Ընդունված է 2023 թվականի
հուլիսի 27-ին
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի փետրվարի 24-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսու-հետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. |
Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանու- թյունը |
1. Քաղաքացին իրավունք ունի դատական կարգով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը, շահագրգիռ անձանց պահանջով, թույլատրվում է նաև նրա մահից հետո:
2. Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, ապա դրանք պետք է հերքվեն զանգվածային լրատվության նույն միջոցներով: Եթե նշված տեղեկությունները պարունակվում են կազմակերպությունից ելնող փաստաթղթում, ապա նման փաստաթուղթը պետք է փոխարինվի կամ հետ կանչվի: Այլ դեպքերում հերքման կարգը սահմանում է դատարանը:
3. Քաղաքացին, ում մասին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվել են նրա իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերը ոտնահարող տեղեկություններ, իրավունք ունի իր պատասխանը հրապարակել զանգվածային լրատվության նույն միջոցներում:
4. Քաղաքացին, ում մասին տարածվել են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի այդ տեղեկություն-ները հերքելու հետ միասին պահանջել հատուցելու դրանց տարածմամբ պատճառված վնասները:
5. Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմել դատարան` տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պա-հանջով:
6. Քաղաքացու գործարար համբավի պաշտպանության մասին սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում և 163-րդ հոդվածի 4-րդ մասում «1093-րդ հոդվածով» բառերը փոխարինել «19-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 1093-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի օգոստոսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-34-Ն