Ընդունված է 2023 թվականի
ապրիլի 27-ին
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» 2006 թվականի սեպտեմբերի 27-ի ՀՕ-307 օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է գնահատման գործունեության իրականացման հիմքերը և կանոնակարգում գնահատման գործունեությանն առնչվող հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության տարած-քում իրականացվող գնահատման գործունեության վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների, արժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների (գործարքների), արժութային արժեքների, թանկարժեք մետաղ-ների, թանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված զարդերի գնահատման, անշարժ գույքի կադաստրային գնահատման վրա:
Հոդված 3. Գնահատման գործունեության մասին օրենսդրությունը
1. Գնահատման գործունեությունը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով, գնահատման ստանդարտներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական և հաշվառված է լիազոր մարմնի կողմից.
2) գնահատման կազմակերպություն՝ գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից.
3) լիազոր մարմին` սույն օրենքով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում (այսուհետ` Որակավորում) իրականացնող և գնահատողի որակավորման վկայական (այսուհետ` Վկայական) տրամադրող և դրա գործողությունը դադարեցնող, գնահատման գոր-ծունեություն իրականացնելու նպատակով գնահատողներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին հաշվառող և հաշվառումից հանող պետական մարմին.
4) գնահատման uտանդարտ` Արցախի Հանրապետության կառավարության սահմա-նած, գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ, գնահատումը կանոնա-կարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ պարունա-կող փաuտաթուղթ.
5) գնահատում` գնահատման օբյեկտի արժեքի որոշմանը նպատակաուղղված՝ սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահման-ված գնահատման գործողությունների ամբողջություն.
6) գնահատման հաշվետվություն` փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություն սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Արցախի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով պատվիրված ամսաթվի դրությամբ որոշված գնահատման օբյեկտի արժեքի վերաբերյալ.
7) գնահատման առաջադրանք՝ պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որում արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, գնահատման նպատակը, գնահատման գործառույթը և գնահատվող օբյեկտի նկատմամբ իրավունքների տեսակը.
8) որակավորման հանձնաժողով՝ գնահատման գործունեության ոլորտում մասնա-գիտական որակավորման քննություններն անցկացնող, այդ թվում՝ որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները կազմող հանձնա-ժողով.
9) մասնագիտական հանձնաժողով՝ գնահատման գործունեության ուսումնասիրու-թյուն իրականացնող, գնահատման կազմակերպության և գնահատողների կողմից սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի, գնահատման ստանդարտների ու Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող և գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով.
10) գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի ներդրած առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որտեղ մուտքագրվում են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալները.
11) պատվիրատու՝ գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ.
12) շահառուներ՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք հանդիսանում են գնահատման արդյունքների օգտագործողներ, կամ գնահատման արդյունքները որևէ կերպ առնչվում են իրենց օրինական շահերին:
Հոդված 5. Գնահատման գործունեության սուբյեկտները
1. Սույն օրենքի իմաստով՝ գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում սույն օրենքով սահմանված գնահատման կազմակերպությունները, գնահատողները, ինչպես նաև պատվիրատուները:
Հոդված 6. Գնահատման օբյեկտները
1. Սույն օրենքի իմաստով՝ գնահատման օբյեկտներ են համարվում գույքը (անշարժ և շարժական), գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտներ, որոնք Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կարող են հանդիսանալ քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ, որոնց վերաբերյալ սահմանված են գնահատման ստանդարտներ:
Հոդված 7. Գնահատման ստանդարտների սահմանումն ու դրանց կիրառումը
1. Գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայաց-վող պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը` գնա-հատման միջազգային ստանդարտներին ու վարքագծի կանոններին համահունչ, որոնց կիրառումը պարտադիր է գնահատողների համար:
Հոդված 8. Հաշվառման ծրագրի կիրառումը
1. Հաշվառման ծրագիր մուտք գործելու համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը գնահատման կազմակերպության ղեկավարին ու գնահատողին տրա-մադրում է լիազոր մարմինը:
2. Հաշվառման ծրագիր մուտքագրվող յուրաքանչյուր գնահատման հաշվետվության համար ինքնաշխատ ձևավորվում է գնահատման հաշվետվությունը նույնականացնող անհատական ծածկագիր։
3. Հաշվառման ծրագիր մուտքագրվող տվյալները չպետք է պարունակեն օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն:
4. Հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմա-նում է լիազոր մարմնի ղեկավարը։
Հոդված 9. Գնահատման պարտադիր դեպքերը
1․ Գնահատումը պարտադիր է՝
1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքերի.
2) գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.
3) պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի.
4) պետության կամ համայնքների կարիքների համար գույք վարձակալելու դեպքերում.
5) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտներն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.
6) գույքի բռնագանձման հետևանքով դրա իրացման դեպքերում.
7) գույքի սեփականատիրոջը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սնանկ ճանաչելու և գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերում.
8) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 10. |
Գնահատման գործունեության կազմակերպումը և իրականացումը |
1. Գնահատման գործունեությունը կազմակերպում և իրականացնում են գնահատման կազմակերպությունները` գնահատման պատվերի հիման վրա՝ գնահատողի միջոցով:
2. Գնահատման պատվերի համար իրավական հիմք է գնահատման կազմակերպու-թյան և պատվիրատուի միջև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):
Հոդված 11. Պայմանագրի էական պայմանները
1. Պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Պայմանագիրը պետք է պարունակի պարտադիր տեղեկություններ՝
1) գնահատվող օբյեկտի անվանման և նույնականացման վերաբերյալ,
2) գնահատման դիմաց վճարի չափի վերաբերյալ,
3) գնահատման ստանդարտներով սահմանված և գնահատմամբ որոշվող արժեքի տեսակի, գնահատման ամսաթվի և տարեթվի վերաբերյալ,
4) գնահատման առաջադրանքի վերաբերյալ:
Հոդված 12. |
Գնահատողների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկա-տերերի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը |
1. Ֆիզիկական անձը որպես գնահատող հաշվառվելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում դիմում (անձամբ կամ էլեկտրոնային եղանակով)՝ կից ներկայացնելով գործող Վկայականի պատճենը։
2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը որպես գնահատման կազմակերպություն հաշվառվելու նպատակով լիազոր մարմին են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ պետական հաշվառման համարը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանք, գնահատողի անձնագրի և գործող Վկայականի պատճենը: Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ հաշվառվելու մասին դիմումները և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, որոնց կարգը, ինչպես նաև գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դիմումները և դրանց կից փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինն ուսումնասիրում է դրանք և կայացնում որոշում՝ անձին, իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառելու կամ հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ: Դիմումը և կից փաստաթղթերը վերադարձվում են, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են: Փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու համար լիազոր մարմինը տրամադրում է երեք աշխատանքային օր ժամկետ, որը հաշվարկվում է դիմողի կողմից փաստաթղթերն ստանալու օրվանից: Երեք աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացվելու և լիազոր մարմին կրկին ներկայացվելու դեպքում դիմումը համարվում է ներկայացված այն սկզբնապես ներկայացվելու օրը։
4. Ֆիզիկական անձին որպես գնահատող հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.
2) ֆիզիկական անձը չունի գործող Վկայական.
5. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին որպես գնահատման կազմակերպություն հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝
1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.
2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաս-տաթղթերը չեն համապատասխանում Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) դիմում ներկայացրած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, օրենքի համաձայն, իրավունք չունի զբաղվելու գնահատման գործունեությամբ.
4) դիմում ներկայացրած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի համապատասխանում սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջին։
6. Հաշվառում ստանալու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
7. Հաշվառում ստանալու դիմումը մերժվելու դեպքում ֆիզիկական անձը, իրավաբա-նական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
8. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատողը հանվում է հաշվառումից՝
1) իր դիմումի համաձայն.
2) Վկայականի գործողության դադարեցման դեպքում:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքերում անձն իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու նոր դիմում՝ որպես գնահատող հաշվառում ստանալու համար։
10. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատման կազմակերպությունը հանվում է հաշվառումից՝
1) սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջը խախտելու դեպքում.
2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.
3) վերջին երեք տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով նախատեսված հիմքերով Վկայականների դադարեցման դեպքում, եթե Վկայականի դադարեցման հիմքը գնահատողի՝ տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տված խախտումներն են:
11. Սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումը վերացնելուց հետո:
12. Սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքերում գնահատման կազմակերպությունն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց մեկ տարի հետո:
Հոդված 13. Գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջները
1. Գնահատման արդյունքները ձևակերպվում են գրավոր փաստաթղթի տեսքով՝ գնահատման հաշվետվությամբ:
2. Գնահատման հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված էջ ստորագրում է գնահատողը:
3. Գնահատման հաշվետվությունը անհատ ձեռնարկատերի դեպքում հաստատվում է գնահատողի ստորագրությամբ, իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում), ինչպես նաև նշվում է էջերի քանակը:
4. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկություն՝ լիազոր մարմնի կողմից թողարկված և տրամադրված անհատական համարի վերաբերյալ, իսկ Հաշվառման ծրագրի գործարկումից հետո՝ ծրագրի կողմից ձևավորված անհատական ծածկագրի վերաբերյալ, որը պետք է արտացոլված լինի գնահատման հաշվետվության բոլոր էջերի ներքևի աջ անկյունում:
5. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում`
1) ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ.
2) հրապարակել տեղեկություններ, որոնք, օրենքի համաձայն, համարվում են պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք.
3) գնահատմամբ որոշված արժեքը չարտահայտել համարժեք դրամով:
6. Գնահատման հաշվետվության վերաբերյալ ընդհանուր պահանջները և դրանցում պարտադիր պարունակվող տեղեկությունները սահմանվում են գնահատման ստանդարտ-ներով:
7. Սույն հոդվածի 1-4-րդ մասերից որևէ մեկի պահանջների խախտմամբ կազմված հաշվետվությունները, որպես գնահատման հաշվետվություն, օգտագործվել չեն կարող:
Հոդված 14. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունը
1. Գնահատման հաշվետվության վերաբերյալ՝ Արցախի Հանրապետության օրենսդրու-թյանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության խնդիրները կարող է պարզաբանել լիազոր մարմինը` նրան ուղղված գնահատման գործունեության սուբյեկտ-ներից յուրաքանչյուրի կամ շահառուների դիմումի հիման վրա, կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, իսկ դրանց վերաբերյալ վեճերի առկայության դեպքում` դատական կարգով:
2. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը և կարգը սահմա-նում է Արցախի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 15. Գնահատողի անկախությունը
1. Գնահատման աշխատանքներն իրականացնելիս գնահատողն անկախ է և գնահատումն իրականացնում է սույն օրենքին, գնահատման ստանդարտներին և Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան:
2. Գնահատողի անկախությունը գնահատման գործունեության իրականացման հիմնարար և պարտադիր պայման է:
Հոդված 16. Գնահատողի և գնահատման կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները
1. Գնահատողն իրավունք ունի՝
1) գնահատման ընթացքում գնահատման կազմակերպությունից և պատվիրատուներից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների, իսկ այդ տեղեկատվությամբ գույքի արժեքի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում՝ նշելու այդ մասին հաշվետվությունում.
2) օգտվելու սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված իրավունքներից.
3) օգտվելու Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
2. Գնահատման կազմակերպությունն իրավունք ունի`
1) գնահատման ընթացքում պատվիրատուից պահանջելու անհրաժեշտ տեղե-կությունների ապահովում, բացառությամբ օրենքով սահմանված կարգով պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների.
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ և այլ տեղեկություններ, այդ թվում` հարցում կատարելու երրորդ անձանցից՝ տեղեկատվություն ստանալու համար.
3) անհրաժեշտության դեպքում պայմանագրային հիմունքներով գնահատմանը ներգրավելու այլ մասնագետ(ներ)ի.
4) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.
5) գնահատման իր գործունեության մասին լիազոր մարմնի ընդունած որոշումները բողոքարկելու դատական կարգով.
6) օգտվելու Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Գնահատողը պարտավոր է`
1) գնահատումը կատարել սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) Հաշվառման ծրագրում մուտքագրել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվության վերաբերյալ տվյալները.
3) սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված գնահատման հաշվետվության յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում լրացնել Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված կամ լիազոր մարմնի կողմից թողարկված և տրամադրված անհատական ծածկագիրը.
4) ստորագրել գնահատման հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված էջ.
5) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար․
6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պահպանել գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները․
7) կրել սույն հոդվածի 4-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված պարտականություն-ները:
4. Գնահատման կազմակերպությունը պարտավոր է`
1) գնահատման գործունեություն իրականացնելուց առաջ սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում.
2) գնահատման հաշվետվությունը հաստատել գնահատման կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) ապահովել Պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարումը.
3) պահպանել պատվիրատուից և երրորդ անձանցից գնահատման ընթացքում ստացված փաստաթղթերը՝ գնահատման հաշվետվությունների թղթային կամ էլեկտրո-նային կրկնօրինակների հետ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետի ընթացքում.
4) ապահովել պատվիրատուներից և երրորդ անձանցից գնահատման ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիությունը.
5) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում գնահատման հաշվետվությունների պատճենները կամ դրանցում առկա գույքի արժեքի վերաբերյալ էլեկտրոնային կամ փաստաթղթային տեղեկատվությունը, պատվիրատուներից բացի, տրամադրել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան մարմիններին.
6) գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանք.
7) գնահատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին.
8) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար:
5. Գնահատողը և գնահատման կազմակերպությունը պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների համար ներկայացված հաշ-վետվությունների (այդ թվում՝ գնահատման ոչ պարտադիր դեպքերի համար) վերաբերյալ ճշգրիտ տվյալներ:
Հոդված 17. Պատվիրատուի իրավունքներն ու պարտականությունները
1. Պատվիրատուն իրավունք ունի՝
1) ինքնուրույն ընտրելու գնահատման կազմակերպությունը.
2) գնահատման կազմակերպության միջոցով գնահատողից պահանջելու ներկայացնել Վկայականի բնօրինակը.
3) գնահատման հաշվետվության՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ պարզաբանում ստանալու լիազոր մարմնում կամ վիճարկելու դատարանում.
4) գնահատման կազմակերպությունից պահանջելու Պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարում.
5) օգտվելու Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունք-ներից:
2. Պատվիրատուն պարտավոր է`
1) գնահատման կազմակերպությանը կամ գնահատողին տրամադրել գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր, հավաստի տեղեկություններ և անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև ապահովել գնահատվող գույքի տեղազննման հնարավորություն.
2) չխոչընդոտել գնահատման գործընթացը և չմիջամտել դրան.
3) պատշաճ կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունները.
4) կրել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտակա-նություններ:
Հոդված 18. |
Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջը |
1. Գնահատման կազմակերպությունը պետք է ունենա այլ գործատուի մոտ՝ որպես գնահատող հիմնական հաստիքով չաշխատող առնվազն մեկ գնահատող:
Հոդված 19. |
Գնահատման կազմակերպությանը և գնահատողին ներկայացվող սահմանափակումները |
1. Գնահատման կազմակերպությունը և գնահատողն իրավունք չունեն իրականացնելու գնահատում կամ գնահատման հաշվետվության վերաբերյալ կարծիք տրամադրելու, եթե գնահատման կազմակերպության բաժնետերը, գործադիր մարմնի անդամը կամ գնահատողը հանդիսանում են տվյալ գնահատման օբյեկտի սեփականատեր կամ օգտագործող կամ պատվիրատու հանդիսացող ընկերության մասնակից կամ բաժնետեր կամ տվյալ գնահատման օբյեկտի նկատմամբ ունեն կամ ձեռք են բերում գույքային, ոչ գույքային և այլ պարտավորություններ, իրավունքներ կամ պահանջներ, ինչպես նաև այն դեպքում, երբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ, ինչպես նաև ամուսնու երեխա, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) կամ աշխատանքային հարաբերությունների մեջ են տվյալ գնահատման օբյեկտի սեփականատիրոջ (օգտագործողի) կամ պատվիրատուի կամ շահառուի հետ:
2. Գնահատման կազմակերպության կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտումը գնահատման կազմակերպությանը մեկ տարով հաշվառումից հանելու հիմք է, իսկ իրականացված գնահատման հաշվետվությունը, որպես գնահատման հաշվետվություն, օգտագործվել չի կարող:
3. Գնահատողի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտումը Վկայականն ուժը կորցրած ճանաչելու հիմք է, եթե վերոնշյալ խախտումն իրականացրել է գնահատողը, իսկ իրականացված գնահատման հաշվետվությունը չի կարող օգտագործվել որպես գնահատման հաշվետվություն:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 20. |
Գնահատման մասնագիտական որակավորման ստուգման կարգը, կազմակերպումն ու իրականացումը |
1. Որակավորումը կազմակերպում և իրականացնում է լիազոր մարմինը՝ որակա-վորման քննությունների միջոցով:
2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակա-վորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և առնվազն հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկ գնահատող` իր համաձայնությամբ, առնվազն մեկ տարի ժամկետով։
3. Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք։
4. Որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է լիազոր մարմինը: Որակավորման քննությունների անցկացման կարգով սահմանվում են որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները և ձևերը, որակավորման քննության ժամանակ առաջադրվող հարցերի և խնդիրների քանակը, որակավորման քննությունների արդյունքների գնահատման կարգը, որակավորման քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, Վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, որակավորման քննության արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորման քննությունը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ:
5. Որակավորման քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները նախապատրաստում է որակավորման հանձնաժողովը և հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը: Որակավորման քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերը, բացառու-թյամբ խնդիրների, պետք է պարտադիր հրապարակվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան քննության անցկացման օրվանից երեսուն օր առաջ:
6. Գնահատողի որակավորման քննությունն իրականացվում է համակարգչային թեստավորման միջոցով կամ թղթային տարբերակով: Համակարգչային թեստավորման դեպքում մասնակիցն իրավունք ունի նախօրոք ծանոթանալու տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին: Որակավորման քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին քննության մասնակիցները պատշաճ տեղեկացվում են քննությունից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ: Մասնակցի պահանջի դեպքում եռօրյա ժամկետում տրամադրվում է մասնակցի լրացրած հարցաթերթիկի թղթային տարբերակը՝ հաստատված լիազոր մարմնի կողմից:
7. Որակավորման քննությունն անցկացվում է դռնբաց:
8. Որակավորման քննության արդյունքների մասին քննության մասնակիցները պատշաճ տեղեկացվում են քննության ավարտից անմիջապես հետո:
9. Որակավորման քննության դրական արդյունքներով լիազոր մարմինը որոշում է կայացնում քննության մասնակցին Վկայական տրամադրելու վերաբերյալ։
Հոդված 21. |
Վկայականի ժամկետը, վերաձևակերպումը և կրկնօրինակի տրա-մադրումը |
1. Վկայականը տրվում է երեք տարի ժամկետով:
2. Գնահատողի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` տասնհինգ օրվա ընթացքում, գնահատողը պարտավոր է Վկայականի վերաձևակերպման համար դիմել լիազոր մարմին՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր:
3. Վկայականի վերաձևակերպումն իրականացվում է լիազոր մարմնում գնահատողի դիմումը և համապատասխան փաստաթղթերը մուտքագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
4. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլնի) դեպքում գնահատողը պարտավոր է դրա մասին հայտնել լիազոր մարմնին` ներկայացնելով դիմում Վկայականի կրկնօրինակը ստանալու համար:
5. Լիազոր մարմինը պարտավոր է Վկայականի կրկնօրինակը տրամադրել գնահատողին դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Վկայականի կրկնօրինակների վերևի աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
6. Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում Վկայականի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 22. |
Վկայականի գործողության դադարեցումը |
1. Վկայականի գործողությունը դադարեցվում է`
1) Վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների համար ներկայացված հաշվետվություններում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում.
2) եթե առկա է գնահատողին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ.
3) գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում.
4) գնահատողի դիմումի համաձայն.
5) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը խախտելու դեպքում.
6) եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում իր կազմած հինգ և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքով Վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի նոր Վկայական ստանալու համար դիմելու Վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում.
7) եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում իր կազմած հինգ և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների` արժեքի վրա ազդող խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքով Վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի նոր Վկայական ստանալու համար դիմելու Վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում.
8) Վկայականի ժամկետը լրանալու դեպքում:
2. Վկայականի գործողությունը դադարեցվում է Վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
3. Եթե միաժամանակ առկա են Վկայականի գործողության դադարեցման՝ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերը, ապա Վկայականի գործողությունը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով։
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-7-րդ կետերով նախատեսված հիմքերով Վկայականի գործողությունը դադարեցվում է մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացված լիազոր մարմնի որոշմամբ և ենթակա է անհապաղ կատարման: Սույն մասով սահմանված հիմքերով Վկայականի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշման օրվան հաջորդող օրվանից:
5. Վկայականի ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է օրենքով սահմանված ժամկետում բողոքարկվել դատական կարգով: Բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը:
6․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով Վկայականի գործողությունը համարվում է դադարեցված գնահատողին անգործունակ կամ սահմա-նափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ վճիռը կամ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով Վկայականի գործողությունը համարվում է դադարեցված գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
8. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով Վկայականի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում կայացնելուն հաջորդող օրվանից, բացառությամբ եթե դիմումատուի գույքի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում հարուցված է վարչական վարույթ: Վարչական վարույթի առկայության դեպքում Վկայականի գործողությունը դադարեցված է համարվում վարչական վարույթի ավարտման օրը, որոշում կայացնելու պահից:
9. Լիազոր մարմնի կողմից Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը, այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է գնահատողին, իսկ որոշման պատճենը՝ գնահատման կազմակերպություն:
10. Վկայականի գործողությունը դադարեցնելու հիմքերի բացակայության դեպքում մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա լիազոր մարմնի որոշմամբ վարչական վարույթը կարճվում է:
Հոդված 23. |
Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը |
1. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց Որակավորում իրականացնող, Վկայական տրամադրող և դրա գործողությունը դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով գնահատողներին, կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, հաշվառող և հաշվառումից հանող լիազոր մարմինը Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմինն է:
2. Լիազոր մարմինը`
1) Ստեղծում է մասնագիտական հանձնաժողով և հաստատում է դրա անհատական կազմը: Սահմանում է մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երեք ներկայացուցիչ և նվազագույնը հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող առնվազն երկու գնահատող` իրենց համաձայնությամբ՝ առնվազն մեկ տարի ժամկետով.
2) հաստատում է գնահատողների կազմած գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցը: Ընդ որում, միևնույն գնահատողը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսումնասիրու-թյունների իրականացման տարեկան ժամանակացույցում ոչ ավելի հաճախ, քան տարին մեկ, բացառությամբ մասնագիտական հանձնաժողովի պատճառաբանված առաջարկի հիման վրա՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանով.
3) հաստատում է որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները.
4) հաստատում է Վկայականի ձևը.
5) կազմակերպում և անցկացնում է գնահատողների մասնագիտական որակավորման քննությունները.
6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասով, 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերով, 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը հայտնի դառնալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում Վկայականի կամ կրկնօրինակի տրամադրման, վերաձևակերպման և գործողության դադարեցման վերաբերյալ: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացվում, ապա որոշումը համարվում է կայացված.
7) մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն գնահատման կազմակերպությունների և գնահատողների կողմից սույն օրենքի և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում`
ա. գնահատման սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա, լիազոր մարմնի նախաձեռնությամբ կամ լիազոր մարմնի հաստատած՝ ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի համաձայն կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ, այդ թվում՝ գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրում է եզրակացություն գնահատման հաշվետվության՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը և գնահատ-ման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ: Լիազոր մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու դեպքերը սահմանվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգով,
բ. գնահատման հաշվետվություններում անհամապատասխանություն արձանագրելու դեպքում գնահատման գործունեության սուբյեկտներին և շահառուներին երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկում կամ հանձնում է տվյալ գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական եզրակացության պատճենը.
8) գնահատման կազմակերպության ղեկավարին և գնահատողին տրամադրում է Հաշվառման ծրագիր մուտք գործելու մուտքանուն և գաղտնաբառ.
9) լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է գնահատողի որակավորում ունեցող անձանց, Վկայականի գործողությունը դադարեցված անձանց (ներառյալ Վկայականի գործողության դադարեցման իրավական հիմքը և գնահատման կազմակերպության անվանումը), լիազոր մարմնի հաշվառած գնահատողների, գնահատման կազմակերպությունների անվանացանկերը, իսկ կոնտակտային տվյալները՝ նրանց համաձայնությամբ: Հրապարակված անվանացանկերը փոփոխվում են այդ փոփոխության իրավական հիմքի առաջացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
10) իրականացնում է գնահատմանն առնչվող Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ
ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 24. |
Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար |
1. Սույն օրենքի պահանջները խախտելու համար գնահատման կազմակերպու-թյունները, գնահատողները, պատվիրատուները, որակավորման ու մասնագիտական հանձնաժողովների անդամները, ինչպես նաև լիազոր մարմնի պատասխանատու անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. |
Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
2. Գնահատողների որակավորման գործող Վկայականների գործողությունը դադարեցվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, լիազոր մարմինն անցկացնում է առնվազն մեկ որակավորման քննություն:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործում են Արցախի Հանրապետության անշարժ գույքի գնահատման ստանդարտը, գնահատման գործունեության վերաբերյալ իրավական ակտերը մինչև սույն օրենքով նախատեսված գնահատման ստանդարտները և իրավական ակտերն ուժի մեջ մտնելը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Հաշվառման ծրագրի գործարկման հետ կապված անկանխատեսելի խնդիրներ ի հայտ գալու դեպքում հաշվետվությունները նույնականացնող անհատական ծածկագիրը թողարկվում, իսկ հաշվետվությունների ներկայացման ձևաչափը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:
6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Արցախի Հանրապետու-թյունում գնահատման ստանդարտները, գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջ-ները, 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հաշվառելու մասին դիմումների և կից փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմա-նագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը, 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված որակավոր-ման քննությունների անցկացման կարգը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախա-տեսված մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և գնահատման հաշվետվու-թյունների ուսումնասիրությունների իրականացման կարգը պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից անշարժ գույքի գնահատողի որակավորման գործող Վկայականներ ունեցող անձինք համարվում են լիազոր մարմնում հաշվառված գնահատողներ։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի մայիսի 16
Ստեփանակերտ
ՀՕ-7-Ն