ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 33 պատգամավորներ: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի օր բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, նիստին հետևող սիրելի հայրենակիցներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ սույն թվականի փետրվարի 17-ին պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ:
Առաջարկվել է 2023 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված՝ արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը։
Այժմ պատրաստ ենք սկսելու մեր աշխատանքները: Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Ներկա են 33 պատգամավորներ, բացակա պատգամավորներ չկան: Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյա հոբելյանի առիթով:
Շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988 թվականի իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով:
Իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը մայր հայրենիքին վերամիավորվելն էր:
Ղարաբաղյան շարժման իրավաքաղաքական գագաթնակետը 35 տարի առաջ այս օրն է: Արտահայտելով հայկական ինքնավար երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ մարզխորհրդի պատգամավորները 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը վերամիավորելու մասին պատմական որոշում կայացրին: Այդ որոշմամբ արցախյան ազգային-ազատագրական շարժումը մտավ իրավական հարթություն:
Սակայն մեր ժողովրդի ինքնորոշման սահմանադրական իրավունքի խաղաղ իրացմանը հակառակ՝ Ադրբեջանը առաջնորդվել է հիմնախնդիրը հանգուցալուծելու ուժի կիրառման տարբերակով:
Ադրբեջանի սանձազերծած երեք պատերազմները վերահաստատեցին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արցախն առանց հայերի նենգ մտադրությունները:
Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք ձեռքբերումների ու կորուստների միջով: Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել: Վիրավոր Արցախը այսօր շարունակում է ապրել այդ զոհողությունների գնով: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների անմար հիշատակը:
(Մեկ րոպե լռություն)
Պայքարի ոգի ներարկած փետրվարյան ազգային վերածննդի շունչը և մեր հայրենիքի, պետականության համար թափված արյունն ու քրտինքը ներկա օրերում մեզ համար նոր ոգորումների մղիչ պետք է հանդիսանան: Դա է արցախցու կենսունակության ու հարատևության բանաձևը:
Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները հետպատերազմական ժամանակաընթացքում ավելի խորացան:
Առաջնահերթությունների շարքում է կաթվածահար տնտեսության, ենթակառուցվածքների վերականգնումը: Սակայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը պաշարման մեջ առավ Արցախը, խափանվեց այդ ծրագրերի իրականացումը: Ադրբեջանը հումանիտար աննախադեպ աղետ է առաջացրել Արցախում` նպատակ ունենալով հայաթափել Արցախը: Վստահ եմ, որ այս արհեստածին դժվարությունները ևս կհաղթահարենք:
Թանկագին հայրենակիցներ, մեր ազգային հպարտությունն աներեր է: Այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում: Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը: Շնորհակալություն:
Հարգելի պատգամավորներ, դուք գիտեք, որ վերջերս ստեղծվել է պետական հանձնաժողով: Ժամանակամիջոցը շատ կարճ էր, և ես շարժման 35-ամյակին նվիրված պետական հանձնաժողովում ցանկություն եմ հայտնել, որ մեր բոլոր խմբակցության ղեկավարները ԱԺ-ից լինեն: Ինչի՞ համար, որ պատգամավորներին տեղյակ պահեմ միջոցառումների ցանկը: Այսօր արդեն մի հատ թյուրիմացություն եղավ: Այսօր արդեն, տիկին Հակոբյան, ներողություն եմ խնդրում ժամանակի առումով, որ 10:10 եք հրավիրված: Բայց մեր միջոցառումների ծրագրում ժամը 10:00-ին է` պետական հանձնաժողովը ծաղկեպսակ է դնում: Ինչո՞ւ չենք ընդգրկել նաև Ազգային ժողովը: Կամավորության սկզբունքն ենք թողել, հինգ խմբակցության ղեկավարները այստեղ են, այն իմաստով, որ այս բլոկադայում, այս շրջափակման մեջ նաև ծաղիկների խնդիր ունենք Արցախում: Հիմա որպեսզի միջոցառումների մասով նաև մեր պատգամավորները մասնակցեն, կարծում եմ՝ ժամը 3-ին ցուցահանդեսի բացումն է: Ցուցահանդեսը մեկ օր չի լինելու: Այն պատգամավորները, ովքեր այսօր հնարավորություն չունեն, կարող են վաղը, մյուս օրը մասնակցել: Ավելի լավ է ցուցահանդեսը մի ամիս բաց լինի մեր հայրենակիցների համար, որպեսզի ծանոթանան շարժման 35-ամյակի մեր նվիրյալներին: Մեկ անգամ ևս այս բարձր ամբիոնից ուզում եմ ասել, թե ովքեր են հրավիրված միջոցառմանը՝ շարժման բոլոր նվիրյալները: 1988 թվականի շարժման բոլոր նվիրյալները հրավիրված են հանդիսավոր նիստին: Արցախի բոլոր նախագահները հրավիրված են հանդիսավոր նիստին: Արցախի ԱԺ բոլոր նախագահները, բոլոր վարչապետները և պետնախարարները հրավիրված են նիստին: Քանի որ օրվա խորհուրդը միասնականությունն է, փետրվարի 20-ի միասնականությունը դա երազանք է՝ մեկ անգամ ևս 10 միլիոն հայերի այդ միասնականությունը տեսնելու առումով, hանդիսավոր նիստին հրավիրված են Արցախի բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական: Հետագայում չասեն, թե մենք հրավիրված չենք: Ժամանակը շատ կարճ էր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պետական հանձնաժողովի բոլոր անդամներին, որ մենք այնպիսի միջոցառումների ցանկ ընդգրկեցինք, որ ֆինանսներ չպարունակեն՝ իրողություններին համապատասխան: Առանց ֆինանսներ ծախսելու մոտ 14 միջոցառում՝ Ստեփանակերտ քաղաքում, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջաններում տարբեր միջոցառումներ, տարբեր մշակութային ծրագրեր, բաց դասեր՝ շարժման նվիրյալների առաջնորդությամբ: Երեկ մեկը տեղի ունեցավ: Պարոն Բալայանը զեկուցումով հանդես եկավ այնտեղ, նաև մեր շարժման նվիրյալները կային, պատասխանեցին ավագ դպրոցի աշակերտների բազմաթիվ հարցերին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, սիրելի պատգամավորներ, աշխատակազմի սիրելի աշխատողներ, և բոլորդ հրավիրված եք այսօրվա հանդիսավոր նիստին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնելու համար հրավիրվում է հարցի հիմնական զեկուցող Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ՝
Երեսունհինգ տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու մասին: Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին: Փետրվարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման և նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրության կողմից դավանվող իրավական նորմերով:
1988 թվականի իրադարձությունները զորաշարժի ենթարկեցին համայն հայությանը: Սեփական հայրենիքում արժանապատիվ ու ազատ ապրելու և ազգային պետականություն ունենալու շարժումը համահայկական բնույթ ստացավ: Արցախը դարձավ համազգային զարթոնքի խորհրդանիշ, իսկ ազգային–ազատագրական պայքարի արդյունքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականություն ունենալու իրավունքը:
1988 թվականի փետրվարի 20-ի անկյունաքարային նշանակության որոշմանը հաջորդեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նույն թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ամբողջացրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման գործընթացը:
Երեսունհինգ տարիների ընթացքում համահայկական տիրույթում իրագործված ազգային ամեն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձություններն էին:
Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայության կամքը:
Պայքարը պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը:
Արտահայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկությունները` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝
կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարություններից և հորդորներից զատ գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը,
դիմում է Սփյուռքի և ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և լինելիությունը պաշտպանելու նպատակով համախմբել հայության ներուժը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական ու ագրեսիվ գործողությունները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես ժողովրդի ձայնը ներկայացնող հավաքական մարմին, հավատարիմ է մարդու հիմնարար իրավունքներին և, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրված՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների հիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ հաղթական հանգրվանի հասնելու համար:
Համայն հայությանը և Արցախի բարեկամներին շնորհավորելով հիշարժան տոնի կապակցությամբ՝ լիահույս ենք, որ փետրվարյան զարթոնքը նոր լիցք կդառնա համազգային իղձերի իրականացման ճանապարհին:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Անցնում ենք հարցերին: Խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Վահրամ Բալայանին: Խնդրեմ:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, այն միաձայն ընդունվել է: Խնդրում եմ այն որոշման տեսքով ընդունել:
Արթուր Թովմասյան – Հարցեր մշտական հանձնաժողովի նախագահին: Խնդրում եմ հերթագրվել: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Այժմ մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրում: Պարոն Բալայան, խնդրեմ:
Վահրամ Բալայան – Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, տրամադրված էի կարճ խոսել, բայց քանի որ մենակ ես եմ խոսելու, համեմատաբար մի քիչ երկար կխոսեմ: Ընդհանուր առմամբ մարդու ազատությունը աստծո կողմից մարդուն շնորհված ամենամեծ արժեքն է, և հետագա ժամանակներում միջազգային կոնվենցիաներով այդ ամենն ամրագրվել է: Քրիստոսից առաջ 2492 թվականի օգոստոսի 10-ին, երբ Հայկն իր եռաթևյան նետով տապալեց Բելին, այն ժամանակից սկսած Հայկ նահապետը հայ ժողովրդին պատգամել է մի բան. հայրենիքը պահելու համար պետք է պայքարել: Այդ բանաձևը սոսկ հայ ժողովրդի համար չէ: Այն ժողովուրդները, որոնք առաջնորդվել են ու շարունակում են առաջնորդվել այդ սկզբունքներով, նրանք, ըստ էության, հաջողված են: Երբ մենք մոռանում ենք պայքարի գաղափարը, ապա մեր պատմությունը վկայում է, որ մենք բազում ու բազմաթիվ դժվարություններ ենք ունենում և չենք կարողանում հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ընդհանրապես լինում են: Պիտի ասեմ, որ ժամանակի ընթացքում թե՛ 17-րդ դարում Անգլիայում, թե՛ 18-րդ դարում Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմից հետո մարդու՝ ազատ ապրելու հիմնարար իրավունքը դարձել է օրենք, կարգ ոչ միայն այդ ժողովուրդների համար, այլ նաև այն բոլոր ժողովուրդների համար, որոնք իսկապես ուզում են այս երկրագնդի վրա արարել ու ստեղծել: Պիտի ասեմ, որ թեկուզև դժվար ժամանակներ ենք մենք անցել և շատ դեպքում հանրությունը չի արժևորել դա, մեր ժողովրդի լավագույն զավակները դա սկզբունք դարձնելով դարերի ընթացքում պայքարել են, որպեսզի հայոց աշխարհում հայ մարդն ապրի ու արարի: Հենց պատմական նստաշրջանի՝ փետրվարի 20-ի այդ որոշումը, ըստ էության, այդ պայքարի արդյունքն է: Ես պիտի ասեմ, որ մենք այդ ճանապարհով գնացինք որպես միջազգային իրավակարգը, մարդու ազատ ապրելու իրավունքները հարգող ժողովուրդ: Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև դեռևս խորհրդային իշխանության արշալույսին՝ 1917 թվականի դեկտեմբերի 2-ին, Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհը մի պատմական որոշում կայացրեց՝ «Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան», որտեղ 2-րդ հոդվածով ասում է, որ Ռուսաստանի տարածքում ապրող ժողովուրդներն ազատ են և իրավունք ունեն նաև իրենց անկախ պետությունները ունենալու, անկախություն ստանալու: Ի դեպ նկատենք, որ բոլշևիկյան ռեժիմն ինքը տոտալիտար է եղել, բայց այնուամենայնիվ նա չէր կարող համամարդկային այդ արժեքներից վեր կանգնել, թեկուզև դեկլարատիվ ձևով դա պետք է ընդունվեր: Այդ ամենը հետագայում ամրագրվեց 1977 թվականի ԽՍՀՄ սահմանադրության մեջ, և 70-րդ հոդվածով այդ իրավունքը տալիս է: Փետրվարի 20-ի մեր որոշումը՝ Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու հետ կապված, և հետագայում մեր ընդունած որոշումները, որը նաև ձևակերպված է մեր հայտարարության մեջ, խոսքը վերաբերում է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, դեկտեմբերի 10-ի հանրաքվեին, չի հակասում ոչ միայն ԽՍՀՄ օրենսդրությանը, այլ նաև միջազգային օրենքին, ինչպես այնտեղ գրված է: Ավելին ասեմ, որ մեր ազատությունն ու անկախությունը որևէ կապ չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Մենք երբևէ հավակնություններ չենք ունեցել Ադրբեջանի տարածքի նկատմամբ: Մենք այլ ճանապարհ չունեինք: Խորհրդային երկրի կործանվելուց հետո մենք չէինք կարող դրա փլատակների տակ մնալ: Մենք պետք է գնայինք այդ ճանապարհով: Մենք ընտրել ենք այդ ճանապարհը: Այն գաղափարները, որոնք շատ դեպքերում նաև ռուսական հանրային մտքի մեջ էլ են կիրառվում, այս վերջերս Պետական դումայում պատգամավորներից մեկը դրա մասին խոսում էր, որ Խորհրդային Միությունը կործանվեց, պատճառները բերում է, նաև «Ղարաբաղ» կոմիտեի մասին է խոսում, դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում, այսինքն՝ խորհրդային երկրի կործանումը որևէ կապ չունի ղարաբաղյան շարժման հետ: Դա խոր տնտեսական, քաղաքական օրինաչափությունների հետևանք էր: Եվ պիտի ասեմ, որ այն ժողովուրդները, որոնք այդ օրինաչափություններով առաջնորդվում են, նորից եմ կրկնում, իսկապես հաջողակ են լինում: Այդ օրինաչափություններից մենք չենք կարող դուրս գալ և մեր հանրային կյանքը փորձել կազմակերպել: Մենք հաջողություն այդտեղ չենք կարող ունենալ: Մենք այդ ճանապարհով գնացինք նաև 1991-1994 թվականների պատերազմի տարիներին ու հաջողության հասանք: Մենք մեր հույսը չդրեցինք որևէ մեկի օգնության վրա, և այն ժամանակ էլ, նստածների մի մասը հիշում է, այդ պայքարի ժամանակ մենք զենք չենք ունեցել ըստ էության, բայց ժողովուրդը միակամ, իր կամքին հավատարիմ և իր ուժերին հավատարիմ գնաց այդ ճանապարհով և հաջողություն արձանագրեց: Այսինքն ի՞նչ եմ ուզում ասել, որ անընդհատ մուրալ խաղաղություն, փորձել ազատություն ստանալ մուրալով, այդպիսի բան չի լինում: Ոչ մի ստրկատեր իր ստրուկին ազատությունը սկուտեղի վրա չի մատուցում: Դա ձեռք է բերվում պայքարի միջոցով, հայրենիքը պահվում է պայքարի միջոցով: Պատահական չէ, որ մեր հայտարարության մեջ և պայքար բառը, և հայրենիք բառը, որոնք համատեղ են, մեծատառերով են գրվել, որովհետև դա է ճանապարհը: Բայց ցավոք սրտի հետագա ժամանակներում մենք երբեմն դուրս ենք եկել այդ օրինաչափություններից և այն դժվարություններն ու դժբախտությունները, որ մենք ստացանք այս վերջին պատերազմի ժամանակ, հենց այս օրինաչափություններից դուրս գալու հետևանք է: Խոսքն ինչի՞ մասին է: Մենք հաղթական պատերազմ մղեցինք 1991-1994 թվականներին, բայց ցավոք սրտի չկարողացանք մեր կյանքը կազմակերպել այնպես, ինչպես պետք է: Մենք չկարողացանք կենսունակ տնտեսություն կազմակերպել: Որպեսզի խոսքս մերկապարանոց չհնչի, դուք ականատես եք եղել այդ ամենին, շրջափակման 2-3 օր անցնելուց հետո մենք կարտոֆիլ, գազար չունեինք: Երբ գյուղերում մենք գնում ենք հանդիպումների, այդ ամենը աչքով տեսանելի է: Ես կողմնակից չեմ խորհրդային տնտեսվարման մեխանիզմին, բայց տեսեք մենք ինչքան ենք հետ գնացել, որ շրջում ենք գյուղերում, անասնապահական ֆերմաները դատարկ են, հողերը անմշակ են, չնայած հող չունենք, ցավոք սրտի այս պահին, բայց գնացեք տեսեք, որ այդ հողերը անմշակ են: Դա անկատար մեխանիզմի հետևանք է: Մենք ստեղծել ենք մի սարսափելի քաղաքական համակարգ: Կարծես թե բազմակուսակցական համակարգ ենք ստեղծել, որպեսզի այս երկիրը տանենք առաջ, բայց դրանով մենք մեզ կործանել ենք: 2020 թվականի ընտրությունների նախօրյակին, եթե չեմ սխալվում, կարծեմ 26 կուսակցություն է Արցախի Հանրապետությունում գրանցված եղել: Այո, ես համամիտ եմ, համաձայն եմ, գտնում եմ, որ մեր ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է, բայց չեմ գտնում, որ այնքան քաղաքական գործիչներ ունենք, որոնք կարող են ժողովրդին առաջնորդել և հարցեր լուծել: Այսինքն՝ մենք ստեղծել ենք իրավիճակներ, երբ կուսակցություն, երբ այստեղից փախչում են այնտեղ, ընտրություններից ընտրություն կուսակցություններ ենք ձևավորում և այսպես անընդհատ ժողովրդի միտքը թմրեցրած պահելով՝ փորձում ենք պետական համակարգ ստեղծել ու ազատ երկիր պահել: Այդպես չի լինում: Դա այդպես չի ստացվում: Կարող է ինչ-որ անհատներ դրանից օգտվում են, բայց որպես կենսունակ երկիր մենք դա չենք կարող պահել: Մենք հաջողությամբ կործանեցինք մեր կրթական համակարգը: Այս ժողովուրդը մշտապես ծնել է մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ: Չկան: Ի՞նչ է, մեր մայրերի արգանդը չորացե՞լ է: Իհարկե՛ ոչ: Բայց այդ կրթական համակարգը՝ չգիտեմ՝ մտացածին, թե բոլոնյան համակարգ ասելով, մենք այն կենսունակ համակարգը, ցավոք սրտի, կործանեցինք: Իսկ փոքր ազգերը, մանավանդ խոսքը վերաբերում է հայությանը, փոքր տարածքի վրա ապրող ժողովուրդները կարող են ապրել, եթե կենսունակ միտք ունեն: Այդ կենսունակ միտքը աստված մեզ շնորհել է, բայց չենք կարողանում դա զարգացնել: Մենք ինժեներներ ենք պատրաստում՝ բազմապատկման աղյուսակը չիմանալով: Այդպես չի լինում: Եվ այսպես կարելի է անընդհատ շարունակել:
Ինչևիցե, այսօր տոն օր է, ես նորից շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, մի քիչ էլ լավ բաների մասին խոսենք: Շնորհավորում եմ: Ճիշտ է, մենք վատ ժամանակներ ենք ապրում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր ժողովուրդը սրանից ավելի վատթար ժամանակներ է ապրել, թեկուզև ոչ շատ հեռավոր անցյալում, որին ականատես ենք եղել: Մեր ազատամարտիկները մախորկան թերթի մեջ փաթաթում էին և տանում էին ճակատ, որպեսզի այնտեղ դիրքերը պահեին: Երբ իսկապես հաց չկար Ստեփանակերտում, ես հիշում եմ, որ հայրս գրություններ էր ստանում, կոլտնտեսության նախագահ էր, գրում էին, որ «Ռազմիկ ջան, խնդրում եմ ընտանիքս փրկեք, մի դույլ ալյուր է պետք»: Այդ իրավիճակներում մենք ապրել ենք, և ժողովուրդը հաղթահարել է այդ ամենը, որովհետև նպատակ ուներ, որովհետև պայքարելու կամք, ցանկություն կար: Ես մեր ժողովրդին հորդորում եմ գնալ այդ ճանապարհով ու հայրենիքը պաշտպանել: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Բալայան, դե եթե Դուք, ես, Բաղունցն այստեղ լինենք, կրթական համակարգն էլ այդպես է լինելու, էլի: Երևի լավ կյանքից չէ, որ Ազգային ժողովի պատգամավոր ենք: Ես լրիվ համամիտ եմ Ձեզ հետ, բայց ոչ թե բազմապատկման աղյուսակը չգիտեն, այլ տարրական մաթեմատիկա: Ցավոք սրտի, թե բարվոք սրտի, բազմապատկման աղյուսակը գիտեն, տարրական մաթեմատիկա չգիտեն: Տարրական մաթեմատիկան ուրիշ է: Շնորհակալություն: Պարոն Բալայան, ինձ թվաց՝ նաև եզրափակիչ ելույթն էլ օգտագործեցիք: Կա՞ եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 33, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Սա այն դեպքն է, որ բոլորս պետք է ծափահարենք՝ համոզված լինելով, որ շարժման 40-ամյակը, 45-ամյակը, 50-ամյակը, 55-ամյակը, 60-ամյակը և իքսամյակը ավելի տոնական տրամադրությամբ մեր ժողովրդի հետ միասին կնշենք:
Այսքանով ավարտում ենք արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Դավիթ Գալստյան – Պարոն Թովմասյան, մի հարց տամ օրվա հետ կապված: Պաշտոնական որևէ շնորհավորանք ստացե՞լ ենք, տեղյակ լինենք էլի:
Արթուր Թովմասյան – Ես ասեմ՝ ոչ, բայց զանգեր ստացել եմ տարբեր պետություններից:
Մետաքսե Հակոբյան – Հայաստանի Հանրապետության ... (չի լսվում):
Արթուր Թովմասյան – Ոչ, ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն: Հայաստանի Հանրապետությունից իմ ընկերներն են զանգել՝ տարբեր գումարումների պատգամավորներ: