Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 28-ին

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի 379-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 379 Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը

 

1. Օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ տվյալ ակտի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազա-տազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պաշ-տոնեական դիրքը կամ ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:»։

 

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  

 

      2023 թվականի հուլիսի 14

      Ստեփանակերտ

      ՀՕ-19-Ն