ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԺԱՄԸ  23:00

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Բարի երեկո բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ սույն թվականի մայիսի 22-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:  

Առաջարկվել է 2023 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 23:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը, հիմնական զեկուցող` պատգամավոր Վահրամ Բալայան: Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, և համապատասխան եզրակացությունով  պատրաստ ենք այն քննարկելու, ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին: Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:

Գրանցում:

Ներկա են 30 պատգամավորներ:

Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:

Սիրելի՛ հայրենակիցներ, մի առիթով Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ասել է. «Աստված իշխանության մեջ չէ, այլ՝ ճշմարտության»: Մեր ճշմարտությունը մեկն է, այն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Ավելի վաղ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թե՛ ԽՍՀՄ օրենսդրության նորմերին, թե՛ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը, անտեսելով ու զրոյացնելով ԼՂՀ Անկախության հռչակագիրը, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86,6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների անվտանգության հարցը պետք է քննարկվի                                 Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ:

Ի̉նչ իրավունքների անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ՝ շարունակելով դեռևս 80-ականներից սկսած Արցախի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը:

Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի՝ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը, սատար կանգնել արցախահայության՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու անշեղ և վճռական կամքին:

Հարգելի՛ պատգամավորներ, մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք: Յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար: Յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք ունի այս ծանր ժամանակահատվածում: Հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը պաշտպանելը՝ մասնագիտություն: Աստված զորավիգ Հայաստանի և Արցախի Հանրապետություններին: Շնորհակալություն:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնելու համար հրավիրվում է պատգամավոր Վահրամ Բալայանը:

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ  Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։    

         Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա  հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։    

         Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված  աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։

Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի մայիսի 22-ի արած հայտարարությունները, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան։

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բալայան: Անցնում ենք հարցերին: Խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Խնդրում եմ զբաղեցրեք Ձեր տեղը:

Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Բաղդասարյանին: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:

Դավիթ Բաղդասարյան Շնորհակալություն: Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը քննարկվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, և միաձայն տրվել է դրական եզրակացություն:

Արթուր ԹովմասյանՀարցեր պարոն Բաղդասարյանին: Չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել:

Գրանցում:

Գրանցվել են 6 պատգամավորներ: Ես ընթերցում եմ, եթե կա, ավելացնենք: Աշոտ Դանիելյան, Մետաքսե Հակոբյան, Գեղամ Ստեփանյան, Արթուր Հարությունյան, Արթուր Մոսիյան, Դավիթ Գալստյան: Կա՞ ուրիշ: Մարսել Պետրոսյան: Դավիթ Մելքումյան: Վե՞րջ: Եղավ: Պարոն Դանիելյան, խնդրեմ, թող պատրաստվի Մետաքսե Հակոբյանը:

Աշոտ Դանիելյան - Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի հարցի հակամարտությունը առանձին Արցախի հարց չէ: Սա միասնական Հայաստանի և ընդհանրապես Հայաստան ունենալու հարց է: ՀՀ վարչապետի զբաղեցնող կապիտուլյանտը ամեն մի հանդիպման ժամանակ աշխարհագրական որևէ վայրում` դա կլինի Պրագայում կամ Բրյուսելում, խորացնում է Արցախի հանձնման գործընթացը: Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրավունքները կապիտուլյանտին հետ պահելու այդ քայլերից: Հայ ժողովրդի ներդրումը արցախյան շարժման և ընդհանրապես ազատագրական պայքարին մեծ է և անգնահատելի: ՀՀ որևէ իշխանություն չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս և նման տեսակետներ և մոտեցումներ չի ունեցել, ինչպես այս ազգակործան պատուհասը: ՀՀ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է և վերջ, որը բերեց բանակցությունների տապալման կամ փակուղի տարավ, հետո` պատերազմ: Պատերազմից հետո երբևէ Հայաստանի իշխանության որևէ հրապարակային ելույթներում խուսափում էին նման հայտարարություններից, հիմա ասում են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս: Նախ պետք է նշեմ, որ կապիտուլյանտը իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթղթի տակ, որտեղ Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս: Այդ փաստաթուղթը կհակասի ՀՀ Սահմանադրությանը և 1992 թվականի Գերագույն խորհրդի ընդունած որոշմանը: Այսօր նժարին դրված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը, և մեր ճակատագիրը որոշելու որևէ մեկին դա չի տրվել և չի տրվելու: Կապիտուլյանտը իր իսկ կառավարության ծրագրում ԼՂ հարցով կա դրույթ, ըստ որի հետամուտ պետք է լինի Արցախի ինքնորոշման իրացմանը, որը իրավունք ունի ԱՀ ժողովուրդը: Եվ եթե ազգակործան պատուհասը ստորագրեց որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դա պետական դավաճանություն է:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի Գեղամ Ստեփանյանը:

Մետաքսե Հակոբյան - Երբ 2018 թվականի Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը ու նրա թիմակիցները հայտարարեցին, որ իրենց չակերտավոր հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան գոյամարտը, արդեն իսկ ակնհայտ էր՝ սկսվել էր Արցախի հանձնումը: Բնականաբար, չէին կարող սուսուփուս իրականացնել դավադիր պլանը: Անհրաժեշտ էր պատերազմ: Թավշյա հեղափոխականները չխորշեցին և զոհասեղանին դնելով հազարավոր մատաղ կյանքեր՝ իրագործեցին իրենց հայակործան պլանի մի մասը: Պլանն ավարտին հասցնելու համար պիտի «վստահության քվե» շոուն կազմակերպեին և ձեռք բերեին «երկաթե մուրճ», որը հենց պիտի իջներ հայկականության գլխին:

Հատկանշական է, որ այդ խմբի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից մեկը Արցախի Հանրապետության անջատումն էր հանուն փրկության, որն այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չխնայելով համոզում էր, որ այն, ըստ իրենց, կեղծ է և անիրագործելի: Եվ այսօր այդ խմբակը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հատուկ նշելով 86.600 քառակուսի կիլոմետրը, որպեսզի Ալիևին հավաստիացնի, որ ինքը հավատարիմ է և չի շեղվում Արցախը հանձնելու պլանավորած գործընթացից: Սակայն Նիկոլ Փաշինյանն այստեղ վրիպում է. Արցախը հայկական է, ունի դարերում կերտած պատմություն, այնտեղ են հայկական խորը արմատները: Ողջ պատմության ընթացքում պատվավոր հայերը արյունով են պահել, պահպանել, սրբացրել ու փոխանցել են ինձ, ձեզ, մեզ` 10 միլիոն հայերիս, և Արցախը շարունակում է իր հայկականությունը այստեղ ապրող 120.000 հայերով: Փաշինյանին միայն թվում է, որ նման հակահայ հայտարարություններով կամ դավաճանաբար փաստաթղթեր ստորագրելով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին: Արցախի Հանրապետության սահմանները արյունով են գծված, իսկ արյան հիշողությունն անջնջելի է:

Հասկանալի է ու պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու և փորձելու է փլուզել մեր միասնականությունը, մեր պետական ինստիտուտները, մեր անվտանգային համակարգը, ուստի Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում եմ վերանայել և փոխել իրենց վարքագիծը, ամեն գնով ամրապնդել և պահպանել բոլոր պետական ինստիտուտները, այլ ոչ թե ինչ-ինչ խորհուրդներ, հանձնաժողովներ ու կոմիտեներ ստեղծելով խարխլել պետական ինստիտուտների հիմքերը՝ դրանով ջուր լցնելով Նիկոլի ջրաղացին:

Արցախը դարեր շարունակ դիմակայել է բազմաթիվ գոյութենաբանական փորձությունների: Վստահ եմ՝ կդիմակայի Նիկոլին ևս:

Եվ վերջում ուզում եմ հիշեցնել 2022 թվականի ապրիլի 14-ին այս բարձրադիր ամբիոնից արածս հայտարարությունս. «Ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, նա պետական դավաճան է»: Շնորհակալ եմ:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, տիկին Հակոբյան: Պարոն Ստեփանյան, խնդրեմ: Թող պատրաստվի Արթուր Հարությունյանը:

Գեղամ Ստեփանյան - Հարգելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, արդեն որերորդ անգամ Արցախի խորհրդարանը արտակարգ ռեժիմով հավաքվում է արտահայտելու Արցախի ժողովրդի կամքը, վերահաստատելու Արցախի դիրքորոշումն ու պահանջը ինքնորոշման իրավունքից չշեղվելու մասով: Հավաքվում ենք ոչ թե Ադրբեջանի կամ միջազգային հանրության ոչ հայանպաստ հայտարարություններին արձագանքելու, այլ ցավալիորեն մայր հայրենիքի իշխանությունների՝ մեզ երաշխավորված կործանման տանող հայտարարություններին պատասխանելու: Ընդամենը մի քանի տարի առաջ անգամ ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ Արցախի խորհրդարանը ստիպված կլինի գրեթե ամեն ամիս իր հայտարարություններով փորձել զսպել Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկող հայաստանյան իշխանությունների հայտարարություններին ու դրա գործնական իրականացմանը միտված քայլերին: Սա մղձավանջ է, ոչինչ ավելին: Սկզբից հայտարարվեց նշաձողը իջեցնելու մասին, հետո հայտարարվեց, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, հետո ինքնորոշման իրավունքից նահանջ կատարվեց դեպի իրավունքների և անվտանգության մասին անհասկանալի և անորոշ ձևակերպումներին, իսկ այսօր արդեն Հայաստանի իշխանությունները բացահայտ հայտարարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունելու մասին 86.600 քառակուսի կմ տարածքով՝ ներառյալ Արցախը։

Հայաստանի իշխանությունների՝ հինգ տարի շարունակվող քաղաքական աճպարարություններն ու մանիպուլյացիաները, սեփական ապիկարությունն ու անհեռատես քայլերը միջազգային հանրության կամ նախկինների վրա բարդելու չվերջացող զառանցանքները մեզ ամեն օր տանում են դեպի կործանարար հետևանքների։ Հիմա էլ ասում են՝ հասել ենք, իջեք։

Սիրելի քույրեր և եղբայրներ Հայաստանում և Սփյուռքում, օրհասական վիճակում գտնվող Արցախը փրկելու, որդեգրած ուղուց չշեղվելու Հայաստանի իշխանություններին ուղղված մեր կոչերն ու հորդորները միտումնավոր և դիտավորյալ կերպով որակվում են անհասկանալի։ Էլ ինչպե՞ս ասենք, որ հասկանան։

Հայաստանի իշխանությունների նպատակներն ու գործողություններն այլևս պարզից էլ պարզ են, իսկ դու՞ք, սիրելի հայրենակիցներ։ Դուք ինչպե՞ս եք ապրելու հայրենիքը կորցրածի և 120.000 հայրենակիցներին բախտի քմահաճույքին հանձնածի խարանով։ Ինչպե՞ս եք արդարանալու պատմության առաջ ձեր անտարբերության ու անգործության համար։ Ինչպե՞ս։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Իսկ սահմաններն արդեն հատվել են վաղուց։ Դուք արդեն իսկ պետք է հասկանայիք, որ «Արցախը տանք ու պրծնենք» կեղծ ու շինծու թեզը այսօր հասել է Սյունիքին, Տավուշին, Գեղարքունիքին, Վայոց ձորին։ Վաղը հասնելու է ձեր դուռը՝ խոստանալով, որ ապագա կա։ Դուք պետք է հասկանայիք, որ մեր տունը քանդողը պարտվողականությունն է և այդ պատվողականությունը արդարացնելու համար ամեն անգամ թվացյալ անկեղծությամբ հորինվող նոր ստերը։  Այո, սահմանները հատվել են, երբ թիրախավորվում է հայ առաքելական եկեղեցին, երբ բռնի ուժի են ենթարկվում կամ կալանավորվում են մեր սուրբ նահատակների ծնողները, երբ ստիպում են մոռանալ Արարատը՝ փոխարենը մտածել Արագածի մասին, երբ ցեղասպանության վրիժառուներին նվիրված կոթողի կանգնեցումը համարվում է սխալ որոշում ու նման բազմաթիվ կարմիր գծերի հատում։

Հարգելի հայրենակիցներ, ընդունեք այս խոսքերը որպես արցախահայերի որդիական աղերսանք՝ ամեն գնով կանգնեցրեք պատմության կործանարար ընթացքը, հակազդեք Արցախի վերջնական կորստին տանող հայաստանյան իշխանությունների գործողություններին, մի թողեք, որ վաղը պատմության աղբարկղ նետվելիք այսօրվա իշխանությունները փակեն հայ ժողովրդի պատմության վերջին էջը։

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Խնդրեմ, պարոն Հարությունյան, թող պատրաստվի Արթուր Մոսիյանը:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հնչեցված մի շարք մտքեր մեզ համար անընդունելի են: Ձևախեղված է խաղաղության բանաձևը և որպես դրան հասնելու գին ներկայացված է Արցախը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ  իշխանությունների հիմնավորումները զուրկ են իրավական, քաղաքական և պատմական հիմքերից: Ադրբեջանի կոմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման անհրաժեշտության որպես հակադրություն ներկայացված է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որն ինքնին վտանգավոր է ազգային միասնության խաթարման և հայությունը երկու բևեռների բաժանելու տեսանկյունից:      Կասկածի տակ է դրվում Արցախի ժողովրդի կամարտահայտությանը վերաբերող միակ լեգիտիմ փաստաթուղթը, այն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է որպես անկախ պետություն: Ընդ որում` այդ հանրաքվեն թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից, թե՛ ԽՍՀՄ օրենսդրության տեսանկյունից եղել է օրինական: ՀՀ վարչապետի կողմից շատ անգամներ հիշատակվում է Մադրիդյան սկզբունքները և նմանատիպ այլ աշխատանքային փաստաթղթեր, որոնք չեն արժանացել կողմերի հավանությանը և չեն կարող ունենալ իրավական հիմք: Դա արվում է բացառապես սեփական հիմնազուրկ քայլերը հիմնավորելու համար: Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ապա այստեղ էլ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Պատերազմի սպառնալիքի տակ հայ ժողովրդի և Արցախի հաշվին ստորագրված խաղաղությունը չի կարող ամուր հիմքեր ունենալ, ընդհակառակը, խաղաղության անվան տակ տարածաշրջանը կարող է ընկնել նոր պատերազմների մեջ, որը, ըստ ամենայնի, կունենա անկանխատեսելի մասշտաբներ ու հետևանքներ:  Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Խնդրեմ, Արթուր Արմենի, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Արթուր Մոսիյան - Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի մանրամասներին մեր գործընկերներից շատերը արձագանքեցին, և ես չեմ անդրադառնա այն հակաիրավական գործընթացին, որը փաստորեն խախտում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության Սահմանադրությունները ու Գերագույն խորհրդի որոշումները, այլև մի շարք ասպեկտներ: Ես կցանկանաի անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարություններին, որ փաստորեն նա խաբել է ոչ միայն արցախահայությանը, այլև սեփական ժողովրդին: Հարյուր հազարավոր քվեներ ստանալու մանիպուլյացիաները արդեն չեն անցնի, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր ծրագրում ուրիշ բան էր նախատեսել Արցախի համար և փաստորեն ստացվում է, որ նա խաբել է ոչ միայն արցախահությանը, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ասում էր, որ մենք պետք է Արցախի համար ունենանք այնպիսի լուծում, որ բավարարեր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդին: Փաստորեն Նիկոլ Փաշինյանը բերում է լուծում, որը բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի ժողովրդին, բայց ոչ երբեք Հայաստանի ու Արցախի ժողովրդին: Կամ էլ Հայաստանի ժողովուրդ ասելով նա հասկանում էր իրեն և ՔՊ վարչախումբը: Եվ ամեն անգամ մեր հայտարարություններին արձագանքում է, որ ճիշտ չեն հասկացել: Ես մի անգամ էլ եմ հարցնում՝ այդ ինչպե՞ս ես ասում, որ ամբողջ հայ ժողովուրդը հասկանում է մի ձև, դուք և ձեր վարչախումբը ՔՊ- ական հասկանում եք ուրիշ ձև: Ակամայից հիշում եմ Հովհաննես Թումանյանի Չարի վերջը պատմությունը, որտեղ գիտեք կկվի պատմությունը, և այսօր Հայաստանի իշխանությունները գործում են կկվի հոգեբանությամբ: Այլ հարց է, որ կա մի տարբերություն. այնտեղ կկուն կարող է միամիտ է, արդյո՞ք միամտությամբ են այսքանը անում: Ես կարծում եմ, որ 2018 թվականի թավշյա կոչվող հեղաշրջումը ուներ մեկ նպատակ, դավադիր ծրագիր՝ Հայաստանը մասնատելու: Ժամանակին երբ մենք խոսում էինք դրա մասին, մեր հայրենակիցներից շատերը մեզ քաղաքական շահարկումներում էին մեղադրում: Պատմությունը ցույց տվեց, որ իրականում մենք հասանք այն օրին, ինչ ասում էինք: Սակայն պատմությունը կրկնվելու փորձ ունի և պատմությունը շատ դաժան է նրանց հանդեպ, ովքեր անհրաժեշտ դասեր չեն քաղում: Ես ցանկանում եմ արդեն Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբին դիմելը անիմաստ է, որովհետև մենք նրանցից սպասելիք և պահանջելիք չունենք: Ես դիմում եմ մեր ողջ հայությանը՝ օր առաջ կանգնեցնելու, կտրելու այդ դավադիր ձեռքը, այլապես մենք չենք ունենա ոչ միայն Արցախ, այլև մայր Հայաստան: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, Արթուր Արմենի: Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի Մարսել Պետրոսյանը:

Դավիթ Գալստյան - Սիրելի հայրենակիցներ, ողջունելով այս ամբիոնից հնչած իմ գործընկերների բոլոր կոչերը և հայտարարությունները` միանում եմ այդ բոլոր կոչերին և իմ խոսքը ուզում եմ ուղղել հիմնականում Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, անկախ ծննդով որտեղից են՝ դա մեր Հադրութից տեղահանվածներն են, թե սյունեցիներն են, թե Գեղարքունիքի մարզում բնակվողները: Թույլ մի տվեք այս կործանարար իշխանության առաջնորդ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին կործանել Արցախը: Դեռ հնարավորություն կա դեմը առնելու այս պարտության շղթային և մեր ու ձեր ջանքերի շնորհիվ է, որ կարող է փրկվել Արցախը: Տեր կանգնեք Արցախին, քանզի Արցախը դա մենակ արցախցիներինը չէ, այլ ամբողջ հայությանն է: Նորից եմ կրկնում` թույլ մի տվեք այդ կործանարար իշխանությանը այսօր սկուտեղի վրա Արցախը մատուցել Ադրբեջանին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն պարոն Գալստյան: Խնդրեմ պարոն Պետրոսյան:

Մարսել Պետրոսյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, մենք արդեն կորցրել ենք այն թիվը, թե այս երկուսուկես տարիների ընթացքում քանի անգամ ենք հանդես եկել հայտարարությամբ և, ըստ էության, կարելի է ասե՝լ ձայն բարբառո հանապատի: Եվ ոչ մի արդյունք: Առավել ևս ցավալի է այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս իշխանության մի խումբ ներկայացուցիչներ մեր հայտարարությունները համարում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Ես կուզենայի այս ամբիոնից ասել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին՝ ոչ նախկինում, ոչ երեկ, ոչ էլ այսօր, որովհետև Լեռնայի  Ղարաբաղը դա սովորական տարածք չէ, Լեռնային Ղարաբաղը դա երկիր է, հայրենիք է, օջախ է: Եվ եթե ոմանց թվում է, թե Լեռնային Ղարաբաղը իրենց սեփական կալվածքն է ու ցանկության դեպքում ում ուզենան կարող են փոխանցել, չարաչար սխալվում են: Լեռնային Ղարաբաղի ողջ պատմությունը հագեցած է պայքարով: Այդ պայքարը վաղուց է, այդ պայքարը շարունակվում է նաև այսօր: Փաստորեն այսօր մենք մեր ուսերին կրում ենք այն ծանրությունը, որ պատմությունը առաջադրել է մեզ բոլորիս: «Միասնական հայրենիք» խմբակցությունը պայքարել, պայքարում է և պայքարելու է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները իրականացնելու ու կենսագործելու համար: Մենք ոչինչ չենք խնայելու այդ նպատակին հասնելու համար՝ անկախ նրանից, թե ովքեր որտեղ ինչպես են մտածում, ինչ վերաբերմունք, ինչ տեսակետ, կարծիք ունեն Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի հանդեպ: Ես ավելի քան համոզված եմ, որ ամեն ինչ չէ, որ կորած է: Մենք փաստորեն կարող ենք սկսել այդ պայքարը նորից և այն պսակել հաջողությամբ՝ ի լուր աշխարհի ներկայացնելով մեր խառնվածքը, մեր բնավորությունը, մեր հաստատակամությունը, որ մենք մտադիր ենք այս տարածքում ապրել, ստեղծագործել, կառուցել և դա մենք անելու ենք ի հեճուկս բոլոր հակառակորդների՝ դրանք  լինեն հարազատ հակառակորդներ, թե իրական հակառակորդներ: Շնորհակալություն: 

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, միասին ենք դա անելու:

Այժմ եթե եզրափակիչ ելույթների ցանկություն կա, խնդրեմ:

Հիմա քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:

Քվեարկություն:

Կողմ` 30, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Հայտարարությունն ընդունված է:

Ավարտեցինք օրակարգային հարցի քննարկումը: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Ցտեսություն: