ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

                                                       ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

  ժԱՄԸ  11:00

        Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

        Նիստին ներկա են 31 պատգամավորներ: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

        Գագիկ Բաղունց - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, սկսում ենք մարտի 15-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին նախապատրաստվել գրանցման:

Գրանցում:

Գրանցման արդյունքներով ներկա են 31 պատգամավորներ, բացակա են 2-ը:

Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Արթուր Թովմասյան – Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Բաղունցին:

Գագիկ Բաղունց -   Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին հարցը:

Հարցեր կա՞ն նստաշրջանի օրակարգի վերաբերյալ: Հարցեր չկան: Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու մասին» Ազգային ժողովի որոշումը:

Քվեարկություն։

Կողմ՝ 31, դեմ` չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Արթուր Թովմասյան -  Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 2023 թվականի մարտի   15-ի նիստի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Բաղունցին:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստի օրակարգի նախագծում ներառված է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին հարցը: Օրակարգում ներառված է նաև «Պատգամավորների հայտարարությունները»:

Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի վերաբերյալ: Հարցեր չկան: Քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2023 թվականի մարտի 15-ի նիստի  օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը: 

 

Քվեարկություն։

Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ  Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ, պարոն Միրզոյան:

Ժիրայր Միրզոյան ԱԺ հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, 44-օրյա պատերազմից հետո ԱՀ առջև ծառացած բազմաթիվ հրատապ խնդիրներից մեկն էլ դարձավ սահմանադրական որոշ կարգավորումների վերանայումը, որպեսզի վտանգի տակ չլինի պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունը: Գործող Սահմանադրության դրույթներից չափազանց վտանգավոր է հատկապես այն, որ Հանրապետության նախագահի պաշտոնն օրենքով սահմանված որևէ հիմքով թափուր մնալու դեպքում նախատեսված է նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջ: Նույն մեխանիզմը գործում է նաև Ազգային ժողովի արձակման դեպքում: Նշված իրավիճակում համապետական ընտրություններ անցկացնելու հնարավորություն չլինելու դեպքում առաջ է գալիս իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ: Նման դեպքում դադարում են  գործել Ազգային ժողովը և կառավարությունը, ինչը մեր պայմաններում հնարավոր է հասցնի իրավաքաղաքական ճգնաժամի:

Հաշվի առնելով ԱՀ անվտանգության ապահովման հրամայականը, ներկայում ԱՀ առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու անհրաժեշտությունը` առաջարկվում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին: Այդ նպատակով ներկայացված նախագծով այս կերպ առաջարկվում է.

1. Լրացում կատարել Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությամբ 12-րդ գլխում, որում փոփոխություններ կատարելու իրավունքը գործող Սահմանադրությամբ վերապահված է Ազգային ժողովին,

2.  Ռազմական դրության ժամանակ մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ  խմբակցություններին վերապահել իրավունք՝ առաջադրելու և ընտրելու նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը,

3.  Տվյալ եղանակով ընտրված նախագահի պաշտոնավարման ընթացքում արգելել արձակել Ազգային ժողովը,

4.  Տվյալ եղանակով ընտրված նախագահին անվստահություն հայտնելու համար նախատեսել որակյալ մեծամասնությամբ` երկու երրորդով անվանական քվեարկությամբ ընդունված որոշման անհրաժեշտություն:

         5.  Օրենքով ամրագրել տվյալ եղանակով նախագահի ընտրության կարգի մանրամասները:

Նախագիծը նպատակ ունի ռազմական դրության ժամանակ ստեղծել հնարավոր ճգնաժամերից խուսափելու իրավական հիմքեր և ապահովել պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունը: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Ժիրայր Միրզոյան – Ես, օգտվելով կամ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով, առաջարկում եմ մինչև երկրորդ ընթերցում ներկայացվող առաջարկությունների համար սահմանել մեկշաբաթյա ժամկետ` մինչև մարտի 21-ի ժամը 17-00:

Գագիկ Բաղունց - Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Սևակ Աղաջանյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը քննարկվել է պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը կողմ է քվեարկել և տվել է դրական եզրակացություն:

Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Պարոն Աղաջանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել:

Հերթագրվել են երկու պատգամավորներ` պարոն Թովմասյան և պարոն Գեղամ Ստեփանյան: Պարոն Ստեփանյան, խնդրեմ:

Գեղամ Ստեփանյան - Հարգելի գործընկերներ, հետպատերազմյան Արցախում սահմանադրական փոփոխությունների թեման պարբերաբար ամենահրատապ քննարկվող նյութերից մեկն էր դարձել` կախված նրանից, թե որքան սրություն են ունեցել տվյալ պահին ներքին քաղաքական հարցերն ու երկրի կառավարման համակարգն ամրապնդելու կամ կատարելագործելու հրամայականը: Մեզ համար հենց այդ` պետականությունը պահպանելու և այն ցնցումներից հեռու պահելու մոտեցումն է եղել գլխավոր տեղում և հենց դրանով էր պայմանավորված մեր համաձայնությունը 2022 թվականի հունվարից սահմանադրական բարեփոխումների` սկզբից քաղաքական, ապա և մասնագիտական հանձնաժողովներին անդամակցելու և լիարժեք մասնակցելու իմաստով: Եվ այդ աշխատանքի ամբողջ ընթացքում մենք նկատի ենք ունեցել սահմանադրական բարեփոխումների ամբողջ փաթեթը` կամ փոփոխությունների լրիվ ծավալով, կամ էլ նոր սահմանադրության նախագծի տեսքով: Ինչ որ տեղի է ունեցել հաջորդ ամիսներին` սահմանադրական բարեփոխումների կոնցեպտի փոփոխություն, ապա և այդ նույն կոնցեպտով խորհրդարան բերած կարճ տարբերակի հետ վերադարձնելուն, այդ ամենը կատարվել է առանց մեր մասնակցության և ոչ մեր նախաձեռնությամբ, կոնկրետ` Հանրապետության նախագահի կողմից:  Այս փուլում ներկայացված տարբերակի վերաբերյալ մեր համատեղ տեսակետը հանգում է միայն քաղաքական կողմին: Իրավական տեսանկյունից այս երևույթի մասին, ինչպես և նախատեսված է օրենսդրությամբ, գնահատական տալու իրավասությունը վերապահված է Գերագույն դատարանին:

Հաշվի առնելով այս հանգամանքը և այն ելակետը, որի մասին նշեցի ելույթի սկզբում, պետական համակարգը բոլոր հնարավոր միջոցներով ամուր պահելու և  այն ցանկացած, այդ թվում`  ճգնաժամային իրավիճակում ցնցումներից զերծ պահելու գերակայությունները, մենք` Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները, որոշել ենք կողմ քվեարկել ներկայացված նախագծին: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան - Ես ողջունում եմ երեք խմբակցությունների տեսակետը: Իրականում շատ ենք մտածել մենք այդ մասին, երբ երկրի շահն է: Ընդհանրապես ցանկացած սահմանադրություն, որ ընդունում ենք, առաջին հայացքից լավ է երևում: Սահմանադրությունը աշխատելուց հետո երևում են թերությունները՝ այ, որ սրանք չգրեինք: Առաջին հայացքից շատ լավ էր թվում, որ մեզ նման փոքր երկրներում միաժամանակ անցկացնենք և նախագահական, և խորհրդարանական ընտրությունները, որովհետև ամեն մի համապետական ընտրություն դա ահռելի գումարներ են՝ այս առումով: Բայց մենք չենք նկատում, որ կարող է գալ մի այնպիսի պահ, որ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի Արցախի Հանրապետությունում ընդհանրապես, մասնավորապես չենք էլ մտածել, որ հնարավոր է՝ մեր սուբյեկտայնությունը կորցնելու վտանգի առջև կանգնենք: Ինձ համար միշտ հոգեհարազատ են եղել Ազգային ժողովի 2021 թվականի դեկտեմբերի վերջի և 2022 թվականի ապրիլի 14-ի հայտարարությունները: Այդ հայտարարություններին գումարվեց ևս մեկ հայտարարություն՝ վերջերս մեր հինգ խմբակցությունների կողմից համատեղ հայտարարությունը: Վերջապես ՀՀ վարչապետը գոհունակությամբ ընդունեց ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների մտահոգությունները և ընդգծեց, որ այն խաղաղության պայմանագիրը, որը ստորագրվեց առանց Արցախի մասով, ապա կդառնա, որ ՀՀ վարչապետը ցեղասպանության, էթնիկ զտումների մանդատ է տալիս Ադրբեջանի Հանրապետությանը: Ես նույնպես կոչ եմ անում, քանի որ նաև գիտեմ «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցության տեսակետը, որ միաձայն անցկացնենք: Սա՝ հանուն երկրի, հանուն Արցախի ժողովրդի: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց -  Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք,  խնդրեմ: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ՝ 31, դեմ՝ չկա,  ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Հարգելի պատգամավորներ,  քանի որ հիմնական զեկուցող պարոն Միրզոյանն առաջարկեց երկրորդ ընթերցման համար նախատեսված գրավոր առաջարկների ժամկետը կրճատել, ուստի առաջարկում եմ լսել Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը, Կանոնակարգի 75-րդ հոդվածի համաձայն, քվեարկվում է առանց քննարկման.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

2023 թվականի մարտի 15-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև սույն թվականի մարտի 21-ը՝ ժամը  17:00»:

Քվեարկություն։

Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվել է:

Իսկ հիմա անցնում ենք օրակարգի վերջին հարցին՝ «Պատգամավորների հայտարարություններին»: Խնդրում եմ հերթագրվել: Հայտարարության ցանկություն չկա:

Ավարտեցինք օրակարգային հարցերի քննարկումըԱյսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները: Շնորհակալություն: