ԼՈՒՐԵՐ
Դյուրացվում է դատավորի նշանակման կարգը
19 մայիսի 2023

 

Դատական համակարգի բարեփոխումների շրջանակում դատավորի թեկնածուները պարտադիր պետք է անցնեն ուսուցում, որը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում և տևում է շուրջ ութ ամիս:

Առկա էր մի այնպիսի իրողություն, որ ուսումնառության ժամանակահատվածում դատավորի թեկնածուները հիմնականում հնարավորություն չեն ունենում պահպանել իրենց հիմնական աշխատանքը, իսկ ուսման ընթացքում ստանում են միայն կրթաթոշակ, ինչի պատճառով էլ դատավորների թեկնածուների հավակնորդների համար գրեթե դիմողներ չեն լինում:

Խորհրդարանի հերթական նիստում ընդունած «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով առանց համապատասխան կազմակերպությունում ուսուցում անցնելու իմպերատիվ պահանջն ապահովելու առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն է նախատեսվում վերջին տասը տարվա ընթացքում դատախազի, քննիչի, փաստաբանի գործունեությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում որպես իրավաբան աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ ունեցող անձանց:

Միաժամանակ հանվում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող և գիտական գործունեությամբ զբաղվող անձանց համար համապատասխան կազմակերպությունում գործնական հմտությունների զարգացման մասով իրականացվող ուսուցման պահանջը:

Օրենքը հնարավորություն կտա ինչպես թեթևացնել առաջին ատյանի դատարանում աշխատանքային ծանրաբեռնվածությունը, այնպես էլ թափուր պաշտոն առաջանալու դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում սահմանված հերթականությամբ ընդգրկել դատախազի, քննիչի, փաստաբանի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում համապատասխան ստաժով իրավաբանի մասնագիտությամբ անձանց:

 

 

 

ԼՈՒՐԵՐ