«Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին

 

 

                                                                              

  Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 29-ին

 

 

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի ՀՕ-6-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 149.1-ին հոդվածով.

«Հոդված 149.1. Հանրապետության նախագահի ընտրությունն Ազգային ժողովի կողմից՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում

  1.  Մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը:

 

2. Խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրում են Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 3 և ոչ ուշ, քան 6 օր հետո:

3. Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է խմբակցության գրա-վոր դիմումով, որտեղ նշվում են Հանրապետության նախագահի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունը, ազգանունը: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցության ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

4. Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ապահովման դեպքում քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստ չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

5. Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասական րոպե.

 

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև մեկ ժամ.

 

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև տասնհինգա-կան րոպե:

6. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:

7. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` հաջորդ օրն անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

8. Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

 9. Եթե Սահմանադրության 168.1-ին հոդվածով սահմանված ժամկետում Հանրա-պետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի նոր թեկնածուներ, իսկ յոթնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

10. Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելու օրվան հաջորդ օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ: Նիստի գումարման վայրը, օրը և ժամը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

      2023 թվականի հուլիսի 14

      Ստեփանակերտ

      ՀՕ-30-Ն