ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ելույթը խորհրդարանի հերթական նիստում
28 հունիսի 2023

«Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին ու արժանապատվորեն ապրելու սեփական հայրենիքում». Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ելույթը խորհրդարանի հերթական նիստում

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք ստացավ մարտի 5-ին և հունիսի 28-ին:

Այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից և ԱԹՍ-ներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի արցախյան դիրքերի և ռազմական օբյեկտների ուղղությամբ: Ադրբեջանական հերթական սանդրանքի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ:

Հավերժ փառք Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը զոհած հայորդիներին:

Մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր նահատակների անմար հիշատակը:

Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին:

Սիրելի´ հայրենակիցներ

Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է:

Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու:

ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը:

Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը:

Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը: Եվ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:

Բարձր ենք գնահատում ԵԽԽՎ-ի «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա- Արցախ բարեկամության շրջանակի « Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը:

Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

Իսկ Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին ու արժանապատվորեն ապրելու սեփական հայրենիքում:

ԼՈՒՐԵՐ