ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ժԱՄԸ 11:00

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

Նիստին ներկա են 30 պատգամավորներ: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Հարգարժան կառավարության անդամներ և գործընկերներ, Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքները սկսելու նպատակով պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:

Գրանցում:

Ներկա են 30 պատգամավորներ, 3 պատագամավորներ բացակայում են:

Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ  նստաշրջանի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

Արթուր Թովմասյան – 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք ստացավ մարտի 5-ին և հունիսի 28-ին: Երեկ՝ հունիսի 28-ին՝ ժամը 1:30-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից և ԱԹՍ-ներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ: Հավերժ փառք Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը զոհած հայորդիներին: Մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր նահատակների անմար հիշատակը:

(Մեկ րոպե լռություն)

Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին: Սիրելի հայրենակիցներ, Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու: ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը: Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը: Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը: Եվ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ: Բարձր է գնահատվում ԵԽԽՎ-ի «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը: Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նստաշրջանի օրակարգի նախագծի  առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա չորս հարց.

1. Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդում,

2. Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն,

3. Հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը,

4. ՄԻՊ 2022 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և  ազատությունների  պաշտպանության վիճակի մասին  տարեկան  հաղորդումը:

Երկրորդ բաժնում ներառված են գլխադասային հանձնաժողովների կողմից դրական  եզրակացությամբ ներկայացված հետևյալ հարցերը.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրան հարակից ևս 5 օրենքների նախագծերի փաթեթը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»՝ փաթեթի տեսքով, «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին»:

Ուրիշ ի՞նչ առաջարկություններ կան նստաշրջանի օրակարգի վերաբերյալ: Չկան:

Հարգելի գործընկերներ,  նստաշրջանի օրակարգում գտնվող «Մասնավոր պահնորդական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի համահեղինակներից Սեյրան Հայրապետյանը և Լեռնիկ Ղալայանը, Կանոնակարգի 62-րդ հոդվածի պահանջներին համաձայն, գրավոր դիմել են նախագծերի փաթեթը հետ կանչելու համար:

Պարոն Գալստյան, Դուք մնո՞ւմ եք որպես նախաձեռնության համահեղինակ:

Դավիթ Գալստյան - Քանի որ հիմնական մեր գործընկերների նախաձեռնությունը իմը չէր, և ես միացել էի այդ նախաձեռնությանը, այլապես իմաստ չեմ տեսնում շարունակել:

Արթուր Թովմասյան -  Շնորհակալություն, պարոն Գալստյան: Ուստի փաթեթը հանվում է շրջանառությունից և, ըստ այդմ, նստաշրջանի օրակարգից:

Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ: Չկան:

Քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշումը

Քվեարկություն։

Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Գագիկ Բաղունց - Ազգային ժողովի 2023 թվականի հունիսի 28-ի նիստի  օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Թովմասյանին:

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, հունիսի 28-ի հերթական նիստի օրակարգի նախագծի առաջին բաժնում որպես պարտադիր քննարկման ենթակա հարց ներառվել են երեքը: Դրանք են.

 Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն, ՄԻՊ 2022 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և  ազատությունների  պաշտպանության վիճակի մասին տարեկան  հաղորդումը և Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության  հարցերը:

Այսօրվա օրակարգում ներառել ենք նաև գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացությամբ ներկայացված և քիչ առաջ մեր կողմից հաստատված նախագծերը:

Ունենք նաև,  ինչպես միշտ, պատգամավորական հայտարարություններ:

Հարցեր կա՞ն այսօրվա նիստի օրակարգի հետ կապված:

Եթե չկան, քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2023 թվականի հունիսի 28-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:

Քվեարկություն։

Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Հարգելի գործընկերներ, ղեկավարվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն որի՝ ԱԺ նախագահի առաջարկած հայտարարության նախագիծը կարող է ներկայացվել նաև ԱԺ նիստի ընթացքում, ձեր քննարկմանն եմ ներկայացնում ԱԺ հայտարարության նախագիծը:

ԱՀ ԱԺ հայտարարությունը.

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, ս.թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 01.30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:

Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի: 

Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները:

Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն:

Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր չորս նահատակների հիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակման համար խնդրում եմ հերթագրվել:

Հերթագրում: Հերթագրվել է մեկ պատգամավոր: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան - Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Կիրառելով ականանետներ և ԱԹՍ-ներ՝ գիշերը Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով ունեցել ենք անդառնալի մարդկային կորուստներ։

Լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետևողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումը ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ  իրականացնելու վերջնանպատակի գոյությունը։

Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին և խաղաղությանը պատրաստվելու ադրբեջանական դիվանագիտական կորպուսի հռետորաբանությանը զուգահեռ Արցախում իրականացվում է ռազմական ագրեսիա, որն էլ, ինչպես տեսնում ենք, արվում է տարածաշրջանը լարված պահելու, արցախյան հիմնահարցը հայաթափման միջոցով լուծելու հստակ նպատակով և քայլերի տրամաբանական հաջորդականությամբ։

Ցավոք սրտի, այս քաղաքական օրակարգի դեմ հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը ոչ մի առարկայական քայլեր չեն ձեռնարկում հարցին վերջնական և արդարացի լուծում տալու համար։ Հայտարարություններից զատ չկա ոչ մի պատժամիջոց, առարկայական քաղաքական քայլ, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը։ Եվ այդ իսկ պատճառով Ադրբեջանը շարունակում է ամենաթողության մթնոլորտում իրականացնել իր դավադիր ծրագիրը:

 Սրա հիմական պատճառներից մեկը, իհարկե, Ադրբեջանի էներգառեսուրսների շուրջ գոյություն ունեցող պայմանագրերն են, դրանցից կախվածությունն ու մեր թշնամու կողմից այս գործոնի օգտագործման փորձերը։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որում արցախայության կենսական իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կեղծ «խաղաղություն» հաստատել տարածաշրջանում։ Միջազգային դերակատարների դեպքում գուցե և Արցախի ժողովրդի ճակատագիրը կարելի է երկրորդել Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններին, բայց այն, որ հարցի լուծում այդ ճանապարհով հնարավոր չէ ստանալ, դա նույնպես փաստ է։

Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման: Նման ճանապարհով ոչ միայն չի լինելու խաղաղություն, այլև տարածաշրջանը մուտք է գործելու նոր էսկալացիայի և բախումների շրջան՝ իր անկանխատեսելի հետևանքներով և արդյունքներով, որից կարող են տուժել նաև մեր հաշվին զիջումների պատրաստ միջազգային դերակատարները:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Այժմ քվեարկության է դրվում Ազգային ժողովի հայտարարությունն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 30, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Հայտարարությունն ընդունվել է:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, այժմ սկսենք Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:

Մարսել Պետրոսյան - (չի լսվում) ... ուստի չենք մասնակցում այդ քննարկմանը, ինչպես նաև քվեարկությանը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Ձեզ էլ շնորհակալություն: Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում մինչև 30-ական րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ կարող են հանդես գալ Արցախի Հանրապետության նախագահի մինչև երեք ներկայացուցիչ: Պա՞րզ է սրանք: Պարոն Բաղդասարյան, խնդրեմ:

Վահրամ Բաղդասարյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ես էլ, հաշվի առնելով, որ արդեն մեկ ամսից ավել քննարկումները ընթացքի մեջ էին և բոլոր հանձնաժողովներում և 4 խմբակցություններում հիմնականում կառավարության լիազոր ներկայացուցիչների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022թ. պետական բյուջեի հաշվետվությունը ըստ ոլորտների քննարկվել է, ուզում եմ ներկայացնել հաշվետվության ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշները և հիմնական թվերը՝ առանց մանրանալու ըստ ոլորտների: ԱՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումների շնորհիվ 2022թ. տարեսկզբից գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվում էին աճի ցուցանիշներ, սակայն 2022թ. դեկտեմբերի 3-ին, իսկ այնուհետև դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ԱՀ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը և անհրաժեշտ մատակարարումների դադարումը բացասաբար անդրադարձավ տարվա արդյունքների վրա` հանգեցնելով          հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրված տնտեսական աճի տեմպերի նվազմանը: 2022թ. համախառն ներքին արդյունքը կազմել է 288,8 մլրդ ՀՀ դրամ՝ 2021թ. համեմատ աճելով 12,2 տոկոսով` 3,2 տոկոս դեֆլատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 113,9 տոկոս: Ընդգծեմ սակայն, որ այդ ցուցանիշը զիջում էր նախապատերազմյան 2019թ. ցուցանիշին՝ կազմելով դրա 84,3 տոկոսը: ՀՆԱ-ի արձանագրված 12,2 տոկոս հավելաճի տեմպերում 9,6 տոկոսային կետն ապահովվել է «Արդյունաբերություն» ճյուղի հաշվին, 2,7 տոկոսային կետը` «Առևտուր և ծառայություններ» ճյուղի հաշվին, 1,4 տոկոսային կետը` «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» ճյուղի հաշվին, աճի միտումը կրճատվել է շինարարության ճյուղի հաշվին` 4,1 տոկոսային կետով: 2022թ. արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 36,9 տոկոսով և կազմել 104,5 մլրդ ՀՀ դրամ` ի հաշիվ «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում», «Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում» և «Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» ճյուղերի:  2022թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը  կազմել է 41,2 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 24,9 տոկոսով` ի հաշիվ բուսաբուծության՝ 43,2 տոկոս և անասնաբուծության՝ 19 տոկոս ճյուղերում արձանագրված աճերի:  2019թ. նկատմամբ այդ ցուցանիշը կազմում էր 58,4 տոկոս: Հաշվետու տարում հանրապետությունում իրականացված կապիտալ շինարարության ծավալը կազմել է 63,6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 14,6 տոկոսով, սակայն գրեթե հավասար էր 2019թ. ցուցանիշին, որը կազմում էր 64,6 մլրդ ՀՀ դրամ: Ըստ ֆինանսավորման աղբյուրների` շինարարության 51,8 տոկոսն իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 24,7 տոկոսը` մարդասիրական օգնության հաշվին, 18,7 տոկոսը` կազմակերպությունների միջոցների հաշվին: 2022թ. առևտրի շրջանառության ծավալը կազմել է 121,4մլրդ ՀՀդրամ՝ 2021թ. համեմատ աճելով 43,2 տոկոսով, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` 79,9 մլրդ ՀՀ դրամ՝ 2021թ. համեմատ աճելով 3,5 տոկոսով: ԱՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022թ. կազմել է 832 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախապատերազմյան ցուցանիշը 26,8 տոկոսով, 2021թ. համեմատ այն աճել է 2,3 անգամ, ընդ որում` ներմուծման ծավալներն աճել են 92,1 տոկոսով` կազմելով 496,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահանման ծավալները` 3,4 անգամ և կազմել են 335,5 մլն ԱՄՆ դոլար:

Մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 2022թ. կազմել է 259,617,0 ՀՀ դրամ: 2021թ. համեմատ անվանական աճը կազմել է 26,4 տոկոս: 2019թ. այն կազմում էր 175,522,0 ՀՀ դրամ կամ 2022թ. աճը 2019թ. համեմատ կազմել է 47,9 տոկոս:

Սպառողական գների ինդեքսը 2022թ. նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 107,5 տոկոս, 2021թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ` 108,4 տոկոս: 2022թ. պետական բյուջեով պլանավորված 47 մլրդ 331,0 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 47 մլրդ 914,1 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կազմել է 101,2 տոկոս, որն իր հերթին 36,2 տոկոսով կամ 12 մլրդ 732,1 մլն դրամով ավել է 2021թ. փաստացի հավաքագրված եկամուտներից:

Նախատեսված 46 մլրդ 543,8 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 46 մլրդ 765,1 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 100,5 տոկոսով: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 16,2 տոկոս: Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտների ավելի քան 52 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին, որոնք պետական բյուջե են մուտքագրել մոտ 24 մլրդ դրամ: 2022թ. ՀՀ ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 176,0 մլրդ դրամ: Նախկինում կառավարության կողմից ներգրավված փոխառու միջոցների մայր գումարների մարմանը 2022թ. պետական բյուջեից ուղղվել է 23 մլրդ 270,9 մլն դրամ:  ԱՀ 2022թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 200 մլրդ 643,2 մլն դրամ` ապահովելով  պլանավորված ցուցանիշի 90,0 տոկոսը: Ամբողջությամբ վճարվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը: Այսքանը, և կրկին ընդգծելով, որ բոլոր հանձնաժողովներում և 4 խմբակցություններում պետական բյուջեի հաշվետվությունը քննարկվել է, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր պատգամավորներին, որոնք մասնակցել են շահագրգիռ և կառուցողական այդ քննարկումներին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Եթե հարցեր ունեք, խնդրում եմ հերթագրվել: Գրանցում: Շնորհակալություն: կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Հրավիրում եմ Հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանին` ներկայացնելու պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը: Խնդրեմ,  պարոն Ծատրյան:

Տիգրան Ծատրյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացվում է` ի կատարումն ԱՀ Սահմանադրության, Ազգային ժողովի կանոնակարգ, Հաշվեքննիչ պալատի մասին և Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքների պահանջների:

ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կազմվել է ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի երեք, վեց և ինը ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների արդյունքներով կազմված ընթացիկ եզրակացությունների, ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի կատարման կազմակերպման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև հաշվեքննության այլ օբյեկտներում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքներով կազմված արձանագրությունների հիման վրա:

Ներկայացնեմ 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը բնութագրող որոշ քանակական ցուցանիշներ, որոնք, ըստ ծախսերի դասակարգման, առանձնացվել են Հաշվեքննիչ պալատի կողմից: Ծախսերի գործառնական դասակարգմամբ՝

պետական բյուջեի փաստացի ծախսերի ուղղվածության գերակայությունները, նախորդ տարվա համեմատ, հիմնականում պահպանվել են: Ընդհանուր ծախսերի 25,5%-ը ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին, 20.2%-ը՝ հիմնական բաժիններին չդասվող ծախսերին, 15,5%-ը՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին:

2022 թվականի  պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված 255 ծրագրից  45.9%-ը կամ 117 ծրագիր իրականացվել է 50-95%-ի միջակայքում: Բյուջեից հատկացումներն այս ծրագրերով կազմել է 92 մլրդ 460 մլն 905 հազար դրամ կամ ընդհանուր ծախսերի  46.1%-ը:

108 ծրագրով կամ ծրագրերի 42,4 %-ում ապահովվել է 95 և բարձր տոկոս կատարողական՝ կազմելով 107 մլրդ 707 մլն 542 հազար դրամ կամ ընդհանուր ծախսերի 53.7%: Ընդ որում, նշվածից 26  ծրագրով արձանագրվել է 100% կատարողական:

Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր ծրագրի փաստացի ցուցանիշները, ինչպես և նախորդ տարիներին, գերակատարվել է ավելի քան 4 անգամ՝ կազմելով 177 մլն 653 հազար դրամ՝ նախատեսված 40 մլն 360 հազար դրամի դիմաց: Ծախսային ծրագրի փաստացի կատարողականը կազմել է 93 մլն 49 հազար դրամ` նախատեսված 40 մլն 360 հազար դրամի դիմաց:

20 ծախսային ծրագրերի փաստացի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 50%-ից ցածր տոկոս՝ առաջացնելով տարեկան ճշտված ծրագրերի նկատմամբ 1 մլրդ 548 մլն 640 հազար դրամի կամ 70,30%-ի չափով շեղում: Ընդ որում, ամենացածր կատարողականը արձանագրվել է «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով՝ կազմելով է 7.3%:

Բյուջեով սահմանված 5 ծրագիր՝ ճշտված ծրագրով 30 մլն 95 հազար դրամ ընդհանուր ծավալով, չի կատարվել: Նախորդ տարվա համեմատ նշված ցուցանիշը նվազել է. 2021 թվականին չի կատարվել 7 ծրագիր՝ 60 մլն 661 հազար դրամ ընդհանուր ծավալով:

4 ծրագիր` 110 մլն դրամ ընդհանուր ծավալով, ճշտված ծրագրով զրոյացվել է: Նախորդ տարվա պետական բյուջեի զրոյացված ծրագրերը 2-ն էին՝ 30 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Պետական աջակցության ծախսերի գերատեսչական դասակարգմամբ փաստացի ծախսերի 72,0%-ը կամ ընդհանուր 144 մլրդ 494 մլն 790 հազար դրամ գումարի 202 բյուջետային ծրագիր իրականացրել է 8 մարմին: Մասնավորապես՝

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը իրականացրել է 40 մլրդ 453 մլն ֆինանսական ծավալով 17 ծրագիր, ընդհանուր ծավալներով տեսակարար կշիռը կազմում է 20,2%: Հատկացված միջոցների 45%-ը կամ 18 մլրդ 188 մլն դրամը կազմել է «Ներգրաված փոխառու միջոցների սպասարկման ծախսերի» ծրագիրը,

Սոցիալական զարգացման և միգրացիայի հարցերի նախարարություն - 32 մլրդ 541 մլն դրամ կատարողականով 37 ծրագիր, որը կազմում է ընդհանուր ծախսերի 16.2%,

քաղաքաշինության նախարարություն – 26 մլրդ 56 մլն դրամ ֆինանսական ծավալով 4 բյուջետային ծրագիր, ընդհանուր ծախսերում տեսակարար կշիռը կազմում է 13%,

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - 14 մլրդ 835 մլն դրամ ընդհանուր կատարողականով 23 ծրագիր, փաստացի ծախսերում տեսակարար կշիռը կազմում է 7.4%,

առողջապահության նախարարություն - 44 ծրագիր, որոնց կատարողականը կազմել է 11 մլրդ 10 մլն դրամ, փաստացի ծախսերում տեսակարար կշիռը կազմում է 5.5%,

Ազգային անվտանգության ծառայություն - 3 ծրագիր՝ 7 մլրդ 468 մլն դրամ կատարողականով, փաստացի ծախսերում տեսակարար կշիռը կազմում է 3.7%,

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն - 55 բյուջետային ծրագիր` ապահովելով 6 մլրդ 493 մլն դրամ կատարողական, փաստացի ծախսերում տեսակարար կշիռը կազմում է 3,2 %,

գյուղատնտեսության նախարարություն – 5 մլրդ 635 մլն դրամ կատարողականով 19 ծրագիր, տեսակարար կշիռը՝ 2,8%:

2022 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի կառուցվածքն ըստ տնտեսագիտական դասակարգման հետևյալն է.

 80.4%-ն ուղղվել է ընթացիկ ծախսերին, իսկ 19.6%-ը ուղղվել է ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Ընթացիկ ծախսերում մեծ տեսակարար կշիռ են կազմում «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ»` 34.3%, «Սուբսիդիաներ»` 15.3%, «Տոկոսավճարներ»` 11.6%, իսկ ոչ ֆինանսական գծով ծախսերում հիմնական միջոցների ուղղությունը՝ 92.6% :

Հարգելի պատգամավորներ, քանի որ 2022 թվականի պետական բյուջեի կատարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքները մանրամասն արտացոլված են ինչպես հաշվետու տարվա պետական բյուջեի երեք, վեց և ինը ամիսների կատարման ընթացիկ եզրակացություններում, այնպես էլ բյուջեի տարեկան կատարման եզրակացությունում, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել որոշ հանգամանքներ, որոնք հիմք են հանդիսացել բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք կազմելու  համար:

2022թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության կազմման նպատակով Հաշվեքննիչ պալատն իրականացրել է պետական բյուջեի և 3,6,9 ամիսների և տարեկան կատարման 31 հաշվեքննություններ՝ 8 բյուջետային կարգադրիչների մոտ: Դրանք են՝ ԱՀ ֆինանսների նախարարություն, կենտրոնական գանձապետարան, ԱՀ գյուղատնտեսության նախարարություն, ԱՀ քաղաքաշինության նախարարություն, Պետական եկամուտների կոմիտե, Ջրային կոմիտե, Քննչական կոմիտե,  ԱՀ կադաստրի պետական գույքի կառավարման կոմիտե, Դատական դեպարտամենտ: Կենտրոնական գանձապետարանում ուսումնասիրվել են 9 բյուջետային կարգադրիչների կողմից ներկայացված նախահաշիվները, ֆինանսավորման ներկայացված հայտերը, հաշվետվությունները:

Հաշվետվության օբյեկտների ղեկավարները ներկայացրել են հաշվեքննության առաջադրանքների հաշվեքննության արձանագրությունները՝ տալով վերջիններիս վերաբերյալ (բառը չի լսվում) բացատրություններ ներկայացնելու հնարավորություն:

Հաշվեքննության ընթացքում կիրառվել է ընտրանքային մեթոդ՝ ընդգրկելով բյուջեի փաստացի ծախսերի 22,6%-ը կամ 46 մլրդ 258 մլն դրամ` 34 ծախսային ծրագիրկամ ընդհանուր  ծրագրերի 13.3%-ը: Իրականացվել է նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության արտացոլած տեղեկությունների վերլուծություն, ուսումնասիրվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ արտացոլված 5 գերատեսչությունների անվամբ բացված արտաբյուջետային 6 հաշիվների եկամուտների ու ծախսերի պլանային և փաստացի ցուցանիշները, ինչպես նաև ազատ մնացորդների շարժի վերաբերյալ տեղեկությունները:

Հաշվեքննությամբ գնահատվել են կառավարության կողմից հաշվետու տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանումը, բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատությունը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` ի դեմս գանձապետարանի կողմից բյուջեի կատարման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև ընտրանքային կարգով ընդգրված գերատեսչությունների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման օրինականության պահպանումը:

Պետական բյուջեի կատարման հաշվեքննությունների շրջանակներում մեկ դեպքում Հաշվեքննիչ պալատը եկել է հետևյալ եզրակացության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, և համապատասխան նյութերը Հաշվեքննիչ պալատի որոշմամբ ուղարկվել է գլխավոր դատախազություն:

Հաշվեքննության առարկայի և օբյեկտի ընտրանքն առավելապես պայմանավորված էր հետևյալ գործոնների համակցությամբ՝

բյուջեի կատարողականի վերաբերյալ կարծիք ձևավորելու համար ծախսերի բավարար ծածկվածություն ապահովելու անհրաժեշտություն,

պետական բյուջեից ֆինանսավորված գումարի չափ,

բյուջեի կառուցվածքում գերակա համարվող ծախսային ուղղվածություն,

Հաշվեքննիչ պալատի կադրային և տեխնիկական ռեսուրսների, ժամանակի և իրավական տեսանկյունից հաշվեքննության արդյունավետության ապահովում:

Հաշվեքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար տեղեկատվություն 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի կարծիքը հիմնավորելու համար: Հաշվեքննիչ պալատի կարծիքի ձևավորման վրա ազդել են հետևյալ հանգամանքները.

1. Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարության կողմից ապահովվել է հաշվետու բյուջետային տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարումը:

2. Պետական   բյուջեի կատարման գործընթացն, ընդհանուր առմամբ, իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հաշվեքննությամբ ընդգրկված ծրագրերի կատարման վերաբերյալ գլխավոր կարգադրիչների կողմից ներկայացված հաշվետվությունները, ընդհանուր առմամբ, արժանահավատ են:

 Հաշվի առնելով Հաշվեքննիչ պալատի գործունեության կանխարգելիչ դերը, եռամսյակային հաշվեքննությունների ընթացքում հայտնաբերված մի շարք անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ տարեվերջի դրությամբ շտկված են եղել: Ըստ այդմ, հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերվել է 2 մլրդ 79 մլն դրամի, այդ թվում՝ 1 մլրդ 886 մլն դրամ կամ հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեի կատարողականի 0.9% չափով ֆինանսական հետևանքներ առաջացրած անհամապատասխանություններ, որոնք հաշվեքննության ֆինանսական և համապատասխանության ստանդարտների կիրառմամբ համարվում են ոչ էական:

Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը արժանահավատ է: Այն հիմնականում պարունակում է օրենսդրությամբ պահանջվող համապատասխան տեղեկությունները ու մինչդեռ պարտքի և դրա սպասարկման մասին տեղեկությունները ներկայացված են ոչ լիարժեք, դրանցով հնարավոր չէ որոշել պետական պարտքի իրական ծավալը:  

Պետական պարտքի մասին տեղեկություններն արտացոլված են ծախսերում՝ պարտքի սպասարկման մասով և պակասուրդում՝ Փոխառու զուտ միջոցներ բաժնում:

Պետական պարտքի հետ կապված հարաբերություններն ԱՀ-ում օրենսդրորեն կարգավորված չեն: Հաշվեքննիչ պալատի կողմից պետական պարտքի նկատմամբ ֆինանսական և համապատասխանության տեսակներով հաշվեքննություն իրականացնելու համար որպես առկա ելակետային տվյալներ հիմք են ընդունվել 2022թ. «Պետական բյուջեի մասին» օրենքով և դրա կատարման մասին հաշվետվությամբ արտացոլված, ներգրավված և մարված փոխառու միջոցները, ինչպես նաև կառավարության որոշումների հիման վրա տրամադրված բյուջետային երաշխիքները:

Հաշվեքննիչ պալատի կողմից ուսումնասիրվել են բյուջետային երաշխիքների տրամադրման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշումներն ու  ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության կողմից կնքված պայմանագրերը: 2022թ. բյուջետային տարում երաշխավորված պարտավորությունների ընդհանուր գումարը չի գերազանցել Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքով ամրագրված սահմանաչափը:

Հաշվետու ժամանակաշրջանում պետության կողմից երաշխավորված պարտքային պարտավորությունների դիմաց պետական բյուջեից վճարումներ չեն իրականացվել:

Հաշվեքննություն իրականացնող խմբի կողմից ուսումնասիրված պայմանագրերում անհամապատասխանություններ և թերություններ չեն հայտնաբերվել: Որոշակի անհամապատասխանություններ են արձանագրվել փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ, որոնք մանրամասն ներկայացված են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունում:

Այսպիսով, հիմք ընդունելով ֆինանսական և համապատասխանության տեսակներով հաշվեքննության արդյունքները, Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ԱՀ հաշվեքննիչ պալատը ներկայացնում է դրական եզրահանգում:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ծատրյան: Հարցերի համար  խնդրում եմ  հերթագրվել: Հերթագրում: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Հրավիրվում է գլխադասային հանձնաժողովի նախագահ պարոն Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ, հաստատված ժամկետացանկի համաձայն, 2022թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, խմբակցություններում և այնուհետև ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցեր պարոն Հարությունյանին: Չկան:  Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին լսենք իրավասու՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Ղալայանին: Խնդրեմ:

Լեռնիկ Ղալայան - Հարգելի գործընկերներ, 2022թ. բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը օրինական են և հիմնավորված:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն Ղալայան, Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Այժմ անցնենք մտքերի փոխանակությանը: Խմբակցությունները ներկայացնում են իրենց տեսակետները բյուջեի կատարողականի վերաբերյալ: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն: Խնդրեմ, պարոն Մելքումյան:

Դավիթ Մելքումյան – Շնորհակալություն: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարծում եմ տեղին չէ հիմա նման քննարկումներ ծավալելը: Մենք հրաժարվում ենք որևիցե մեկնաբանություն տալ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն: Խնդրեմ, պարոն Մոսիյան:

Արթուր Մոսիյան – Հրաժարվում ենք տեսակետ ներկայացնելուց:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: «Արդարություն» խմբակցություն: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան - Նմանապես տեսակետ չենք ներկայացնում և չենք էլ մասնակցելու քվեարկությանը:

Արթուր Թովմասյան - «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Հարգարժան մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իրականում, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չեմ ցանկանում բյուջեի հաշվետվության մասին շատ երկար ներկայացնել կարծիք: Ուղղակի  հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականին մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, որին մենք բոլորս ականատես ենք եղել, և այդ պայմաններում  կառավարության կողմից կարողացել են իրականացվել ծրագրեր, համենայնդեպս տարեվերջին պարտավորություններ չեն ունեցել գոնե նվազագույն սոցիալական ծրագրերի ուղղությամբ, քաղաքաշինության կապիտալ ներդրումների մեծ մասով, նաև տնտեսական այլ ծրագրերի,  նաև հաշվի առնելով Հաշվեքննիչ պալատի դրական եզրահանգումն էլ այդ թվում, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը կողմ է քվեարկելու հաշվետվությանը: 

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Հիմա անցնենք մտքերի փոխանակությանը: Հերթագրում: Կա՞ն: Եզրափակիչ ելույթի համար խոսք ունե՞ք: Ո՞չ:

Այժմ պետք է քվեարկենք Ազգային ժողովի որոշման նախագծի համար Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:

Քվեարկություն:

Կողմ՝ 16­, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Ի՞նչ: Տասնյոթո՞վ է: Կողմ տասնվե՞ց, չէ՞: Դա չեմ ասում, դեմ, ձեռնպահ կա՞:

(խոսակցություն դահլիճում)

Արթուր Թովմասյան - Որոշումն ընդունված է:

(խոսակցություն դահլիճում)

Արթուր Թովմասյան - Քվորումը նիստի օրակարգի մասով է: Ընդունվա՞ծ է:

(խոսակցություն դահլիճում )

Արթուր Թովմասյան – Տասնյոթից տասնվեցը պիտի լինի՞: Որոշումը չի ընդունվել: Ընդմիջում 20 րոպե Ազգային ժողովի նախագահի կողմից:

նդմիջում)

Արթուր Թովմասյան – Հարգելի գործընկերներ, ուզում եմ հանդես գալ հայտարարությամբ: Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, ուրեմն 7-րդ կետը. խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես են եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց խմբակցության հրաժարվելու մասին հայտարարությամբ: Խմբակցությունը կարող է քվեարկություններին մասնակցելուց հրաժարվել Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում: Մեր 4 խմբակցությունները չեն մասնակցել քվեարկության՝ խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 139-ը: Սա ուղղակի անվստահություն է, թեկուզ բյուջեի կատարողականը դա դրված չէ, որ Ազգային ժողովի նախագահը անպայման պետք է ինքը այդ քվորումը ապահովի: Այսօրվա իրողություններն էլ այն չի եղել, որ ես հետաքրքրվեի՝ 4 խմբակցությունները մասնակցելու են, թե ոչ: Սա ամիջական նաև իմ  մեղքը չի, բայց ես իմ մեղքի բաժինը վերցնում եմ: Այսօր ժամը 6-ին կհանդիպեմ հանրապետության նախագահի հետ, ժամը 8-ին խնդրում եմ բոլոր խմբակցության ղեկավարներին և մշտական հանձնաժողովների նախագահներին հանդիպում, դրանից հետո ես կորոշեմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ նպատակահարմարության հարցը: Պարոն Բաղունց, շարունակիր այսօրվա նիստի օրակարգը:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք «ՄԻՊ 2022 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը» հարցին: Այն ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Խնդրեմ, պարոն Ստեփանյան:

Գեղամ Ստեփանյան– Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության      157-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՄԻՊ 2022 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների  պաշտպանության վիճակի մասին  տարեկան  հաղորդումը: Քանի որ հանձնաժողովային քննարկման ժամանակ հարց է հնչել, ուզում եմ տեղեկացնել, որ տարեկան հաղորդման օրենսդրական ժամկետներում ներկայացնելու հարցում որոշակի թերացումներ կային, ժամկետով սահմանված ավելի ուշ ժամկետում ենք ներկայացրել, որը պայմանավորված էր հիմնականում նրանով, որ շրջափակմամբ պայմանավորված՝ ես չեմ եղել հանրապետությունում և վերադառնալուց հետո հավելյալ ժամկետ էր պետք հաղորդումն ամբողջացնելու համար: Կարծում եմ, որ ըմբռնումով կմոտենաք այս հարցին:

2022 թվականն Արցախում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շարունակել է մնալ լի բազմաթիվ մարտահրավերներով, խոչընդոտներով, սահմանափակումներով և սպառնալիքներով, որոնք հիմնականում և մեծամասամբ պայմանավորված են եղել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի կյանքի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցավոր գործողություններով, մարդու հիմանարար իրավունքների և ազատությունների պարբերական և հետևողական խախտումներով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը, առկա հումանիտար ճգնաժամը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծել է անհամատեղելի իրավիճակ: Այնուամենայնիվ, ստեղծված ծանր պայմաններում 2022 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ընթացել է հետևյալ հիմնական ուղղություններով՝ մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոք-դիմումների ուսումնասիրություն և քննարկում, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ուղղությամբ մշտադիտարկում, հասարակության խոցելի խմբերին դասվող անձանց իրավունքների պաշտպանության մշտադիտարկում, մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության կատարելագործում, Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքների իրականացում և արտահերթ զեկույցների պատրաստում: Հաշվետու ժամանակաշրջանում ՄԻՊ հաստատությունը ստացել է 735 դիմում 820 անձանցից: Պաշտպանի աշխատակազմի նստավայրում անցկացվել է մոտ 1200 ընդունելություն: Պաշտպանին դիմումներ են հասցեագրվել Արցախի Հանրապետության բոլոր վարչատարածքային միավորներից: Ինչպես նախորդ տարվա ընթացքում, այնպես էլ 2022 թվականին մայրաքաղաք Ստեփանակերտից ստացված դիմումները գերակշիռ մաս են կազմել՝ ընդհանուրի 55%-ը: Աշխատակազմ մուտքագրված դիմումների 15%-ը ներկայացվել են Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի, 12%-ը՝ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, 10%-ը՝ ներդրումային հիմնադրամի, 9%-ը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, 6%-ը՝ նյութական վնասների հարցերի կոմիտեի, 5%-ը՝ քաղաքաշինության նախարարության, 3-ական %՝ առողջապահության նախարարության, ներքին գործերի նախարարության ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի դեմ: Մյուս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ներկայացված դիմումները կազմում են ընդհանուրի 34%-ը: Դիմումների զգալի մասն առնչվել է սոցիալական ապահովության իրավունքին, ազատ տեղաշարժի և քաղաքացիության իրավունքին, աշխատանքային իրավունքներին, սեփականության իրավունքին, պատշաճ վարչարարության և տեղեկություններ ստանալու իրավունքին, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքին, արդար դատաքննության իրավունքին, առողջության պահպանման և  կրթության իրավունքներին:

Դիմում-բողոքների ուսումնասիրության ընթացքում առանձին իրավունքների ամենատարածված խախտումների դեպքերն ամփոփված են տարեկան հաղորդման համապատասխան բաժիններում:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում ձերբակալվածների պահման վայրում պահվող և հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները 2022 թվականի ընթացքում պարբերական չհայտարարված այցեր են իրականացրել վերոնշյալ հիմնարկներ: Արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ իրավասու մարմիններին ներկայացվել են առաջարկություններ: Խիստ մտահոգիչ են շարունակում մնալ «Հոգեթմրաբանական դիսպանսերի» շենքային պայմանները, ոստիկանության հատկապես շրջանային ստորաբաժանումներում գործող ձերբակալվածների պահման վայրերի շենքային և օրենսդրությամբ սահմանված պայմանների բացակայությունը:

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կամ կալանավորված Արցախի Հանրապետության 31 քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը եղել են  Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության կարևոր ուղղություններից մեկը:

Հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության բնագավառում օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ամենամսյա մշտադիտարկման այցեր են իրականացրել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն, դպրոցներ և մանկապարտեզներ՝ ուշադրության կենտրոնում պահելով կրթության առանձնահատուկ պայմաննների կարիք ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցը:

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների նիստերին, քաղաքացիների դիմումների հիման վրա նաև տարբեր հարցերով դատական նիստերի: 2022 թվականի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվել են նաև  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներ, ուսումնասիրվել և վերլուծվել են 4 տասնյակից ավելի իրավական ակտեր: Պաշտպանի կողմից ներկայացվել է ավելի քան 40 առաջարկություն, որոնք առնչվել են հիմնականում գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների սննդի կազմակերպմանը, հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց անվճար իրավաբանական օգնություն ստանալուն, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց կենսաթոշակային ապահովմանը, պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և բնակտարածք կորցրած անձանց բնակարանային ապահովման ծրագրերին, առանց ծնողի խնամքի մնացած երեխայի սոցիալական ապահովությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար գույքահարկի գծով հարկային արտոնություններ սահմանելուն և մի շարք այլ հարցերի:

 2022 թվականի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը շարունակել է Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումները փաստագրելու և դրանք միջազգային ատյաններին ներկայացնելու ուղղությամբ աշխատանքները:

Արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանի հաստատությունը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, տեսաուղերձներով, ներկայացրել դեպքերի մանրամասներն ու նամակներով դիմել միջազգային կազմակերպություններին: Ակտիվ և օպերատիվ աշխատանքներ են տարվել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի ամբողջական շրջափակման հարուցած հումանիտար ծանրագույն իրավիճակի մասին և միջազգային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Այս  համատեքստում գտնվելով Երևանում հանդիպումներ եմ ունեցել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի երևանյան  գրասենյակի ղեկավարի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵՄ հայաստանյան պատվիրակության, իրավապաշտպան համայնքների ներկայացուցիչների հետ, հեռավար կերպով մասնակցել ԱՄՆ, Կանադայի, Ավստրալիայի խորհրդարաններում շրջափակման վերաբերյալ կազմակերպված խորհրդակցություններին, 196 հասցեական նամակներ են հղվել միջազգային գործընկերներին:

Հաշվետու տարում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է ադրբեջանական կեղծ խաղաղասիրության փաստերի վերաբերյալ համատեղ արտահերթ զեկույցը Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի հետ, 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին միջանկյալ զեկույցը, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին արտահերթ զեկույցը, Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը: Հրապարակվել է 2022 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում երեք անգամ թարմացվել է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին արտահերթ զեկույցը: ՄԻՊ գործունեության կարևորագույն ուղղություններից է եղել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, սփյուռքի և միջազգային կառույցների հետ: Առանձնահատուկ պետք է շեշտեմ համագործակցությունը ՀՅԴ հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հետ, ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ 2022 թվականի սեպտեմբերին մասնակցել եմ Եվրոպական խորհրդարանում անցկացված «2020 թվականի պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին: Կարևոր համագործակցություն է շարունակվել «Ճշմարտության և արդարության կենտրոն» իրավաշտպան հասարակական կազմակերպության, Ամերիկայի հայ իրավաբանների միության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության, Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի և մի շարք այլ կառույցների հետ:

2022 թվականին Պաշտպանի աշխատակազմը հրապարակել է շուրջ 200 մամուլի հաղորդագրություններ, որոնք տարածում են ստացել ինչպես Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, այնպես էլ միջազգային զանգվածային լրատվամիջոցներով:

Հարգելի խորհրդարան, աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններվ պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը մղվել է հետին պլան: Աշխարհաքաղաքական այս քաոսի հետևանքները հայերս և հատկապես Արցախի ժողովուրդը զգում է սեփական մաշկի վրա ամեն օր՝ անցնելով անմարդկային տառապանքների և զրկանքների միջով՝ սեփական իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարում հաճախ մնալով մենակ: Անհերքելի է, որ մարդու իրավունքների պաշտպանության այն մեխանիզմները, որոնք ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր արդյունավետ կերպով չեն աշխատում կամ էլ աշխատում են տարբերակված մոտեցմամբ: Սեփական շահերը սպասարկելով՝ տարբեր պետությունների և կազմակերպությունների կողմից ուղղակի անտեսվում է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, նախապատվությունը տրվում է ոչ թե իրավունքների պաշտպանության գործնական և որոշիչ քայլերին, այլ անհասցե, երբեմն ոչինչ չարտահայտող դիրքորոշումներին:  Այս իրավիճակում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ, որպես նման ճգնաժամային իրավիճակներում ահազանգման կարևորագույն գործառույթ ունեցող կառույց օգտագործում է բոլոր հնարավոր ուղիներն ու խողովակները Արցախի ժողովրդի հետ կատարվողի, Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման և ցեղասպանության մասին բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնելու և իրավունքների պաշտպանության գործնական քայլեր պահանջելու համար: Սա այն ճակատն է, որը թեև կարճաժամկետ արդյունավետություն չի ապահովում, երբեմն հանգեցնում է անասելի հիասթափության, սակայն կասկած չունեմ, որ այս ճակատում ակտիվ աշխատանք տանելու հետևողականությունը շարունակում է մնալ արդիական:

Օգտվելով այս առիթից՝ Արցախի ժողովրդի կողմից ազատ կամաարտահայտման ճանապարհով ձևավորված բարձրագույն ներկայացուցչական մարմնի այս բարձր ամբիոնից ուզում եմ դիմել նախ և առաջ համայն հայությանը աշխարհի բոլոր կետերում՝ խնդրելով անտարբեր չմնալ, խնդրելով Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին խոսել ամեն օր և ամենուրեք, ձեռնարկել սեփական կառավարություններին  պատասխանատվության կանչելու համար քաղաքակիրթ ճնշումների բոլոր գործիքները: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն հռչակած առանձին պետություններին և միջազգային կազմակերպություններին՝ հիշեցնելով, որ Արցախի ժողովուրդը գրեթե 200 օր գտնվում է շրջափակման մեջ՝ առերեսվելով անմարդկային զրկանքների, ապագայի հանդեպ անորոշությունների, ենթարկվելով հոգեբանական և ֆիզիկական բռնության և հարձակումների, որի ամենավերջին դրսևորմանը բոլորս ականատես ենք եղել անցած գիշեր: Այս ամենը կանխելու համար միջազգային իրավունքով սահմանված են բոլոր գործիքները, ինչպիսիք են Ադրբեջանի նման բռնապետական և հանցավոր պետությանը միջազգային կազմակերպություններից դուրս շպրտելու, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, Արցախում միջազգային ներկայություն ապահովելու և իհարկե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մեթոդները: Սրանք գործիքներ են, որոնց մասին բազմիցս տեղեկացրել ենք հրապարակային և ոչ հրապարակային գրություններում և գրություններում՝ ակնկալելով օբյեկտիվություն և համարձակություն դրանք կիրառելու համար: Դիմում եմ աներկբա պմդմամբ, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, հանցագործություն է մարդկության դեմ, իսկ դրա նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունն ու հանդուրժողականությունը արդարացումներ չունեցող հանցակցություն է: Շնորհակալություն:  

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն, պարոն Ստեփանյան: Հարգելի գործընկերներ, եթե հարցեր կան, խնդրում եմ հերթագրվել: Հերթագրվել են երկու պատգամավորներ: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Գրիգորյանը:

Մետաքսե Հակոբյան - Պարոն Ստեփանյան, շնորհակալություն հերթական հաշվետվությունը ներկայացնելու համար: Ես կուզեմ մի փոքր արձանագրում անել, որից հետո կխնդրեմ նաև Ձեր կարծիքը: Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք ոչ մեր կամքով կամ ընտրությամբ, խոսել ուղղակի մարդու իրավունքների խախտումների մասին, կարծում եմ, դա մեղմ է: Այսօր ագրեսոր Ադրբեջանը աշխարհի փաստացի լուռ համաձայնության ներքո խլել է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու հիմնական իրավունքը և, խոսելով խաղաղության օրակարգի մասին կամ օրակարգի շուրջ, պարբերաբար սպանում և ահաբեկում է հենց այն կողմին, որի հետ իբրև թե քննարկում է: Այսօր ևս, երբ մարդու իրավունքների ջատագով Ամերիկայում խաղաղության օրակարգի շուրջ են բանակցում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, այդ ընթացքում սպանվում են ագրեսոր պետության կողմից մեր անվտանգությունը կերտող չորս  քաջորդիները: Դուք բազմիցս, ինչպես նշեցիք Ձեր հաղորդման մեջ, մենք ենք ականատեսը, որ տարբեր հարթակներում աղմուկ-աղաղակ եք բարձրացնում, խոսում մեր իրավունքների մասին, փորձում պաշտպանել, արդյունք ունենալ, սակայն մենք ևս տեսնում ենք արդյունքը, որ, այո, աշխարհը լուռ է, անտարբեր է կամ երկակի ստանդարտներ է օգտագործում: Հիմա կուզեի ամեն դեպքում ասեիք նաև միգուցե որ հաղորդման մեջ տեղ չէր գտել. արդյո՞ք այդ նույն հարթակներում, հատկապես արևմտյան հարթակներում, որտեղ  շատ են սիրում խոսել մարդու իրավունքներից, ի վերջո կա՞ ընկալումը՝ ինչ է կատարվում Արցախում, ինչպես են այստեղ ագրեսիայի ենթարկում մի ողջ ժողովրդի, ինչպես են սպանում, կեղեքում, ահաբեկում, հիմա ևս հումանիտար ճգնաժամի մեջ պահում, և հոգեպես, և ֆիզիկապես փորձում սպառել այստեղ մարդկանց: Կա՞ այդ  ընկալումը: Եվ մեր հանրության այն հատվածը, որ դեռևս հույս է փայփայում նաև հավաքական արևմուտքից ստանալու օգնություն, կուզեի նաև իրենց կարողանայիք ինչքանով որքանով հնարավոր է պատասխանել՝ արդյոք տեղի՞ն է ակնկալել գործնական քայլեր այսօր հավաքական արևմուտքից: Շնորհակալ եմ:

Գեղամ Ստեփանյան -  Ես եմ շնորհակալ կարևոր հարցի համար: Իրապես, ինչպես նշեցի, բոլոր հարթակներում մեր կողմից փորձ է արվում բարձրացնել իրազեկվածությունը Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր քաղաքականության մասին և ոչ միայն մենք, այլ նաև սփյուռքի հայկական կազմակերպությունները և այն քիչ թվով գործընկերները, որոնք կան տարբեր երկրներում, ամեն օր աշխատում են այս ուղղությամբ: Ես կարող եմ այս պահի դրությամբ արձանագրումը կատարել, որ եթե մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակումը ինձ համար անձամբ շատ դժվար էր միջազգային գործընկերների գիտակցությանը հասցնել, որ Ադրբեջանը իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, երբեմն անգամ նրանց թվում էր, որ ես իրավիճակը ուռճացված եմ ներկայացնում կամ ահազանգը ուռճացված է ներկայացվում, ապա ասօր ես վստահ եմ, որ իրազեկվածության տեսանկյունից որևէ խնդիր չունենք: Ես բազմիցս նաև հանդիպումների ժամանակ ստանում եմ այդ հետադարձ կապը, որ ծանոթանում են մեր կողմից հրապարակված զեկույցներին, պարբերաբար թարմացումներին և տեղյակ են, թե ինչ է կատարվում այստեղ: Եվ այստեղ եկեք նաև հիշենք ԵԽԽՎ նիստի ժամանակ հատուկ զեկուցողի ելույթը, որտեղ նա ուղիղ ասել է, որ պետք է տեսնել  սենյակում գտնվող փղին, և որքան որ միջազգային հանրությունը անտեսում է այն փղին, այնքան շարունակվում է Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը, որը իրապես հանցավոր քաղաքականություն է:  Եվ, այո, կարող եմ ասել, որ իրազեկվածության պատշաճ մակարդակ տարբեր հարթակներում կա: Ընդունվող բանաձևերը, այդ թվում նաև ոչ միայն բանաձևերը, այլև դատարանների՝ ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները խոսում են դրա մասին, որ միջազգային հանրությունը պատշաճ կերպով իրազեկված է: Սակայն, ցավոք սրտի, չի հաջողվել մինչև այժմ պատռել կամ ջարդել այն անտարբերության պատը, որը պետք է հայտարարություններից անցնի գործողությունների: Կան շահեր, և նրանք առաջնորդվում են իրենց շահերով, սպասարկում են իրենց շահերը: Եվ շատ հաճախ մարդու իրավունքների օրակարգը ուղղակի զոհաբերվում է տարբեր դերակատարների աշխարհաքաղաքական շահերին: Մեր հետագա աշխատանքը հենց սրան պիտի ուղղված լինի, նաև ինչ-որ առումով մեղադրականով ուղղված լինի միջազգային դերակատարներին, որ խոսքերից գործելու ժամանակը վաղուց հասել է: Եվ այդ գործիքները, ես իմ հաղորդման մեջ նշեցի, բազմաթիվ են: Ինչ վերաբերում է հասարակությանը իրազեկելուն, ապա ես կարող եմ ասել, որ համենայնդեպս այս պահին այս ճակատում առկա իրավիվիճակն այն է, որ մենք գործ ունենք միայն հայտարարությունների հետ: Գործնական քայլեր չենք տեսնում, պահանջում ենք և շարունակելու ենք պահանջել՝ ակնկալելով, որ ի վերջո գետնի վրա շոշափելի արդյունքներ կունենանք:

Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք: Տիկին Գրիգորյան, խնդրեմ:

Նելա Գրիգորյան – Պարոն Ստեփանյան, Ձեր պաշտոնավարման ընթացքում արձանագրե՞լ եք արդյոք Արցախի Հանրապետության Սահմանադրությանը ենթադրյալ հակասող որևէ օրենք կամ իրավական ակտ, եթե այո, ապա խնդրում եմ մանրամասնեք: Շնորհակալություն:

Գեղամ Ստեփանյան - Տիկին Գրիգորյան, անկեղծ ասած՝ օրենսդրությամբ մեր գործառույթը ոչ թե սահմանադրական արդարադատություն իրականացնելն է, այլ մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրության կատարելագործմանը նպաստելը: Այս պահին ես նշեցի, որ 40 իրավական ակտերի վերլուծություն ենք իրականացրել, որոնց հիման վրա ներկայացրել ենք 40-ից ավելի առաջարկություններ: Դրանք բոլորը միտված են եղել Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանության համար երաշխիքների ամրապնդմանը: Այս պահին կոնկրետ որևէ օրենք, որը Սահմանադրությանը հակասում է, չեմ կարող մատնանշել: Սա ընթացիկ աշխատանք է, և երբ որ մենք տեսնում ենք, որ այս կամ այն բնագավառում կա օրենսդրության կատարելագործման անհրաժեշտություն, որով և ավելի կզարգանա այդ իրավունքների պաշտպանության համար ստեղծված երաշխիքները, մենք դա իրականացնում ենք:

Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք, տիկին Գրիգորյան: Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսված է մտքերի փոխանակություն: Եթե ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկությո՞ւն, պարոն Ստեփանյան: Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք օրակարգային այն հարցերին, որոնք վերաբերում են օրենքների նախագծերին: Առաջինը Սահմանադրության փոփոխության նախագիծն է: Հիշեցման կարգով նշեմ, որ Ազգային ժողովի սույն թվականի մարտի 23-ին հերթական  նիստում Սահմանադրության փոփոխության նախագծի երկրորդ ընթերցմամբ  քննարկումն ընդհատվել է, և դիմել ենք Արցախի Հանրապետության Գերագույն դատարանին՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով: Գերագույն դատարանի 2023 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության 12-րդ գլխում փոփոխության կատարումը ճանաչվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ մեզ մնում է իրականացնել  հարցի վերջնական քվեարկությունը:

Այժմ քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության Սահմանադրության  փոփոխությունը»  ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 29, դեմ` չկա, ձեռնպահ՝ չկա:

Սահմանադրության փոփոխությունն ընդունված է

Շարունակում ենք մեր աշխատանքները: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ  և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը: Խնդրեմ, պարոն Առաքելյան:

Վահրամ Առաքելյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները առաջին հերթին պայմանավորված են հաշմանդամության պատճառական կապերի հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, տեղյակ եք, որ գործող օրենսդրության համաձայն եթե անձը հաշմանադամ է ճանաչվում և նրա հաշմանդամությունը պայմանավորված է զինծառայության ժամանակ ստացած վնասվածքով կամ առաջացած հիվանդությամբ, ապա բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը հաշմանդամության պատճառական կապի մասով ընդունում է այն ձևակերպումը, որը արձանագրված է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ և իրավասու չէ այն փոփոխելու: Ըստ այդմ՝ 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ստացած վնասվածքների և առաջացած հիվանդությունների դեպքում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացություններում սահմանվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերված հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնասվածքը, պատճառական կապը, ինչը առաջարկվում է ամրագրել նաև «Արցախի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում: Բացի դրանից, քանի որ 2017 թվականից հետո ըստ էության նշված օրենքում բովանդակային փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել, օրենքում առկա են հնացած, չկիրառվող, ինչպես նաև գործող այլ իրավական ակտերին չհամապատասխանող դրույթներ: Մասնավորապես առաջարկում եմ օրենքի դրույթները համապատասխանեցնել Արցախի Հանրապետության աշխատանքնային օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» և «Զբաղվածության մասին» օրենքներին, ինչպես նաև համահունչ դարձնել ներկա իրողություններին:  Շնորհակալություն ուշադրության համար:   

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Պարոն Առաքելյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

        Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

         Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, գործադիր իշխանության ներկայացուցիչը մանրակրկիտ ներկայացրեց օրենքի նախագիծը: Ինձ մնում է միայն հավելել, որ այն քննարկվել է գլխադասային հանձնաժողովի նիստում երկու անգամ՝ հաշվի առնելով, որ հանրային խորհուրդը գրավոր դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ լսումներ կազմակերպելու հարցով և ավելի մանրակրկիտ քննարկելու առումով: Այնուամենայնիվ, երկու քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք ընդունել այն որպես օրենք:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Չկա: Եզրափակիչ ելույթի համար, պարոն Առաքելյան:

Այժմ քվեարկության է դրվում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 28, դեմ` չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հաջորդ հարցը «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մասին հարցն է: Որպես հիմնական զեկուցող այն  լիազորված է ներկայացնելու  Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանը: Խնդրեմ:

Սրբուհի Արզումանյան - Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, պատգամավորներ, ներկաներ, օրինագծերի փաթեթի տեսքով ձեր քննարկմանը ներկայացվող թվով 6 օրենքներում կատարվող լրացումներից ու փոփոխություններից թերևս հիմնական վերանայումները վերաբերում են հիմնադրամների գործունեությանը: Տեղին եմ համարում որոշակի տվյալներ ներկայացնել, մասնավորապես, «Հիմնադրամների մասին» գործող օրենքի համաձայն՝ հիմնադրամների կողմից «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնող հիմնական մարմին է նշվում արդարադատության նախարարությունը՝ միաժամանակ օրենքով այլ իրավասու պետական մարմիններին ևս ստուգումների և ուսումնասիրությունների օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան վերահսկողական գործառույթներ վերապահելով: Մասնավորապես, արդարադատության նախարարությունը իրավասու է, կարող է հիմնադրամներին գրավոր նախազգուշացումից զատ սահմանված ժամկետներում հաշվետվությունը չհրապարակելու, արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու, նախարարություն հաշվետվությունը չներկայացնելու կամ նախազգուշացման պահանջները չկատարելու դեպքում դիմել դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:

Սույն գործառույթը փաստացի ապահովելու հարցում առկա են մի շարք օրենսդրական բացեր, որոնք խոչընդոտ են հանդիսանում հաշվետվողականության համակարգի ամբողջական ապահովման հարցում, մասնավորապես, տեղին է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.18-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելու կամ թերի հրապարակելու համար: Սակայն վերը նշված հոդվածով վարչական իրավախախտումների վերբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու մարմին նույն օրենսգրքի 2442-րդ հոդվածով սահմանվում է հարկային մարմինը: Այստեղ խոսք չկա արդարադատության նախարարության մասին: Բացի այդ հիմնադրամների կողմից ներկայացվող հաշվետվությունը պետք է պարունակի հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը: Այստեղից հետևություն, որ լիազոր մարմնի հստակեցման անհրաժեշտություն կա, և որպես լուծում առաջարկում ենք  արդարադատության նախարարության փոխարեն դիտարկել հարկային մարմինը, այսինքն՝ հիմնադրամների կողմից գործադիրին հաշվետու լինելու սկզբունք պահպանվում է, պարզապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կարգավորումների հաշվառմամբ նրանց գործունեությունը, այդ թվում վարչական պատասխանատվության տիրույթում վերահսկելու ավելի գործուն մեխանիզմ է առաջարկվում:

Այժմ ձեր դատին ներկայացված փաթեթի այլ օրինագծերի վերաբերյալ: «Կուսակցությունների մասին» օրենքի  34-րդ հոդվածի 2-րդ մասով կուսակցության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում՝ փոխանցվում բյուջե:

Քաղաքացիական օրենսգրքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հասարակական միավորումը լուծարվելու դեպքում նրա գույքն ուղղվում է հասարակական միավորման կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե, իսկ 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

«Բյուջետային համակարգի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և համայնքի բյուջեները` պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին` օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագրեր են: Տրված սահմանումից բխում է, որ պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն ձևավորվում է բացառապես դրամական միջոցներից: Միաժամանակ այլ գույքը չի կարող ամրակցվել որևէ մարմնի, քանի որ «Կուսակցությունների մասին» օրենքի, Քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» օրենքի դրույթներով հստակ ձևակերպված է, որ համապատասխան դեպքում գույքը փոխանցվում է պետական բյուջե: Արդյունքում խնդիր է ծագում դրամական միջոց չհանդիսացող գույքը համապատասխան մարմնին ամրակցելու հարցում, որի կապակցությամբ էլ առաջանում է Քաղաքացիական օրենսգրքում, «Կուսակցությունների մասին», «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Միաժամանակ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Արհեստակցական միությունների մասին» օրենքներով տրված են համանման կարգավորումներ, ինչը ևս կարող է հետագայում հանգեցնել նույնանման խնդրի: Հետևաբար այդ օրենքները ևս պետք է վերանայվեին:

Վերոհիշյալի հաշվառմամբ, պայմանավորված նաև ԱՀ կառավարության կազմի փոփոխությամբ, ելնելով լիազոր մարմինների հստակեցման, ինչպես նաև նշված օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած որոշ պրակտիկ խնդիրների լուծման անհրաժեշտությունից, մշակվել է սույն նախագծերի փաթեթը:

Ի՞նչ ենք ակնկալում օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների արդունքում: Նախ՝ «Հիմնադրամների մասին» օրենքը կհամապատասխանեցվի ԱՀ գործող օրենսդրությանը, և կվերացվեն գործնականում առաջացող խնդիրները: Ի թիվս տեխնիկակազմակերպական հարցերի հիմնական փոփոխությունների մասը վերաբերում է հիմնադրամի կողմից հիմնադրամների մասին պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող մարմնի վերանայմանը, տվյալ դեպքում հարկային մարմնին այսպիսի իրավունք վերապահելով, վերջինս է սահմանելու նաև հիմնադրամների կողմից հաշվետվությունների ձևն ու հրապարակման կարգը, որը հրապարակում է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ մամուլում կամ Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սահմանված ժամկետում «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը չհրապարակելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում հարկային մարմինը կկիրառի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Հաշվի առնելով, որ մենք հանձնաժողովային քննարկումների ժամանակ որոշակի հարցադրումներ ստացանք նաև, տեղին եմ համարում հիմա հանձնաժողովային քննարկումներից զատ որոշակի լրացումներ  ներկայացնել, մասնավորապես, ուզում եմ ընդգծել, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը կատարվել է 2020 թվականի մարտին Հայաստանի Հանրապետությունում լիազոր մարմինը սանկցիավորող Հայաստանի Հանրապետությունում ՊԵԿ-ին վերապահելով, մեր պարագայում՝ հարկային մարմին: Սա մեկ: Երկրորդ՝ քանի որ հանձնաժողովային քննարկումների ժամանակ հարց բարձրացվեց հիմնադրամների թվի մասով, նորից շեշտում եմ, որ, այո, Արցախի Հանրապետությունում գրանցված և գործում են 123 հիմնադրամներ: 123-ը հենց հիմնադրամներն են, և դրանցից հաշվետվություն 2022 թվականի վերաբերյալ ներկայացրել է 6 հիմնադրամ: Վերջին 10 տարվա վերլուծության արդյունքում պատկերը հետևյալն է. հիմնականում արդարադատություն ներկայացնելու խողովակով հաշվետվողականությունը կազմում է մոտավորապես 20 տոկոս, բավականին նվազ և սանկցիավորման գործիքակազմի բացակայության պայմաններում, այսպես ասենք, անհետևանք գործընթաց: Հիմնականում ինչու են ՊԵԿ-ի խողովակով և Հայաստանում ու նաև մեզ մոտ առաջարկում հարկայինի խողովակով, որովհետև այդ պետական մարմինը, ի դեպ, ինչպես իմ ելույթում նշեցի, ոչ թե կառավարությունը հաշվետվողականության ինստիտուտից հեռանում, այլ մի կառավարման մարմնից մյուսին է փոխանցվում, ավելի արդյունավետ վերահսկողական գործիքակազմ նկատի ունեմ, ներազդելու, այլ լծակներով ստուգելու, կիրառելու նպատակով: Այսքանը թերևս: Ինչ վերաբերում էր էլի հանձնաժողովային քննարկման ժամանակ տարբերակված մոտեցում կիրառելուն պետական մասնակցությամբ հիմնադրամների հիմնադիրների մասով, սա արդարացված չէ առնվազն Քաղաքացիական օրենսգրքի հավասարության սկզբունքի կիրառման կոնտեքստում: Ի դեպ, նշածս 2 հիմնադրամները, որոնք կարող են և հնարավոր է հենց խնդրո առարկա կամ քննարկման առարկա են դիտարկվել, համարվում են հիմնական հաշվետվություն ներկայացնողները: Այսքանը, շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, տիկին Արզումանյան: Եթե կան հարցեր զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Տիկին Արզումանյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Սևակ Աղաջանյան - Հարգելի գործընկերներ, «Հիմնադրամների մասին» օրենքի նախագիծը քննարկվել է կից նախագծերի փաթեթով, քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, և 4 կողմ, 1 ձեռնպահ ձայներով տրվել է դրական եզրակացության:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Աղաջանյան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Եզրափակիչ ելույթների ցանկություն չկա:

Այժմ քվեարկության է դրվում Հիմնադրամների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Արհեստակցական միությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Քվեարկությանը մասնակցել են 27 պատգամավոր:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, եկեք որոշենք ընդմիջման հարցը, տեսնենք ընդմիջումը հաշվի առնե՞նք, թե՞չէ:

Դավիթ Մելքումյան – Հարցերին բոլորս ծանոթ ենք: Եթե գործընկերները համաձայն են, կարճ ներկայացնենք, անցնենք, որովհետև նաև ուժային կառույցներից այստեղ կան մարդիկ: Այս ստեղծված իրավիճակում ավելի կարևոր գործեր կան: Եթե հարցեր կան պատգամավորների մոտ, ավելի շատ կենտրոնանանք դրա վրա, քան թե նախագծերը ներկայացնենք:

Գագիկ Բաղունց – Ընդունված է, պարոն Մելքումյան: Այնուամենայնիվ, եկեք կարգը պահպանենք: Նախ որոշենք ընդմիջման հարցը: Քանզի բոլորս էլ օգտվել ենք «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության իրացրած 20 րոպեանոց ընդմիջումից, ես առաջարկում եմ շարունակել մեր աշխատանքները: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Արամ Գրիգորյան – Պարոն Բաղունց, միանշանակ ընդունելի է միայն մի պայմանով, եթե ընդունվում է պարոն Մելքումյանի առաջարկը: Եթե չի ընդունվելու, ի՞նչ տարբերություն: Եթե արագացված ենք անում, հաշվի առնելով իրավիճակը, ընդմիջումը չանենք:

Գագիկ Բաղունց - Ես համոզված չեմ, որ արագացված տեմպով կտեղավորվենք մեկուկես ժամվա մեր աշխատանքային ռեգլամենտում, բայց ընդունված է: Կարծում եմ՝ բոլորս էլ այդ ոճով կշարունակենք մեր աշխատանքը:

Արամ Գրիգորյան – Պարոն Բաղունց, հաշվի առնելով, որ լրիվ դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծեր են, հանձնաժողովի նիստերում մանրակրկիտ քննարկվել են, եթե լիազոր մարմնի ներկայացուցիչները դեմ չեն, պատգամավորների մեծամասնությունը դեմ չէ, կարծում եմ՝ խոչընդոտ չի լինելու:

Գագիկ Բաղունց – Պարոն Գրիգորյան, այս երեք րոպեի քննարկումների ընթացքում մենք կարող էինք հնարավորություն տալ զեկուցողին համառոտ ներկայացնել հարցը:

Հարգելի գործընկերներ, օրակարգային հաջորդ հարցն է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող հրավիրվում է ներկայացնելու Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Գուրգեն Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան: Եվ խնդրում եմ հաշվի առնել մեր պատգամավորների առաջարկությունը:  

       Գուրգեն Հարությունյան – Այո, կարճ կներկայացնեմ: Հարգելի պատգամավորներ, գործընկերներ, պարոն Բաղունց, խնդրանքս՝ եթե հնարավոր է, անջատեն: Ձեզ եմ ներկայացնում Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը անհրաժեշտ է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների և կենսաթոշակառուների առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության, զինծառայողների պարտադիր բուժզննման, ինչպես նաև փորձաքննության ուղեգրման կարգերին առնչվող աշխատանքները կարգավորելու և համակարգելու նպատակով: Ներկա դրությամբ ծառայողները օգտվում են դեռևս 2004 թվականի ապրիլի 27-ի թիվ 176 որոշմամբ սահմանված կարգով, այսինքն՝ ոստիկանության պոլիկլինիկայից, հաշվի առնելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում 2021 թվականից գործում են ավելի մեծ քանակով մարտական ստորաբաժանումներ ու ներկայիս իրավիճակը, ուստի ցանկացած պատերազմական գործողություն վերսկսելու դեպքում նման անհրաժեշտությունը առաջնահերթ է լինելու: Վերոգրյալից ելնելով՝ 2022 թվականին Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է ռազմաբժշկական վարչություն, որի կազմում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվելու է ռազմաբժշկական հանձնաժողով, որի գործունեությունը, կարգն ու պայմանները սահմանելու է Արցախի Հանրապետության կառավարությունը, ստեղծվելու է ռազմական հոսպիտալ և պոլիկլինիկա, ինչի արդյունքում ապահովվելու է ծառայողների և նրանց ընտանիքների անդամների որակյալ բժշկական օգնությունը և սպասարկումը: Նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունների մասին օրենքը լրացնել բովանդակությունը համապատասխան փոփոխություններով: Ներկայացնելով նախագիծը՝ խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան զեկուցողին, խնդրում եմ հերթագրվել: Հերթագրվել է մեկ պատգամավոր: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան - Պարոն Հարությունյան, երկու նախադասությունով ստեղծված իրավիճակից՝ այս պահին սահմաններում ի՞նչ վիճակ է:

Գուրգեն Հարությունյան - Հարաբերական կայուն է: Կրակոցները կան քիչ քանակով, գիշերվանից հետո կայուն է: Այսօր առավոտյան է փորձ կատարվել, նռնականետով կրակել են, հեռվից են կրակել, սամալիկվիդացիա է գնացել, չի հասել մեր պոստ:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

Մարսել Պետրոսյան - Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը քննարկվել է պաշտպանության, անվտանգության և իրավապահպանության հանձնաժողովում, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այդ փոփոխություններին և լրացմանը:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրեմ: Մտքերի փոխանակություն: Խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի համար, պարոն Հարությունյան:

Քվեարկության է դրվում Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Քվեարկությանը մասնակցել է 27 պատգամավոր:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հաջորդ հարցը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանը:

Սրբուհի Արզումանյան - Շնորհակալ եմ: Հարգելիներ, ձեր քննարկմանը ներկայացված Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի մշակման պատճառը օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անձի կողմից չկատարելու դեպքում նրան պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական մեխանիզմների բացակայությունն է և այդ բացը լրացնելու անհրաժեշտությունը: Ներկայումս ունենք մի իրողություն, երբ գործող Քրեական օրենսգրքի 379-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների քաղաքացու կողմից չկատարելու համար, եթե այն կատարվել է վարչական տույժ նշանակելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն իրողությանը, այն հանգամանքին, որ քրեական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման դիտվում է մինչ այդ վարչական տույժ նշանակված լինելու և դրանից հետո մեկ ամսվա ընթացքում դատական ակտ չկատարելու փաստը: Այս նախապայմանը, սակայն, չի կարող գործարկվել մի պարզ պատճառով, այն է՝ վարչական տույժը նախատեսված է Վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքով, որը 2022 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել: Ստացվում է այնպես, որ տվյալ դեպքում Քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի փաստացի կիրառում հնարավոր չէ, հետևապես՝ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ չկան: Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ ենք համարել գործող Քրեական օրենսգրքի 379-րդ հոդվածը վերախմբագրել՝ միաժամանակ պահպանելով գործող օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված սանկցիաների տրամաբանությունը և հոդվածը շարադրելով նոր խմբագրությամբ: Ի դեպ, սանկցավորման առումով սույն օրենսդրական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունից տարբերվում է: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե հարցեր կան զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Տիկին Արզումանյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: Գլխադասային եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Սևակ Աղաջանյան - Հարգելի գործընկերներ, Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Չկան հարցեր: Պարոն Աղաջանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Ցանկացող չկա: Եզրափակիչ ելույթի համար չկա:

Այժմ քվեարկության է դրվում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Քվեարկությանը մասնակցել է 27 պատգամավոր:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա,  ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հաջորդ հարցը «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրան հարակից ևս 7 օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:

 

Դավիթ Պողոսյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Հարկերի մասին, Շահութահարկի մասին, Եկամտային հարկի մասին, Ակցիզային հարկի մասին, Ավելացված արժեքի հարկի մասին, Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին, Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ու Առևտրի և ծառայությունների մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես, Հարկերի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է հարկային մարմին ներկայացվող հաշվարկները հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում տուգանքի գանձումը իրականացնել այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար: Գործող օրենքով տուգանքի նշանակումը սկսվում է 2 ամսից հետո, ինչը բացասաբար է անդրադառնում հարկային կարգապահության վրա:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը չհամարել ձեռնարկատիրական գործունեություն:

       Շահութահարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է Արցախի Հանրապետությունում գրանցված հարկ վճարողներին Հայաստանի Հանրապետությունում պատկանող անշարժ գույքի օտարման գործարքից շահութահարկի հաշվարկն իրականացնել կադաստրային արժեքի 80 տոկոսի հիման վրա՝ գործող 100 տոկոսի փոխարեն՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում գույքի գնահատման արդյունքում էականորեն բարձրացվել է հարկման բազան: Նմանատիպ փոփոխություն առաջարկվում է կատարել նաև ավելացված արժեքի հարկի մասով:

Եկամտային հարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է անշարժ գույքի օտարման համար հիմք ընդունվող հարկման բազայի կադաստրային արժեքի և փաստացի հատուցման գումարի դրական տարբերությունը չհարկել եկամտային հարկով: Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում գործատուի կողմից գրանցման հայտի ներկայացման ժամկետը սահմանել նախապես՝ առնվազն մեկ օր առաջ, իսկ նոր աշխատողի կողմից աշխատանքի ընդունվելու օրը աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունվելու օրվա ժամը       14:00-ն:

Ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է ակցիզային հարկով չհարկել անմաքս առևտրի խանութի կազմակերպչին ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը: Նմանատիպ փոփոխություն առաջարկվում է կատարել նաև ավելացված արժեքի հարկի մասով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում ևս այն չի հարկվում: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ակցիզային հարկի հաշվարկի ներկայացման ժամկետը սահմանել մինչև յուրաքանչյուր ամսվա հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Առաջարկվում է նաև ակցիզային հարկի հաշվանցումը կատարել հարկային հաշիվը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու հաշվետու ժամանակահատվածում՝ առանց վճարում կատարած լինելը հաշվի առնելու՝ միասնականացնելով ավելացված արժեքի հարկի հաշվանցման սկզբունքի հետ:

Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է բեռնափոխադրությամբ միջնորդական գործունեությունը, որն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, համարել ԱԱՀ-ով չհարկվող օբյեկտ: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է էլեկտրամոբիլների ներմուծման և օտարման գործարքների մասով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին ու Բնապահպանական ու բնօգտագործման վճարների մասին օրենքների փոփոխությամբ առաջարկվում է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների ու բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկները օրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշացնելու կամ չներկայացնելու դեպքում տուգանքի գանձումը իրականացնել այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար:

Առևտրի և ծառայությունների մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանակը՝ ընդգրկելով էլեկտրոնային ծխախոտի արտադրանքը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ապրանքները ենթակա են դրոշմապիտակավորման:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պետական բյուջեի վրա ազդեցություն չի ունենալու:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե կան հարցեր զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Պողոսյան:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյան Հարգելի գործընկերներ, Հարկերի մասին և կից ներկայացված օրենքների փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Առաջարկվում է այն ընդունել որպես օրենք:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա:

Քվեարկության է դրվում քիչ առաջ ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը: Թույլ տվեք չկրկնեմ:

Քվեարկություն:

Քվեարկությանը մասնակցել են 26 պատգամավոր:

Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

 

Հաջորդ հարցը Զբաղվածության մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը:

Վահրամ Առաքելյան - Հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանը ներկայացված օրինագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Զբաղվածության մասին» օրենքի 11-րդ և 22-րդ հոդվածներում: 22-րդ հոդվածում առաջարկվող լրացման նպատակը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկելն է, մասնավորապես, առաջարկվում է 44-օրյա պատերազմի արդյունքներով թշնամու կողմից բռնազավթված բնակավայրերից տեղահանված լինելու հանգամանքը դասել աշխատաշուկայում գործազրկության անմրցունակության որոշարկման չափանիշների շարքին, ինչը տվյալ գործազուրկին հնարավորություն կընձեռի ընդգրկվելու զբաղվածության հետևյալ 2 ծրագրերում՝ առաջին՝ դա աշխատավարձի փոխհատուցման ծրագիրն է, երկրորդ՝ դա միանվագ փոխհատուցումների ծրագիրն է, որը պայմանավորված է անմրցունակ անձի աշխատատեղի հարմարեցման և նրա ունակությունների զարգացման համար: Օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող լրացման անհրաժեշտությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքից, որի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված մարմինների կողմից: Շնորհակալություն ուշադրության համար:

 Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր կան զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Առաքելյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է սացիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Օրենքի նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովի նիստում, ստացել է դրական եզրակացություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա:

Այժմ քվեարկության է դրվում Զբաղվածության մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Քվեարկությանը մասնակցել են 27 պատգամավոր:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգային հաջորդ հարցը Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը:

Արտեմ Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, կփորձեմ հակիրճ ներկայացնել Ոստիկանության մասին օրենքում կատարվող փոփոխության նախագծի հիմնավորումը: Հարկ է նշել, որ ներկայումս ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումներն իրավախախտում կատարած անչափահասների և նրանց դաստիարակության նկատմամբ բացասական ազդեցություն ունեցող ծնողների նկատմամբ իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքները իրականացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 1999թ թիվ 633 հրամանով հաստատված ժամանակավոր հրահանգի դրույթների համաձայն: Հաշվի առնելով, որ տարիների ընթացքում Արցախի Հանրապետության օրենսդրության մեջ տարբեր փոփոխություններ են իրականացվել և հրամանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետինն է, բավականին խնդրահարույց հարցեր են առաջացել: Ուստի նախագծով առաջարկվում է Ոստիկանության մասին օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր բովանդակությամբ, այսինքն՝ Արցախի Հանրապետության կառավարությանը լիազորել, որպեսզի անչափահասների հաշվառման և նրանց նկատմամբ իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքների համար կարգ սահմանվի կառավարության որոշմամբ՝ հետագայում այդ աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե հարցեր կան զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Հարությունյան:

Գլխադասային եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը: 

Մարսել Պետրոսյան- Շնորհակալություն: Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովը քննարկել է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը: Հանձնաժողովի վերաբերմունքը դրական է:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Չկան հարցեր: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկան: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Քվեարկությանը մասնակցել են 27 պատգամավոր:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգային հաջորդ հարցն է Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող հրավիրվում է ներկայացնելու Արցախի Հանրապետության ոստիկանապետ Արտեմ Հարությունանը: Խնդրեմ:

Արտեմ Հարությունան Հարգելի ներկաներ, օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում ներկայացված առաջարկությունների հիման վրա ենթարկվել է փոփոխության: Այժմ կներկայացնեմ նախագծի փոփոխված տարբերակը մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև սույն օրենքի ընդունման օրը ներառյալ ճանապարհային ոստիկանության կողմից քննարկվող վարչական իրավախախտումներ կատարելու համար վարչական ակտով տրանսպորտային միջոց վարելու հատուկ իրավունքից զրկված ձևով նշանակված տույժից և նշանակված տուգանքի գումարի կեսը վճարելու պարտականությունից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում նշանակված տույժի գումարի կեսը վճարվել է: Սակայն օրենքով նաև նախատեսվում է համաներում չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնք մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին 2021 թվականի օգոստոսի 26-ի N 95 օրենքով ազատվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժից: Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձինք կազատվեն վարչական պատասխանատվությունից, և որակավորման քննությունները հանձնելուց հետո կվերականգնվեն վերջիններիս վարելու իրավունքը, իսկ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո            3-ամսյա ժամկետում նշանակված տույժի գումարի կեսը վճարած անձինք կազատվեն տուգանքի գումարի մյուս կեսը վճարելու պարտավորությունից: Առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել, երկրորդ ընթերցումը նախաձեռնել 24 ժամվա ընթացքում, առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացություն ներկայացնելու մասին սահմանել առնվազն 3-ական ժամ:

Գագիկ Բաղունց - Առաջարկությունը ընդունվում է, շնորհակալություն: Հարցեր կա՞ն: Չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

        Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի   պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը: Խնդրեմ, պարոն Պետրոսյան:

        Մարսել Պետրոսյան - Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից քննարկվել է Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Հանձնաժողովի վերաբերմունքը դրական է եղել՝ որոշ վերապահումներով, քանի որ նիստի ընթացքում եղել են առաջարկություններ, որոնք, ըստ նախորդ զեկուցողի, ըստ օրենքի փոփոխություններ ներկայացնող հիմնարկի կատարվել են և առաջարկում եմ դրական արձագանքել այս սպասված որոշմանը:

            Գագիկ Բաղունց - Գլխադասային հանձնաժողովին հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Պետրոսյան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Եզրափակիչ ելույթներ: Չկան:

Քվեարկության է դրվում Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Հարգելի պատգամավորներ, քանի որ հիմնական զեկուցող պարոն Հարությունյանն առաջարկեց օրենքի նախագծի երկրորդ ընթերցման համար հատուկ ընթացակարգ, որը, Կանոնակարգի 60-րդ հոդվածի համաձայն, քվեարկվում է առանց քննարկման, ուստի առաջարկում եմ քվեարկել Ազգային ժողովի հաջորդ որոշման նախագիծը.

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 60-րդ հոդվածի  2-րդ մասի    3-րդ կետը՝ Արցախի  Հանրապետության Ազգային ժողովը  որոշում է.

  1. Առաջին ընթերցմամբ ընդունված Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
  2. Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Քվեարկություն:

Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, երկրորդ ընթերցման համար մեր աշխատանքը կշարունակենք վաղվա հերթական նիստում:

Օրակարգով նախատեսված հաջորդ հարցը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող հրավիրվում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ, պարոն Միրզոյան:

Ժիրայր Միրզոյան – ԱԺ հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կատարվող լրացումը պայմանավորված է Սահմանադրության փոփոխության արդյունքում նոր իրավակարգավորման կիրառման ընթացակարգը սահմանելու անհրաժեշտությամբ, մասնավորապես, լրացվող 149.1 հոդվածը սահմանում է ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության կազմակերպման և անցկացման իրավակարգավորումները: Նախատեսվում է մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ոչ շուտ քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրել Հանրապետության նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչև  գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը: Խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրում են  Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ոչ շուտ, քան 3, ոչ ուշ, քան 6 օր հետո: Հանրապետության նախագահի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո ԱԺ առաջիկա հերթական նիստում, իսկ այդ ժամկետում ԱԺ հերթական նիստ չանցկացվելու դեպքում իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկության հաջորդ օրը անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե նշված ընթացակարգով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 5-օրյա ժամկետում առաջադրվում են Հանրապետության նախագահի նոր թեկնածուներ, իսկ 7-օրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն: Հանրապետության նախագահը իր պաշտոնը ստանձնում է ընտրվելու օրվա հաջորդ օրը՝ Ազգային ժողովի նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե հարցեր կան զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Խնդրեմ:

Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Աղաջանյան: Մտքերի փոխանակության համար կարող եք գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա: Այժմ քվեարկության է դրվում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Շնորհակալություն, պարոն Միրզոյան:

Անցնում ենք «Պատգամավորների հայտարարություններին»: Հերթագրում: Հերթագրվել է մեկ պատգամավոր: Խնդրեմ, պարոն Պետրոսյան:

Մարսել Պետրոսյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, բոլորին քաջ հայտնի է, որ վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից հազիվ 3 ժամ անց Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Արցախի ժողովրդի հանդեպ: Դժվար է ասել՝ դա հստակ պատվե՞ր, անմտությո՞ւն, թե՞ ծրագրավորված հեռահար նպատակ հետապնդող նախաձեռնություն էր: Այսպես թե այնպես, այս սանձարձակ գործողությունն ունեցել է նախապատրաստական գործընթաց, որին ուշադրություն չենք դարձրել: Նախ այդ երկրի արտաքին գործերի նախարարն է հայտարարել, որ հրաժարվում են երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ապա այն լրացրել է պաշտպանության նախարարը՝ շեշտելով Արցախի զինուժի չեզոքացման հետ կապված Ադրբեջանի հնարավորությունների մասին: Մենք այս և նման հայտարարությունների տողատակերում խլրտացող վտանգները գնահատելու ունակություն չդրսևորեցինք՝ ինչպես սովորաբար: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Իսկ արդյունքն ավելի քան ողբերգական է, որովհետև ունենք զոհեր: Մեր խաղաղ բնակչությունն ամենևին էլ երաշխավորված չէ, որ առաջիկայում կբացառվեն նման սադրանքները: Չուսումնասիրելով 44-օրյա պատերազմի արդյունքները, չգնահատելով այն, չմշակելով հետագա գործողությունների, կոնկրետ քայլերի իրականացման ծրագիր՝ մենք շարունակում ենք ընթանալ իրադարձությունների հետևից՝ բացառելով որևէ նախաձեռնություն մեր կողմից: Երկու տարի ինը ամիսների ընթացքում որևէ դրական տեղաշարժ ոչ միայն չի գրանցվել, այլև օր օրի իրավիճակն ավելի է վատթարացել և շարունակում է վատթարանալ, որի համար որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել, չի կրում և նախանշաններ անգամ չկան, որ երբևէ կրելու է: Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, մինչ ե՞րբ ենք մարդկանց կերակրելու պատրանքներով, կեղծ թեզերով, օրակարգերով՝ շահարկելով նրանց անկեղծ ու մաքուր զգացմունքները: Ո՞րն է առաջ ընթանալու մեր օրակարգը, որո՞նք են մեր կողմերից արվելիք այն քայլերը, որոնք կարող են տանել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի հիմքերի հաստատմանը: Այս մասին Արցախի հանրությունը անտեղյակ է: Անտեղյակ է նաև, թե ով կամ ովքեր են պատասխանատվություն կրում բոլորիս բաժին հասած մեծ ու փոքր այս ողբերգությունների համար, որոնք հարցականի տակ են դնում Արցախի ու նրա   բնակիչների ֆիզիկական գոյությունը: Եվ վերջապես Արցախի ժողովուրդը հայտնվել է մի այնպիսի հորձանուտում, որը հնարավորություն չի ընձեռում կողմնորոշվել՝ մենք ընդունում ենք ադրբեջանական կողմի մարտահրավերը և շարունակում ենք զինված պայքա՞րը, միջազգային հանրության պահանջով դիմում ենք երկխոսությա՞ն, թե՞ ամեն ինչ թողնում ենք բախտի քմահաճույքին՝ շարունակելով քնած մնալ ուղտի ականջում: Արցախի անվտանգության երաշխավորի բացակայության ներկա պարագայում ո՞վ և ովքե՞ր են պատասխանատվություն կրում ստեղծված իրավիճակի համար: Ժողովուրդը պարտադիր կարգով պետք է ստանա … (ձայնագրությունն ընդհատվում է)