ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
21 ապրիլի 2023

 

Ապրիլի 21-ին  Արցախի Հանրապետության   Ազգային ժողովի ԳԿՄԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ, որին  մասնակցում էր Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:

Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գործող օրենքով ամրագրված է, որ միջին մասնագիտական կրթությամբ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել  բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության երկրորդ կուրսում հեռակա ուսուցմամբ:

««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման դեպքում միջին մասնագիտական կրթությամբ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության երկրորդ կուրսում ինչպես հեռակա ուսուցմամբ, այնպես էլ կառավարության որոշմամբ հաստատված առկա ուսուցման համակարգի մասնագիտությունների գծով:

Փոփոխությունը ներկայացրել ու հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը:

Օրինագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  ԳԿՄԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի հերթական  նիստի քննարկմանը:

ԼՈՒՐԵՐ