«Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

                                                                     

                                                                                                  Ընդունված  է 2023 թվականի       

                                                                փետրվարի 23-ին

 

 

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի 65-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 65. Զինծառայողների բնակարանային ապահովությունը

 

1. Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայ-մանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով՝ մինչև մշտական բնակտարածքով ապահովումը: Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարա-ծություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական օգնություն՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով և չափերով:

2. Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայման-ներով սպայական և ավագ ենթասպայական կազմերի, ինչպես նաև պայմա-նագրային զինծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

3. Զինծառայողներին, նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, ովքեր հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, հատկացվում է բնակարան կամ բնակելի տուն կամ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար տրամադրվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով և չափերով:

4. Սույն հոդվածով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա Արցախի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական լիազոր մարմնին հատկացված միջոցների հաշվին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                               

 

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

          2023 թվականի մարտի 6

       Ստեփանակերտ

       ՀՕ-5-Ն