‹‹Դատական ակտերի հարկադիր կատարման մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2011թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) քաղաքացիական և վարչական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը    

 

1. Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրով: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

 2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է օրենքով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասում «Ներկայացվողի անունից տրված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինեն ներկայացուցչի հետևյալ լիազորությունները» բառերը փոխարինել «Ներկայացուցիչը կարող է իրականացնել հետևյալ լիազորությունները, եթե դրանց մասին հատուկ նշում կա լիազորագրում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «դատարանը» բառը փոխարինել «առաջին ատյանի դատարանը (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը «է» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 «Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանն այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «Կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «առաջին անգամ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:»:

 

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում «պաշտոնը և անունը» բառերը փոխարինել «պաշտոնը, անունը և ազգանունը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից, իսկ օտարերկրյա դատարանի դատական ակտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու դատարանի կողմից բավարարվելու դեպքում` տվյալ դատարանից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:»:  

2)  2-րդ մասից հանել «, եթե կատարողական վարույթ հարուցելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 31-րդ  հոդվածի  1-ին  մասը  «որոշումը»  բառից  հետո լրացնել «, կամ կատարողական թերթը ներկայացնելիս չեն պահպանվել  սույն օրենքի 11-րդ, 12-րդ կամ 20-րդ հոդվածներով նախատեսված պահանջները» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ  բովանդակությամբ  «դ» կետով.

«դ) դա նախատեսված է կատարողական թերթով:»:

 

Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե դատարանի որոշման հիման վրա կասեցվել է կատարողական գործողությունների մի մասը, ապա մնացած մասով կատարողական գործողությունները շարունակվում են:»:

 

Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի`

1) 1-ին մասում`

ա. «է» կետը «անբավարարության պատճառով» բառերից հետո լրացնել «կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ  «ը» և «թ» կետեր.

«ը) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան.

թ) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:».

2) 3-րդ մասում`

ա. ««ե» կետով սահմանված դեպքի» բառերը փոխարինել ««բ» և «ե» կետերով սահմանված դեպքերի» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:»:

 

Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից.».    

2) «թ» կետը «պարտապան-իրավաբանական անձը» բառերից հետո լրացնել «կամ պահանջատեր-իրավաբանական անձը» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը

 

1. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը կատարվում են սույն օրենքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 15. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացին կամ պաշտոնատար անձը հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու դեպքերում ենթակա է օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվության:»:

 

Հոդված 16. Օրենքի 72.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     

          ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                          Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

         28 դեկտեմբերի 2011թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-85-Ն