ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժամը 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի օր բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան աշխատանքներ են տարվել օրենսդրական նախաձեռնությունների մասով, և պատրաստ ենք սկսելու Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքները: Մինչև նիստի աշխատանքներին անցնելը եկեք բոլորս միասին ծափահարություններով ողջունենք տիկին Մելքումյանին. այսօր նրա ծննդյան օրն է: Նրան ցանկանանք հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում:
Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Ներկա են այս պահին 29 պատգամավորներ:
Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված են պարտադիր քննարկման ենթակա «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին» հարցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված են նաև գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ներկայացրած հետևյալ հարցերը․
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
- «Համաներման մասին»,
- «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
- Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:
Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, խնդրեմ:
Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն։
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Գագիկ Բաղունց – Ազգային ժողովի 2023 թվականի մայիսի 18-ի նիստի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Մայիսի 18-ի հերթական նիստի օրակարգի նախագծի առաջին բաժնում որպես պարտադիր քննարկման ենթակա հարց ներառվել է «Արցախի Հանրապետության պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին» հարցը: Այսօրվա նիստի օրակարգում են նաև գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացությամբ ստացված հետևալ օրենքների նախագծերը.
- «Համաներման մասին»,
- «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
- «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»: Վերջում, ինչպես միշտ, «Պատգամավորական հայտարարություններ»:
Հարցեր կա՞ն այսօրվա նիստի օրակարգի հետ կապված:
Եթե հարցեր չկան, քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2023 թվականի մայիսի 18-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն։
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Մինչև նիստի օրակարգի հարցերին անցնելը ուզում եմ հանդես գալ հայտարարությամբ:
Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: Դուք գիտեք, ես նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ, որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են: Պարոն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, Դուք չեք խառնվել Ազգային ժողովի գործերին: Ես մոդել եմ առաջարկել: Այդ մոդելը հետևյալն է. ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինն եմ առաջարկել, որը մեզ փրկել է 90-ական թվականներին: Դա «Պետական պաշտպանության կոմիտեն» է: Եվ երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու: Եվ ես չգիտեմ նրանց կարծիքը: Շատ հնարավոր է, որ հրաժարվեն: Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ինչո՞ւ: Հարցեր մի տվեք: Պարոն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է ես առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ, կամ դրեք Ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը Ձեզ չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Դա չի նշանակում, որ Դուք հրաժարական տաք, Արթուր Թովմասյանը լինելու է երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը Ձեզ չվստահեց, ես էլ եմ հեռանում:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք օրակարգով նախատեսված «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին» հարցին: Առաջնորդվում ենք «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 124-րդ հոդվածով, որի համաձայն` մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:
Սահմանված ժամկետում Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից առաջադրվել է թեկնածու՝ թափուր մնացած պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար: Ինչպես նախատեսված է Կանոնակարգի 121-րդ հոդվածով, պաշտոնում ընտրվելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկելիս մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, հաջորդը՝ մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուն, ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել պատգամավորների կողմից, այնուհետև՝ մտքերի փոխանակություն և մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներ:
Այժմ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ «Միասնական հայրենիք» խմբակցության քարտուղար Դավիթ Բաղդասարյանին:
Դավիթ Բաղդասարյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, սույն թվականի մայիսի 4-ին տեղի ունեցած «Միասնական հայրենիք» խմբակցության նիստում քնարկվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրվելու հարցը: Ինչպես նշեց պարոն Թովմասյանը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 124-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նիստը որոշեց Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի թափուր պաշտոնում առաջադրել պատգամավոր Մարսել Հայկազի Պետրոսյանին:
Արթուր Թովմասյան - Եղավ, մեկը կա, գրավոր ինձ ներկայացրել են: Բայց խորհրդարանը իրավունք ունի, նաև մյուս խմբակցությունները, եթե կա այլ թեկնածու, խնդրեմ, կարող եք առաջադրել մինչև հարցերը առաջին թեկնածուին ներկայացնելը: Շնորհակալություն: Այլ թեկնածու չկա: Հիմա հարցեր պարոն Բաղդասարյանին:
Գրանցում:
Տիկին Հակոբյան, խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան - Կխնդրեի պարզաբանում՝ ինչո՞վ է պայմանավորված հանձնաժողովի նախագահի հրաժարականը:
Դավիթ Բաղդասարյան - Շնորհակալություն հարցի համար, տիկին Հակոբյան: Ճիշտն ասած՝ Ձեր հարցը մի քիչ օրակարգից դուրս է, որովհետև այսօր քննարկում ենք ոչ թե հրաժարականի պատճառը, այլ թեկնածուին առաջադրելու հարցը: Բայց որպես պատասխան ընդունեք այն, որ դա «Միասնական հայրենիք» խմբակցության ներքին խնդիրն է: Տեղի է ունեցել ռոտացիա և առաջիկայում կարող են տեղի ունենալ այլ ռոտացիաներ ևս: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Տիկին Հակոբյան, սաղ Արցախը գիտի պատճառը, Դուք չգիտե՞ք:
Մետաքսե Հակոբյան – Ես կարձագանքեմ Ձեր ասածին: Անկեղծ ասած՝ եթե մենք որպես հիմնավորում պիտի ընդունենք ասեկոսեները, խնդրեմ, ուրեմն ընդունեք հիմնավորում, որ սաղ Արցախը գիտի, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան – Եղավ, շնորհակալություն: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Այժմ հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու պարոն Պետրոսյանը:
Մարսել Պետրոսյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, ես ավելի շուտ հակված եմ և պատրաստակամ պատասխանելու ձեր հարցերին, իսկ եթե ասենք իմ կենսագրականի հանդեպ ինչ-որ հետաքրքրություն կա, կարող եմ ասել, որ ավարտել եմ Ստեփանակերտի 2-րդ դպրոցը, ընդունվել նույն տարի Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 4-րդ կուրսից տեղափոխվել Ստեփանակերտի մանկավարժականը, որն ավարտել եմ 1975 թվականին: Աշխատանքի եմ անցել հեռուստատեսության և ռադիոյի մարզային կոմիտեում որպես հնչյունային օպերատոր, ապա անցել երկար ճանապարհ` թղթակից, խմբագիր, ավագ խմբագիր, նորաստեղծ հեռուստատեսության գլխավոր խմբագիր, այնուհետև աշխատանքի եմ անցել արհմիությունների մարզային խորհրդում որպես լրատվական ծառայության պետ, որից հետո հրավիրվել եմ աշխատանքի ՀՀ հատուկ ծրագրերի պետական կոմիտե որպես գլխավոր մասնագետ, ապա համակարգող Լեռնային Ղարաբաղում: Եղել եմ վարչապետի օգնական, ԿԳՍՄ նախարարի տեղակալ, ապա իմ աշխատանքային գործունեությունը շարունակել եմ տարբեր ոլորտներում: Եղել եմ ՊԲ N զորամասի հրամանատար, «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր, ապա այդտեղից հրավիրվել եմ «Ազատ Արցախ» թերթի խմբագիր, այնուհետև ԱԳՆ որպես լրատվական ծառայության վարչության պետ, այնուհետև երկկողմ քաղաքական հարաբերությունների վարչության պետ: Ունեմ դիվանագիտական 1-ին կարգի 1-ին աստիճանի կոչում, Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրող: Ունեմ արձակ երկերի, հատկապես մանկական պատմվածքների 6 ժողովածու: Պարգևատրվել եմ մի շարք մեդալներով: Ունեմ 3 զավակ, 7 թոռ, 2 ծոռ: 2020 թվականին ընտրվել եմ ԱԺ պատգամավոր «Միասնական Հայրենիք» կուսակցության կողմից: Այսքանը իմ մասին: Եթե հարցեր կան իմ կենսագրականի հետ կապված, իհարկե, այնտեղ կան նաև այլևայլ տեղեկություններ, որոնք, կարծում եմ, հետաքրքիր չէր:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Պետրոսյան:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:
Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞:
Հիմա, Կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Գաղտնի քվեարկության կարգը ներկայացնելու համար հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, երևի ոչ թե հաշվիչ հանձնախմբի նախագահ կխոսեմ, այլ ավելի շուտ տարիքային ցենզով, անալոգիայով` ԱԺ նոր և միանգամից ասեմ, որ քվեարկության կարգում ոչ մի փոփոխություն չկա, նույնն է, նույն լատինատառ V նշանը` համապատասխան դեմ կամ կողմ մասերով և երկրորդ՝ կցանկանայի խնդրել հաշվիչ հանձնախմբի՝ ԱԺ նախագահի որոշմամբ ստեղծված նոր անդամներին մի 10 – 15 րոպե և կազմակերպչական մասը ավարտելու, և հանձնախմբի կազմից նոր նախագահող քարտուղար ընտրելու համար:
Արթուր Թովմասյան - Եղավ: Խնդրում եմ բոլորին անցնել նախասրահ: Ինձ թվում է, որ եթե մինչև ընդմիջում չհասցնենք օրակարգի հարցերը սպառենք, նաև այդ ընդմիջումը կօգտագործենք և կավարտենք մեր աշխատանքները:
(քվեարկության ավարտից հետո)
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Տեխնիկական պատճառներով պայմանավորված՝ ստիպված ենք կրկին գրանցվել:
Գրանցում:
Ներկա են 30 պատգամավորներ: Կողմ` 30:
Քվորում ունենք, կարող ենք շարունակել մեր աշխատանքները:
Քիչ առաջ մենք ավարտեցինք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը: Հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - ԱՀ ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի թիվ 10 արձանագրությամբ առ 18 մայիսի 2023 թվականի հանձնախումբը արձանագրում է`
ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար առաջարկվել է պատգամավոր Մարսել Հայկազի Պետրոսյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր:
Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց հետևյալը. քվեատուփում առկա էր 30 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 2-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ՝ 20, դեմ՝ 8: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Հարգելի պատգամավորներ, հաշվի առնելով քվեարկության արդյունքները՝ հրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 124-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովը որոշում է Մարսել Հայկազի Պետրոսյանին ընտրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Շնորհավորում ենք, պարոն Պետրոսյան:
Օրակարգային հաջորդ հարցը «Համաներման մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն: ԱԺ հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, «Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2023 թվականի մայիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում: Մասնավորապես, համաներումը կտարածվի Քրեական օրենսգրքով նախատեսված ոչ մեծ ծանրության, միջին ծանրության և ծանր հանցագործություններ կատարելու համար կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարած անձանց վրա: Նախատեսվում է.
- Պատժից ազատել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է,
- Առաջարկվում է պատժից ազատել առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, հղի կանանց, խնամքի տակ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցեղ անձանց, խնամքի տակ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց, 60 տարին լրացած անձանց, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, ՀՀ կամ ԱՀ պաշտպանության համար մղված մարտերին մարտական գործողությունների մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև նույն հանգամանքներում զոհված զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող հանդիսացող անձանց,
- Պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 6 կամ 10 տարի ժամկետով ազատազրկման և արդեն կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի համապատասխանաբար 1/3-ը կամ 1/4-ը,
- Պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, ինչպես նաև առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և ոչ պակաս, քան նշված պատժի 1/4-ը կրած անձանց,
- Մի շարք դեպքերում քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում մինչև 2023 թվականի մայիսի 1-ը ներառյալ կատարված հանցագործությունների դեպքերով,
- Որոշ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել տարբեր չափերով պայմանավորված պատժաչափի մեծությամբ,
- Դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:
Միաժամանակ սահմանվում են համաներման չկիրառման շրջանակները:
Գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ արված գրավոր և բանավոր առաջարկները ընդունվել են և լիագումար նիստի քննարկմանը ներկայացված նախագծում ներառված են այդ առաջարկությունները: Դրանք վերաբերում են նախագծի նախաբանին, ժամկետին, ինչպես նշեցի՝ մինչև մայիսի 1-ը կատարված հանցագործությունների վրա է տարածվելու, առաջարկվող տարբերակում եղել է ապրիլի 1-ը: Եվ նաև չկիրառման շրջանակներում ավելացվել է մեկ կետ: Խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված հանցագործություններին: Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գլուխն է դա և ձևակերպվել է հետևյալ կերպ. համաներումը չի տարածվելու Քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի գլխով նախատեսված որևէ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործություններից որևէ մեկը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործությամբ Արցախի Հանրապետությանը պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս:
Արդյունքում ընդամենը 20 դատապարտված անձանցից համաներմամբ ազատվելու է 5-ը, կալանավորված 18 անձանցից՝ 2-ը, քրեակատարողական տեսչությունում հաշվառման մեջ գտնվող 277 դատապարտյալներից՝ 126-ը: Սրանք այն թվերն են, որոնք ստույգ գիտենք, և այստեղ չկա ընթացիկ քննվող գործերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստույգ հնարավոր չի եղել պարզել: Այսքանը, շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Միրզոյան: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Միրզոյան:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Միրզոյան:
Ժիրայր Միրզոյան - Եթե թույլ տաք, առաջարկ ունեմ: Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75 հոդվածով և 37 հոդվածի 5-րդ մասով՝ առաջարկում եմ հատուկ ընթացակարգով երկրորդ ընթերցման համար գրավոր առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Խնդրեմ, պարոն Աղաջանյան:
Սևակ Աղաջանյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն առաջին ընթերցման համար:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Աղաջանյան: Մտքերի փոխանակություն: Խնդրում եմ գրանցվել: Ցանկություն չկա: Իսկ հիմա եզրափակիչ ելույթի համար ցանկություն չկա՞:
Այժմ քվեարկության է դրվում «Համաներման մասին» առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հարգելի պատգամավորներ, քանի որ հիմնական զեկուցող պարոն Միրզոյանն առաջարկեց օրենքի նախագծի երկրորդ ընթերցման համար հատուկ ընթացակարգ, որը, Կանոնակարգի 60-րդ հոդվածի համաձայն, քվեարկվում է առանց քվեարկման, ուստի առաջարկում եմ քվեարկել Ազգային ժողովի հաջորդ որոշման նախագիծը:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
- Առաջին ընթերցմամբ ընդունված «Համաներման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
- Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:
Քվեարկություն:
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Այժմ ժամը 12-ն է: Երկրորդ ընթերցման համար մեր աշխատանքը կշարունակենք ժամը 15:00-ին:
Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, որպեսզի այսօր սա ավարտենք, մինչև երեքական ժամ շատ արագ քննարկեք, քանի որ մեր պատգամավորների կողմից արված առաջարկները, որը մտահոգում էր բոլոր կուսակցություններին, ընդունվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Այն, ինչ առաջարկել եք, այն, ինչ մտահոգում էր մեր բոլոր խմբակցություններին, հեղինակը ընդունել է: Դրա համար մինչև երեք ժամ անպայման այդ նիստը պիտի տեղի ունենա, մինչև երեք ժամ պետք է քննարկենք: Այո, կարծում եմ 5 րոպեանոց նիստ է դա, և ես խնդրում եմ համապատասխան հանձնաժողովի նախագահներին շատ արագ հավաքել իրենց հանձնաժողովի անդամներին, ես էլ կմասնակցեմ այդ նիստին, և 15:00-ին շարունակենք ընդունել: Իրականում միշտ համաներման համար ես շատ մեծ ոգևորությամբ եմ քվեարկել, բայց հետագայում ում որ համաներել ենք, նորից վերադարձել են բանտ, նորից հանցագործություն են կատարել: Ուղղակի հորդորում եմ բոլոր այն անձանց, որ ովքեր ընկնում են համաներման տակ, ինտեգրվեն մեր հասարակությանը և այլևս հանցագործություն չանեն: Սա իմ ցանկությունն է:
Գագիկ Բաղունց - Պարոն Մոսիյան, խնդրեմ:
Արթուր Մոսիյան - Բոլորս էլ ուզում ենք, որ այսօր նիստի ընթացքում երկրորդ ընթերցումը լինի, ամնիստիան ընդունվի, բայց շատ ուզելը և Կանոնակարգը տարբեր բաներ են: Հիմա եթե 6-ն է, 6-ին նիստը ավարտվում է, մի քանի րոպե առաջ է ընդունվել, հաշվենք 12:45 ընդունված է, 14:45 հանձնաժողովի նիստ անենք, 17:45 երկրորդ ընթերցում անենք: Ճիշտ եք ասում, մնալու է քվեարկությունը, որ 18:00 ավարտենք, ոչ էլ Կանոնակարգը խախտենք:
Արթուր Թովմասյան – Ընդունելի է, Արթուր Արմենի:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Հաջորդ հարցը «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանը: Խնդրեմ:
Սրբուհի Արզումանյան- Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, կառավարության կողմից պատգամավորական դատին են ներկայացված «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը հիմնականում լոկալ բնույթի խնդիրների լուծման միտում ունի, որի իմաստը վերաբերում է առաջին ատյանի դատավորի թեկնածուներին վերաբերող խնդիրների կամ հարցերի լուծմանը: Այսպես, Դատական օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված են դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներին մասնակցելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիներին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ որակավորման ստուգումներին կարող են մասնակցել 28-ից 60 տարեկան Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն ընտրական իրավունք, Արցախի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Արցախի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, ունեն առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ և առկա չեն Դատական օրենսգրքով նախատեսված սահմանափակումները: Միաժամանակ Դատական օրենսգրքի 103-րդ հոդվածով ամրագրված են առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջարկման հերթականությունները, համաձայն որի՝ 3-րդ հերթին առաջարկվում է թեկնածուների ցուցակի համապատասխան կազմակերպությունում ուսումն ավարտած թեկնածուներին՝ բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ կրող անձանց՝ ըստ համապատասխան կազմակերպության ավարտման հանրագումարային միավորների նվազման կարգի: Դատական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում նաև իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող և գիտական գործունեությամբ զբաղվող անձանց ընդգրկել դատավորների թեկնածուների ցուցակում, իսկ այդ անձանց համապատասխան կազմակերպությունում ուսուցումն իրականացվում է միայն գործնական հմտությունների զարգացման մասով:
Այսինքն, եթե ամփոփելու լինենք, Դատական օրենսգրքի համաձայն, եթե քաղաքացին վերաքննիչ կամ Գերագույն դատարանի դատավոր կամ նախկին դատավոր չէ, կարող է առաջին ատյանի դատավորի թափուր պաշտոն առաջանալու դեպքում տվյալ պաշտոնին նշանակվել միայն որակավորման ստուգումներն անցնելուց և համապատասխան կազմակերպությունում ուսումն ավարտելուց հետո: Բացառություն են կազմում միայն իրավաբանական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան ունեցող և գիտական գործունեությամբ զբաղվող անձինք, որոնք դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար անցնում են հոգեբանական թեստ և որակավորման ստուգումների միայն հարցազրույցի փուլը, իսկ նշված անձանց համար համապատասխան կազմակերպությունում ուսուցումն իրականացվում է միայն գործնական հմտությունների զարգացման մասով: Դատավորի թեկնածուները պարտադիր պետք է անցնեն ուսուցում: Ներկայումս այն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայում և տևում է շուրջ 8 ամիս: Առկա է մի այնպիսի իրողություն, որ ուսումնառության ժամանակահատվածում դատավորի թեկնածուները հիմնականում հնարավորություն չեն ունենում պահպանել իրենց հիմնական աշխատանքը, իսկ ուսման ընթացքում ստանում են միայն կրթաթոշակ, ինչի պատճառով էլ և շատ հաճախ էլ դատավորների թեկնածուների հավակնորդների համար գրեթե դիմողներ չեն լինում: Նախագծով առաջարկվում է առանց համապատասխան կազմակերպությունում ուսուցում անցնելու իմպերատիվ պահանջի առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն նախատեսել նաև, խնդրում եմ ուշադրություն հիմնական ակցենտը վերաբերում է հետևյալ փոփոխությանը, հնարավորություն նախատեսել նաև վերջին տասը տարվա ընթացքում դատախազի, քննիչի, փաստաբանի գործունեությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում որպես իրավաբան աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ ունեցող անձանց: Միաժամանակ առաջարկվում է հանել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող և գիտական գործունեությամբ զբաղվող անձանց համար համապատասխան կազմակերպությունում գործնական հմտությունների զարգացման մասով իրականացվող ուսուցման պահանջը: Ի՞նչ է ակնկալվում նախագծի ընդունումից. այն հնարավորություն կտա ինչպես թեթևացնել առաջին ատյանի դատարանում աշխատանքային ծանրաբեռնվածությունը ներկայումս երկու թափուր պաշտոն կա առաջին ատյանի դատարանում, այնպես էլ թափուր պաշտոն առաջանալու դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում սահմանված հերթականությամբ ընդգրկել նաև դատախազի, քննիչի, փաստաբանի և պետական ու տեղական ինքնակառավարման մարմնում համապատասխան ստաժով իրավաբանի մասնագիտությամբ անձանց, ինչպես նաև վերանայել համապատասխան կազմակերպությունում ուսուցման իմպերատիվ պահանջի կիրառման դեպքերը: Ի դեպ, սույն նախագծի մշակման ժամանակ պարտադիր հաշվի են առնվել և քննարկումները կազմակերպվել են Արցախի Հանրապետության դատական երեք ատյանների պատասխանատուների, ներկայացուցիչների մասնակցությամբ, և հաշվի է առնվել բոլոր երեք ատյանների ընդհանրական կարծիքը: Ի դեպ, նախագիծը նաև արդիական է դառնում Արցախի Հանրապետության ներկայիս իրողությունների ֆոնին, երբ դեռևս գործիքակազմ չունենք հեռավար ուսուցումների դասընթաց նախաձեռնելու` համենայնդեպս Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի մակարդակով: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրվել է մեկ պատգամավոր: Խնդրեմ, պարոն Բալայան:
Վահրամ Բալայան - Ակադեմիայի հետ կապված, որ 8 ամիս պիտի սովորեն, այ Դուք բարձրագույն իրավաբանական կրթություն ունեք և այդ համակարգը ղեկավարում եք, դրա անհրաժեշտությունը ինչի՞ մեջ է, այսինքն՝ բակալավրիատում կամ մագիստրատուրայում ուսանողը այնքան գիտելիք չի ստանում, որ պետք է ակադեմիայում ստանա, կամ ակադեմիայում ինչ-որ նոր բա՞ն են սովորեցնում, թե պարզապես մարդկանց գործի տեղավորելու բան է, այսինքն՝ ավելի տրամաբանական է, իսկապես, որ մարդ աշխատած լինի, որոշակի փորձ լինի ձեռք բերած, դա ավելի լավ է, քան թե սուտ-սուտ տանեն, այնտեղ նստեցնեն: Ասենք ինչ-որ բա՞ն են սովերեցնում:
Սրբուհի Արզումանյան - Շնորհակալ եմ հարցի համար: Ես մի քիչ ուրիշ ձև կընկալեմ, ես ուզում եմ ավելի դրական դինամիկան այս աշխատանքի հաշվի առնել: Ինչո՞ւ կառավարման ակադեմիա. ի սկզբանե ասեմ, որ օրենսդրական պարտադիր պահանջ չունենք հենց Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու և զերծ կմնամ ակադեմիայի աշխատանքին գնահատական տալուց, այս մեկ, երկրորդը՝ ինքը հաշվի առնված նաև որոշակի փորձառություն է, նախկին հաջողված փորձ է, ներկայումս օգտվում են այդ ծառայությունից: Ի դեպ, ունենք մի քանի հիմնականում իրավապահ համակարգի ներկայացուցիչների ուսուցման փորձը հայաստանյան գործընկերների ուղեկցությամբ, չեմ բացառում, որ կարող է նաև տեղայնացման հարցով խնդիրը լուծել և դոգմատիկ չէ, որ անպայման Արդարադատության ակադեմիայում կլինի: Ութամսյա ուսուցման փորձն էլ էլի պրակտիկայի հաշվառմամբ ընտրվել է, այսինքն՝ մենք այդ ընդհանուր մոդելից դուրս չենք գալիս և ավելին ասեմ՝ հնարավոր է հետոյի համար կիրառվի նաև հեռավար ուսուցման, ինչու ոչ, խորհրդատվությունների համակարգը: Մենք այստեղ ունենք փաստաբանական դպրոցի ինստիտուտ, մենք այստեղ ունենք որոշակի կառույցներ, բայց ինքը բարելավման տեղ ունի, զարգացման տեղ ունի: Ակցենտը միայն կառավարման ակադեմիայում ուսուցմանը փաստացի գտնվելուն չի վերաբերում, այստեղ կարող է նաև տեղում լինել, բայց այս ուսուցումը ուրիշ ձևով կազմակերպել: Համենայնդեպս ներկա կարգավորումների ֆոնին նպատակահարմար համարվեց, դրա համար իմ ելույթի սկզբում ասացի լոկալ լուծումների ինստիտուտը: Ինքը տեղ ունի քննարկումների, տեղ ունի տեղայնացման, տեղ ունի որակի վրա աշխատելու: Եվ ոչ միայն դատավորներին վերաբերելի մասով բնականաբար: Բայց, ընդհանուր առմամբ, հակված եմ ուսումնական հաստատությունների հանդեպ ավելի մեծ կարծիք ունենալուն: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Արձագանքու՞մ եք, պարոն Բալայան:
Վահրամ Բալայան - Ոչ:
Գագիկ Բաղունց -Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, տիկին Արզումանյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել և տվել է դրական եզրակացություն:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Աղաջանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակություն: Եթե կա ցանկություն, խնդրում եմ հերթագրվել: Չկա: Եզրափակիչ ելույթներ: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 2:
Որոշումն ընդունված է:
Հարգելի պատգամավորներ, մինչ օրակարգային հաջորդ հարցին անցնելը մեջբերեմ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 33` հերթական նիստի անցկացման կարգը. հերթական նիստերը տեղի են ունենում ժամը 11:00-ից մինչև 18:00-ն, անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է այն երկարաձգել 30 րոպեով: Այնպես որ մենք աշխատանքային ժամանակահատվածում տեղավորվելու խնդիր չենք ունենա:
Օրակարգային հաջորդ հարցն է «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը: Որպես հիմնական զեկուցող հրավիրվում է պատգամավոր ՆելաԳրիգորյանը:
Նելա Գրիգորյան – Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի Ազգային ժողովի որոշման 011-2 որոշման առաջին կետի Ա ենթակետում «4» թիվը փոխարինել «5» թվով, Բ ենթակետում «4» թիվը փոխարինել «3» թվով, Դ ենթակետում «4» թիվը փոխարինել «5» թվով: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան զեկուցողին, խնդրում եմ հերթագրվել: Չկան: Շնորհակալություն, տիկին Գրիգորյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, և երեք կողմ ձայներով տրվել է դրական եզրակացություն:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել:
Դավիթ Գալստյան - Հաշվի առնելով, որ երեք տարի է հանձնաժողովները գործում են և խնդիրը, չգիտենք ինչու, այսօր է առաջացել, և չգիտենք ինչ պատճառներից ելնելով է նպատակահարմար ամենամեծ ոլորտներից մեկի հանձնաժողովը 3 հոգանոց թողնել, մնացածում ավելացումներ անել, այդ իսկ պատճառով որոշում կա ընդունված երեք խմբակցությունների կողմից՝ Արդարություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, ԱԺԿ, չմասնակցել այս հանձնաժողովների քվեարկությանը:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Քվեարկության է դրվում «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Անցնում ենք «Պատգամավորների հայտարարություններին»: Հերթագրում:
(ընդմիջում)
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, շարունակում ենք այսօրվա նիստի աշխատանքները: Առաջին ընթերցմամբ ընդունված «Համաներման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:
Ժիրայր Միրզոյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, առաջին ընթերցմամբ «Համաներման մասին» օրենքը ընդունվելուց հետո քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, և առաջարկություններ չեն ներկայացվել: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցեր չեն տրվում զեկուցողին, քանի որ, Կանոնակարգի 77-րդ հոդվածի համաձայն, զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, առաջին ընթերցմամբ ընդունված «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել, և տրվել է դրական եզրակացություն երկրորդ ընթերցմանը ներկայացնելու համար: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Զեկուցողին նույնպես հարցեր չեն տրվում: Մտքերի փոխանակություն: Եթե կա ցանկություն, խնդրում եմ գրանցվել:
Այժմ քվեարկության է դրվում «Համաներման մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Ավարտեցինք օրակարգի վերջին հարցի քննարկումը: Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Ցտեսություն: