ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 10:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 31 պատգամավորներ: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի օր բոլորին: Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ սույն թվականի հուլիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ:
Առաջարկվել է 2023 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը, հիմնական զեկուցող` պատգամավոր Մարսել Պետրոսյան: Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք այն քննարկելու, ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նստաշրջանի աշխատանքներին: Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Գրանցվել են 31 պատգամավորներ:
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին՝
Արցախի Հանրապետությունում ապրող ժողովրդի հիմնական մեղքը նրանումն է, որ մենք անմեղ ենք: Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի, այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել հավասարահավասարի սկզբունքով: Այդ դեպքում պատրաստ ենք տանկը փոխարինել տրակտորով, ինքնաձիգը՝ բահով: Մի առիթով Արցախի Հանրապետության նախագահներից մեկն ասել է՝ «բանտը մարդու համար է»: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունիսի 15-ը մենք գտնվում էինք այդ բանտում, 2023 թվականի հունիսի 15-ից մինչև այս պահը՝ համակենտրոնացման ճամբարում: Սա մարդու համար չէ: Համաշխարհային պատմության մեջ ունենք ֆաշիստական Գերմանիայի օրինակը, որի՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտվել են ողջամիտ աշխարհի կողմից: Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի ու գոյութենաբանական խնդրի առջև, վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը: Հայի այս տեսակը խաղաղասեր, աշխատասեր ժողովուրդ է, որ միշտ իր կյանքը կառուցել է քրտնաջան աշխատանքով, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների մղումով: Միայն քաղաքական լուծումները կարող են խաղաղություն բերել տարածաշրջան: Անհապաղ միջոցներ ձեռնարկեք: Մենք հավատում ենք ձեզ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը ներկայացնելու համար հրավիրվում է պատգամավոր Մարսել Պետրոսյանը: Խնդրեմ, պարոն Պետրոսյան:
Մարսել Պետրոսյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ: Եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով Արցախի՝ (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ 5 տարի ժամկետով, հետագայում երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, իրացրել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխում սահմանված՝ վեճերի խաղաղ կարգավորման դրույթները, մասնավորապես 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ հակամարտության կողմերի միջև վեճի կարգավորումը տեղափոխելով միջնորդության, համաձայնության և բանակցությունների դաշտ, ինչը ձախողվել է Ադրբեջանի կողմից դրսևորվող շարունակական և լայնածավալ ագրեսիայի հետևանքով, հակամարտության ուղղակի և անուղղակի կողմերի ներգրավմամբ՝ ստեղծելով տարածաշրջանային ճգնաժամ: Մյուս կողմից շարունակվում է անտեսվել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունն ու Արցախի ժողովրդի կամարտահայտությունը: Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև ԽՍՀՄ օրենսդրության համապատասխանությամբ իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետություն, այնուհետև դեկտեմբերի 10-ին անցկացնելով անկախության հանրաքվե: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով՝ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար: Ասվածի փաստական ապացույցներն են Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմի ու միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, այդ ամենի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի որոշումներով, ԵԽԽՎ-ի բանաձևով արձանագրումները, մասնավորապես Բերձորի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի արդեն 7 ամսից ավել շարունակվող շրջափակումը, ենթակառուցվածքների խափանումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ահաբեկումները, ազգային ատելության քարոզչությունը, հայկական եկեղեցիների, պատմամշակութային, կրոնական և այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի արձանագրված բազմաթիվ դեպքերը: Նշված և այլ մեթոդներով էթնիկ զտումների քաղաքականությունը մարդկության դեմ ուղղված հանցագործության բացահայտ դրսևորումներ են: Հիմք ընդունելով այդ ամենը, ինչպես նաև ՄԱԿ-ի գալիք սերունդների պատերազմի, էթնիկ զտումների և ցեղասպանության արհավիրքից փրկելու վճռականությունն ու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝ Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, կոչ է անում՝
Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար սահմանված ընթացակարգով՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային, առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ,
միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների՝ հավատարիմ լինելով ՄԱԿ–ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում, բանաձև՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:
Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Պետրոսյան: Անցնում ենք հարցերին: Խնդրում եմ հերթագրվել: Հերթագրում: Հերթագրվել է մեկ պատգամավոր: Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:
Կարեն Հովհաննիսյան - Պարոն Պետրոսյան, Ռուսաստանը այսօր արևմուտքի հետ լուրջ հակամարտության մեջ է ուկրաինական ճակատում և ոչ միայն: Խնդրում եմ մի հատ քննարկենք. երբ մենք դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ակնկալիք ունե՞նք, որ Հայաստանը կարող է հասնել նրան, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին տրվի ՄԱԿ-ի մանդատ, կարո՞ղ է ՄԱԿ-ը հարմար գտնի այլ զորախմբերի տալ այդ մանդատը և ուղարկել: Այդ պարագայում ի՞նչ ջանք պետք է կարողանա դնել Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի ռուս խաղաղապահներին կարողանա ՄԱԿ-ի Անվտանգության մանդատի շնորհման հարցը կարգավորել: Միգուցե միանգամից ՄԱԿ-ի՞ն դիմենք, իրենք որոշեն՝ վերջ ի վերջո ելնելով այն հանգամանքից, որ բավականին լուրջ հակամարտություն կա այսօր աշխարհում Ռուսաստանի Դաշնության և աշխարհի միջև: Եվ մեր խնդիրը այսօր Արցախի փրկությունն է, Արցախի պաշտպանությունն է, և ՄԱԿ-ի մանդատը տալիս է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման արդյունքում:
Մարսել Պետրոսյան - Շնորհակալություն հարցի համար: ՄԱԿ-ի մանդատը տրվում է Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի համատեղ համաձայնության որոշման բանաձևով և այլն: Խնդիրը կայանում է նրանում, որ այսօր մենք տեղյակ ենք, որ ինչ-ինչ բանակցային գործընթացներ են ընթանում գերտերությունների, այսպես ասած, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահների միջև ու չի բացառվում, որ կկարողանան ընդհանուր հայտարարի գալ այդ հարցում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերին միջազգային մանդատ տրամադրելու հարցին, բոլոր դեպքերում դա մենք չենք վճռում, մենք ընդամենը ներկայացնում ենք առաջարկություն, որը թերևս ամենաօպտիմալն է, և մենք հավատում ենք միջազգային հանրության ողջախոհությանը և կարծում ենք՝ նրանք ճիշտ մոտեցում կցուցաբերեն այս հարցում:
Արթուր Թովմասյան - Ես շարունակեմ իրավունքի ուժով: Ուրեմն ամբողջ բանակցային գործընթացի պատմությանը որ մենք նայում ենք, չկար մի փաստաթուղթ, որի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ռազմավարական հարցերով միևնույն տեսակետը չէին արտահայտում: Եվ արցախյան հակամարտությունը միակ հակամարտությունն էր, որ Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ նահանգները և Ֆրանսիան համարյա թե միևնույն տեսակետը ունեին խնդրի վերջնական լուծման իմաստով: Կոսովոյի պարագայում մենք տեսանք, որ այդպես չէ, Հարավային Օսիայի և Աբխազիայի մասով տեսանք, որ այդպես չէ: Մեր հակամարտությունը աշխարհի բոլոր հակամարտություններից տարբերվում է այս իմաստով: Գուցե նաև արցախյան հակամարտությունը խաղաղություն կբերի ամբողջ աշխարհի համար: Ի՞նչ իմաստով. որ հնարավորություն է ընձեռվել, արդեն այդպիսի հանդիպում կայացել է, համանախագահների մասով, համենայնդեպս արդեն դա արձանագրված փաստ է, որ այդպիսի հանդիպում կայացել է և պատրաստակամ են, ինչքան ես տեղեկացված եմ այդ հանդիպումից, որ նրանք շարունակելու են այդ բանակցությունները: Արցախյան հիմնախնդիրը, նորից եմ ասում, այն հիմնախնդիրն է, որ այս ծանր ժամանակաշրջանում, երբ որ սառը պատերազմի վտանգ գոյություն ունի, Արցախի հիմնախնդրի մասով հավաքվել էին այն պետությունները, որոնք երկար ժամանակ միասին որևէ հարց չէին քննարկում: Շնորհակալություն:
Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովի ուղերձի վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանին: Խնդրեմ, ընկեր Բալայան:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձի նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ներկայացվում է ձեզ՝ այն վերջնական ընդունելու համար:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրում եմ հերթագրվել: Գրանցում:
Շնորհակալություն, ընկեր Բալայան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրում: Հերթագրվել է մեկ պատգամավոր: Խնդրեմ, տիկին Գրիգորյան:
Նելա Գրիգորյան - Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ: Արցախից հրաժարվելով՝ ՀՀ համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ վատթարագույն սցենարով: Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել հայրենիքի օրեցօր հանձնման այս ազգադավ գործողություններին: Միասին հայ ազգով, անկախ բնակության վայրից, անկախ սեփական ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը: Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որևէ դեպքում չի կարող, իսկ դրա մասին անգամ խոսելը ինքնին հանցագործություն է, պետական դավաճանություն և վերջապես անպատվում ու անշնորհակալ վերաբերմունք արյուն թափած մեր հերոսների, ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների և ընդհանրապես հայ ազգի նկատմամբ:
Մեր կողմից պետք է ամեն գնով պայքար սկսել և բացառել առաջ քաշել այնպիսի գաղափար, որը որևէ կերպ կկանխորոշի Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Վերջապես եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ և դրանից հետո մենք եղել ենք վստահ ու համարձակ, և թուրքն ու ադրբեջանցին էին մեզնից սարսափում, քանզի ունեինք հզոր պետություն, բանակ, արժանապատվություն, և դրանով անվախ էինք: Իսկ հիմա ի՞նչ:
Այո, մենք ունենք ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ, բայց Հայաստանի իշխանությունը երբեք չպիտի մոռանա, որ չկա Հայաստան` առանց Արցախի, և չկա Արցախ` առանց Հայաստանի:
Բոլորիս նպատակը մեկն է` պահպանել մեր հայրենիքը և հերոսների պատիվը: Սա պետք է լինի մեր օրվա հրամայականը և վերջապես սա պետք է լինի հայի տեսակը՝ մանավանդ ղարաբաղցու: Այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում մենք իրավունք չունենք անտարբեր մնալ ոչ Նիկոլի և ոչ էլ նրա խունտայի, երեկ Արաբաթ Միրզոյանի կողմից արված այն հայտարարություններին, որ Արցախը Ադրբեջան է: Վա՛յ Ղարաբաղ, տեսեք ով է քո ճակատագիրը որոշում:
Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, և հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը:
Հայեր, արթնացեք, աղետի եզրին ենք: Մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք, իսկ Փաշինյանը, նա և իր էռատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի համար, ում կարծիքով բանջարեղենը հոգնակի թվով բանջարեղեններ է օգտագործում, իրենց բանջարաբոստանային կուլտուրաններն ու Ալբերտ Էյնշտեյնի վերաբերյալ գիրքն է հրապարակում այն ժամանակ, երբ արցախյան հասարակությունը, այդ թվում հղի կանայք գոյաբանական խնդրի առջև են կանգնած ու կիլոմետրերով ճանապարհ են հատում՝ իրենց կյանքի ու ազատության իրավունքն ապահովելու կոչով միջազգային հանրությանը դիմելու համար: Տիկին էռատո, վերջապես կողմնորոշվեք և հրապարակավ հայտարարեք՝ ո՞վ եք Դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան: Լավ իմացեք, արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքրում, ձեր հրապարակումներն էլ զազրելի են ցանկացած գիտակից մարդուն: Ձեզ և ձեր տիրակալին՝ արցախցին երբեք փախստականի կարգավիճակում չի հայտնվելու, ձեր կրկեսային բեմադրություններն աստծո դատաստանին են արժանանալու, իսկ անձամբ Դուք էլ, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում:
Վերջում կոչս Նիկոլին՝ դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը: Դու հերոսածին մայր դատող իշխանություն ես: Այն, ինչ դու արել և անում ես, չի կարող ներվել: Դու պետական հանցագործ ես, դու պիտի ցմահ բանտարկվես, դու ապրելու իրավունք չունես: Հեռացիր ինչքան կարող ես շուտ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Այժմ եթե եզրափակիչ ելույթների ցանկություն կա, խնդրեմ: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը:
Քվեարկություն:
Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Ուղերձն ընդունված է:
Ավարտեցինք օրակարգային հարցի քննարկումը:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Այսքանով ավարտում ենք արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Ցտեսություն: