրթության ոլորտներում պետական հատուկ քաղաքականության իրականացում, պետական գնումների հատուկ ընթացակարգի սահմանում, էներգետիկայի և կապի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անձանց համար պարտադիր կատարման ենթակա առաջադրանքների սահմանում, բնական ռեսուրսների օգտագործման և շահագործման հատուկ կարգի սահմանում:
Օրինագծով միաժամանակ առաջարկվում է նախատեսել հնարավորություն օրենքով սահմանված միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների իրականացմանը ներգրավել նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ և պետության հիմնադրած կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք միջոցառումները կիրականացնեն որպես պետության պատվիրակած լիազորություն
Նախատեսվող մեկ այլ փոփոխություն նպատակ ունի քաղաքական և հայեցողական պաշտոնների նման նախագահի կողմից նշանակվող որոշ քաղաքացիական պաշտոնների համար ևս սահմանել փոփոխության ավելի ճկուն գործիքակազմ՝հատկապես հաշվի առնելով այն, որ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման հիմնական և առանցքային պատասխանատուն նախագահն է, և նա կարող է նախատեսվող փոփոխության համաձայն լրացուցիչ պարտականություններ և գործառույթներ վերապահել այդ մարմիններին: Ստեղծված պայմաններում անհրաժեշտության դեպքում քաղաքացիական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, պայմանավորված «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված իրենց պաշտոնի առանձնահատկություններով, կարող են փոփոխվել, ինչը ամրագրված է օրենքով: Սակայն քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պարագայում, բացի օրենքով ամրագրված հստակ դեպքերի, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, օրինակ, ռազմական դրության իրավական ռեժիմով սահմանված միջոցառումների ոչ պատշաճ իրականացման կամ չիրականացման դեպքում:
Առաջարկվում է ռազմական դրության պայմաններում նախատեսել հնարավորություն նախագահի կողմից նշանակվող քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց, մասնավորապես՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի, հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անդամի, քաղաքացիական ծառայության խորհրդի անդամի, հանրային ծառայություններ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամի և նախագահի, պետական վիճակագրական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի, քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարեցման, այդ թվում վաղաժամկետ դադարեցման համար: Հարակից թվով 7 օրենքների փոփոխությունները բխում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարվող փոփոխությունից: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր կան զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հերթագրվել են 6 պատգամավորներ։ Խնդրեմ, պարոն Մոսիյան, թող պատրաստվի պարոն Ստեփանյանը:
Արթուր Մոսիյան - Պարոն Միրզոյան, հարցերի մի մասը երեկ մենք հանձնաժողովի նիստում տվեցինք, այդպես էլ պատասխան չստացանք, համենայնդեպս բավարարող պատասխան։ Մի մասն էլ կավելացնենք, նորից նիստում փորձենք պարզել: Ռազմական դրության մասին իրավական ռեժիմը ի՞նչ կապ ունի վիճակագրության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի ոչ պատշաճ...։ Մարդիկ ունեն պարտականություններ և կատարում են քննչականի պետի կամ տեղակալի հետ: Տեսեք, պետական բուրգը բաղկացած է օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունից և քաղաքացիական ծառայություն իրականացնող անձանցից: Եվ սա բուրգի մի մասն է, բուրգի մի մասը հանելով՝ բուրգը փլվելու է, բալանսը խախտվելու է: Նորից բացատրեմ։ Տեսեք՝ քաղաքական և հայեցողական պաշտոնները նախագահը իրավունք ունի նշանակել, մեկ այլ պաշտոններ, անկախ օրենքով ստեղծված մշտական հանձնաժողովներ և այլն, մի մասը կատարում է գործադիր, օրենսդիր, դնում է և հեռանում, մի մասը կատարում է նախագահը: Հենց իմաստն էլ այն է, որ քաղաքացիական ծառայություն իրականացնող իրենց գործի բնույթն է այդ ձև, որ նշանակում է տարով և մոռանում: Հիմա Դուք ասում եք էս էլ բերեք, քանի որ նախագահը նշանակում է, կարող է հանի։ Նախագահը քանի որ նշանակում է, կարող է հանի, վերաբերվում է քաղաքական և հայեցողական պաշտոնի, որը ֆիքսված է Սահմանադրությամբ: Սա ամբողջ քննչականի պարագայում, ամբողջ իրավապահ համակարգը կաթվածահար է անելու և այսինքն հետևյալն է լինելու․ եթե օրերից մի օր քննչականի պետը չբավարարի, չնայած որ նախագահն է նշանակել, կարող է հանի: Ի՞նչ պիտի անի քննչականի պետը պաշտոնում մնալու համար, պիտի ենթարկվի նախագահի կամքին, ոչ թե արդարադատությանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ եթե չկատարի, այդ թվերը ճիշտ չլինի ինչ որ պետք է, անդամը կամ նախագահը, հանում են իր կողմից նշանակված անդամներին, որը մեկ երրորդն է կազմում: Տնտեսական մրցակցություն, վիճակագրություն․ եթե թվերը լավ չտա, վիճակագրությունը ինչ որ պետք է, ուրեմն չի աշխատի: Տնտեսական մրցակցության հանձնաժողով․ եթե գները, օրինակ եմ ասում, գազի, լույսի և այլն, պետք է, որ 10 դրամը դառնա 50, հենց անկախ մարմինը այն է, որովհետև չափորոշիչներ ունեն, եթե չէ, մարդը պիտի սկսի մտածել։ Եթե խղճով մարդ լինի, դիմում է գրելու դուրս գա կամ ասելու է հանում ես հանի, եթե նյութականից կախված լինի, ստիպված անելու է: Եվ ասում եմ՝ սա պետական ինստիտուտների այդ բուրգի մի մասի ոչնչացման ամենակարճ ճանապարհն է և Ձեր ներկայացրած ռազմական դրության մասին իրավական ռեժիմի ինչ-որ բանի հետ որևէ առնչություն չունի։ Սա պարզապես ինձ հիշեցնում է այն մենավոր ընկուզենին, էն որ իր գյուղի ճակատագրի հարցն է դրված, պահը բռնում է և գալիս բանով խփում, այն մեկը իր հարցը լուծում, որևէ կապ չունի գյուղի հետ, այդ գյուղը կմնա, չի մնա և այլն։ Առաջարկում եմ, եթե կան հարցեր, այդտեղ կարող է լինեն հարցեր, որ 50/50 հիմնավորի, որ «Ռազմական դրության մասին» օրենքում և այլն, այլն: Լավագույն տարբերակը այն է, որ տանեն լրամշակման, որը որ հիմնավորում կա, որը, անկեղծ ասած, ես տվյալ դեպքում չեմ տեսնում, միգուցե լրամշակվի և ուրիշ ձևի բերվի: Բայց ասեմ․ կոնկրետ քննչականի մասում կա դատախազություն, դատարան, քննչական և այլն և այլն, հետաքննության մարմիններ: Դիսբալանսը խախտվում է։ Եվ ներկայացնել «Ռազմական դրության մասին» օրենքով, դրանով հիմնավորել, առնվազն, մեղմ ասած, կապ չունի դրա հետ: Շնորհակալություն:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն, պարոն Մոսիյան։ Անկեղծ՝ այդ գնահատականները չեմ կիսում, քանի որ մենք հանձնաժողովում քննարկման ժամանակ ևս անդրադարձ ենք կատարել այն սկզբունքներին և բոլոր այն հիմնավորումներին, որոնք և դրված են, և իրականության մեջ կան: Տեսեք, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները պատերազմից հետո ունեցել են մի քանի փուլեր և մի քանի մակարդակներ: Դա պայմանավորված է եղել իրավիճակի անընդհատ սրման պրոցեսով: Ներկայում, երբ խոսքը վերաբերում է միայն որոշ պետական մարմինների պաշտոնատար քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց ազատ նշանակումներին ազատումների հետ կապված, խոսքը վերաբերում է այն կարգավորման անհրաժեշտության, այսինքն այն համալիրի մեջ է դիտարկվում, որ այս մարմինները ևս արդեն նախագահի հրամանագրով կարող են դրվել և ամենայն հավանականությամբ դրանց մեծ մասը դրվելու է ռազմական դրության իրավական ռեժիմից բխող մի շարք գործառույթների տրամաբանական շրջանակներում: Հետևաբար մենք չենք կարող որևէ մաս այս նախագծից հանել, հետագայում քննարկման թողնելու հետ կապված, որոշ մաս բերել, որովհետև սա ընդհանուր մեկ համատեքստում է դիտարկվում: Երբ Արցախի Հանրապետության նախագահը իրավունք է ստանում ավելացնել, փոփոխել կամ կասեցնել պետական որևէ մարմնի գործառույթներ, պայմանավորված ռազմական դրության իրավական ռեժիմի հետ, ինչո՞ւ չպետք է կարողանա այդ լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետ կապված պաշտոնանկ անի կամ լիազորությունները վաղաժամ դադարեցնի: Խոսքը սրա մասին է։ Մենք ունենք արդեն փաստեր տեղական ինքնակառավարման հետ կապված, ունենք որոշ համայնքների ղեկավարներ, որոնք արդեն խնդիրներ են առաջացրել։ Չեմ ուզում կոնկրետ անդրադառնալ, բայց արդեն կան փաստեր, և հանձնաժողովում ես նշել եմ, որ իհարկե սա սովորական պայմաններում տրամաբանական չէ, բայց սկզբունքը դրվել է այլ, որ հանրապետության նախագահի կողմից ժամկետով նշանակվող այն պաշտոնյաները, ովքեր ղեկավարում են պետական համակարգի այս կամ այն մարմինը, նրանց լրացուցիչ լիազորություններ տալու կամ սահմանափակելու հետ կապված եթե չեն իրականացնում կամ պատշաճ չեն իրականացնում, նախագահը հնարավորություն ունենա վաղաժամկետ դադարեցնի:
Արթուր Մոսիյան - Տեսեք՝ Դուք կարող եմ իմ գնահատականները կիսեք կամ չկիսեք, դրանով ոչ մի բան չի փոխվում: Եթե խոսքը տեղական ինքնակառավարման մարմիններինն է, որոնք պետության կողմից ունեն պատվիրակված պարտականություններ ռազմական դրության ժամանակ, մոբիլիզացիա և այլն, և այլն, տրամաբանություն կա: Բայց նույն հաջողությամբ ինչ կապ ունի ռազմական դրության ժամանակ նախագահը իրավունք ունի։ Այն նույն իրավական ռեժիմն է, կապ չունի ով է նշանակում, ոնց որ պատգամավորները, ոնց որ դատավորները, որոնք Սահմանադրությամբ երաշխավորված են։ Նախագահի լիազորությունը տրվել է նշանակելու ժամկետով։ Եթե ժամկետը խախտում ես, դա նաև Սահմանադրության նորմն է անուղղակի ձևով դառնում խախտված, որովհետև այն պաշտոնները, որոնց նախագահը իրավունք ունի նշանակել, ուզում է ռազմական դրության ժամանակ լինի, ուզում է առանց դրան լինի, Սահմանադրությունում գրված է՝ «քաղաքական և հայեցողական պաշտոններ»: Դրա մասին է խոսքը։ Եթե դա ժամկետով է նշանակված, նույնն էլ պատգամավորն է, կապ չունի, որ պատգամավորը ինքը չի նշանակում, ժողովուրդն է ընտրում, նույնը դատավորն է, նույնը էն մեկն է: Ովքեր, որ նշանակված են ժամկետով, ժամկետի մեջ կա տրամաբանություն, որպեսզի պետական կառավարման ինստիտուտները գործեն լիարժեք: Իսկ հիմա Դուք ասում եք ռազմական դրության ժամանակ։ Հիմա ռազմական դրության ժամանակ որ դուրս եք գալիս ․․․
Գագիկ Բաղունց – Պարոն Մոսիյան, խնդրում եմ պահպանել ռեգլամենտը։
Արթուր Մոսիյան – Երկրորդ հարցն եմ տալիս էլի։ Մեկը ես իրավունք ունեմ դիտարկել ասածը, արձագանքել եմ։ Եվ երկրորդ հարցն եմ տալիս։ Ո՞վ է ասել, որ ես մի հարց իրավունք ունեմ տալու։
Գագիկ Բաղունց - Երկու և երեք հարցերն էլ տրվում են երկու րոպեի ընթացքում։
Արթուր Մոսիյան – Եղավ։
Գագիկ Բաղունց - Ձեր հիմնավորումները կարող եք մտքերի փոխանակության ժամանակ տալ։ Խնդրեմ, պարոն Ստեփանյան։ Տիկին Հակոբյան, պատրաստվեք:
Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն: Պարոն Միրզոյան, երեկ քննարկում ունեցանք գլխադասային հանձնաժողովում, որտեղ, ի դեպ, բացասական եզրակացություն տրվեց օրենքի նախագծին։ Այնուամենայնիվ, ուզում եմ վերադառնալ երեկվա մեր քննարկումներին՝ նշելով, որ օրենքի նախագծի առաջին մասում՝ սեփականության իրավունքի հարկադիր օգտագործման մասում, ես շարունակում եմ մնալ երեկ հնչեցված կարծիքին, որ դա խեղաթյուրում է սեփականության իրավունքը, և երկրի ամրության հիմքերից մեկը հանդիսանում է սեփականության իրավունքը՝ վերաբերմունքը քաղաքացու կամ օտարի ներդրման և այլնի իմաստով: Ես հասկանում եմ, որ հարցը նախ և առաջ բարոյական տիրույթում է, որովհետև այսօր դրան զուգահեռ ունենք տեղահանված բազմահազար քաղաքացիներ, ովքեր խնդիր ունեն վարձակալությամբ բնակվելու կամ առհասարակ բնակարանով ապահովվելու: Այնուամենայնիվ, կարծում եմ պետք է մենք փորձենք գերակա պահել սեփականության իրավունքի չխեղաթյուրումը: Եվ չեմ ուզում նորից, ինչպես երեկ եմ նշել, բացատրությունը այնպես լինի, որ մենք չենք կպնում սեփականության իրավունքին, նրան ձեռք չենք տալիս: Եվ երկրորդը․ այս մասը խնդրում եմ չնկարահանել: Տեսեք, օրենքի նախագծի հիմնավորման մեջ այսպիսի մի հակասություն եմ տեսնում․ նշվում է, որ Արցախում վարձակալությամբ տրվող գույքի սեփականատերերի զգալի մասը գտնվում է երկրի սահմաններից դուրս: Չեք կարծու՞մ, որ երկրի իշխանությունների քաղաքական հռետորաբանությունը և օրենքի նախագծի հիմնավորումը հակասություն ունի: Մենք նշում ենք, որ 120.000 բնակչություն ունենք, մենք նշում ենք 30.000 տեղահանված ունենք առանց բնակարան, ու ինչ որ Х թիվ ենք նշում, որը բնակարան ունի, էնա ուրիշ տեղ էլ տեղավորված, իրենց գույքը այստեղ որոշակի քննարկման կամ, չգիտեմ, սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության կարիք կա: Դա որպես առանձին հարց։ Եվ հաջորդը՝ այնուամենայնիվ Դուք օրենքի վերջում նշված պաշտոնյաների ժամկետի սահմանափակման հետ կապված, եթե այստեղ հակասություններ կան, ինչպես Դուք եք նշում պրակտիկայում, ինչպես հասկացել եմ, այստեղ մենք ՏԻՄ-ում ունենք պրակտիկ խնդիրներ, որին առնչվել ենք, որն էլ հիմք է հանդիսացել այդ մասը մտցնել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծ: Միգուցե, քանի որ այսպիսի տարակարծությունների տեղիք է տալիս, քանի որ գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել, միգուցե ընդունե՞ք մեր առաջարկը, հետ կանչեք նախագիծը լրամշակման, և ավելի համապարփակ քննարկումների արդյունքում փորձենք նախագիծը նորից վերադարձնել նիստի օրակարգ:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն։ Վերջին հարցի հետ կապված, պարոն Ստեփանյան, ես նշել եմ, որ այս կարգավորումները մեկ ամբողջական բովանդակություն ունեն և մեկը մյուսի հետ շաղկապված են: Ստեղծված իրավիճակը, իրականում եթե մենք չկորցնենք իրականության զգացողությունը, մենք կհասկանանք ինչպիսի ծայրահեղ ծանր վիճակում ենք գտնվում երկիրը ռազմական դրության մեջ օպերատիվ արդյունավետ կառավարելու հետ կապված։ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով հանրապետության նախագահը գլխավոր դերակատարն է ամբողջ ռազմական դրության իրավական ռեժիմի միջոցառումները կառավարելու հետ կապված, և նախագահին են վերապահված իր հրամանագրով միջոցառումներ սահմանել, իրականացնել, որոշ գործառույթներ արդեն կառավարությանն է՝ կարգեր մշակելու և այլն։ Բայց պետական համակարգի մաս կազմող մի մարմինները թողնել այս ծանր իրավիճակում, այսպես կոչված, անկախ կարգավիճակում, բայց լինեն տնտեսության մաս, կատարեն տնտեսական կամ նույնիսկ իրավական կամ վիճակագրական կարևոր գործառույթներ, որոնք մնան անկախ վիճակում, բայց ունենան ռազմական դրության իրավական ռեժիմով սահմանված պարտականություններ, ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում այդտեղ։ Սեփականության հարցի հետ կապված՝ մենք երեկ ևս քննարկել ենք, սեփականության իրավունքի անդրադարձ չենք կատարում։ Մենք ընդամենը Ձեր նշած դրվագում հանում ենք «վճարի դիմաց» բառերը։ Ուրիշ ոչ մի փոփոխություն չի կատարվում։ «Վճարի դիմաց» բառերը հանվում են։ Այստեղ օգտագործման իրավունքի հետ կապված որևէ գործողություն տեղի չի ունենում։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին՝ այդ հռետորաբանությանը, որևէ կապ չեմ տեսնում օրենքի կարգավորման առարկայի հետ։
Գագիկ Բաղունց - Արձագանքո՞ւմ եք, պարոն Ստեփանյան։
Գեղամ Ստեփանյան – Մեր վերջին մարդահամարում, եթե չեմ սխալվում, 147 կամ 149 հազար բնակչություն ենք արձանագրել։ Հիմա նորից եմ կրկնում․ մենք նշում ենք, որ Արցախում ապրում է 120․000 բնակիչ։ Հիշում ենք, որ ունենք Արցախի սահմաններից դուրս 30․000 տեղահանված բնակիչ։ Դրան զուգահեռ նշում ենք, օրենքի հիմնավորման մեջ նույնիսկ «զգալի» բառը կա, եթե չեմ սխալվում, սեփականատերերի զգալի մասը գտնվում է ոչ Արցախում։ Հիմա որտե՞ղ ենք մենք տեղավորում այդ մարդկանց՝,120․000-ի մե՞ջ է, թե այն 30․000 տեղահանվածների՞ մեջ։ Եթե ունեն, էլ ի՞նչ տեղահանված։ Ես սա նկատի ունեմ, պարոն Միրզոյան։
Ժիրայր Միրզոյան - Սեփականատերերի զգալի մաս ասելով այն սեփականատերերին է վերաբերում, ովքեր իրենց գույքը տվել են վարձակալության։
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն։ Տիկին Հակոբյան, թող պատրաստվի պարոն Բալայանը։
Մետաքսե Հակոբյան – Պարոն Միրզոյան, ասում եք ռազմական դրության ժամանակ, ու անընդհատ շեշտում ենք։ 90-ականների արցախյան առաջին պատերազմից հետո մենք հայտարարել ենք ռազմական դրություն և առայսօր մենք ռազմական դրության մեջ ենք։ Եվ առավել ևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ նոր պիտի հաղթահարեինք հետպատերազմյան իրավիճակը, մենք բացարձակ, գոնե ֆինանսական առումով չէինք զգում, որովհետև ինչ-որ ցոփ, շվայտ իրավիճակ էր Արցախում։ Ռազմական դրության, որ Դուք կոչ եք անում այդ իրական պատկերը տեսնել կամ զգալը, ես ասում եմ այն, ինչ որ տեսել եմ ու զգացել եմ։ Եվ մտահոգություն կա նաև, այո, այն մարմիններում փոփոխություն կատարելու, որոնք ժամկետով են նշանակվում և ցանկացած պատճառաբանությամբ կարող են ազատվել։ Մտահոգություն կա, որ օրենքը հարմարեցվում է այն պատճառով, որ շուտով մենք նորից կտեսնենք երևի թե, չնայած դա մեզ համար արդեն սովորական է դարձել, նոր ազատումների և նոր նշանակումների շքերթ։ Ըստ իս՝ նպատակը դա է։
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն հարցի համար։ Տիկին Հակոբյան, ցանկացած պատճառաբանությամբ չեն կարող պաշտոնյաները ազատվել։ Մենք հստակ նշել ենք՝ ինչի համար կարող են պաշտոնյաները ազատվել։ Իսկ դուք չե՞ք գտնում, որ այն պաշտոնյաները, ովքեր ռազմական դրության իրավական ռեժիմի միջոցառումները ոչ պատշաճ են կատարում, պետք է ազատվեն։ Դուք չե՞ք գտնում, որ այդպես պետք է լինի։
Մետաքսե Հակոբյան – Իհարկե գտնում եմ, և մենք հիմա երեք տարի անց նույն տեղում ենք, որովհետև, այո, մեծ մասը չեն կատարել, պարոն Միրզոյան։ Բայց մենք բոլորին ասել ենք շնորհակալություն ու փոխարինել ենք հաջորդով։ Հետո, ում ասել ենք շնորհակալություն, տարել ենք, օրինակ, խորհրդականի պաշտոն ենք տվել կամ օգնականի։ Եկեք, եթե խոսում ենք իրականությունից, ուրեմն խոսենք մինչև վերջ այդ իրականության մասին։ Ես ասում եմ այն, ինչ որ որպես հասարակ քաղաքացի տեսել եմ, ականատես եմ եղել ու սկսել եմ դադարել ուղղակի հետևել, թե ում ազատեցին, ում նշանակեցին։ Հիմա հասկանալի է նաև այդ անվստահությունը, որ կա նշանակողների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ բացարձակ դժվար չէ պատճառ գտնելը մարդկանց հենց այդ հիմնավորումներով ազատելու, չնայած որ էլի կարող է ասվի շնորհակալություն, հետո բերվի մնացածին դնելու։ Սա իմ կարծիքն է, ես կարծում եմ, որ իրավունք ունեմ ասելու։
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն։ Պարոն Բալայան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Պետրոսյանը։
Վահրամ Բալայան – Պարոն Միրզոյան, Ձեր ներկայացրած օրենքների փաթեթը, փաստորեն, տարբեր բնագավառների իրավակարգավորումներին է վերաբերում։ Մեզ՝ պատգամվորներիս համար դժվարություններ է առաջանում, այսինքն կարող է այն մյուս կողմին մենք կողմ ենք, մյուս կողմին դեմ ենք։ Հիմա ո՞նց ենք քվեարկելու, այսինքն մեկը վերաբերում է գույքին, մեկը վերաբերում է այդ պաշտոնյաներին։ Ուզում եմ ասել դա մի քիչ հնարավոր չէ էլի առանձնացրած այդ ամենը ներկայացնելու հետ։ Մյուս կողմից հիմա մենք ո՞նց կողմնորոշվենք։
(խոսակցութուն դահլիճում)
Գագիկ Բաղունց – Պարոն Բալայան, հարցը պարզ է։
Վահրամ Բալայան - Եվ երկրորդ՝ այ այդ գույքի հետ կապված կա՞ն որոշ վիճակագրական տվյալներ, որոշ թիվ, որ ասենք այ այսքան գույք ունենք, որ այս վիճակում է և այլն։
Ժիրայր Միզոյան – Այո, կա, չեմ ուզում, որովհետև իմ թվերն էլ է մոտավոր, բայց այդ թիվը ավելացել է հատկապես շրջափակումից հետո, մասնակի շրջափակումի ընթացքում ավելացել է, դրա համար սա որպես լուրջ խնդիր արդեն բերել ենք օրենքի կարգավորման դաշտ։
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, թող պատրաստվի պարոն Գալստյանը։
Մարսել Պետրոսյան - Շնորհակալություն։ Ես իմ ողջ հասուն կյանքը անց եմ կացրել ռազմական դրության ռեժիմի պայմաններում։ Համոզված չեմ, որ մնացած մասը նույնպես այդպես չի լինի, սակայն մինչ այսօր համենայնդեպս իշխանությունները շատ ավելի հնարավորություններ և պայմանններ են ստեղծել ժողովրդավարության զարգացման համար, քան ներկա պահին։ Ներկա պահին, փաստորեն, Արցախի յուրաքանչյուր բնակիչ զրկված է իր հիմնարար իրավունքներից և ազատություններից, և դա պետք է մտահոգի առաջին հերթին իշխանություններին, և ոչ թե մենք մտածենք հետագայում ուրիշ ինչ միջոցառումներ կարելի է կիրառել, որպեսզի առավելապես սահմանափակել այդ իրավունքներն ու ազատությունները։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հիանալի է կատարում իր պարտականությունները միջազգային հարթակներում, սակայն չէի ասի, որ այդ նույնը իրագործում է ներքին կյանքում։ Գիտե՞ք, տարիներ շարունակ, ավելի ճիշտ տասնամյակներ շարունակ հանրապետության թե ղեկավարները, թե քաղաքական գործիչները տարբեր ատյաններում հպարտացել են նրա համար, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական կղզի է Հարավային Կովկասում։ Ամենաթանկը այս պահին Արցախում ապրող մարդու արժեքն է այս պետությունում։ Եվ եթե մենք փորձում ենք ոտնձգություն կատարել այդ գլխավոր արժեքի հանդեպ՝ սահմանափակելով նրա ազատություններն ու իրավունքները, շատ կներեք, վաղը չէ մյուս օրը մենք ստիպված կլինենք այդ ամենի համար ենթարկվել պատասխանատվության։ Ինձ թվում է, թե ինչ-որ բան այն չէ կատարվել օրենքների այդ փաթեթի հետ, և շատ ճիշտ կլիներ, որպեսզի այդ փաթեթը բոլոր դեպքերում կատարելագործվեր, ապա նոր միայն ներկայացվեր Ազգային ժողովին։ Եվ ես կուզենայի, որ այդ փաթեթի հանդեպ այստեղ հնչեցվեր նաև Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերմունքը, այլապես ամեն ինչ կասկածի տակ է դրվում։ Շնորհակալություն։
Ժիրայր Միզոյան – Պարոն Պետրոսյան, անկեղծ՝ մարդու իրավունքների սահմանափակում ասելով չհասկացա ինչ նկատի ունեք։ Եթե խոսքը վերաբերում է գույքին, որտեղ վարձակալության դեպքում պարտադիր այդ վճարի գույքը վերցնելու համար վճարը պարտադիր հանել ենք, ապա այդտեղ ի՞նչ սահմանափակման մասին է խոսքը։ Ի դեպ, այդ նույն կարգավորումը ժամանակին և հիմա էլ գործում է, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է, նույն Հայաստանի կարգավորումն է։
Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք, պարոն Պետրոսյան։
Մարսել Պետրոսյան – Գիտե՞ք, յուրաքանչյուր անգամ մենք վկայակոչում կամ արդարանալու համար վկայակոչում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է այս կամ այն որոշումը։ Ես չեմ գտնում, որ դա ճիշտ մոտեցում է։ Ինչո՞ւ, որովհետև մեր ղեկավարները բազմիցս, մեկ անգամ չէ, որ հայտարարել են մեր առանձնահատկությունների մասին։ Եթե այսօր էլ մենք ելնում ենք մեր առանձնահատկություններից, որոնց հանդեպ ես կասկածներ ունեմ, դա այլ հարց է։
Ժիրայր Միզոյան – Պարոն Պետրոսյան, ես ոչ թե Հայաստանի Հանրապետության պետությունը կամ իշխանությունը ընդհանուր, այլ Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական հարաբերությունների ներկա մակարդակը և Արցախի Հանրապետությունում։ Այստեղ շատ ավելի ծանր է, քան Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ մենք պարտադիր վճարը հանելու դեպքում որևէ մեկի իրավունքները չենք խախտում, եթե դրանք կարգավորում ենք օրենքով, եթե Ազգային ժողովը գտնում է, որ ընդունելի է այդ տարբերակը և ընդունում է որպես օրենք։
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Գալստյան։
Դավիթ Գալստյան – Պարոն Միրզոյան, իմ գործընկերոջ հնչեցրած հարցի հետ կապված, որ եթե այն մարդիկ, ովքեր պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները, իրենց աշխատանքից չազատեն, ես համենայնդեպս հիշում եմ դեպքեր, որ կոնկրետ Ձեր մասով, երբ որ պատերազմից հետո Դուք զբաղեցնում էիք նախարարի պաշտոն, առանց Ձեզ բերեցին, նոր նախարար նշանակեցին։ Ես չգիտեմ՝ լավ չէիք կատարում Ձեր պարտականություննե՞րը, թե դա քաղաքական որոշում էր, թե ինչ էր։ Եվ հետո նորից վերցրեցին պետական աշխատանքի։ Չգիտեմ էլի ինչն է պատճառը․ հասկացան, որ լավ էիք կատարում, իրենք զղջացի՞ն, թե ինչ։ Նման դեպքեր կան, որ ես չեմ ուզեցել մասնավորեցնել, բայց Դուք ձեր կաշվի վրա զգացել եք, և ես գիտեմ այդ ապրումները՝ մի քիչ ծանոթ լինելով մանրամասներին։ Որ մենք սահմանափակում ենք անկախությունը, ի՞նչ է սա նշանակում։ Եթե նշանակված է պաշտոնին 6 տարի, 1 տարի, 2 տարի ժամկետով, անկախությունը ապահովելն է։ Եվ եթե ոչ պատշաճ է կատարում, ավելին, եթե կան խնդիրներ, պետական, չգիտեմ, հանցանքի մասին, լրիվ իրավասությունները կան կամ կան նմանատիպ մարմիններ, որոնք կարող են հիմնավորել, աշխատանքը կասեցնել, եթե կա քրեական պատասխանատվություն կամ ինչ-որ այլ բաներ։ Այսինքն սա չի՞ նշանակում, որ մենք ասում ենք այս օրենքը տանենք լրամշակման՝ այս ամեն ինչը հաշվի առնելով։ Բա եթե հանկարծ այդ մարդը շատ լավ կատարում է իր պարտականությունները, բայց անձնավորված, ինչ-որ սուբյեկտիվ կարծիքի հիման վրա բռնում ազատում են։ Այդ նույնը դատավորներն են, որոնց Ազգային ժողովը նշանակում է։ Հիմա բերեք դատավորներին էլ երբ ուզենք հետ կանչենք, երբ ուզենք նշանակենք։ Մի քիչ սրանք սահմանադրական ինստիտուտներ են, մի քիչ ավելի լուրջ մոտենանք, հետ կանչենք, լրամշակենք, այդ խոցելի տեղերը հասկանանք։ Այս հրատապությունը չենք հասկանում այս ամեն ինչի։ Արձագանքի ժամանակ էլի կխոսենք։
Ժիրայր Միզոյան – Շնորհակալություն։ Պարոն Գալստյան, ինձ հետ կապված Ձեր հարցին ես կարճ պատասխանեմ․ քաղաքական պաշտոններում նշանակում և ազատում են քաղաքական նպատակահարմարությունից և անհրաժեշտությունից ելնելով։ Խոսքը քաղաքական պաշտոններին չի վերաբերում։ Ի դեպ, ես կարող եմ համեմատություն անել, օրինակ, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այսպիսի ծանր վիճակում, երբ պաշտպանության նախարարը անկախ չէ, համենայնդեպս որոշ չափով, կամ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, իսկ մեր այդ թվարկված մարմինների ղեկավարները անկախ են։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում։ Ինչ վերաբերում է պատգամավորներին, դատավորներին և այլն, մենք սկզբունքը դրել ենք նախագահի կողմից ․․․
(ձայնագրությունն ընդհատվում է)
Արթուր Մոսիյան - ․․․ որոշակի տարբերություն պիտի լինի։ Մենք դեմ չենք։ Եթե օրինակ (բառը չի լսվում) մեկը 100 տոկոս է, մեկը սարքենք 95, զուտ բանի համար, մարտական գործոգությունների մասնակից և բան։ Եթե խոսքը սոցիալական խնդիր լուծելու համար է, այդ մարդիկ այսօր կարգավիճակ չունեն և զրկված են, և սխալ է։ Դա ուսլովնի եմ ասում, հաշվեք բարձրաձայն համ հարց եմ տալիս, համ քննարկում, բայց լրիվ հավասարեցնելը հետագայում, այսօր ասում եմ տաս հոգի է, խնդիր չի, և այդ հարցը պիտի լուծվի։ Հետագայում այս խմորը շատ ջուր է տանելու էլի։ Կարող է զուտ հավասարեցնելը հետագա խնդիրներ առաջացնի։ Այդ մարդիկ իհարկե պիտի ստանան։(չի լսվում) ասենք 100 տոկոս, 90 տոկոս։ Ես չգիտեմ ինչ-որ (բառը չի լսվում), զուտ մարտական գործողությունների մասնակից և այդ պայմանններում (չի լսվում)։ Խնդիր է առաջանալու, ասում եմ, եթե դրանց թիվը շատ լինի, դառնալու է, օրինակ, 200 հոգու գործ ունենք, 100-ը որ կռվի չի մասնակցել և այլն, բայց ինչ-որ բանի բերումով է, հարյուրն էլ գնացել են։ Տրամաբանութուն կա, որ ինչ-որ (չի լսվում) տանք։ Հիմա զրկված են, հասկանում եմ, այդ մարդիկ զրկված են և ոչ մի բան չեն ստանում, և դա սխալ է։ Բայց մի բան մտածեք, չգիտեմ, հանձնաժողով է գործում, ինչ-որ սահմանափակում, և այդ մարդկանց հարցը լուծենք, և հետագայում, աստված ոչ անի, որ մի բան լինի, նաև այդ տարբերակումը լինի, իրական լինի։ Ուզում եմ ասել․․․
Ժիրայր Միրզոյան - Պարոն Մոսիյան, ես ինչպես նշեցի, այդ մարդկանց կարգավիճակը տրվելու է հանձնաժողովի եզրակացության հիման վրա պաշտպանության նախարարի հրամանով։ Այսինքն՝ այն ցանկը, որ գոյություն ունի, երաշխիք չէ, որ բոլորը հանձնաժողովով համարվելու են հավասարեցված անձ։
Արթուր Մոսիյան – Տարբեր բաներ ենք է ասում։ (չի լսվում) հանձնաժողովը 7 հոգու տա, 3-ը մերժի, ես դա չեմ ասում։ Հաստատվածների մասին է, որովհետև դրանք պիտի տարբերվի։ Արտոնությունները, չգիտեմ, 90 տոկոս տանք, 99 տանք, հարցը դա չէ։ Մենք և այս խնդիրն ենք լուծում և հետագայում խնդրի առաջ չենք կանգնում։
Ժիրայր Միրզոյան - Չէ, այս առաջարկվող տարբերակը ենթադրում է ամբողջ փաթեթով օգտվել։
Արթուր Մոսիյան – Ես հասկանում եմ, բայց հետագայում մտածեք։ Հիմա մեկ տասնյակի մասին է խոսքը, վաղը այս բաները շարունակվում է, կարող է լինի հարյուր տասը, հինգ հարյուր տասը և այլն, և այլն։
Ժիրայր Միրզոյան - Ինձ թվում է՝ օրենքի կիրառման ընթացքում կքննարկվի։
(խոսակցություն դահլիճում)
Արեգ Ավագյան - Այսօր էլ մարդիկ կան, որ հայրենիքի համար ծառայում են, բայց այդ կարգավիճակը չունեն։ Հիմա այդ օրենքը ընդունելու ժամանակ աստված չանի, ինչ-որ մի դեպք լինի, այդ մարդիկ է՞լ են մտնում, ասենք թեկուզ մեր աշխարհազորին է վերաբերում։
Ժիրայր Միրզոյան - Աշխարհազորը մարտական գործողության մասնակից է։ Եթե մարտական գործողություններ լինեն, իրենք մասնակից են։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր բանակի ցուցակներում չկան, աշխարհազորի ցուցակներում չկան։ Այդ մարդկանց է վերաբերում։
(խոսակցություն դահլիճում)
Ժիրայր Միրզոյան - Իրենք արդեն բանակի ցուցակներում կան, իրենք համարվում են զինծառայող։
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, հարցերը սպառված են։ Պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:
Մարսել Պետրոսյան – Հարգելի գործընկերներ, ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն։ Հարցեր կա՞ն հանձնաժողվի նախագահին։ Հարցեր չկան։ Պարոն Պետրոսյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել։ Պարոն Գալստյան, խնդրեմ։
Դավիթ Գալստյան – Շնորհակալություն։ Ճիշտն ասած՝ ես մտքերի փոխանակման ժամանակը այլ նպատակով եմ օգտագործելու՝ հաշվի առնելով, որ արտահերթ նիստ է, հայտարարությունների ժամ չկա և, օգտվելով իմ իրավունքից, ուզում եմ, հարգելի գործընկերներ ․․․
Գագիկ Բաղունց – Պարոն Գալստյան, ես խնդրում եմ քննարկվող օրենքի նախագծի շուրջ ելույթ ունենալ։ Մեր Կանոնակարգը չի նախատեսում օրենքի քննարկման ժամանակ այլ բնույթի հայտարարություններով հանդես գալ։
Դավիթ Գալստյան – Այլ բնույթի չի, կոնկրետ վերաբերում է մեր հայրենակիցներին։ Շարունակեմ։ Ուրեմն ուզում եմ ինձանից իմանաք։ Քանի որ ես բազմիցս նախաձեռնել էի, մի անգամ ավելի ճիշտ, նախաձեռնել էի քննիչ հանձնաժողով ստեղծել, և ցավոք սրտի ձախողվել է, չի ստացվել, ուզում եմ հայտարարել, որ իմ կողմից դատախազություն է ներկայացվել հայտարարություն, որը կցանկանայի կարդալ և ձեզ բոլորիդ իրազեկել դրա մասին․
Հայտնում եմ, որ իմ կողմից հարցում է ուղարկվել Արցախի ներդրումային հիմնադրամին, որին ի պատասխան ստացել են հիմնադրամի հանդեպ 100 միլիոն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով պարտավորություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին տեղեկություններ։ Հաշվի առնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով առաջացած ծանր վիճակը՝ խնդրում եմ պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթների իրականացման շրջանակում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և պարզել 2020 թվականի նոյեմբերի 1-ից Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կնքված պայմանագրերի համաձայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ 67 շահառու, ընդամենը 69 միլիարդ 986 միլիոն 36000 ՀՀ դրամ ստանալու և ֆիզիկական անձինք՝ 3 շահառու ընդամենը 576 հազար 492 հազար ՀՀ դրամ ստանալու իրավաչափությունը և անհիմն ստացված և ոչ նպատակային ծախսած գումարների մասով համապատասխան հիմքերի առկայության պարագայում նախաձեռնել քրեական վարույթ, միջոցներ ձեռնարկել պետությանը պատճառած գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ և մեղավոր անձանց ենթարկել քրեական պատասխանատվության։
Սա իմ կողմից ասել եմ, և շատ ավելի քիչ հրատապ չէ՝ հաշվի առնելով ռազմական դրությունը և այսօրվա մեր ընդունած օրենքները գույքային վնասի հետ կապված, ընդհանուր առումով եմ ասում։ Կցանկանայի ասել, որ 2020 թվականի նոյեմբերի 1-ից հետո այս 70 հոգին՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք, այստեղ մարդիկ կան, որ 8 միլիարդ 438 միլիոն վարկային փոխառություն են ստացել, շեշտում եմ՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացվածները, անձինք կան, որոնք ստացել են 5 միլիարդ 375 միլիոն, 4 միլիարդ 400։ Ես այս ամեն ինչը ասում եմ, պարոն Բաղունց, թույլ տվեք ավարտեմ, ես այս ամեն ինչը ասում եմ և կոչով, հորդորով դիմում եմ իշխանությանը, իշխանության մարմիններին, հոգաբարձուների խորդրդի նախագահին այդ թվում, որպեսզի նրանք ամեն կերպ աջակցեն, քանի որ մենք պատգամավորական նախաձեռնությամբ չկարողացանք հասնել այս ամենի գնահատականին և մեր հանրությունը ավելի մեծ պառակտում մտցնելով չկարողացանք իրական պատերազմից հետո մեր ունեցած ռեսուրսները ճիշտ և նպատակային օգտագործել, ամեն կերպ օժանդակել, որ այս գումարները, որոնց մեծ մասը ժամկետանց են, թույլ տալ, որպեսզի կարողանան իրենց գործառույթները իրականացնեն, և որպեսզի Հայաստանից ոմն մեկը՝ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով, ամբողջ 120.000 ժողովրդի վրա մատ թափ չտա, թե գումարներ եմ տվել, բադրիջան չեն կարողանում աճեցնել, սա դրա պատասխանն է։ Եթե իրականում այս գումարները չի մսխվել, և Նիկոլ Փաշինյանը, ելնելով նրանից, որ Արցախի իշխանություններին մեղադրում է Բերձորը հանձնելու մեջ, և երկու օր է՝ իշխանական թևից որևէ արձագանք չկա, բոլորիս համար պետք է որ մտահոգիչ լինի։ Իրո՞ք Արցախի իշխանություններն են հանձնել Բերձորը, թե՞ այդքան էլ այդպես չէ։ Լռությունը համաձայնության նշան է դիտվելու։ Հարգելի իշխանավորներ, խնդրում եմ արձագանքեք նման փաստերը արձանագրող անձին։ Շնորհակալություն։
Գագիկ Բաղունց – Շարունակում ենք մեր աշխատանքները։ Եզրափակիչ ելույթների ցանկություն։ Տեխնիկական պատճառներից ելնելով՝ ևս մեկ անգամ խնդրում եմ գրանցվել։ Ներկա են 26 պատգամավորներ, քվորում ունենք։
Քվեարկության է դրվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ`26, դեմ` չկա, ձեռնպահ՝ չկա։
Որոշումն ընդունված է։
Շնորհակալություն, պարոն Միրզոյան։
Այսքանով ավարտում ենք Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Ցտեսություն։