ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23 - Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 33 պատգամավորներ: Նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:
Գագիկ Բաղունց - Բարի առավոտ բոլորին, կառավարության անդամներ, գործընկերներ, հրավիրվածներ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան աշխատանքներ են տարվել օրենսդրական նախաձեռնությունների մասով, և պատրաստ ենք սկսելու Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքները:
Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում: Ներկա են 33 պատգամավորներ, բացակա չկա:
Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը հայտարարում եմ բացված:
(Հնչում է ԱՀ օրհներգը)
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, հերթական՝ յոթերորդ նստաշրջանը բացված է, և սկսում ենք մեր աշխատանքները:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա երեք հարց` «ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին», «ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2022 թվականի գործունեության հաղորդումների մասին» և առաջին ընթերցմամբ ընդունված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» հարցերը։
Երկրորդ բաժնում ներառված են գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացությամբ ներկայացված հետևյալ հարցերը.
- «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին»,
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»:
Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ: Հարցեր չկան: Կարող ենք անցնել առաջ:
Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն։
Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Փետրվարի 23-ի հերթական նիստի օրակարգի նախագծում որպես պարտադիր քննարկման ենթակա հարցեր ներառվել են երկուսը՝ «ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին» և առաջին ընթերցմամբ ընդունված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» հարցերը։ Այսօրվա նիստի օրակարգում են նաև գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը, որոնք քիչ առաջ ներառել ենք նստաշրջանի օրակարգում։ Ունենք նաև հարցեր Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին և, ինչպես միշտ, պատգամավորական հայտարարությունները:
Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի հետ կապված: Խնդրեմ, պարոն Իշխանյան:
Դավիթ Իշխանյան - Մինչև նիստի օրակարգի քվեարկելը ուզում եմ նախ տեղեկացնել. երեկ երեք ընդդիմադիր քաղաքական ուժերով հայտարարություն ենք հրապարակել: Վստահ եմ` ծանոթացել եք, տեղյակ եք: Հաշվի առնելով ընդհանուր ներքաղաքական խնդիրները, նաև այն մարտահրավերները, որոնք մեր առջև են, երեք քաղաքական ուժերով հավելյալ քննարկումներ ենք կայացրել երեկ և որոշել, որ այսօրվա նիստին մեր մասնակցությունը չենք ապահովելու: Խնդրում ենք աշխատանքները շարունակել առանց երեք քաղաքական ընդդիմադիր ուժերի: Հաջողություն ձեր աշխատանքներին: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Ձեր իրավունքն է: Եթե այլ հարցեր չկան, շարունակենք մեր աշխատանքները: Քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2023 թվականի փետրվարի 23-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն։
Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք օրակարգով նախատեսված՝ Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին հարցին: Առաջնորդվում ենք «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 121-րդ հոդվածով, որի համաձայն՝ պաշտոնում ընտրվելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկելիս մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, հաջորդը մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուն: Ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել պատգամավորների կողմից, այնուհետև՝ մտքերի փոխանակություն և մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներ:
Այժմ վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Սաղյանին: Խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան – Պարոն նախագահող, փակ գաղտնի քվեարկությանը հաշվիչ հանձնաժողովը (չի լսվում) ընդունել է որոշում, որովհետև հինգ անդամներից երեքը բացակայում են: Խնդրում եմ հաշվի առնեք կամ որոշ ժամանակ հետաձգենք: Խոսքը հաշվիչ հանձնախմբի 3 պատգամավորների մասին է:
(Աղմկում են դահլիճում):
Գագիկ Բաղունց - Այդ դեպքում մի փոքր ընդմիջում կհայտարարենք: Միգուցե կմասնակցե՞ն հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին ներկաները:
(Աղմկում են դահլիճում):
Կարեն Սաղյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, ԱՀ Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ԱՀ դատական օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն՝ ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակում կատարելու համար ձեզ եմ ներկայացնում ԱՀ բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ առաջարկված Արսենի Արտաշեսի Ամիրջանյանի թեկնածությունը: ԱՀ ԱԺ աշխատակարգի 86-րդ կետով պահանջվող` հիշյալ պաշտոնում նշանակման ենթակա թեկնածու Արսեն Ամիրջանյանի վերաբերյալ փաստաթղթերը կցվել են ԱՀ ԱԺ նախագահին հասցեագրված 2023 թվականի հունվարի 26-ի գրությանը:
Ներկայացնեմ թեկնածուի կենսագրությունը:
Արսեն Ամիրջանյանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 8-ին Հադրութ ավանում: 1965-75 թվականներին հաճախել է Հադրութի միջնակարգ դպրոցը: 1975-1981 թվականներին սովորել է Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում: 1981-82 թվականներին աշխատել է Գրոզնիի միավորված ավիացիոն ջոկատում որպես ինժեներ, որից հետո տեղափոխվել է Հադրութ քաղաք: 1989 թվականին ընդունվել է Խորհրդային Միության ՆԳՆ Կարագանդայի բարձրագույն դպրոցը, իսկ 1994 թվականին ավարտել Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի ոստիկանության բարձրագույն դպրոցը` ստանալով իրավաբանի որակավորում: 1983-2001 թվականներին ծառայության է անցել նախկին ԼՂԻՄ ներքին գործերի վարչությունում: Աշխատել է տարբեր` անձնագրային սեղանի պետի, պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի, Հադրութի շրջանային բաժնի պետի տեղակալի, Հադրութի շրջանային բաժնի քննիչի, այնուհետև ԼՂՀ ոստիկանության քննչական բաժանմունքի ավագ քննիչի պաշտոններում: Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: 2002 թվականի փետրվարի 6-ին ԱՀ ԱԺ թիվ 0188-3 որոշմամբ նշանակվել և առայսօր աշխատում է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում: Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է պատվոգրեր և արժանացել այլ խրախուսանքների: 2016 թվականին անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Դատավորի պաշտոնում աշխատած ստաժը կազմում է 21 տարի: 2019 թվականի դեկտեմբերից գտնվում է ԱՀ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք պարոն Սաղյանին, խնդրում եմ հերթագրվել:Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Սաղյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Այժմ հրավիրվում է վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Ամիրջանյանը: Խնդրեմ, պարոն Ամիրջանյան:
Արսեն Ամիրջանյան - Կենսագրությունս պարոն Սաղյանը ներկայացրել է: Ընդամենը կարող եմ ավելացնել, որ 91-92 թվականներին զբաղեցնում էի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի պաշտոնը Հադրութի շրջբաժնի ոստիկանության շրջբաժնում: Ոստիկանության պետը հեռացել էր Արցախից: Համարյա մեկ տարի ինձ նշանակել են շրջբաժնի պետի պաշտոնակատար: Այդ ընթացքում պարզ է, որ առաջին դեմքը ոստիկանությունում շրջանում եղել եմ ես: Ես համագործակցել եմ պարտիզանական շարժման հետ: Իմ ընկերները եղել են Արկադի Տեր-Թադևոսյանը, Արթուր Մկրտչյանը, այստեղ նստած Արշակ Գրիգորյանի հայրը` Գրիգորյան Վիգենը: Այն ժամանակ նա հանդիսանում էր Տողի ենթաշրջանի պարտիզանական շարժման համակարգողը: Միասին Կոմանդոսի հետ նույնիսկ բառացի մեկ էկիպաժում մասնակցել եմ Սարին Շենի գյուղի ազատագրմանը, Տող գյուղի ազատագրմանը, այնուհետև ոստիկանության խմբի հետ արդեն քննիչի պաշտոնում մասնակցել եմ մարտական գործողությունների Ֆիզուլիի շրջանում Պեդախմեդլի, Կարախանբեյլի և հասել մինչև Ժդանովի տակը` մոտավորապես 50կմ չհասած: Մեր դեմը կանգնած էին ձեզ հայտնի չեչեն գրոհայիններ` Շամիլ Բասաեվի խումբը: Այդքանը:
Մեր դատական համակարգը այնքան մեծ չի, նույնիսկ Հայաստանում մոտավորապես 220 դատավոր կա, մեր համակարգում` 24: Այսինքն՝ թափուր տեղերը առաջանում են 5 տարին մեկ անգամ, 7 տարին մեկ անգամ, 10 տարի մեկ անգամ: Վերջին անգամ թափուր տեղերը վերադաս ատյաններում առաջացել են 2017թվականին: 2018 թվականին դիմել եմ և ընդգրկվել առաջխաղացման ցուցակում: Այնպես է ստացվել, որ թափուր տեղը առաջացել է սույն թվականի հունվարի 3-ին, այսինքն՝ 7 ամսից հետո պետք է անցնեմ թոշակի: Դե մինչև ԱԺ նիստը մեկ ամիս էլ այդպես է տևել: Ընդհանրապես լսել եմ այն կանխավարկածը, որ շատ քիչ ժամանակ է մնացել աշխատելու, կարծես թե նպատակահարմար չէ, բայց իմ կարծիքով այստեղ խնդիրը նույնիսկ թոշակի չափի տարբերության մեջ չի, չափը շատ չնչին է, այլ ընդհանուր անունի, ստատուսի մեջ է: Եթե մարդ 21 տարի աշխատել է առաջին ատյանի դատարանում և թափուր տեղ է առաջացել, ընդ որում՝ օրենսդրական ոչ մի կարգավորում չի արգելում, որ նշանակվի վերաքննիչ դատարանի դատավոր, ապա կարծում եմ, որ վաստակել եմ այդ պատիվը: Այսպես ասած կատակով մի բան էլ ասեմ. ընդհանրապես, եթե մարդ առաջին ատյանի դատարանում 10 տարի աշխատում է և ինֆարկտ չի ստանում, դա բացառություն է: Ես գիտեմ, որ այդ չնչին ժամանակահատվածը` 4 ամիսը, որ պետք է աշխատեմ վերաքննիչ դատարանում, իհարկե, մեր կոլեգա դատավորներից բան ունեմ սովորելու, բայց այնպես չի, որ մեր վերաքննիչ դատարանի դատավորները ինձնից նույնպես բան ունեն սովորելու, որովհետև այնպիսի աշխատանքային փորձ ոչ մեկը չունի և երևի այդպիսի ֆենոմեն էլ չի լինելու Արցախում, որ 21 տարի շարունակ առաջին ատյանի դատարանում աշխատես: Ես նշանակվել եմ 2002 թվականին որպես դատավոր, ինձ հետ միասին նշանակված դատավորները բոլորը կամ անցել են թոշակի Գերագույն դատարանից` Արզումանյան Գրետան, Օսիպյան Վոլոդյան, կամ հիմա աշխատում են Գերագույն դատարանում, նույնիսկ վերաքննիչում չեն, ավելի բարձր ատյանում:
Գագիկ Բաղունց - Պարոն Ամիրջանյան, կարծում եմ, որ ներկաները քիչ թե շատ ծանոթ են ձեր կենսագրությանը, համապատասխան գնահատականներ ունեն Ձեր գործունեության: Փորձենք ավարտենք:
Արսեն Ամիրջանյան - Եթե հարցեր կան, պատրաստ եմ պատասխանել:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ:
Կարեն Հովհաննիսյան - Պարոն Ամիրջանյան, ճիշտն ասած՝ լրիվ այլ ելույթ էի ակնկալում այսօր այս ամբիոնից: Ձեր խոսքից ինձ մոտ որոշակի հարցեր առաջացան, նաև մտահոգություններ: Ուղղակի կարճ ձևակերպեմ: Դատավորի պաշտոնում ընտրվելու պարագայում դուք այդ 4 ամիսը Ձեր մեջ ունե՞ք այդ կամային որակները մերժելու ցանկացած զանգ` պահելով միայն ու միայն օրենքի գերակայությունը:
Արսեն Ամիրջանյան - Շնորհակալ եմ հարցի համար: Այստեղ երկու հադրութեցի պատգամավոր կա, որոնք ավելի լավ են ինձ ճանաչում: Երբևիցե այս 21 տարում զանգով վճիռ չեմ կայացրել: Նույնիսկ եղել է, որ մեր շրջանի և ավելի բարձր մակարդակներով պետական պաշտոնյաներ ամիսներ շարունակ ինձանից խռով են մնացել, որովհետև զանգով վճիռներ չեմ կայացրել երբևիցե:
Գագիկ Բաղունց - Արձագանքո՞ւմ եք, պարոն Հովհաննիսյան:
Կարեն Հովհաննիսյան - Ես հադրութեցի չեմ, տեղյակ չեմ Ձեր կենսագործունեության մասին Հադրութում, ինչպիսինն եք եղել, բայց եթե ընտրվելու եք դատավոր, եթե մեկ օր կծառայեք, մեկ շաբաթ կծառայեք, թե չորս ամիս, դա էական չէ: Գլխավորը, իմ տեսակետով, իմ կարծիքով, օրենքի գերակայությունը պահպանելն է և որևէ զանգ, որևէ կոչ, ինձ թվում է, ձեր որոշումների վրա որևէ ազդեցություն պիտի չունենա: Ուզում է լինենք հադրութեցի, ուզում է լինենք ստեփանակերտցի:
Արսեն Ամիրջանյան - Շնորհակալ եմ: Պարզ է, որ դատավորի մասնագիտությունը դժվար է մինչև վճիռ կայացնելը: Գիշերները չես քնում, բայց վճիռ կայացնելուց հետո այս 21 տարում միշտ էլ հանգիստ քնել եմ: Իմ խղճի առաջ հանգիստ եմ եղել:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Ամիրջանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել:
Մենք շարունակենք մեր գործընթացը: Ընդմիջումը հայտարարելու եմ նախասրահ տեսափոխելու առումով: Եթե վարման կարգով հարց կա, խնդրեմ: Հարգելի պատգամավորներ, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի կողմից 20 րոպե ընդմիջում է առաջարկվում:
(Ընդմիջում)
Գագիկ Բաղունց - Սկսում ենք մեր աշխատանքները: Նկատի առնելով, որ պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Մետաքսե Հակոբյանը և Գեղամ Ստեփանյանը հրաժարվել են մասնակցել հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին և հանձնախմբի 5 անդամներից երեքը բացակայում են, քվորում հաշվիչ հանձնախումբը չունի, այդ իսկ պատճառով քվեարկությունը վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ հետաձգվում է: Օրենքի կանոնակարգի պահ է այդտեղ:
(Խոսում են դահլիճում)
Կանոնակարգի պահանջները հաշվի առնելով՝ համապատասխան որոշում կընդունենք՝ ինչքան ժամանակով և ինչ հաշվիչ հանձնախմբի մասնակցությամբ այդ հարցը քվեարկության կդնենք: Խոսքը այսօրվա նիստին է վերաբերում, այսօրվա քվեարկության մասին է: Հետագայում թե ինչ քայլեր կձեռնարկեն, մենք համապատասխան արձագանք կստանանք: Եթե հաշվիչ հանձնախմբի նախագահը առաջարկում է համապատասխան քվեարկությամբ ընդունենք նման որոշում, խնդրեմ, եկեք հարցը քվեարկության դնենք՝ վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը հետաձգվի մինչև հաջորդ հերթական նիստը: Ո՞վ է կողմ նման որոշում ընդունելուն:
Արթուր Հարությունյան - Պարոն Բաղունց, ես կարծում եմ, որ այդ հարցը ոչ թե պետք է այստեղ որոշումով ընդունվի, այլ նախ դա ինքնըստինքյան հաջորդ նիստին է ընդգրկվելու: Եթե մենք այս նիստի օրակարգից հանում ենք, հետևաբար նստաշրջանի օրակարգում կա և հաջորդ լիագումար նիստի օրակարգը հաստատելիս այդ հարցը կարող ենք ընդգրկել առանց այս պահին քվեարկություն անելու: Հիմա եթե խոսքը վերաբերում է հետագա որոշումներին, այսինքն՝ հանձնաժողովի կազմի փոփոխության, կամ ավելացման, կամ նվազեցման, կամ չգիտեմ համամասնությամբ, ինչպես Կանոնակարգը նշում է համամասնությամբ ձևավորելու, դա առանձին քննարկելու հարց է, որը նիստից հետո կամ այս օրերի ընթացքում կքննարկենք: Կարծում եմ՝ այս պահին քվեարկություն անելու հարց չկա: Մինչև այդ հաջորդ նիստի օրակարգում ընդգրկելը դա պարտադիր կարող ենք մենք ընդգրկել առանց քվեարկության:
Գագիկ Բաղունց - Պարոն Հարությունյան, համաձայն եմ այն մասով, որ դատավորի ընտրության հարցը արդեն իսկ մտցված է 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգի մեջ և յուրաքանչյուր հերթական նիստից առաջ նիստի օրակարգը որոշելիս մենք այդ հարցը օրակարգի մեջ մտցնելու կամ չմտցնելու վերաբերյալ որոշում ենք ընդունելու՝ թե աշխատանքային խորհրդակցության ժամանակ, թե վերջնականորեն ԱԺ հերթական նիստի օրակարգում:
Արթուր Հարությունյան - Կարծում եմ այդպես էլ պետք է որոշենք:
Գագիկ Բաղունց - Եղավ, շնորհակալություն: Հաջորդ հարցը առաջին ընթերցմամբ ընդունված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։
Հասմիկ Մինասյան - ԱԺ հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հյուրանոցային տնտեսության օբյեկտների ցանկի, նրանց դասակարգման ընդլայնմամբ և որակավորման կարգի հստակեցմամբ: Բոլորիս հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ հյուրանոցները հիմնականում տրամադրվել են բռնատեղահանված մեր հայրենակիցներին: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Հյուրանոցային ծառայություններ» 8-րդ և «Հյուրանոցային տնտեսության օբյեկտներ» 9-րդ հոդվածները: Օրենքի նախագծի ընդունման դեպքում լիազոր մարմնի կողմից վերահաշվառման կենթարկվեն հյուրանոցային տնտեսության բոլոր տիպի օբյեկտները:
Արդյունքում լիազոր մարմինը հնարավորություն կունենա պայմանագիր կնքել հյուրանոցային տնտեսության բոլոր տեսակի օբյեկտների հետ, և դրանք ամբողջությամբ կարող են տրամադրվել մեր հայրենակիցներին:
Օրենքի նախագծի առաջին ընթերցման ընդունելությունից հետո պատգամավորների կողմից գրավոր առաջարկություններ չենք ստացել: Սակայն ԱԺ հերթական նիստում քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը մտահոգություն է հայտնել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում կարող են առաջանալ հնարավոր ռիսկեր: Հարցին անհրաժեշտ պարզաբանում ստանալու նպատակով դիմել ենք ԱՀ գլխավոր դատախազին և ստացել ենք հիմնավորումներ, որ նման ռիսկերը բացակայում են: Սույն թվականի փետրվարի 16-ին գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկմանը հրավիրվել է նաև ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, և պատգամավորներին հուզող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ օրենքի նախագիծը ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցեր չեն տրվում զեկուցողին, քանի որ Կանոնակարգի 77-րդ հոդվածի համաձայն՝ զեկուցողին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները։ Այս նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել։
Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, տիկին Մինասյան:
Հիմա ևս մեկ թյուրիմացության հետ մենք կառնչվենք, որովհետև գլխադասային հանձնաժողովի նախագահը բացակա է: Պարոն Պետրոսյան, որպես գլխադասային հանձնաժողովի նախագահի տեղակալ, խնդրեմ:
Մարսել Պետրոսյան – Հարգելի գործընկերներ, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում՝ շաբաթվա սկզբին: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել այն փոփոխություններին, որոնք կատարվել են են այդ ընթացքում: Խոսքը երկրորդ ընթերցման մասին է: Առաջարկում ենք կողմ քվեարկել: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Պետրոսյան:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Օրակարգով նախատեսված մեր հաջորդ հարցը «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող հրավիրվում է Արցախի Հանրապետության ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը:
Արտեմ Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, Ձեզ եմ ներկայացնում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը: Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի հուլիսի մեկին Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է նոր քրեական օրենսգիրք, որով ապաքրեականացվել է տրանսպորտային միջոց` առանց վարորդական իրավունքի վկայականի մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոց վարելու արարք, ինչի արդյունքում արարքը ընդգրկվել, ընդունվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ որպես վարչական իրավախախտում: Դրա արդյունքում հակասություն է առաջացել ԱՀ Քրեական օրենսգրքի և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի միջև, որը կիրարկման մեջ է դրված Արցախի Հանրապետությունում: Ուստի այս հակասությունը կարգավորելու համար առաջարկում եմ ԱՀ Քրեական օրենսգրքի 254 պրիմ 1 հոդվածի 1.1 կետով նախատեսված արարքը, որով նախատեսվում է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար մեկ տարվա ընթացքում կրկին պատասխանատվության անձի արարքը նախատեսված է որպես քրեորեն պատժելի արարք, այդ արարքը ապաքրեականացնել: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Պատգամավորները կարող են հիմնական զեկուցողին դիմել իրենց հարցերով: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել:
Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Հարությունյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը 3 կողմ ձայներով կողմ է քվեարկել և տվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին:
Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Աղաջանյան:
Նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել:
Այժմ քվեարկության է դրվում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հաջորդ հարցը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը։ Խնդրեմ, պարոն Մանգասարյան։
Արմեն Մանգասարյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, Ձեր քննարկմանը ներկայացված է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվող լրացման նպատակը հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց համար կենսաթոշակի տեսակը փոխելու և հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ստանալու հնարավորության ընձեռումն է:
Օրենքի 35-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ կսահմանվի, որ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, հոգեբուժարանում բուժվող և ռազմական ուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիներից բացի, լիազորագրով կարող է վերսկսել նաև առաջին խմբի հաշմանդամի դադարեցված կենսաթոշակը:
Օրենքի 39-րդ հոդվածով հստակեցվում է բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող՝ 18 տարին լրացած կենսաթոշակառուին վճարվող կենսաթոշակի չափը, մասնավորապես, եթե անձին նշանակված է աշխատանքային կենսաթոշակ, ապա վճարվում է միայն կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ սոցիալական կենսաթոշակի դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական կենսաթոշակն աշխատանքային մաս չունի, ապա կստացվի, որ նման կենսաթոշակը չի վճարվում:
Մյուս երկու փոփոխությունները և լրացումները վերաբերում են անցումային դրույթներին: Նախ՝ կորոնավիրուսի համավարակի և պատերազմական գործողությունների հետևանքով առաջացել են մի շարք խնդիրներ և մեր հայրենակիցները չէին կարողանում լիազորագրով վերսկսել կենսաթոշակը: Առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել և ժամկետները հստակեցնել և արդեն նախարարություն դիմելու ժամկետը ևս երկարաձգել և սահմանել մինչև մայիսի 1-ը:
Վերջին լրացումը վերաբերում է Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր չէին կարողանում լիազորագրով վերսկսել կենսաթոշակը: Գլխադասային հանձնաժողովի հետ քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ Ուկրաինա բառը փոխարինել ենք Արտակարգ իրավիճակում գտնվող օտարերկրյա պետություն, որպեսզի այսուհետ, եթե նման խնդիր առաջանա, անհրաժեշտություն չլինի օրենքում փոփոխություն կատարել: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր կան, խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Մանգասարյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է մեր հանձնաժողովի նիստում: Առաջարկները, որոնք հնչեցվել են, ընդունվել են և նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց- Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Գրիգորյան:
Մտքերի փոխանակության համար եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել: Խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Մի քիչ ինձ վատ եմ զգում, կներեք: Ես եկել եմ այս օրենքի նախագծին կողմ քվեարկեմ: Այն ժողովրդի համար է: Բա մենք ինչի՞ համար ենք, որ այս օրենքի նախագծին կողմ չենք քվեարկելու: Այսպիսի օրենքներ մենք շատ ենք ընդունել: Սա այն օրենքների շարքից է, որ միաձայն պիտի լինի, անկախ նրանից՝ ընդդիմություն ես, իշխանություն ես, թե անկախ պատգամավոր: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Այժմ քվեարկության է դրվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Օրակարգային հաջորդ հարցը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Իննա Իշխանյանը։
Իննա Իշխանյան – Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, ներկաներ, Ձեզ եմ ներկայացնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է օրենքի 65-րդ՝ զինծառայողների բնակարանային ապահովության հոդվածին: Փոփոխությունը պայմանավորված է զինծառայողների բնակարանային ապահովության պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով, որ զինծառայողներին, նախկին զինծառայողներին և զոհված մահացած զինծառայողների ընտանիքներին, ովքեր հաշվառված են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, հատկացվում է բնակտարածք ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի միջոցով, ուստի անհրաժեշտ է հստակեցնել հաշվառման և տրամադրման կարգերը, որը կհաստատվի ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
Ներկայումս գործող օրենքով սահմանվում է նաև զինծառայողների՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքները և կարիք ունեցող չհամարվելու պայմանները, ինչպես նաև բնակարան հատկացնելիս հաշվի առնվող ընտանիքի անդամների ցանկը, ինչը նպատակարմար չէ կարգավորել օրենսդրական ակտով, քանի որ նշված պայմանների փոփոխության դեպքում և բարելավող նորմերի սահմանման համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում հանդես գալ օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ: Ուստի նպատակահարմար է այն մանրամասն կարգավորել համապատասխան ենթաօրենսդրական ակտով:
Ենթաօրենսդրական ակտով կկարգավորվի նաև ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակտարածք վարձակալելու դիմաց դրամական օգնություն տրամադրելու կարգը, պայմանները և չափերը:
Միաժամանակ օրենքի նախագծով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի ոչ միայն մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, այլև բոլոր պայմանագրային զինծառայողներին:
Օրենքի նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողներին օգտվել բնակարանային պայմանների բարելավման ծրագրերից: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, տիկին Իշխանյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Օրենքի նախագիծը քննարկվել է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ոնց արդեն նշվեց, իրականում այդ նախագիծը բաղկացած է երկու մասից՝ մեկով կարգավորվում է բնակարանների հաշվառման և տրամադրման կարգը, որը ողջունելի է, իսկ մյուս մասով ընդլայնվում է այն շրջանակը բնակարաններ ստացողների, որոնք պետք է օգտվեն արտոնյալ հիփոթեքային վարկավորման ծրագրով: Դա միանշանակ ողջունելի է, դրա համար նախագիծը ստացել է դրական եզրակացություն, կողմ են քվեարկել միաձայն, և առաջարկում ենք այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Գրիգորյան: Մտքերի փոխանակության համար եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել: Խնդրեմ, պարոն Հայրապետյան:
Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, դեռևս ամիսներ առաջ մենք բարձրաձայնել էինք այդ հարցը՝ այս կամ այն պատճառներով զինվորական ծառայություն անցած, թոշակի անցած կամ զինվորական ծառայության մեջ գտնվող ու չհերթագրված զինծառայողների վերաբերյալ, ինչպես նաև այդ վարձավճարների տրամադրման, այդ 30 կիլոմետրերի վերաբերյալ: Մեր գործընկերները, մեր զինծառայողները և պահեստազորայինները բազմիցս այդ հարցերը բարձրացրել էին և ի ուրախություն մեզ և նրանց ուզում եմ շեշտել, որ սա արդեն օրենքի տեսքով գործելու է ու բնակարանային տարածք չունեցող կամ վարձով բնակվող մեր զինծառայողները օգտվելու են այդ առիթից: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Այդքանը:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Եզրափակիչ ելույթների համար կա՞ ցանկություն:
Այժմ քվեարկության է դրվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 24, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հաջորդ հարցը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը։
Սերգեյ Առստամյան - Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է օրենքի 59-րդ հոդվածի մասով երկրորդ մասի առաջին և երկրորդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ. Շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքներին կարող են կանչվել ըստ անհրաժեշտության, բայց ոչ ավելին, քան 3 ամիսը, մեկ տարվա ընթացքում», «Ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքներին կարող են կանչվել ըստ անհրաժեշտության, բայց ոչ ավելի, քան երկու ամիսը մեկ տարվա ընթացքում»: Եվ երկրորդ մասի չորրորդ կետում ավելացնել վարժական հավաքների քանակը բառերը, փոխարինելով փոխարինել, իսկ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն վարժական հավաքների քանակը կարող են ավելացնել ավելացվել բառերով: Ընդհանուր այսքանը օրենքի նախագծի հետ կապված: Զեկույցն ավարտեցի:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք զեկուցողին, խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Առստամյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։
Սեյրան Հայրապետյան – Հարգելի գործընկերներ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովը տվել է դրական գնահատական: Խնդրում ենք այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Հայրապետյան: Մտքերի փոխանակության համար եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել:
Այժմ քվեարկության է դրվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 24, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հարգելի պատգամավորներ, օրակարգային մեր հաջորդ հարցը պատգամավորական հայտարարություններն են, սակայն, հաշվի առնելով, որ սպառվում է մեր աշխատանքային առաջին ժամանակահատվածի մեկուկես ժամը …:
Արթուր Հարությունյան - Ես առաջարկում եմ հայտարարություններն էլ միանգամից անենք, որպեսզի հաջորդը արդեն հարց ու պատասխանը ժամը 1-ին անենք, դրանով էլ եզրափակվենք:
Գագիկ Բաղունց – Առաջարկությունն ընդունվում է: Խնդրում եմ հերթագրվել: Եթե մեկ կամ երկու հայտարարությամբ հանդես եկող պատգամավոր լինի, կշարունակենք մեր աշխատանքը, եթե շատ լինեն, կորոշենք: Առաջարկվում է կատարել փոփոխություն օրակարգում և պառգամավորական հայտարարությունների հարցը տեղափոխել և քննարկել հիմա:
Քվեարկություն:
Կողմ՝ 22, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Խնդրում եմ հերթագրվել: Հերթագրվել են 3 պատգամավորներ: Խնդրեմ, պարոն Պետրոսյան, թող պատրաստվի պարոն Գրիգորյանը:
Մարսել Պետրոսյան - Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, շաբաթներ շարունակ համակ ուշադրությամբ հետևում էինք, թե ՄԱԿ դատարանը Հաագայում ի՞նչ վճիռ կկայացնի Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի կապակցությամբ, այդ թվում նաև Ադրբեջանի ներկայացրած հայցի կապակցությամբ: Այդ վճիռը հայտնի է բոլորիս, հայտնի է նաև, որ Հաագայի դատարանը մերժել է Ադրբեջանի հայցը: Ես կուզենայի այս ամբիոնից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից շնորհակալություն հայտնել, երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս շաբաթների ընթացքում համառորեն աշխատելով, սկզբունքային մոտեցումները ներկայացնելով Հաագայի դատարանին՝ պատճառաբանված, հիմնավորված, կարողացան հասնել ցանկալի վճռի: Շնորհակալություն արդարության հաղթանակի համար:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Խնդրեմ պարոն Գրիգորյան, թող պատրաստվի պարոն Հարությունյանը:
Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ և ներկաներ, վստահ եմ՝ առնվազն այս դահլիճում ներկաներս քաջատեղյակ ենք, որ քննադատությունը, հանդիսանալով օրենսդիր դաշտի գրեթե անբաժանելի մի մաս և մեր առօրյա գործունեության գործիքակազմի մի միավոր, այնուամենայնիվ, ավելի հաճախ օգտագործվում է կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել կիրառվում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից: Անձամբ ինձ համար՝ որպես օրենսդիրի ներկայացուցիչ, այն ընդունելի է, սակայն մեկ վերապահումով: Ու դա այն է, որ քննադատությունը պետք է լինի առողջ և օբյեկտիվ: Ինչո՞ւ եմ ես դա ընդգծում, որովհետև ինքը՝ քննադատությունը, բազմատեսակ է, կարող է լինել ուղղակի կամ անուղղակի, նպատակաուղղված անձին կամ նրա գործողություններին, բաց կամ թաքնված, աջակցող կամ ջախջախիչ, կառուցողական կամ ավերիչ, կոնստրուկտիվ կամ դեստրուկտիվ և այլն: Ու ես ուզում եմ կանգ առնել հենց վերջին ասածիս վրա՝ դեստրուկտիվ քննադատության վրա, որը բնորոշ է հիմնականում այսպես կոչվող իմիտացիոն ընդդիմությանը, որը, ըստ իս, ամենաբացասական դրսևորման տեսակն է, քանզի իր կեղծ ընդդիմադիր, կործանարար վերաբերմունքով ու գործունեությամբ ահռելի մեծ վնաս է հասցնում հասարակությանը: Եվ ինչքան շատ են լինում այդ չակերտներում գաղափարախոսության կրողները, այնքան ավելի ծանր են լինում նաև սոցիալական հետևանքները: Վառ օրինակներից է այն, որ իրենք իրենց գործունեությունը հանրությանը, ժողովրդին ներկայացնում են լիովին այլ կերպ, սակայն իրականում հետապնդում են նեղ, եսասիրական շահեր, որն ընդհանրապես կապ չունի ոչ պետական, ոչ հանրային շահերի հետ: Չունենալով հստակ, համապարփակ, մեր այսօրվա ծանր իրողությանը համապատասխանող ծրագիր՝ նրանք վեր են ածվում հակահասարակական ուժի, ում գործունեությունը բերում է հասարակության շերտազատմանը, բացասական միտումների և խուճապային տրամադրությունների ավելացմանը: Հետևաբար՝ այդպիսի քաղաքական ուժը կամ ուժերը, քաղաքական գործիչ կամ գործիչները, իրենց քաղաքական գործիչ համարողները չեն կարող ընդունվել որպես ընդդիմադիր, այլ պետք է ընդունվեն որպես սոցիալական ռեցիդիվ: Ընդհանրապես պետք է չընդունվեն ոչ իշխանական քաղաքական ուժերի, ոչ իրական ընդդիմադիր և այլ քաղաքական ուժերի կողմից: Վերջացնելով ուզում եմ ասել ՝ պետք չէ թերագնահատել մեր ժողովրդին, մեր ժողովուրդը քաջ տեսնում ու գիտակցում է՝ ով է խոսում նկարահանվելու համար, ով է խոսում հենց խոսելու համար և ով է լուռ իր ծառայությունը մատուցում հասարակությանը, ժողովրդին ու մեր հայրենիքին: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արթուր Հարությունյան-Հարգելի գործընկերներ, երեկ Հաագայի արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով: Մեկ այլ որոշմամբ դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջները, որոնք վերաբերում էին ենթադրյալ ականապատմանը: Տեղի ունեցավ միջազգային իրավունքի տեսանկյունից աննախադեպ արձանագրում: Փաստացի քաղաքակիրթ աշխարհը ընդունեց, որ երկու ամսից ավելի Ադրբեջանը խախտել է արցախահայության ազատ տեղաշարժվելու, կրթության, համապատասխան բուժսպասարկում ստանալու և այլ կենսական իրավունքներ: Հաագայի միջազգային դատարանի արդարացի որոշումը իրականություն դարձավ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և այդ գործի վրա օր ու գիշեր աշխատած անձանց ջանքերի շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ ենք: Համոզված ենք, որ իրավական տեսանկյունից Արցախի հարցի վերջնական կարգավորումը նույնպես հայանպաստ է լինելու: Հաագայի միջազգային դատարանի որոշման իրացումն ու Ադրբեջանի եղած գործիքակազմով նոյեմբերի 9-ի պայմանագրի կատարման պարտադրանքը կվերականգնի արցախահայության հավատը միջազգային հանրության անկաշառության և վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման արդարացի մոտեցումների մեջ: Ադրբեջանը պիտի հասկանա, որ ամենաթողությունը պատժելի է և անհապաղ պիտի բացի Լաչինի միջանցքը: Արդարությունն ու միջազգային իրավունքը ի վերջո մեր տարածաշրջանում պետք է հաղթանակեն: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ այսօր նախատեսված է «ԱՀ նախագահին և կառավարության անդամներին հարցերով դիմելու մասին» հարցը: Այն կմեկնարկի 13:00-ին, և 25 րոպեանոց ընդմիջումից հետո մենք կշարունակենք մեր աշխատանքները:
(Ընդմիջում)
Գագիկ Բաղունց - Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, կառավարության հարգարժան անդամներ, գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ այսօր նախատեսված է «Արցախի Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին հարցերով դիմելու մասին» հարցը: Հիշեցնեմ, որ Կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ հարցերի համար նախատեսված է երկուական րոպե, պատասխանների համար՝ երեք: Պատասխաններին կարելի է արձագանքել մեկական րոպե: Հարցերը պատգամավորները տալիս են իրենց հատկացված խոսափողից, իսկ կառավարության անդամները պատասխանում են ամբիոնից: Այժմ պատգամավորներին խնդրում եմ հերթագրվել հարցերի համար:
(ձայնագրությունն ընդհատվում է)
Արայիկ Հարությունյան – ... խնդրանքով և որոշումով և ՀՀ կառավարության կողմից հատկացվող գումարների հաշվին մարվել է ամբողջ վարկային պոտենցիալը Հայաստանի բանկային համակարգը ճգնաժամային իրավիճակից փրկելու համար: Ամբողջ այդ վարկային պորտֆելը, ինչ կար առևտրային բանկերում, տեղափոխվել է ներդրումային հիմնադրամ: Ձեր ասած կազմակերպության վարկային պորտֆելը զրո է: Արդեն էլ չկա: Ավելին ասեմ՝ կարող էր ավելի երկար, արտոնյալ պայմաններում օգտվել, քանի որ մենք բազմաթիվ արտոնություններ ենք սահմանել տնտեսվարող սուբյեկտների համար, այդ ընկերությունը չի օգտվել որևէ արտոնությունից` ընդհուպ վճարել է տույժ ու տուգանքներ: Ամբողջությամբ մարված է: Ես ուղղակի խնդրում եմ՝ պատերազմից հետո տնտեսվարող ընկերություններին տրվող արտոնությունները մի անձնավորեք: Դա մենք համատեղ, ձեզ հետ միասին ենք օրենքով արտոնություն տվել, վարկերի մարման դիմաց, ավելի ճիշտ վճարված հարկերի 50 տոկոսը ուղղել վարկերի մարման, և նմանատիպ բազմաթիվ գործիքակազմ մենք ընդունել ենք ընդհուպ օրենքով: Այդ ընկերությունը ոչ մի արտոնությունից չի օգտվել՝ հաշվի առնելով այդ հնարավոր և այլ մեկնաբանությունները: Տասնյակ չէ, հարյուրավոր կազմակերպությունների վարկային պարտավորություններ տեղափոխվել են ներդրումային հիմնադրամ, որի վերաբերյալ կան բազմաթիվ նաև կասկածանքներ: Դրա համար դիմել եմ դատախազությանը և ուժային կառույցներին, համապատասխան իրավապահ մարմիններին, և այսօր քննություն է առնվում այդ ընկերությունների տարբեր, այսպես ասած, ձևակերպված կամ իրականացված խարդախությունների գնահատման և պետությանը տված վնասների կամ հավանական հնարավոր եկամուտների մարման ուղղությամբ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Արձագանքո՞ւմ եք, պարոն Պետրոսյան:
Մարսել Պետրոսյան - Իմ խոսքը վերաբերում է ոչ թե միայն 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածին, այլ ավելի կոնկրետ ասեմ, 2010 թվականից առաջ:
Արայիկ Հարությունյան - Վարկերը տրամադրվել են բանկերի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ: Եթե կոնկրետ եք խոսում, կոնկրետ այդ վարկի մասին եմ խոսում, որը մարվել է, նշեցի: Ինչ վերաբերում է գործունեությանը ներդրումային հիմնադրամի, հիմնադրամ տեղափոխված մնացորդային վարկային պարտավորությունների վերաբերյալ իրավապահ մարմինները այսօր զբաղվում են:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պատգամավոր Բաղդասարյան, թող պատրաստվի պատգամավոր Հարությունյանը:
Դավիթ Բաղդասարյան - Շնորհակալություն: Ես այս հարցը երևի երեք անգամ արդեն հնչեցրել եմ այս դահլիճից և կան նորից մտահոգություններ մեր քաղաքացիների կողմից: Խոսքս վարկերի մարման հետ է կապված պատերազմյան շրջանում: Դիմում են քաղաքացիներ, որ ինչպես նախկինում, մինչև հիմա sms-ները բանկերի կողմից իրենց գալիս են, վարկային բյուրոյում սև ցուցակներում են հայտնվում: Եվ ես տեղյակ եմ նաև, մենք մեր հանձնաժողովով եղել ենք ՀՀ-ում կենտրոնական բանկի հետ մեր բանակցությունների ընթացքում, եթե չեմ սխալվում, «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ ինչ-որ խնդիրներ կան և մեր այս վերջին շրջագայությունում շրջաններում` Մարտակերտի շրջանում դիմել են քաղաքացիներ, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկով են իրենք աշխատավարձեր ստանում և ԴԱՀԿ-ի կողմից պահվում է այդ իրենց աշխատավարձը, իրենց քարտերին չի հասնում: Եվ կխնդրեի մեկ երկու խոսք, թե ինչ փուլում է «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ այդ բանակցությունները, նաև «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ և նաև «Վարկս.ամ»-ի հետ: Մի երկու պարզաբանում, որպեսզի մեր հանրության այս մտահոգությունները փարատվեն:
Գագիկ Բաղունց - Հարցին կպատասխանի ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար պարոն Բաղդասարյանը:
Վահրամ Բաղդասարյան - Այո, մի քանի անգամ այդ հարցը արծարծվել է, քննարկվել է: Տեղեկացնեմ կրկին, որ ընդհանուր աջակցության ծրագրի շրջանակներում կային պայմանավորվածություններ, քննարկումներ էին կատարվում կենտրոնական բանկում՝ բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ այդ աջակցության ծրագիրը իրականացնելու համար: Մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ առայսօր իրենց համաձայնությունը չէին տվել, որպեսզի այդ աջակցության ծրագրերի մեջ իրենք ներգրավվեն, այդ թվում նաև ձեր նշածը: Այդ հարցը բարձրացվել է նաև կենտրոնական բանկում անձամբ նաև իմ կողմից և նախագահի կողմից, կենտրոնական բանկի նախագահը տեղյակ է, քննարկումները իրականացվում են: Էլի համաձայնության չգալու պարագայում մենք այլ որոշումներով կառաջնորդվենք արդեն:
Դավիթ Բաղդասարյան - Պարոն Բաղդասարյան, այսինքն առ այսօր կոնկրետ հստակություն չկա ժամկետի մասով:
Վահրամ Բաղդասարյան - Այդ աջակցության ծրագրերը ընդհանուր առմամբ մյուս բոլոր բանկերի մասով շարունակվում է, դեռ ավարտված չէ, քանի որ վարկային պորտֆելը, այն, ինչ որ տրամադրել են բանկերը ներդրումային հիմնադրամին, շատ մեծ է, այդ թվում նաև ընդհուպ մինչև այն բանկերը, որոնց հետ համագործակցությունը կնքված է և իրականացվում է, իրենց մասով էլ ավարտված չէ: Մենք նախատեսում ենք մինչև ամառ, ովքեր համաձայնել են աջակցության ծրագրերին ներգրավվել, ավարտենք իրենց հետ այդ գործընթացը, ի մի բերենք, ընդհանրացնենք տակի մնացորդը, վերջնական որոշում կայացնենք:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Արթուր Հարությունյան, թող պատրաստվի պատգամավոր Բաղունցը:
Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Հարցս վերաբերում է վերջերս կառավարության կողմից ընդունված որոշումներին, սոցիալ-տնտեսական մեղմացման ուղղությամբ իրականացված որոշումներին: Կուզենայի իմանալ այդ որոշումների ընթացքի մասին: Կա՞ արդյոք տեխնիկական խնդիր դրանց իրականացման հետ կապված և նաև կա՞, ընթացքը սկսվա՞ծ է, եթե կա, սկսված է, ապա ի՞նչ փուլում է գտնվում:
Գագիկ Բաղունց - Հարցին կպատասխանի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար պարոն Մանգասարյանը:
Արմեն Մանգասարյան - Ինչպես գիտեք, երեք միջոցառում է ընդունվել, որից երկուսի կատարողը՝ լիազոր մարմինը, սոցիալական զարգացման միգրացիայի նախարարությունն է: Երկրորդ միջոցառումների ծրագիրը արդեն մեկնարկել է, ինչպես նաև երրորդը: Երկրորդում կա հստակ շահառուների թիվ, և կառավարության որոշմամբ պետական եկամուտների կոմիտեն պետք է մինչև փետրվարի 23-ը ներառյալ, այսինքնէ այսօր, արդեն վերջնական ցանկերը տրամադրի նախարարությանը և առաջիկա մի քանի օրվա ընթացքում երկրորդ միջոցառման շահառուների գումարները կփոխանցվի, աջակցությունը: Ինչ վերաբերում է երրորդ միջոցառմանը, այո, սկսված է դիմումների ընդունման գործընթացը ինչպես շրջաններում, այնպես էլ Ստեփանակերտ քաղաքում: Այս պահին շուրջ հինգ հազար ընտանիքից արդեն դիմում ենք ստացել և ստուգելով, ինչպես պետական եկամուտների կոմիտեի տրամադրած ցանկերի հետ, այնպես էլ արդեն ուժային մարմինների, արդեն առաջիկա օրերին կսկսենք նաև երրորդ միջոցառման ֆինանսավորումը` աջակցությունը:
Արթուր Հարությունյան - Երկրորդ և երրորդ միջոցառումների մասով կխնդրեի շահառուների, եթե երկրորդի մասով արդեն հստակ է, արդեն երրորդի մասով հնարավոր շահառուների քանակ նշվի: Քանի՞ հոգի է ընդգրկվում այդ ծրագրում և երրորդի մասով կա՞ արդյոք տեխնիկական խնդիր, որովհետև այդպիսի մեկնաբանություններ կային, որ քանի որ ընտանիքի անդամների, այսինքն որտեղ որ նշված է երկուսից մեկը պետք է գործազուրկ լինի կամ երկուսը լինի, այսինքն այս տարանջատումների մասով կա՞ որևէ տեխնիկական խնդիր:
Արմեն Մանգասարյան - Տեխնիկական խնդիրներ այս պահին չկան: Քանի որ բլոկադայի հետևանքով արդեն վառելիքի հետ կապված խնդիրներ կային, այդ պատճառով նաև համայնքի ղեկավարներին ենք ընդգրկել այս աշխատանքներին, և դիմումները ընդունում են նաև համայնքապետարաններում: Հստակ թիվ այս պահին չեմ կարողանում ասել, քանի որ ունենք դատաբազաների խնդիր, և այդ թիվը դիմումներն ընդունելուց հետո ենք ասելու: Այս պահին արդեն շուրջ 5000 ընտանիքից դիմում ենք ստացել:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Թող պատրաստվի պատգամավոր Արամ Հարությունյանը, իսկ ես հնչեցնեմ իմ երկու հարցը: Վերջին իրադարձությունները Թուրքիայում և Սիրիայում ավելի քան ակտուալ են դարձնում մեր տարածաշրջանում սեյսմիկ վտանգի հնարավորինս ճիշտ գնահատումը, շենքերի և շինությունների սեյսմակայունության զննումը, բնակչության հետ տարվող համապատասխան նախապատրաստական աշխատանքները: Այս տեսանկյունից ուզում եմ կառավարության ուշադրությունը հրավիրել հանրապետության տարածքում գործող սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության բաժանմունքի անմխիթար վիճակին: Իմ կողմից բազմիցս հարց է բարձրացվել կառույցի տեխնիկական վերազննման, աշխատավարձերի անթույլատրելի ցածր մակարդակի, մասնագետների վերապատրաստման հիմնախնդիրների շուրջ: Արդյո՞ք տարածաշրջանում սեյսմիկ վտանգի կտրուկ աճը ազդակ ծառայեց այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը և խորացմանը:
Արայիկ Հարությունյան - Հաշվի կառնենք ձեր առաջարկությունը:
Գագիկ Բաղունց - Երկրորդ հարցս կրթության ոլորտի. ստեղծված ռազմաքաղաքական ու շրջափակման պայմաններում ավելի պահանջված են դառնում նոր տեխնալոգիաների ներդրումը և զարգացումը, ինչը ավելի ու ավելի է խստացնում կրթության որակի պահանջները հանրապետությունում գործող բուհերում, հատկապես տեխնիկական ուղղությունների: Վերջերս տարբեր հարթակներում, այդ թվում և ԱԺ ամբիոնից հնչեցին լուրջ քննադատական ելույթներ կրթության և հատկապես բարձրագույն կրթության որակի հասցեին: Նախատեսվո՞ւմ է արդյոք իրականացնել ծրագրեր համապատասխան կրթական հաստատությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման, կադրային պոտենցիալի և ընդհանրապես կադրային քաղաքականության կատարելագործման ուղղությամբ: Շնորհակալություն: Հարցին կպատասխանի պետնախարար պարոն Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյան - Բարև ձեզ բոլորին: Դրա շուրջ մենք կատարել ենք լուրջ քննարկումներ, որովհետև իսկապես մենք ունենք շատ լուրջ մարտահրավեր կրթության մեջ, և մենք հիմա իրականացնում ենք երեք ծրագիր: Առաջինը` մենք դա սկսեցինք մինչև ճգնաժամը, դա ատեստացիայի և պետական ծրագրերն են՝ պետական մամուլում աշխատող անձնակազմի համար: Երեք ծրագիր արեցինք և տեսանք, թե ինչքան կարևոր է իրենց կարճաժամկետ ծրագրերը իրականացնել մեր պետական համակարգի բարձրացմանը: Երկրորդ` մենք արեցինք և հասկանում ենք, որ եթե մենք ուզում ենք կրթության մեջ լուրջ փոփոխություն, մենք պետք է ստեղծենք նոր մոտեցումներ դասախոսների և ուսուցիչների նկատմամբ: Հիմա այդ կողմից մենք զարգացնում ենք առանձին ծրագիր, որը պետք է օգնի դասախոսներին և ուսուցիչներին դասավանդելու նոր մոդելները օգտագործելով: Երրորդը` մենք հասկանում ենք այս իրավիճակում, որ շատ կարևոր է օգտագործել տարբեր հնարավորություններ: Մենք հիմա պարապում ենք Մոսկվայի համալսարանի հետ, Մոսկվայի Ավիացիոն համալսարանի հետ, երկու եվրոպական համալսարանների հետ, որ իրենք սկսեն ծրագրերը օնլայն կրթության մեր ուսանողների համար և դա անում է «Մենք ենք, մեր սարերը» բարեգործական ընկերությունը, որը կատարելու է դա մեր համալսարանին նոր հնարավորություն տալու: Մենք ունենք մոտեցում, որ ով որ սովորում է համալսարանում, պետք է իսկապես բավարարի գոնե մինիմալ պահանջներին` քննություններն հանձնելուց իրեն պետք է, եթե ստանում է անվճար ամեն ինչ, պետք է գոնե ինչ-որ մինիմալ գիտելիքների պաշար ունենան: Դա խստանալու է ավելի ամեն տարում և մենք տեսնում ենք, որ կրթության մեջ մենք իսկապես պետք է լուրջ ռեֆորմներ սկսենք, որովհետև «դիպլոմներն են կարևոր և ոչ թե գիտելիքը» մենք պետք է փոխենք: Եվ երկրորդը՝ իհարկե մենք պիտի հասկանանք, որ ուսումը առանց հետազոտության չի աշխատում, դրա համար առանձին աշխատում ենք «Ֆաստ» հիմնադրամի և «Հենարան» հիմնադրամի հետ, որ բերենք այստեղ հետազոտական լաբորատորիաների հնարավորություն, որպեսզի երեխաները ոչ միայն ուսում ստանան դասավանդելով, այլև լաբորատորիաների հետ աշխատելով:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Վարդանյան: Պատգամավոր Արամ Հարությունյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Գրիգորյանը:
Արամ Հարությունյան - Առաջին հարցս վերաբերում է դպրոցներին: Գիտենք, որ դեկտեմբերի 12-ից հետո հնարավոր չէր նորմալ կազմակերպել ուսումնական պրոցեսը և, փառք աստծո, այսօր վերականգնվեց, բայց ցավոք սրտի մեր երեխաները բավականին երկար ժամանակ բաց թողեցին և փաստորեն կրթական ծրագրից հետ ընկան: Այդ առումով ի՞նչ մտադրություն կա, ինչպե՞ս եք այդ բացը լրացնելու և երկրորդ հարցս օպերատիվ շտաբի գործունեության հետ կապված` տալոնային համակարգ է մշակվել, որը բավականին իրեն արդարացրել է և հիմա երկրորդ փուլն է մշակվել տալոնային նոր ապրանքատեսակների վրա: Ուղղակի մասնավոր հատվածի կողմից մտահոգություն կա, քանի որ վաճառքը լինելու է սահմանափակված, իսկ այդ նոր տեսակի ապրանքները ունեն ժամկետի խնդիր, այսինքն՝ միրգ, բանջարեղեն: Չիրացման դեպքում ի՞նչ է նախատեսում: Արդյո՞ք մասնավոր հատվածի այս հնարավոր կրած վնասները կառավարությունը կարողանալու է փոխհատուցել:
Գագիկ Բաղունց - Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Մինասյանը:
Հասմիկ Մինասյան - Այո, դուք ճիշտ եք, պարոն Հարությունյան: Այս ժամանակահատվածում դեկտեմբերի 12-ից սկսած նախարարի հրամանով հինգ անգամ ընդհատվել է ուսումնական գործընթացը հանրակրթական ուսումնական հաստատություններում, մանկապարտեզներում, քոլեջներում, ուսումնարաններում: Ընդհանուր առմամբ մինչև հունվարի վերջը ընդհատվել է տասներկու օրով՝ երեք հրամաններով: Այս վերջերս ընդհատվել է ութ օրով: Ուզում եմ նշել, որ արդեն ընդհանուր առմամբ այդ քսան ընդհատված օրերի մասով յոթ օրվա բացթողումները լրացվել են դպրոցների կողմից շաբաթ օրերի հաշվին, նաև այս վերջին բացթողումները մենք նույն ձևի կլրացնենք շաբաթ օրերի հաշվին, իսկ 6-օրյա ռեժիմով աշխատող դպրոցները այդ բաց թողած ժամաքանակը կբաշխեն ըստ շաբաթվա օրերին: Բացի դրանից նաև արդեն երկուշաբթի օրվանից մեր պետական տեսչությունը արդեն ստուգումներ է իրականացնում դպրոցների դասապրոցեսի ընթացքի վերաբերյալ, դասերի վարման, բաց թողնված դասերի լրացման մասով: Նաև ուզում եմ ասել, որ վերջին ութ օրը դասապրոցեսը ընդհատվել է միայն այն դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով, ընդ որում՝ միայն առաջինից ութերորդ դասարանցիների մոտ: 9-12 դասարանցիների համար այդ նույն դպրոցների համար մենք տեղադրել ենք վառարաններ, իրենք լրիվ ծավալով պարապել են իրենց դասերը և հունիսի 1-ի դրությամբ լրիվությամբ կավարտեն իրենց ծանրաբեռնվածությունը ուսումնական պլանի վերաբերյալ, իսկ մնացածների մասով հունիսից տասը օր նախատեսվում է, մոտավորապես երկու շաբաթ, այդ ուսումնական ծանրաբեռնվածությունը ավարտելու համար: Այսինքն՝ նորմալ ծավալով մենք հաջողությամբ կավարտենք մեր ուսումնական տարին:
Արամ Հարությունյան - Տիկին Մինասյան, մենք գիտենք, որ ուսումնական պրոցեսը դադարեցվում է Ադրբեջանի կողմից պարբերաբար գազամատակարարման խափանման պատճառով, և հիմա էլ այդ ռիսկը մնում է, և ցուրտ օրերը լիովին ավարտված չեն: Արդյո՞ք ինչ-որ մեխանիզմ մշակվել է, որպեսզի ավելի շատ հետ չընկնեք, և մանկապարտեզների մասով ուրախալի է, որ այսօրվանից սկսել են գործել գոնե մանկապարտեզները, բայց կես օրով: Այսինքն՝ սա ինչպե՞ս է կարգավորվելու, արդյոք ապագայում կամ ի՞նչ ժամկետից հետո նախատեսվում է, որ լրիվ օրով գործեն մանակապարտեզները:
Հասմիկ Մինասյան - Ուրեմն, դպրոցների մասով` փայտով ջեռուցվող դպրոցները չեն ընդհատելու իրենց դասապրոցեսները: Դասապրոցեսը, բնականաբար, 9-12 դասարանցիների համար, ինչպես ասել եմ արդեն, վառարանները տեղադրված են, նույն ձևի դասերը չեն ընդհատվելու, իսկ մնացած` 1-8 դասարանների համար, մենք արդեն տեղափոխել ենք դպրոցներ թվով մոտավորապես 85 լրացուցիչ վառարան: Դրանք տեղադրված են, այսինքն գտնվում են դպրոցում: Մենք դեռ չենք տեղադրել, որը մեկօրյա գործ է, քանի որ չենք ուզում պատուհանները հանել ու դնել, գազամատակարարումն էլ վերականգնված է: Խնդիր այս պահին չենք տեսնում, մենք պատրաստ ենք դրան: Իսկ մանկապարտեզների վերաբերյալ այսօր և վաղը նրանք կաշխատեն ուղղակի մինչև ժամը 2-ը, որովհետև ջերմամատակարարման բացակայության պատճառով ընդհանուր առմամբ շենքերը, քանի որ մոտ երկու ամիս չեն աշխատել, հիմա շենքային պայմանները ցուրտ են, չեն բավարարում և երկուշաբթի օրվանից մինչև ժամը 6-ն են աշխատելու: Նրանք լրիվ արդեն սննդի մեկամսյա պաշարը ստացել են երեկ և նորմալ ռեժիմով աշխատելու են: Ուղղակի այստեղ, ճիշտ եք ասում, գազամատակարարման հարցը սուր է կանգնած, քանի որ հիմնականում մեր մանկապարտեզները ջեռուցվում են գազային կաթսաներով և արդեն գազի ընդհատման ընթացքում նորից այդ խնդիրը կառաջանա` մանկապարտեզներում մենք չենք կարող տեղադրել վառարաններ՝ ուղղակի անվտանգության կանոններից ելնելով փոքր երեխաների մոտ:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Երկրորդ հարցի համար, պարոն Վարդանյան, խնդրեմ:
Ռուբեն Վարդանյան - Դուք գիտեք, որ տալոնները սկսեցինք ներդնել, դա էքսպերիմենտ էր, և առաջին ամիսը ցույց տվեց և թերությունները և չի լսվում: Իհարկե, բանջարեղենը և միրգը ունեն ուրիշ յուրահատուկ բաներ, դրա համար մենք արել ենք ոչ թե առանձին բանջարեղեններ, այլ ընդհանուր փաթեթ ենք արել, որպեսզի մարդիկ կարողանան ընտրել և այս ամիս նայելու ենք՝ ոնց է դա աշխատելու: Մենք տեսանք և արդեն հավաքել ենք տվյալները, թե ինքան մարդիկ չեն օգտագործել առաջին ամսվա օրինակ բրինձը և այլն: Ծրագիր կա հետ առնելու, որովհետև դա կարող է դառնալ խնդիր, օրինակ բանջարեղենի և մրգի հետ կապված, որովետև փչանալու է: Ընդհանրապես այս տալոնների մեխանիզմը շատ կարևոր էր մեզ համար, որովհետև մեզ տվեց հնարավորություն շատ բան հասկանալու, թե ոնց է այս ամենը աշխատում, մյուս կողմից կարող եք ասել, որ այս իրավիճակը մի քիչ խափանվել է, որովհետև մոտավորապես 25-30% ապրանքը բերվում է ոչ պետության կազմակերպած միջոցներով: Դա տխուր է, որովհետև մարդիկ վճարում են ավելի թանկ, քան թե այն, ինչը մենք ենք կազմակերպում: Բայց խնդիրներից մեկն այն է, որ ցավոք սրտի այդ մեխանիզմը չի աշխատում և մենք չենք կարող բերել ընդհանուր հսկողության տակ, և այդ ամենը ազդում է խանութների աշխատանքի վրա: Դուք տեսնում եք, որ, օրինակ, բանջարեղենի խանութում ձուկ են վաճառում, որն անընդունելի է, և դա դառել է նորմալ, որը իհարկե մենք չենք կարող ընդունել որպես նորմալ, բայց պատժելու մեխանիզմները շատ թույլ են, չունենք այդպիսի հնարավորություն պատժել այդ կազմակերպություններին և ասել, որ այդպես պետք չի:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Վարդանյան: Խնդրեմ, տիկին Գրիգորյան, թող պատրաստվի Արամայիս Աղաբեկյանը:
Նելա Գրիգորյան - Շնորհակալություն: Ի՞նչու 44-օրյա պատերազմից հետո զոհվածների ընտանիքի անդամները և տեղահանվածների ընտանիքի անդամները ազատվել են պետական տուրքի արտոնություններից, իսկ սկսած 2023 թվականի հունվարի 1-ից չեն օգտվում այդ արտոնությունից ոչ զոհվածների ընտանիքի անդամները, ոչ էլ տեղահանվածները:
Արայիկ Հարությունյան - Հարցը կնայենք, կհասկանանք, կպատասխանենք, տիկին Գրիգորյան: Ժամկետը որոշված է եղել, ժամկետը լրացել է: Խնդրեմ, Սրբուհի Արզումանյան:
Սրբուհի Արզումանյան - Շնորհակալություն հարցի համար: Ուրեմն, արտոնությունը սահմանվել էր 2020 թվականի պատերազմից հետո և վերաբերելի էր բոլոր նոտարական գործարքների, ՔԿԱԳ մարմինների կողմից իրականացվող գործառույթների համար պետական տուրքի արտոնություն սահմանելուն և ընտրված էր երկու կատեգորիաների արտոնության տրամադրում տարհանվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքների հարազատներին: Ինքը մի քանի անգամ, երկու անգամ երկարաձգված արտոնությունների համակարգ էր և պիտի գործեր մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Ժամկետի ավարտից հետո, հունվարի 10-ի դրությամբ կա նախորդ տարվա արված վերլուծությունը, ինքը հիմնականում նվազման միտում ունեցող գործարքներ էին և ներկայումս խնդրո առարկա կամ քննարկման առարկա է, թէ ի՞նչ գործարքների մասով է այս արտոնությունը կիրարկելի, որովհետև մենք ունենք այս նվազման միտումներին զուգահեռ, վերլուծվում է նաև ի՞նչ գործարքներ են մնում, որոնք անմիջապես կարող են պայմանավորված լինել հիմնականում տարհանվածների կարգավիճակով և այս հարցը նաև քննարկում է ընդհանուր առմամբ բոլոր ժամանակների զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող արտոնությունների և ինչու ոչ, նաև այլ սոցիալական խմբերի կողքին կանգնելու համատեքստում: Խնդրո առարկա է ներկայումս, քննարկման տիրույթում է, եթե հարցը լուծվի դրականորեն, բնականաբար, հետադարձության պահ կարող է նաև քննարկման առարկա դառնալ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Արձագանքում ե՞ք, տիկին Գրիգորյան:
Նելա Գրիգորյան - Ուղղակի քաղաքացիներին դիմեմ, որ զոհվածի մահից հետո ժառանգություն են ընդունել և ազատվել են պետական տուրքից, իսկ հետո նորից մնացած ժառանգությունը երկրորդ անգամ ընդունելու ժամանակ պահանջել են, որ պիտի անպայման պետական տուրք մուծվի, և այստեղից է սկսվել այդ ամենը:
Սրբուհի Արզումանյան - Տիկին Գրիգորյան, ես հասկանում եմ, բայց նաև ուզում եմ հարցը ընդհանրական դիտարկել, որովհետև մենք ունենք նաև խոցելի շատ այլ սոցիալական խմբեր, ովքեր ևս պիտի ուշադրության կենտրոնում լինեն և սոցիալական հավասարության համատեքստում պետք է այս հարցը քննարկել: Այս հարցը խնդրո առարկա է, լուծման դեպքում կբարձրաձայնենք:
Գագիկ Բաղունց- Շնորհակալություն, տիկին Արզումանյան, պատասխանը լրացնելու համար խոսքը տանք պետնախարար պարոն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյան - Ես կուզենայի արձագանքել այս հարցին, որովհետև ինձ թվում է, որ այս ճգնաժամը բերեց ինչ-որ մի վիճակի, որ մենք խոսելու ենք շատ պարզ և բաց ամեն ինչի մասին կամ այս իրավիճակը մնալու է այսպես: Եկեք մի բան հասկանանք, որ այստեղ նստած Ազգային ժողովի պատգամավորները, կառավարությունը, իհարկե, մենք մեծ պարտականություն ունենք բոլոր այն խոցելի խմբերի նկատմամբ, որոնք կան Արցախում և իրենք շատ-շատ են: Բայց մինչև որոշում կայացնելը, թե որ խմբին ինչքան է հասնում, եկեք հասկանանք՝ ինչքա՞ն գումար ունենք ընդհանուր, որովհետև եթե մարդիկ կարող են ասել եկեք թոշակառուներին 1000 դոլար տանք, շատ լավ առաջարկ է, ես կուզենայի 1200 դոլար տալ ամիսը, բայց մենք ունենք այն, ինչ որ մենք ունենք: Անցած տարի բյուջեն ընդունել ենք 31 միլիարդ դեֆիցիտով, այս տարի՝ 29 միլիարդ դեֆիցիտով, մենք ունեցել ենք ճգնաժամ, որը ավելացրել է մեր ֆինանսական խնդիրները: Ցավոք սրտի, մենք, ոնց որ պլանավորել ենք, փետրվարին չբերեցինք նոր բյուջեն, որովհետև իսկապես իրավիճակը անկայուն էր և շատ բաներ փոխվում է: Ուղղակի այս իրավիճակում մենք մինչև հիմա չենք մուծել մարդկանց նոյեմբեր, դեկտեմբերի 40 հազար դրամները, որը մենք պարտավոր էինք և շատ ուրիշ բաներ մենք չենք արել, որը մենք արդեն պարտավորությունները վերցրել էինք: Դրան ավելանում է հիմա նոր իրավիճակ, որ այս պարենային ապրանքը պիտի ավելացնենք, ինֆրաստրուկտուրայի հետ կապված ներդրումներ պիտի անեինք: Ինձ թվում է՝ եթե մենք պատասխանատու ենք մեր երկրի համար, մենք պետք է նստենք, նայենք ընդհանուր բոլոր թվերը, հասկանանք իրավիճակը, հասկանանք ինչ հնարավորություն ունենք անել կամ չանելու և կարողանանք ավել գումար ստանանք Հայաստանից, բարերարներից, կարողանանք ավել գումար բերենք ինչ-որ ուրիշ տեղերից: Բայց առանց դրան, ինձ թվում է, կներեք իմ ոչ քաղաքական, կարող է պոպուլիստական մոտեցման համար, եկեք այս խմբին տանք կամ այս խմբին, չի աշխատելու: Եվ ինձ թվում է՝ մենք պետք է վերջ տանք այս պոպուլիստական մոտեցումներին, որովհետև մարդիկ իսկապես հետո հույս են դնում, սպասում են ամիսներով, տարիներով գումարներին, որը մենք չենք կարողանում ապահովել: Այսօրվա դրությամբ մենք ունենք շատ լուրջ տնտեսական ճգնաժամ, և դրա շուրջը աշխատում է և նախագահը, և մենք ենք աշխատում, որ այդ հարցերը փորձենք լուծել, բայց առանց ընդհանուր լուծման, այսպիսի մոտեցմամբ մենք գնալու ենք ավելի ուժեղացնելու մեր ճգնաժամը: Կներեք:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Վարդանյան: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան, թող պատրաստվի պատգամավոր Հովհաննիսյանը:
Արամայիս Աղաբեկյան - Առաջին հարցս վերաբերելու է արտաքին բլոկին՝ մյունխենյան բանակցություններին: Ի՞նչ սպասելիքներ ունենք, ինչպիսի՞ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բրյուսելում նորից հանդիպումներ են նախատեսվում: Հաագայի դատարանի որոշումը գետնի վրա ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ: Երկրորդ հարցս վերաբերում է սոցիալական բլոկին. արցախյան երկրորդ պատերազմից հետո նախագահի անմիջական նեխաձեռնությամբ իրականացված, ժողովրդական լեզվով ասած, 68000-ականների ծրագիրը հնարավորություն տվեց ժողովրդագրական կայունություն ապահովելու և, չնայած շատ տարբեր քննադատությունների, բայց կոնկրետ այդ ժամանակահատվածում լուրջ խնդրիրներ լուծվեցին: Հիմա ևս կանգնած ենք այդ խնդիրների առաջ, կարծում եմ նույնիսկ ավելի ծայրահեղական վիճակով ենք կանգնած: Արդյո՞ք նախատեսվում է նման ծրագիր, և եթե այդպիսի ծրագիր լինի, ի՞նչպիսի բովանդակությամբ է լինելու:
Արայիկ Հարությունյան - Առաջին հարցի հետ կապված՝ իհարկե, Հայաստանի Հանրապետության վարչապետը տեղեկացրել է և այն քննարկվող թեմաների մասին, որը հնարավոր է բարձրաձայնել այսօր և որը, այսպես ասած, գաղտնիք պարունակող է: Ես ուզում եմ անկեղծ լինել՝ ինչ եմ մտածում: Այո, մենք դիվանագիտական հարթակում պետք է շարունակենք մեր պայքարը, և մեր պայքարը միջազգային ճնշում է ունեցել բոլոր հարթակներում: Իհարկե, սա մենք փակ քննարկում պետք է անենք առանձին և այն, ինչ ես մտածում եմ, ավելի հստակ ներկայացնեմ. չեմ տեսնում Բրյուսելում առաջիկայում որևէ հաջողություն: Այո, այսօր հայտարարվել, է որ Բրյուսելում էլի լինելու է մոտ օրերս Ալիև-Փաշինյան հանդիպում Շառլ Միշելի առաջարկությամբ: Գլխավոր հարցերի պատասխանները չկան: Դրա համար, ոնց որ 1994 թվականից սկսած մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը մենք բանակցում էինք, իհարկե մենք, Ղարաբաղը բանակցային կողմ չէր հիմնականում, բայց մենք գոնե կարծիք ասելու հնարավորություն ունեինք, բայց եկավ հասավ մինչև սեպտեմբերի 27-ը: Մենք պետք է փակ քննարկում անենք, ոչ այս ձևաչափով, և հասկանանք այն իրական մարտահրավերը, որը մեր առջև ծառացած է: Բայց դա չի խանգարում, որ շարունակենք արտաքին հարթակում պայքարը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ արտաքին ճնշումները Ադրբեջանին և այլն: Որևէ կոնկրետ առաջընթաց չկա: Սրանով ավարտենք: Իսկ երկրորդ հարցի հետ կապված պարոն Վարդանյանը արդեն պատասխանել է: Պարոն Աղաբեկյան, այսօր ունենք շատ բարդ ֆինանսական վիճակ, ֆինանսների հետ կապված ճգնաժամը ավելի է խորանում: Տնտեսվարող սուբյեկտները համարյա հարկ չեն տալիս, գործունեություն չկա, հիմնական հարկատուն՝ Բեյզ Մեթալզ-ը, չի աշխատում: Եղած ֆինանսական ծրագրերը դեռ ամբողջությամբ չեն կատարվել: Հասկանալով ստեղծված իրավիճակը, գնահատելով սոցիալական լարվածության աստիճանը՝ դեռ նման քննարկում չենք արել:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ:
Կարեն Հովհաննիսյան - Հարցը ունի որոշակի էմոցիոնալ աստառ: Խնդիրը մեր բռնի տեղահանվածների բնակարանային հարցերի կարգավորման գործընթացի մեջ է, զոհվածների իրավահաջորդների բնակարանային ապահովման խնդրի լուծմանն է վերաբերում: Կոնկրետ ունենք ընտանիքներ, ովքեր իրենց բարեկամների աջակցությամբ ձեռք են բերել բնակարաններ, իրենց թիվը քիչ է և, համաձայն մեր համապատասխան որոշումների, զրկվել են այդ 10 միլիոն սերտիֆիկատի իրավունքից: Այդ հարցը ուզում էի այստեղ քննարկենք, որովհետև մարդիկ որպեսզի անընդհատ տնից տուն վարձով չտեղափոխվեն, երեխաները դպրոցից դպրոց չտեղափոխվեն, բարեկամների օգնությամբ ձեռք են բերել ինչ-որ կացարաններ՝ ակնկալիք ունենալով, որ ստանալու են այդ 10 միլիոնները: Երկրորդ հարցը 300.000 դրամներին է վերաբերում: Երբ բռնի տեղահանվածներին 300.000 դրամ է տրամադրվել, քիչ թվով մարդիկ տեխնիկական ինչ-ինչ խնդիրներից ելնելով չկարողացան ստանալ և նախորդ նախարարի հետ այս դահլիճում քննարկումների արդյունքում որոշում էինք կայացրել, որ այդ հարցը ընդգրկվելու է այս տարվա բյուջեի մեջ: Հիմա ուզում եմ հասկանալ, արդեն փետրվար ամիսն է և այս հարցի վերջնական տեսքը ինչպե՞ս է լինելու: Եվ մի հարց էլ. այս հարցերը չէին առաջանա, ճիշտն ասած, եթե ժամանակին, 6 օր շարունակ պարոն Վարդանյանի հետ հանդիպման ակնկալիք եմ ունեցել, սակայն պարոն Վարդանյանը, չգիտես ինչու, պատգամավորին չի ընդունել, որպեսզի բյուջեի քննարկումների ժամանակ կարողանանք այս հարցերը բարձրաձայնել և չգա հասնի փետրվար ամսվա վերջ:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցին կպատասխանի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար պարոն Մանգասարյանը:
Արմեն Մանգասարյան - Բնակարանային ապահովման երկու ծրագիր կա այս պահին: Առաջինը՝ կառավարության 1394-Ն որոշմամբ սահմանված, իրականացնողը Արցախի Հանրապետության կառավարությունն է: Այդ ծրագրով հստակ նշվում է, թե ում է տրամադրվում բնակարանը, այսինքն՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքը: Իսկ Ձեր կողմից նշված սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետության կառավարության 169-Լ որոշմամբ է սահմանվում: Այնտեղ չկա նշված որևէ կետ, որով սահմանափակվում է, որ եթե անձը սեփականություն ունի, նրան սերտիֆիկատ չի տրամադրվում: Իհարկե, տրամադրվում է: Այսինք,՝ եթե անձը սեփականություն ունի, նա կարող է օգտվել 169-Լ որոշման այդ սերտիֆիկատից:
Կարեն Հովհաննիսյան - Պարոն Մանգասարյան, մարդիկ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության ինչ-ինչ բնակավայրեր և վեց, յոթ, ութ ամիս մի տնից մյուս տուն անցնելով, ճարահատյալ, խնդրել են բարեկամի կամ ընկերոջ կամ հարազատներին: Զոհվածի իրավահաջորդների մասին է խոսքը, երիտասարդ ընտանիք է, մի տեղ մի ձևի ծածկ են ձեռք բերել՝ ակնկալիք ունենալով, որ այդ փոխհատուցումները կլինեն, այդ 10 միլիոնի սերտիֆիկատը ստանալու են: Հիմա մարդիկ այդ տունը ձեռք են բերել, ընդ որում՝ նրանց թիվը շատ չէ, խոսքը Քաշաթաղի մի 12-14 ընտանիքի մասին է:
Արայիկ Հարությունյան - Ներողություն, պարոն Մանգասարյան, խոսքը այդ սերտիֆիկատով վարկ ստանալու համար է, հիմա մարդ ստացել է, էլ վարկի կարիք չունի: Այդ սերտիֆիկատի աջակցության ծրագրից չեն օգտվում, քանի որ բնակարան ունեն, էլ կրեդիտ վարկ չեն ձևակերպելու՝ հիփոթեքային վարկ ստանալու համար: Ինձ թվում է՝ պետք է այդ հարցը առանձին ուսումնասիրել: Ճիշտ եմ չէ՞ հասկանում: Այսինքն՝ տվյալ անձն էլ վարկ չի ուզում ստանալ, այսինքն՝ սերտիֆիկատն ի՞նչ է՝ բանկային համակարգից վարկ ստանալու համար պետությունը այդ գումարը փոխհատուցում է: Հիմա այդ մարդը արդեն տունը ունի, կամ բարեկամը չի տվել, կամ ստացած սոցիալական գումարներն է օգտագործել, տուն է ձեռք բերել, ավտոմատ դառնում է զրկված: Պետք է նայել, սա առանձին քննարկման թեմա է: Նայեք, զոհվածները ստանում են միանվագ 10 միլիոն և ամենամսյա «1000+» հիմնադրամից: Տասը միլիոնի այս ծրագիրը բնակարան ձեռք բերելու համար հիպոթեքային արտոնություն է, այսպես ասենք:
Արմեն Մանգասարյան - Պարոն նախագահ, մենք քննարկել ենք պատերազմից հետո ձեռք բերված բնակարանները ինչ-որ կերպ փոխհատուցենք: Բայց սերտիֆիկատից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության վկայագրից, նրանք կարող են օգտվել:
Կարեն Հովհաննիսյան - Էական չէ թե սերտիֆիկատով, բայց այդ մարդիկ իրենց միջոցներով, ենթադրենք, կարողացել են մի ձև ձեռք բերել, պատերազմից հետո փոխհատուցման մասին է խոսքը:
Արայիկ Հարությունյան – Առանձին կքննարկենք:
Կարեն Հովհաննիսյան - Եվ 300.000-ները:
Գագիկ Բաղունց – Հարցին կպատասխանի պարոն Գալստյանը:
Սուրեն Գալստյան - Շնորհակալություն հարցի համար: Պարոն Հովհաննիսյան, մոտեցումը հետևյալն էր՝ ունենք 50-ի մոտ դատարանի վճիռ կայացած, որ այդ մարդկանց պետք է ընդգրկենք շահառուների ցուցակում, կառավարության որոշման նախագիծը պատրաստ է, շրջանառության մեջ կդնենք, հաստատվելու պարագայում այդ մարդկանց հարցերը կլուծենք:
Դավիթ Բաղդասարյան - Պարոն նախագահ, ուրեմն այդ սերտիֆիկատի հետ կապված կա նաև հակառակը, այսինքն՝ մարդն ունի սերտիֆիկատ, բայց հայաստանյան բանկը գրանցման պատճառով չի տրամադրում հիփոթեքային վարկ: Ասում են քո գրանցումը Ղարաբաղի գրանցում է: Արդեն մերժում եղել է, չեմ ուզում կոնկրետ բանկի անուն հնչեցնել: Երևանում են ուզեցել բնակարան ձեռք բերել, այդ սերտիֆիկատով չեն տրամադրել:
Արայիկ Հարությունյան - Ես խնդրում եմ այդ դեպքը ֆինանսների նախարարի պաշտոնակատարին ներկայացնեք, որովհետև դա բանկերի հետ համաձայնեցված է:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, ութ պատգամավորների կողմից հնչեց տասնչորս հարց: Շնորհակալություն եմ հայտնում Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին բովանդակալից պատասխանների համար: Համոզված եմ, որ բարձրացված հարցերը կլինեն շարունակելի մեր կառավարության ուշադրության ներքո և կստանան հետագա լուծումները: Շնորհակալություն բոլորիդ: