ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ժԱՄԸ 11:00

  Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

Նիստին ներկա են 31 պատգամավորներ: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Բարի օր, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ: Պարոն Գալստյան, շնորհավորանքի փոխարեն Ձեզ հաջողություն եմ ցանկանում այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ձեզ հաջողություն եմ ցանկանում և անձնական կյանքում, և աշխատանքի բնագավառում:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան աշխատանքներ են տարվել օրենսդրական նախաձեռնությունների մասով, և պատրաստ ենք սկսելու Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքները:

Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:

Գրանցում:

Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստին ներկա են Ազգային ժողովում արտադրական փորձուսուցում անցնող՝ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Թարգմանչական գործ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ  նստաշրջանի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան - «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված են գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ներկայացրած հետևյալ հարցերը

- «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին»,

- «Էներգետիկայի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:

  Այս առումով ասեմ, որ ես դժգոհ եմ երեկ հանձնաժողովի կողմից ընդունված, որովհետև այն մեկ հանձաժողովը դուք գիտեք ինչ սկզբունքով եմ ես ստեղծել, որպեսզի ընտրությունները ոչ մի կասկածանքի տեղիք չտային: Բոլոր խմբակցություններից մարդիկ կային: Հիմա ի՞նչ եք ասում այս երիտասարդ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունից» ներկայացուցչին, որը բարեխղճորեն, բացի վերջին աշխատանքներից, կատարել է իր պարտականությունները: Էլի լավագույնը դուք չորոշեցիք, բայց ճնշում չեմ գործադրում հանձնաժողովի եզրակացության վրա:

Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ:

Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն: Պարոն Թովմասյան, իհարկե համամիտ ենք Ձեր նշածի հետ, և ԱԺ երեք ընդդիմադիր խմբակցությունների անունից մենք առարկություն ունենք օրակարգում ընդգրկված, մասնավորապես 3-րդ օրակարգային կետի հետ կապված, և հիմնավորումը կայանում է նրանում, որ մենք հակասություն ենք տեսնում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հետ կապված, որովհետև ԱԺ քննիչ հանձնախումբը ձևավորվում է մշտական հանձնաժողովներ ստեղծելու սկզբունքով: Իսկ այդ սկզբունքում 100 տոկոսով համամասնությամբ ընտրված Ազգային ժողովում հիմք ընդունելով, որ հանձնախումբը կամ հանձնաժողովը ձևավորում ենք քաղաքական ուժերի համամասնությունը ապահովելու համար, տրամաբանորեն չէ որևէ քաղաքական ուժ չունենա այդ իրավունքը ընդգրկվելու որևէ հանձնախմբի կամ հանձնաժողովի աշխատանքներում: Մասնավորապես նաև դա իմացածը փաստում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գլուխ 5-ի 11-րդ հոդվածի 5-րդ կետը, երբ նշվում է. «խմբակցությունը իրավունք ունի թափուր թողնելու հանձնաժողովում իրեն վերապահված տեղը»: Այսինքն՝ պետք է յուրաքանչյուր հանձնաժողովում վերապահված տեղ լինի, բայց զբաղեցնելու կամ թափուր լինելու իրավունքը պատկանում է խմբակցության որոշմանը: Մենք առաջարկում ենք հանել օրակարգi կետը և, քանի որ բանավոր քննարկում կա նաև մշտական հանձնաժողովների կազմերի փոփոխության հետ կապված, ընդհանուր միգուցե ավելի մանրակրկիտ քննարկումներից հետո այս կետը ևս մտցնել այդ փաթեթի մեջ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Փաստորեն Դուք կրկնեցիք իմ ասածը: Բայց արդեն Դուք ինձ ձգեցիք այն դաշտը: Այն երևույթը, որը տեղի է ունեցել նախորդ նիստի ժամանակ, երևույթը, ոչ թե անձերը, ես դա իմ կյանքում չեմ մոռանալու, որովհետև այդ երևույթը Ազգային ժողովի բնականոն աշխատանքը տապալելու փորձ էր: Ես եղել եմ, աշխատել եմ, երբ որ Ազգային ժողովի նախագահը եղել է երջանկահիշատակ Կարեն Բաբուրյանը, Օլեգ Եսայանը, Աշոտ Ղուլյանը: Ես էլ եմ եղել խմբակցության ղեկավար, ոչ մի անգամ իմ կենսագրության մեջ չկա մի դեպք, որ ես տապալեի կամ այդպիսի դեպքեր շատ կային, որ կարող էի այնպես արտահայտվել, որ բավականին վատ վիճակի մեջ գցեի Ազգային ժողովի նախագահին: Ես կողմ եմ քվեարկելու ձեր առաջարկին իրականում, որովհետև ես էլ եմ այդ ձևի մտածում: Բայց ինչի՞ եկավ դա: Ի՞նչ եք ուզեցել դրանով ասել: Եթե դուք դա չառաջարկեիք, ես առաջարկելու էի հանել, խելք խելքի տալ, և ոչ միայն դա, այլև մշտական հանձնաժողովների հետ միասին` համամասնությունը ապահովելու առումով հաջորդ նիստի ժամանակ: Բայց ասում եմ՝ ես կողմ եմ քվեարկելու, մնացածը խորհրդարանի պատգամավորները թող ասեն, բայց դա նիստի օրակարգը հաստատելու ժամանակ: Հիմա հաստատում ենք: Այս հարցը պիտի մնա նստաշրջանի օրակարգում: Այսինքն՝ այս քվեարկությունը նստաշրջանի օրակարգի մասով է:

Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշումը: 

Քվեարկություն։

Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 1:

Որոշումն ընդունվել է:

Գագիկ Բաղունց - Ազգային ժողովի 2023 թվականի մարտի 23-ի նիստի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Թովմասյանին:

 Արթուր Թովմասյան - Մարտի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացությամբ երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը:

Այսօրվա նիստի օրակարգում են նաև գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած երկու օրենքների նախագծերը, որոնք քիչ առաջ ներառել ենք նստաշրջանի օրակարգում։ Օրակարգում ընդգրկված է նախորդ նիստում անավարտ մնացած՝ Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության հարցը և, ինչպես միշտ,  «Պատգամավորական հայտարարությունները»:

Հիմա ես էլ եմ առաջարկում, միանում եմ պարոն Ստեփանյանի և երեք խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկների հետ: Ազգային ժողովը նիստի օրակարգից, դա մեր փորձուսուցման մասնակիցների համար եմ ասում, Ազգային ժողովի որոշմամբ է հանվում օրակարգից:

Հարցեր կա՞ն այսօրվա նիստի օրակարգի  հետ կապված: Խնդրեմ:

Դավիթ Գալստյան - Պարոն Թովմասյան, քանի որ օրակարգային հարցին վերաբերող մի հատ հանրագիր ունենք ստացած և փետրվարի 23-ին, երբ որ մուտք է եղել ԱԺ, ճիշտն ասած հասարակական կազմակերպություններ են դիմել ինձ, որ այս հանրագիրը ինչ փուլում է, ծանոթ ենք, թե ծանոթ չենք: Փաստորեն ծանոթ չէինք: Ես, քանի որ ուղղված է Ձեզ, բայց առաջին երկու տողը ընթերցեմ. «Մենք՝ նորքոստորագրող հասարակական կազմակերպությունները և հասարակական գործիչները, դիմում ենք ԱԺ 33 պատգամավորներին»: Եվ սա չի տրամադրվել և չկա դրված կայքում: Հաշվի առնելով, որ օրակարգային հարցին է վերաբերում, ես կառաջարկեի և իմ ունեցած տեղեկություններով սա Դուք մակագրել եք պետաիրավական հանձնաժողովի նախագահին, որը նույնպես չգիտենք, չեմ կարող ասել ինչ խնդրից ելնելով, որ պատգամավորները, կոնկրետ մեր խմբակցության որևէ պատգամավոր ծանոթ չէր մինչև երեկ այս հանրագիրը ընդհանուր բաժնից ստանալը: Մինչև օրակարգային հարցերին անցնելը, այս հանրագիրը ներկայացվի պատգամավորներին, որովհետև սա կարող է ազդեցություն ունենալ օրակարգային հարցերի վրա: Այս հանրագիրը փետրվարի 23-ին Դուք ստացել եք, մակագրել: Ես ինձ իրավունք չեմ վերապահում կարդալ հանրագիրը, քանի որ սա…

Արթուր Թովմասյան - Խոսքը ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորության ընտրության մասի՞ն է:

Դավիթ Գալստյան – Այո, հանրագիր կա:

Արթուր Թովմասյան - Հիմա ես ասեմ: Ես հասարակական կազմակերպություններին ասել եմ: Հանրային խորհրդի նախագահն այստե՞ղ է: Չի եկել: Ես ասել եմ՝ այն ինչ մտնում է Ազգային ժողով, Ազգային ժողովի նախագահը պարտավոր է ընդգրկել, եթե նույնիսկ դատավորին մնացել է չորս օր: Կանոնակարգը ինձ հնարավորություն չտա հասարակության կողմից ճնշումների ենթարկվելու, որովհետև ինձ համար ամենակարևորը Արցախի Սահմանադրությունն է, Արցախի դրոշն է, Արցախի զինանշանն է, արյունոտ սահմանն է: Ոչ թե մեկը քնի վեր կենա, ասի թոշակի համար է, թոշա՞կ եք ավելացնում: Մարդ քսան քանի տարի աշխատել է, դուք եք քվեարկելու: Ուզում եք դեմ քվեարկեք, ուզում եք կողմ քվեարկեք, բայց ես պարտավոր եմ ընդգրկելու: Հանրագիրը չի եղել սոցիալական հարցերի վերաբերյալ, հանրագիրը չի եղել բյուջեի փոփոխություն կատարելու վերաբերյալ: Հանրագիրը եղել է Ազգային ժողովի 33 պատգամավորի, հիմա 32 պատգամավորներ ինձ ասեք՝ ընդգրկե՞մ, թե՞ չընդգրկեմ: Հո ես անգրագետ չեմ, որ դա ընդգրկվում է:

Դավիթ Գալստյան - Պարոն Թովմասյան, խոսքն ընդգրկել-չընդգրկելու մասին չէ, այս հանրագրին ծանո՞թ են պատգամավորները, թե՝ չէ: Ես երեկ եմ իմ դիմելու արդյունքում իմ նախաձեռնությամբ ծանոթացել: Խոսքը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնելու հարցն է, ոչ թե հարցը ընդգրկել, թե չընդգրկելն է: Եվ քանի որ սա 33 պատգամավորներին է դիմած, լավ կլինի, որ պատգամավորները մի ամսից ավել է նման գրություն կա Ազգային ժողովում, բայց ես երեկ եմ իմացել:

Արթուր Թովմասյան - Լավ, պարոն Գալստյան, մի ամիս առաջ դու տեղեկացել ես: Ինձ ասում ես այսպիսի հանրագիր կա: Հիմա, պարոն Աղաջանյան, եթե դու ուզում ես, արի պատասխանիր՝ խի՞ չեք բերել դա: Բայց հիմա ես պատասխանեմ: Ենթադրեք, մի ամիս առաջ ինձ հարց եք տալիս: Այդ հասարակական կազմակերպությունները գրեին ԲԴԽ-ին: Կարծեմ չորս կողմ, մեկ դեմով մտել է ԱԺ: Հիմա այդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ինչի՞ եք մոլորության մեջ գցում: Այդ քաղաքական խաղերը ես չեմ հասկանում: Նորից եմ ասում՝ քաղաքական խաղերը մի կողմ թողեք: Դեռ ինձ համար հարց կա, քանի որ նախորդ նիստին, ինչո՞ւ 21 տարի առաջխաղացում չի եղել այս դատավորին: Ինչո՞ւ չի եղել: Այս երկի՞րն եք կառուցել, թե ուրիշ մարդ եք ընտրել: Հո ես Մարսի՞ց չեմ իջել: Այդ գումարումների ժամանակ պատգամավոր էի: Ամեն անգամ դուռը փակե՞լ եք դատավորի թեկնածուի առջև: Չեմ խոսում, որ Հադրութից է, բռնի տեղահանված է: Ի՞նչ թոշակի մասին է խոսքը, չեք ամաչո՞ւմ: Թոշակը բարձրանալու է 10 հազար դրամ: Հիմա 21 տարի է, եթե չեմ սխալվում, ինձ շատ անհասկանալի է՝ ինչո՞ւ առաջխաղացման համար ԱԺ չի ներկայացվել 21 տարի ստաժ ունեցողին, այլ ներկայացվել է 3, 5, 6, 7 տարի: Բայց դա մի կողմ թողնենք: Հանրագրի մասով. ինչի՞ չեք տեղադրել կայքում: Թեկուզ այն հանրագիրը ոչ մի բան: Ինձ հետ հանդիպել են, նաև առանձնազրույց ենք ունեցել: Ասում եմ դու ես ԱԺ նախագահը, ես` հանրային խորհրդի նախագահը: Ինձ ասում ես՝ մի ընդգրկիր: Դու ծանո՞թ ես «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքին: Դու իրավունք ունե՞ս ինձ ասելու դեմ կամ կողմ քվեարկիր: Դա փակ գաղտնի քվեարկություն է: Ամեն մեկդ դուք եք որոշելու: Դե հիմա գամ հաշվիչ հանձնաժողովին, որ բոլոր խմբակցություններից ընդգրկել եմ, որպեսզի իմանաք, որ արդար է: Ընտրվում է, շատ բարի: Ես ոչ մեկին խոսք չեմ տվել որևէ մարդու անցկացնելու: Խի՞ չեք հանրագիրը բերել, պարոն Աղաջանյան:

Արթուր Հարությունյան - Ես առաջարկում եմ ընդմիջում վերցնենք, որից հետո շարունակենք քննարկումը:

Արթուր Թովմասյան -  Ընդմիջում 20 րոպե:

(Ընդմիջում)

Արթուր Թովմասյան – Խնդրում եմ զբաղեցնել տեղերը: Պարոն Աղաբեկյան, որպեսզի նիստի օրակարգում փոփոխություն չկատարենք, օրենքի նախագիծը, որ շրջանառության մեջ էր, ինը պատգամավոր պետք է լիներ՝ բոլոր խմբակցություններից համամասնորեն: Նախագիծը շրջանառության մեջ այդպես է: Դուք համաձա՞յն եք հինգը ինը դարձնելու: Այսինքն՝ օրենքի նախագիծը ի սկզբանե ոնց եղել է, դա դնենք քվեարկության:

Էդուարդ Աղաբեկյան - Պարոն Թովմասյան, ինձ համար՝ որպես հեղինակ, բացարձակ մեկ է, թեկուզև երեսուներեք հոգի որոշիչ հանձնաժողով: Այստեղ խնդիրն է ԱԺ նորմալ բնականոն գործունեությունը սաբոտաժի չենթարկել: Իսկ ինչ մնում է համամասնություն հաշվի առնել, համամասնություն հաշվի չառնել, թափուր տեղից իրավունք ունեն հրաժարվել, այդ տեղը պետք է դեռ հատկացվի: Եթե քննարկման նյութ լինի …

(Աղմկում են դահլիճում):

Դավիթ Իշխանյան - Պարոն Թովմասյան, թե՛ ձեր կողմից, թե՛ պարոն Աղաբեկյանի կողմից մինչև ընդմիջումը և հիմա շատ զարմանալի և տարօրինակ տեսակետներ են ներկայացվում գոնե մեզ համար` նախորդ նիստի հետ կապված, օրինակ, սաբոտաժի ենթարկելու կամ ընդհանրապես ԱԺ բնականոն գործունեությունը խաթարելու: Նախորդ նիստի ժամանակ մենք որևէ կապ, առնչություն չենք տեսել և չենք կապակցել դատավորի ընտրության հետ կապված և ձեր կողմից չգիտեմ ինչու այդպես է ներկայացվում: Հանրությունն էլ մոտավորապես պատկերացնում է, որ, այո, ինչ որ ընտրության կամ քվեարկության հետ է կապված: Մենք հայտարարել ենք, որ այդ օրվա նիստի աշխատանքներին չենք մասնակցում ինչ-ինչ պատճառներով: Եվ այսօր բոլորս այստեղ ներկա ենք՝ այսօր օրակարգի դրված հարցի քվեարկության մասնակցելու և այլն, և այլն: Ես չգիտեմ՝ խմբակցության ղեկավարների հետ ձեր համապատասխան քննարկումների ընթացքում արդյո՞ք դուք տեսել եք, որ մենք տրամադրվածություն ունենք Ազգային ժողովի բնականոն գործունեությունը տապալելու կամ խափանարար, սաբոտաժը եթե մի քիչ մեր ժողովրդի համար այլ, այսպես ասած, ընկալում ունի, հայերեն բառը՝ խափանարար գործունեությամբ զբաղվելու, այս կարգի ուղղակի մեղադրանքները և այս կարգի քաղաքական որակումները մեզ համար ուղղակի վիրավորական են: Ես կարծում եմ նաև մեր մյուս խմբակցությունների գործընկերների համար վիրավորական է: Պետք չէ, այսինքն՝ լարվածության չտանենք:

Արթուր Թովմասյան – Հարցը պարզ է: Ազգային ժողովի նախագահը սաբոտաժ չի որակել դա: Ասել եմ երևույթն անընդունելի է: 50 տոկոսով համաձայն եմ: Ես հանդիպել եմ խմբակցության ղեկավարների հետ: Խմբակցության ղեկավարները այն, ինչ Դուք բարձրաձայնեցիք, արտահայտվել են, ասել եմ ես, որ անձերի մասով որևէ խնդիր չկա: Իմ կենսագրության մեջ այդ երևույթը ես չեմ մոռանալու: Հինգ գումարման պատգամավոր եմ, յոթը` գրքում: Հիմա գնալու եմ սարքեմ ութ: Ութ այդպիսի դեպք է եղել, երևույթ, անձերի հետ նորմալ հարաբերություններն են, բայց երևույթը ես չեմ մոռանում: Համաձայն եմ 50 տոկոսով ձեզ հետ: Բայց Ազգային ժողովի նախագահը դուք եք, ես էլ խմբակցության նախագահը: Ես ի՞նչ կանեի. ես կասեի այսօրվա նիստին չեմ մասնակցում, բայց հաշվիչ հանձնաժողովի իմ խմբակցության անդամին կասեմ գնա, այդ աշխատանքը կատարիր և քվեարկությանը մի մասնակցիր: Ուղղակի դա ձեր կարծիքն է, դա էլ իմ կարծիքը: Կարծում եմ՝ իմ առաջարկը ավելի պետականամետ է: Այսինքն, ամեն ինչ դուք ձեր իրավունքների շրջանակներում եք արել: Ոչ խախտել եք «ԱԺ կանոնակարգ օրենքը», ոչ` Սահմանադրությունը: Այ, եթե դրանք խախտած լինեիք, ես սաբոտաժ կանվանեի: Ես ասել եմ՝ որպես մարդ իրավունք ունեմ վիրավորվելու երևույթից: Ես այդ երևույթից վիրավորված եմ:

Դավիթ Իշխանյան - Ես ասում եմ, որ սա չպետք է կապվի դատավորի ընտրության հետ, որպեսզի սուբյեկտիվ կարծիք չստեղծվի:

Արթուր Թովմասյան - Այդպիսի բան չկա իմ խոսքերում: Ես ամեն մի բառիս պատասխան եմ տալիս: Խնդրեմ:

Գեղամ Ստեփանյան - Պարոն Թովմասյան, նաև քննարկվող հարցի շրջանակում, որպեսզի թյուրըմբռնում չլինի, ի պատասխան պարոն Աղաբեկյանի հնչեցրած մտքին, որ նախ պետք է այդ տեղը լինի, հետո ընդգրկեն կամ չընդգրկեն, մեջբերում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 5-րդ գլխի 11-րդ հոդվածի 2-րդ մասը. «Հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ»: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Այդպես էլ կլինի: Հիմա կարծում եմ՝ օրակարգն եմ դնում քվեարկության:

Էդուարդ Աղաբեկյան – Ես ասեմ կոնկրետ ռեպլիկի համար, քանի որ կոնկրետ ազգանուն է հնչեցվել: Հանձնաժողովի տեղը, համամասնությունը, մնացած և այլ մեխանիզմները` Կանոնակարգում տրված, ինչ-որ մեկի նախաձեռնությամբ մեխանիզմներն էլ է հանվել ԱԺ գործիքակազմը, մասնավորապես բանաձևերը, որ տեղը որոշեն: Եթե 0,36 է  կազմում տեղը, քանի՞ հատ է: 15 հոգանոց ֆրակցիան էլ է 1 տեղ, 2 հոգանոց ֆրակցիան էլ է 1 տեղ: Սա կոչվում է համամասնություն պահել:

Արթուր Թովմասյան – Հասկանալի է:  9-ի դեպքում համամասնությունը կա:

Գագիկ Բաղունց – Եթե խոսում ենք համամասնության մասին, մի փոքր թվաբանություն: «Ազատ հայրենիք» խմբակցությունը տոկոսներով հասնում է 2,42 տեղ, «Միասնական հայրենիքը»՝ 1,36, «Դաշնակցությունը»՝ 0,45, «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները` 0,30, այսինքն՝ երեք այդ խմբակցությունները ընդհանուր գումարային հաշվով 1,05, ավելի քիչ, քան «Միասնական հայրենիքը»: Այնպես որ համամասնությունը, եթե ինչ-որ ձևով մի փոքր խախտվում է, ի օգուտ այդ երեք խմբակցությունների:

Արթուր Թովմասյան – Ճիշտը դա է: Քիչ հետո մենք գնալու ենք ընտրության: Եթե բոլոր խմբակցություններից անդամներ կան, այդ ընտրության արդյունքները կասկածի տակ կլինե՞ն: Ոչ: Հիմա այս բարձր ամբիոնից ինձ խոսեցնե՞լ եք տալիս: Կային ընտրություններ, որ կասկածանք էր առաջացնում տվյալ անձի ստացած ձայների թիվը: Սա էր խնդիրը: Ես նորից եմ ասում, նորից եմ իմ համոզմունքը հայտնում, որ 5 խմբակցություններից անպայման անդամներ պետք է լինեն: Այո: Խնդրեմ, Արթուր Արմենի:

Արթուր Մոսիյան – Նախ՝ այդ տոկոսի վերածելը սխալ է: Հանձնաժողովները կազմվում են հետևյալ ձևի. օրինակը ասեմ, որ լավ պատկերացնեք, որ չասեն 0,36, 0,40: Երկու հոգի ամեն հանձնաժողովում «Ազատ հայրենիքը» պարտավոր է ունենալ, մի հատ էլ` 3-րդ, եթե ԱԺ նախագահը չի մասնակցում: Հետո մնացածներին են առաջարկում: Եթե այս մի կուսակցությունը 0,30 է, ի՞նչ սկզբունքով է տեղի ունենում հանձնաժողովը: Այդ մաթեմատիկական սկզբունքը համամասնական պառլամենտում կիրառելը ուղղակի ծիծաղելի է:

Արթուր Թովմասյան – Արթուր Արմենի, ես խնդրում եմ հարցերը օրակարգի վերաբերյալ: Մաթեմատիկայում կես մարդ չկա, կլորացրած է լինում:

(Աղմկում են դահլիճում)

  Արթուր Մոսիյան - Ուզում եմ ասել՝ դա սխալ է, այդ կլորացումները, բաժանումները: Այո, 7 հանձնաժողով է, 15 հոգի է, եթե ԱԺ նախագահը չի մասնակցում, կոնկրետ օրինակը բերեցի, 2 հոգի «Ազատ հայրենիքը» համալրում է առաջին հերթին, հետո «Միասնականը» 9 հոգի է, յոթ հանձնաժողով, պարտավոր է ունենալ մեկական, մնացած տեղերը առաջարկվում է մնացածին: Այդ նույն հաջողությամբ կազմվում է նաև հաշվիչ հանձնաժողովը:

Արթուր Թովմասյան – Արթուր Արմենի, այդպիսի հարց օրակարգում չկա: Այդ հարցը կլինի, կքննարկվի հանձնաժողովում, Ձեր կարծիքը կասեք էլի:

Արթուր Մոսիյան - ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների անունից ընդդիմությունը հրաժարվում է հաշվիչ հանձնաժողովում տեղ ունենալուց: Վերցրեք և կիսեք: Վերջ: Ասում ենք քաղաքավարի անենք, էլի չի ստացվում:

Արթուր Թովմասյան – Դա՞ է քաղաքավարին: Եղավ: Ես ամեն ինչ անում եմ, եթե գնահատականը դա է, խնդրեմ: Այսինքն՝ այսօր էլ չեք էլի մասնակցում, հա՞: Հիմա ես օրակարգի տեղերը փոխեմ, հա՞:

(Աղմկում են դահլիճում)

Արթուր Հարությունյան - Արթուր Բաբկենի, ես կարծում եմ, որ այս հարցը, այն, ինչ որ այսօր քննարկում ենք, սա մեր օրակարգի հարց չէ: Որոշման նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, կա երկու տարբերակ. առաջին տարբերակը եղել է 9 հոգանոց` 4-2,   1-1-1, հետո առաջարկությամբ ներկայացվել է 2-1, 1-1: Հիմա առաջարկությունը Դուք ասել եք, հեղինակն ընդունում է, որ 4-2, 1-1-1 տարբերակով դնում ենք օրակարգի քննարկմանը` որպես օրակարգի հարց: Ես առաջարկում եմ այսօրվա օրակարգը հաստատենք և շարունակենք այդ օրակարգով առաջնորդվենք: Օրակարգից դուրս հարցերը քննարկենք առանձին:

Արթուր Թովմասյան – Ես դա ասացի, եթե այս թատրոնը նրա համար է, որ մյուս երկուսն էլ հրաժարվեն, եթե ես լուծումը առաջարկել եմ, ի սկզբանե ասեին, որ այսքան էլ չգնար: Բերել եք լուծումը ճարել: Հանձնաժողովի եզրակացությունը կարող է տվյալ հանձնաժողովը 5 կամ 4 դեմով մտնի, խորհրդարանը ընդունի:

Քվեարկության է դրվում  «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2023 թվականի մարտի 23-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը: 

Քվեարկություն։

Կողմ՝ 24, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 7:

Որոշումն ընդունվել է:

Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ, պարոն Միրզոյան:

Ժիրայր Միրզոյան Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, սիրելի ներկաներ, երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացնում Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել անցումային և եզրափակիչ դրույթներում, նոր հոդված ավելացնել գործող Սահմանադրության հետևյալ վերնագրով և բովանդակությամբ՝

Հանրապետության նախագահի ընտրությունն Ազգային ժողովի կողմից ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում: Առաջին ընթերցմամբ ընդունելու ժամանակ և՛ հանձնաժողովում, և՛ լիագումար նիստում քննարկվել է Սահմանադրության փոփոխության նախագիծը, և իմ առաջարկությամբ և Ազգային ժողովի կողմից ընդունված որոշմամբ սահմանված ժամկետում առաջարկություններ չեն ստացվել: Շնորհակալություն:

 Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ առաջարկությունների հեղինակները: Քանի որ առաջարկություններ չեն եղել, Դուք էլ նշեցիք, ուստի հարցեր չեն տրվում: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Խնդրեմ, պարոն Աղաջանյան:

Սևակ ԱղաջանյանԱզգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Պատգամավորների կողմից առաջարկություններ չեն եղել: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել և տվել է դրական եզրակացություն:

Արթուր ԹովմասյանՄշտական հանձնաժողովի նախագահին հարցեր նույնպես չեն տրվում: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Հիմա  անցնենք մտքերի փոխանակությանը:  Ելույթների համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Չկան: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա:

Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության  նախագծի վերաբերյալ Գերագույն դատարան դիմելու մասին որոշումը  հետևյալ բովանդակությամբ.

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

  1. Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

Քվեարկություն:

Կողմ` 32, դեմ` չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված է հարցի քննարկման ընդհատում՝ մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը:

Հիմա անցնենք օրակարգով նախատեսված՝ Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին հարցին: Փետրվարի 23-ի նիստի ժամանակ թեկնածուին Կանոնակարգով սահմանված կարգով պատգամավորների կողմից հարցեր տրվելուց հետո հարցի քննարկումը հետաձգվել է: Այժմ մտքերի փոխանակության փուլն է  և մինչև 10-ական րոպե տևողությամբ արտահայտվելու: Խնդրում եմ հերթագրվել: Հերթագրվող չի եղել: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա՞: Հիմա, Կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Գաղտնի քվեարկության կարգը ներկայացնելու համար հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, քվեարկության կարգում որևէ նորություն, փոփոխություն չկա: Կողմ և դեմ համապատասխան վանդակներում լատինական V տառի նշումն է:

Արթուր Թովմասյան - Խնդրում եմ բոլորին անցնել նախասրահ:

Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Քիչ առաջ մենք ավարտեցինք Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկությունը: Հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ:

Էդուարդ ԱղաբեկյանՆերկայացնում եմ Ազգային ժողովի 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի արձանագրությունը՝ առ 23 մարտի: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը արձանագրում է.

 Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու համար առաջարկվել է Արսեն Արտաշեսի Ամիրջանյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 32 պատգամավոր: Բացելով քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց հետևյալը՝ քվեատուփում առկա է 32 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է 0, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 21, դեմ՝ 11:

Արթուր Թովմասյան- Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Ազգային ժողովի անունից, անձամբ իմ կողմից շնորհավորանքի փոխարեն հաջողություններ եմ Ձեզ մաղթում և անձնական կյանքում, և հետագա աշխատանքներում:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 125-րդ հոդվածի  1-ին մասերով՝  Ազգային ժողովը  որոշում  է՝

Արսեն Արտաշեսի Ամիրջանյանին նշանակել  վերաքննիչ դատարանի դատավոր:

Օրակարգային հաջորդ հարցը «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է  ներկայացնելու  Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանը:

Արմինե Միրզոյան – Շնորհակալություն: Հարգարժան պարոն Թովմասյան, հարգելի պատգամավորներ, Ձեզ ենք ներկայացնում «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայումս գնահատման գործունեությունը հանրապետությունում կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքի, «Անշարժ գույքի գնահատման մասին» օրենքի և գնահատման ստանդարտների հիման վրա: Գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում մի շարք իրավահարաբերություններ, որոնցում գույքի շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա, ինչպես նաև խիստ սահմանափակված են ոլորտը լիազոր մարմնի կողմից վերահսկելու, կարգավորելու իրավասությունները: Մասնավորապես՝ կարգավորման առարկա է միայն անշարժ գույքը, սակայն ներկայումս շարժական գույքի գնահատումը զգալի մասնաբաժին է կազմում առկա իրավահարաբերություններում, մասնավորապես վարկավորման և ապահովագրական ոլորտներում: Օրենսդրությամբ նախատեսված գնահատման պարտադիր դեպքերը չեն ներառում բոլոր այն իրավահարաբերությունները, որտեղ գույքի շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա: Գործող օրենսդրությունը կազմակերպությունների համար գնահատման գործունեությամբ զբաղվելու որևէ նվազագույն պահանջ չի նախատեսում: Գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ սահմանված չեն: Որակավորված մասնագետների նկատմամբ սահմանված վերահսկողական մեխանիզմները բավարար չեն լիազոր մարմնին վերապահված գործառույթներն իրականացնելու համար և որակավորման մեխանիզմները չեն համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին: Ներկայացվող կարգավորմամբ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել Արցախի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը՝ որպես գնահատման պարտադիր դեպքեր սահմանելով նաև պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերը, ինչպես նաև պետական կամ համայնքային կարիքների համար գույք վարձակալելու դեպքերը, գույքի սեփականատիրոջը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սնանկ ճանաչելու և գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերը: Վերահսկելու նպատակով առաջարկվում է լիազոր մարմնի կողմից ներդնել անշարժ գույքի գնահատման գործունեության որակավորված անձանց կողմից կազմված պարտադիր գնահատման դեպքերում գնահատման հաշվետվությունների բազա, որի համար կստեղծվի առցանց աշխատող էլեկտրոնային համակարգ, որի գործարկումը լիազոր մարմնի կողմից հնարավորություն կտա ձևավորել անհատական համար, որը պարտադիր պետք է արտացոլված լինի պարտադիր գնահատման դեպք հանդիսացող գնահատման հաշվետվության բոլոր էջերում: Առաջարկվում է օրենքով սահմանել դրույթ, որով գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն ունենան միայն այն կազմակերպությունները, որոնք սահմանված կարգով հաշվառված են լիազոր մարմնում և ունեն նվազագույնը մեկ գնահատող: Սահմանվում է նաև որակավորման վկայականների գործողության դադարեցման նոր չափանիշներ, որով առաջարկվում է խախտումները դասակարգել երկու տեսակի՝ արժեքի վրա ազդող և արժեքի վրա չազդող և արժեքի վրա ազդող խախտումների դեպքում ցուցաբերել ավելի խիստ մոտեցումներ, քան արժեքի վրա չազդող խախտումների դեպքում: Գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպություններում ներկայումս հաշվառված գնահատողի վկայականի դադարեցման դեպքում կազմակերպությունը որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Առաջարկվում է սահմանել դրույթ, որով վերջին երեք տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երկու և ավելի գնահատողների որակավորման վկայականների դադարեցման դեպքում գնահատման կազմակերպությունը զրկվում է գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքից մեկ տարի ժամկետով: Առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ շուկայական գնահատման գործունեության ոլորտի ընդլայնում, կայացում, գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամբ շուկայի մասնակիցների և հանրության վստահության բարձրացում: Պետական և համայնքային անշարժ գույքի վարձակալության տրամադրումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքներում կավելանան պետական և համայնքային բյուջեների եկամուտները: Միջազգային ստանդարտների կիրառումը, որը արդեն հաջողությամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում, կնպաստի գնահատողների որակների բարձրացմանը, կազմվող հաշվետվությունների նկատմամբ պահանջները կհավասարեցվեն զարգացած երկրներում գործող պահանջներին: Լիազոր մարմնին հնարավորություն կընձեռնվի գնահատման կազմակերպությունների և որակավորված անձանց նկատմամբ իրականացնել առավել արդյունավետ հսկողություն: Անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման համար կապահովվեն անհրաժեշտ տվյալներ, կբարձրանա անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների որակը: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, տիկին Միրզոյան:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը: Խնդրեմ, պարոն Կասյան:

Վլադիմիր Կասյան Հարգելի գործընկերներ, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը և հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվել է լիագումար նիստի: Խնդրում եմ նախագիծը ընդունել որպես օրենք:

Գագիկ Բաղունց Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովի նախագահին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Կասյան:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի  փոխանակություն:  Եթե կա ելույթի ցանկությունխնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթների ցանկություն կա՞:

Այժմ քվեարկության է դրվում «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Հաջորդ հարցը «Էներգետիկայի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու  Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Գալստյանը: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Սուրեն Գալստյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացնում Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Սույն օրինագծով առաջարկվում է Էներգետիկայի մասին օրենքի 50-րդ հոդվածի 6.1-ի կետի 2022 թիվը փոխարինել 2025 թվով և դրա գործողությունը տարածել 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Փոփոխությունն ուղղված է ԱՀ նախագահի 2020-2025 թվականների ծրագրերի դրույթների կատարմանը, որի համաձայն՝ էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացման վրա հենված էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը: Էներգետիկ համակարգի քաղաքականության մաս է կազմում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող համակարգերի շարունակական զարգացումը: Սույն օրինագծի ընդունումը պայմանավորված է ի կատարումն այդ ծրագրի դրույթների, ինչպես նաև ներկա իրավիճակում այն առավել քան արդիական է՝ կապված Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ ահաբեկչության պատճառով ստեղծված էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու և էլեկտրաէներգետիկական համակարգի ծանրաբեռվածությունը թեթևացնելու համար: Օրինագիծն իր էությամբ հանդիսանում է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող համակարգերի զարգացման քաղաքականությանն ուղղված միջոցառում և դրա ընդունմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը չի ենթարկվի կարգավորման տեղակայանքների կառուցման և արտադրության ժամանակահատվածներում, այսինքն՝ արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգիա արտադրողերին հնարավորություն կընձեռնվի սեփական կարիքները բավարարելու համար առանց լիցենզիայի կառուցել մինչև 500 կիլովատտ արևային տեղակայանք՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգելով նախկինում սահմանված ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչը կխթանի ստեղծված իրավիճակում էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը և արևային էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսմանը: Շնորհակալություն:

 Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Գալստյան:

         Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը: Խնդրեմ, պարոն Կասյան:

 Վլադիմիր Կասյան - Հարգելի գործընկերներ, Էներգետիկայի մասինօրենքում փոփոխություն կատարելու մասինօրենքի նախագիծը քննարկվել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել է լիագումար նիստի քննարկմանը:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովի նախագահին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Կասյան:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի  փոխանակություն:  Եթե կա ելույթի ցանկությունխնդրում եմ հերթագրվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա:

Այժմ քվեարկության է դրվում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Արթուր Թովմասյան - Օրակարգային  հաջորդ հարցն է «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը: Սիրելի պատգամավորներ, բոլորին հրավիրում եմ կառուցողական դաշտ: Սա այն օրենքի նախագիծը չէ, սա մեր ներքին աշխատանքային հարցն է, ինչպես ենք մենք կազմակերպում մեր աշխատանքները, որ ավելի թափանցիկ լինի և ավելի արդար: Կարծում եմ՝  բոլորը պետք է հրավիրվեն այդ կառուցողական դաշտը և համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան։  

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի 001-7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման նպատակը յոթերորդ գումարում ստեղծելու մասին առնվազն համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 30-րդ և 12-րդ հոդվածներին համապատախանեցնելն է: Առնվազն այսքանը՝ չնայած քննարկումների, կարծիքների տեղիք տվեց: Ես միանում եմ պարոն Թովմասյանի կոչին, առնվազն փորձել անկեղծ լինել նման քննարկումներում: Հանձնաժողովի նպատակների գերնպատակը Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելն է: Եթե նման ցանկություն չլիներ, համենայն դեպս նման համամասնությամբ հանձնաժողով չէր ստեղծվի: Իմիջիայլոց մեր 7 գումարումներում էլ եղել է, նույնիսկ 80-ից ավելի առաջին Գերագույն խորհրդում ընդամենը 4 հոգով, նրանից հետո հիմնականում 3-3, մի անգամ 5 ու մնացածը 3-3-3: Նույնիսկ նախորդ գումարումներում էլի 5 խմբակցություն՝ 3 հոգուց բաղկացած ու այս վերջին գումարման ժամանակ՝ 5: Հիմնականում կանոնակարգային. սա ասում եմ որպես Ազգային ժողովի առաջին կանոնակարգի համահեղինակ, կանոնակարգում երկարատև հատվածական, առանց հիմնարար հետևողականության, գուցե նաև ինչ-որ տեղ սուբյեկտիվ կատարված փոփոխությունների, որոնք առերևույթ հակասություններ, կարծեք թե տարբեր կետերի միջև կան: Ամեն դեպքում մեր նպատակը եղել է բնականոն գործունեության ապահովումը, քանի որ ինձ համենայնդեպս հայտնի չէ եթե ոչ այստեղ էլ, այլ ընդհանրապես խորհրդարանական պատմություններում հաշվիչ որևէ (բառը չի լսվում) նման գործելակերպ, ինչին առնչվել ենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Այսինքն՝ 9, Ձեր սկզբի տարբերակն է չէ՞ քննարկվում:

Էդուարդ Աղաբեկյան Դե ներկայացվածը ամբողջովին համամասնորեն է, առաջարկվել է ընդամենը կարծիք, առաջարկություն: Իհարկե, քննական նյութ պիտի լինի այս իրավիճակից: Հաձնաժողովում առաջարկություն եղել է՝ թողնել նույնը՝ պահպանելով համամասնությունը: Ստացվել է այն, ինչ որ ստացվել է, բայց էլի Ազգային ժողովի քննարկման նյութ է:

Արթուր Հարությունյան - Քանի որ սկզբնական տարբերակում եղել է 9 հոգի, հետո առաջարկ է եղել 5 հոգի և նորից հնչել է այդ տարբերակը, որ 9 հոգանոց հանձնախումբ պիտի ձևավորվի, առաջարկում եմ այս որոշման նախագիծը տանել լրամշակման, նորից հանձնաժողովով անցնի ու եզրակացությամբ ներկայացվի հաջորդ նիստին: Եթե հեղինակը կողմ է, առաջարկում եմ անել այդ տարբերակով:

Էդուարդ Աղաբեկյան - Միանշանակ կողմ եմ:

Արթուր Թովմասյան – Դե ուրեմն՝ ինչ քննարկենք, ինչ հարցեր տանք: Հեղինակը ի՞նչ է ասում: Հանո՞ւմ եք:

Արթուր ՀարությունյանԱռաջին տարբերակը, որն առաջարկվել է, այդ տարբերակը նորից հանձնաժողովով անցնի ու եզրակացությամբ ներկայացվի հաջորդ նիստին:  

Արթուր Թովմասյան Խնդրեմ: Կարող եք հաջորդ նիստին էլ չբերեք: Հանձնաժողովը կա: Եղավ: Նախորդ հանձնաժողովը, եթե արտահերթ նիստ եղավ, չգիտենք, գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է, նախորդ հանձնաժողովը ուժի մեջ է, խնդրում եմ բնականոն աշխատանքները ապահովեք: Ի՞նչ ընտրություն կլինի. կարծեմ Մարտունու շրջանի դատավորի պաշտոնն էլ է թափուր: Կամ հերթական նիստին կանենք: Եթե արտահերթի ժամանակ որևէ ընտրություն եղավ, որը տեսականորեն չի բացառվում, նախորդ հանձնաժողովին խնդրում եմ բնականոն աշխատանքները ապահովի, մինչև նոր հանձնաժողովի ստեղծումը: Ընդունելի՞ է առաջարկությունը:

 Էդուարդ Աղաբեկյան - Այո:

 Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Անցնում ենք «Պատգամավորների հայտարարություններին»: Հերթագրում:

 Շնորհակալություն: Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները: Ցտեսություն: