ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 29 պատգամավորներ, բացակա՝ 4-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին, հարգարժան պարոն պետնախարար, կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, սկսում ենք դեկտեմբերի 29-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին նախապատրաստվել գրանցման:
Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ վերսկսում ենք «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այսօրվա հերթական նիստի օրակարգում ունենք «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը և «Պատգամավորական հայտարարությունները»:
Եթե հարցեր կան օրակարգի մասով, խնդրեմ: Խնդրեմ, պարոն Պետրոսյան:
Մարսել Պետրոսյան - Ինչպես նախապես հայտարարել էինք, Միասնական հայրենիք խմբակցությունը չի մասնակցում քննարկումներին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան- Բայց հայտարարություններին մասնակցելո՞ւ եք:
Մարսել Պետրոսյան - Այո:
Արթուր Թովմասյան - Եթե հարցեր չկան, քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 22, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 23-ի նիստի ժամանակ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 84-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝ ընդմիջվել է «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» հարցի քննարկումը՝ հնարավորություն տալով պատգամավորներին և խմբակցություններին նոր առաջարկներ ներկայացնելու գործադիր իշխանությանը։
Ուզում եմ հիշեցնել, որ Կանոնակարգ օրենքի 85-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով Արցախի Հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Արցախի Հանրապետության նախագահի կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրան կարող են տրվել հարցեր: 10-ական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ, մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ, Ազգային ժողովի նախագահն ու նրա տեղակալը:
Ելույթներից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ Արցախի Հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Արցախի Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը ընդունել որպես օրենք:
Այժմ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկը ներկայացնելու համար հրավիրվում է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:
Վահրամ Բաղդասարյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետության Սահմանադրության 123-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 81-րդ հոդվածներին համապատասխան, որը մշակվել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Օրենքի նախագիծը ըստ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատված ժամկետացանկի քննարկվել է Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովներում՝ կառավարության անդամների և առընթեր մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացվել է ընդհանուր հինգ առաջարկություն, այդ թվում՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 23-ի նիստից հետո երեքը: Բոլոր առաջարկությունները կառավարության կողմից քննարկվել են, և պատասխանները ամփոփաթերթիկների տեսքով ներկայացվել են Ազգային ժողով: Առաջարկությունների քննարկման արդյունքում պետական բյուջեի նախագծում փոփոխություններ չեն կատարվել: Առանձին կցանկանայի անդրադառնալ պատգամավոր Արթուր Թովմասյանի առաջարկությանը, որն առաջարկել է առաջին եռամսյակում՝ հունվար-փետրվար-մարտ ամիսներին, գազի սակագնի սուբսիդավորման խնդիրը: Ասեմ, որ պարոն Թովմասյանը նախորդ նիստի իր նաև բանավոր խոսքում տարբերակներ է առաջարկել, ըստ որոնց սուբսիդավորումը կարող է տարածվել առանձին սոցիալական խմբերի վրա և այլն: Եվ հաշվի առնելով թե՛ ժամանակի սղությունը, թե՛ հաշվարկների անհրաժեշտությունը, որպեսզի կարողանանք տարբեր կատեգորիաներով վերհանենք և գնահատական տանք, վերջնական եզրակացություն կազմենք, ամփոփաթերթիկում առաջարկել ենք այդ հարցերին անդրադառնալ 2023 թվականի հունվարից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ անմիջապես առաջին աշխատանքային օրերին արդեն իսկ սկսված են որոշակի ծրագրային քննարկումներ 2023 թվականի բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ: Ինչպես նաև հայտարարել էի նախորդ նիստի ժամանակ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատված՝ 2023 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով միջպետական վարկի գումարը սահմանվել է 136 մլրդ դրամ և այդ առումով փոփոխություն է կատարվել նախկինում ներկայացված մեր նախագծի ու վերջնական տարբերակը ներկայացվել է ձեր քննարկմանը: Արդյունքում 2023 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են հետևյալ չափերով.
պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն դրամի չափով, որը 2022 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 4 մլրդ 295.9 մլն դրամով կամ 9.4%-ով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 49 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել 8.9%-ով, որի արդյունքում կանխատեսումային հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 16%,
բյուջետային վարկի չափը 2023 թվականի համար կկազմի 136 մլրդ դրամ: 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսված են 215 մլրդ 171.4 մլն դրամի չափով, որը նվազել է ընթացիկ տարվա պետական բյուջեում նախատեսված ծախսերից շուրջ 2.7%-ով: Հնայուն ծախսերի մակարդակը կկազմի 69.1%՝ ընթացիկ տարվա 77.5% -ի դիմաց: Արդյունքում դեֆիցիտը կկազմի 29 մլրդ 321.4 մլն դրամ:
Արթուր Թովմասյան - Հարցեր զեկուցողին: Խնդրեմ, պարոն Կասյան:
Վլադիմիր Կասյան - Ճիշտն ասած՝ առաջարկության հետ կապված չհասկացա, խնդրում եմ պարզաբանեք:
Վահրամ Բաղդասարյան - Պարոն Կասյան, ամփոփաթերթիկում Ձեր առաջարկության քննարկման արդյունքները ներկայացվել են, Ձեր առաջարկությունը ուղարկվել է լիազոր մարմին, լիազոր մարմնի պատասխանին համապատասխան եզրակացությունը ընթերցեմ՝
Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 21-ի թիվ 436 և թիվ 437 որոշումների համաձայն՝ Արցախի Հանրապետության Շուշիի, Հադրութի, Շահումյանի մշակույթի և երիտասարդության կենտրոնները, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի Բերձորի ժողգործիքների համույթը լուծարվել է: Լուծարվող կազմակերպությունների աշխատողներին աշխատանքով ապահովման հարցը գտնվում է Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում և քայլեր են ձեռնարկվում գործող կազմակերպություններում առանց աշխատանքի մնացած անձանց աշխատանքով ապահովելու համար:
Վլադիմիր Կասյան - Հիմա 3 կամ 4 ամիս առաջ ծանուցագրերը ներկայացվել են, բայց մինչև այսօր ոչ մեկին աշխատանքի չեն տեղավորել: Դուք ժամկետ ասեք, թե երբ կտեղավորեն, որպեսզի մենք հանգստանանք:
Վահրամ Բաղդասարյան - Լիազոր մարմնի հետ կքննարկեմ, Ձեզ այսօր մինչև օրվա վերջ կպատասխանեմ:
Վլադիմիր Կասյան - Լիազոր մարմին չկա: Լիազոր մարմինն էլ ձեզ է պատճառաբանում, ասում է վերևից են ասում կրճատեք, վերևն էլ ոչ մեկը տեղյակ չի: Մնացած Հադրութի հետ Դուք Շուշին մի համեմատեք, որովհետև Հադրութի շրջանը լրիվությամբ տեղահանված է, բայց Շուշիի բնակավայրերի մոտ 70 տոկոսը մնում է, և այդ մշակույթի կենտրոնն էլ գործում է: Ես հասցեն գրել եմ, թե որտեղ է գործում և ինչպիսի ծրագրերով է հանդես գալիս: Խնդրում եմ ստուգեք և դրական կամ բացասական կոնկրետ պատասխան տաք: Ես այդ տեսակ բյուջեին դեմ եմ քվեարկելու:
Արթուր Թովմասյան – Եթե գործում է, ինչի՞ մասին է խոսքը:
Վահրամ Բաղդասարյան – Լիազոր մարմնի որոշումը:
Վլադիմիր Կասյան – Լիազոր մարմինը նախարարությունն է: Այն օրը, որ ես առաջարկություն եմ արել, դրանից հետո է գլխի ընկել՝ ինչ է կատարվում, ժամը վեցին է զանգել ու ասել, որ «պարոն Կասյան, նոր ենք իմացել, որ նամակն այստեղ է»: Ի՞նչ լիազոր մարմնի մասին ես խոսում:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Նախանշած ընթացակարգով շարունակում ենք և անցնում ելույթներին: Եթե նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորների մոտ ելույթ ունենալու ցանկություն կա, խոսքը տրամադրում ենք իրենց: Ելույթների համար հերթագրվել:
Բավարարված եմ առաջարկի մասով, պարոն Կասյանի առաջարկի մասով բավարարված չեմ: Այն օջախները, որոնք գործում են, առանձնապես այս պահին կրճատումները, ես ամենամեղմ բառն եմ օգտագործում, անթույլատրելի է: Իմ առաջարկի մասով ասեմ, որ բավարարված եմ: Իհարկե, մեր բոլոր խմբակցությունները գազի սուբսիդավորումը չեն կապել ամբողջ բնակչության հետ, բայց կան խոցելի խավեր՝ թոշակառուները, զոհված ազատամարտիկների իրավահաջորդները, բազմազավակ ընտանիքները: Այդ խավերը կան, իսկ Արցախը այն աշխարհատարածքը չէ, որը ունենա 160 միլիոն բնակչություն: Եթե հարյուր քսանի մեջ մենք չկարողանանք իրականում գազի սուբսիդավորումը իսկական հասցեատիրոջը ընտրել, ապա պիտի նորից վերադառնանք 90-ական թվականներ: Ի՞նչ է եղել 90-ական թվականներին՝ ծայրաստիճան աղքատների հիմնադրամ է բացվել Արցախում: Ես չգիտեմ՝ ձեզ դիմումներ գալիս են, թե ոչ, բայց ամեն մի տարի իմ ընտրատարածքից այն ժամանակ մոտ 100 դիմում է գալիս, որ գազի սակագինը չեն կարողանում վճարել: Եվ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք թոշակառուներն են, բազմազավակներն են: Հիմա արդեն նոր խավ էլ է առաջացել՝ բռնի տեղահանված հայրենակիցներ: Ես չգիտեմ, բայց կառավարությունը պարտավոր է վատ վիճակում գտնվող մեր հայրենակիցներին հայտնաբերելու և այդ սուբսիդավորումը իրական հասցեատիրոջը հասցնելու: Շնորհակալություն:
Իսկ հիմա ելույթների համար հրավիրվում են խմբակցությունների ներկայացուցիչները: Պարոն Մելքումյան, խնդրեմ:
Դավիթ Մելքումյան - Հարգելի գործընկերներ, հարգելի կառավարության անդամներ, հաշվի առնելով Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի քննարկվող ընթացքը, հաշվի առնելով կառավարության մոտեցումը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի բյուջեի նախագծի վերաբերյալ՝ սպասելով նոր ծրագրերին և նոր բյուջեին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը: Խնդրեմ, ընկեր Մոսիյան:
Արթուր Մոսիյան - Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, ինչպես և գիտեք, Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը չի մասնակցել բյուջեի քննարկումներին՝ հաշվի առնելով, որ ամենաուշը փետրվար ամսին պիտի ներկայացվի իրական բյուջեն: Այս բյուջեն ժամանակավոր բյուջե է՝ 1-2 ամսվա, և որևէ առաջարկություն խմբակցության կողմից չի կարող լինել այն բյուջեի մեջ, որը, ըստ պետնախարարի, կառավարության, ամենաուշը մինչև փետրվար ամիսը փոխվելու է արմատապես և ներկայացվելու են նոր մեթոդիկա և նոր ծրագրեր: Ուստի մենք չենք կարող կողմ կամ դեմ քվեարկել մի բյուջեի, որը 2 ամսից փոխվելու է և իրական նշանակություն չի ունենալու: Նաև որոշակի շահարկումներից խուսափելու համար ասենք, որ անգամ բյուջեի չընդունումը որևէ կերպ չի ազդի աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, այսինքն՝ նախորդ տարվա համամասնություններով, իսկ այս բյուջեն նախորդ տարվա բյուջեի որոշակի աննշան փոփոխություններով նույն բյուջեն է: Բոլոր ֆինանսավորումները անգամ բյուջեի չընդունման դեպքում կատարվելու են այդ ամիսներին: Մենք ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև չենք կարող կողմ կամ դեմ քվեարկել մի բանի, որը իրական չէ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան- Շնորհակալություն: Արդարություն խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար պարոն Գալստյանը:
Դավիթ Գալստյան - Հաշվի առնելով, որ իրոք կառավարությունը անգամ լուրջ չի ընդունում այս բյուջեն և հենց առաջին օրվանից հայտարարում է, որ սա իրական բյուջե չի և փետրվար-մարտ ամիսներին ավելի իրատեսական բյուջե կներկայացվի մեր քննարկմանը, մենք էլ քննարկումներին մասնակցելով ոչ մի առաջարկություն, ոչ մի դիտողություն մեծ հաշվով այս բյուջեի նկատմամբ չենք արել, որովհետև ոչ իրական կամ ոչ այսօրվա համահունչ բյուջե է, այդ իսկ պատճառով մենք ընդհանրապես չենք մասնակցի քվեարկությանը:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցության տեսակետը ներկայացնում եմ ես: Ամբողջ գիտակցական կյանքս անց եմ կացրել այս դահլիճում: Եթե կառավարությունում գոնե մի մարդ կա, որը ասի ինձ համար մեկ է՝ այդ բյուջեն ընդունվում է կամ ոչ, ապա ես սխալ եմ ապրել իմ ամբողջ կյանքը՝ լինելով ընդդիմադիր, թե իշխանամետ պատգամավոր: Ո՞նց կարող է կառավարության աշխատողը, նախարարը կամ որևէ մեկը ասել ինձ համար մեկ է դա: Ազնվությամբ, ես կարող եմ 20 րոպե ընդմիջում վերցնել և բոլորին ասել դեմ եք քվեարկում սրան, եթե կառավարության համար մեկ է: Ընդհանրապես բյուջեն ընդունվում է, որպեսզի կառավարությունը առաջնորդվի: Ես սիրում եմ իմ հայրենի կառավարությունը: Դուք գիտեք իմ տեսակետը, ես համամիտ եմ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ, որ նույնիսկ չընդունվի, աննշան փոփոխություններով հաջորդ տարվա բյուջեն կլինի: Եթե այդպես է, ապա կառավարությունը ինչո՞ւ է աշխատել: Մի որոշում կընդունեինք, որը ուժի մեջ կմտնի մինչև նոր բյուջեն: Ապա ինչի՞ են պետք քննարկումները Ազգային ժողովում: Սա սխեմա է, որով իմ հայրենի կառավարությունը առաջիկա 1-2 ամսում պետք է առաջնորդվի: Ինչո՞վ է սա լավ նախորդից, ես նախորդ իմ ելույթի ժամանակ ասել եմ: Այս սխեմային կողմ է քվեարկելու Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունը: Շնորհակալություն:
Մենք լսեցինք խմբակցությունների տեսակետները: Այժմ անցնում ենք եզրափակիչ ելույթներին: Ցանկություն չկա: Այսքանով ավարտում ենք բյուջետային քննարկումները:
Քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 16, դեմ՝ 7, ձեռնպահ` 5 :
Որոշումն ընդունված է:
Անցնում ենք «Պատգամավորների հայտարարություններին»:
Խնդրում եմ գրանցվել:
Սիրելի հայրենակիցներ, տարեմուտի նախաշեմին յուրաքանչյուրն ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումները, վերաարժևորում ունեցածն ու նախանշում անելիքները: Անցնող տարին բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: 2022 թվականին տեսանելի և շոշափելի աշխատանք է կատարվել ինչ-որ չափով թեթևացնելու 2020 թվականի աշնանային արյունոտ պատերազմի զրկանքները իրենց ուսերին կրած մեր հայրենակիցների հոգսը: Արցախի խորհրդարանն անցած տարվա ընթացքում նույնպես հավատարիմ է մնացել իր ստանձնած առաքելությանը: Բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, հայտարարությունները և Ազգային ժողովի խմբակցությունների գործունեությունը միտված էին միմիայն Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերին: Ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքում պայքարել և դիմակայել ենք բազմաթիվ փորձություններ: Այսօր էլ շարունակում ենք դիմագրավել աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներին: Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական և ապրելու իրավունքի իրացման խնդրի առջև: Արցախի շրջափակման հետևանքով մեր ժողովուրդը գտնվում է հումանիտար աղետի շեմին: Թանկագին հայրենակիցներ, լիահույս եմ՝ աստծո օրհնությամբ ու հավատով լցված կհաղթահարենք այս ճգնաժամը ևս: Կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու մեր հայրենակիցների ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները, ազգային պետական շահերին ուղղելու անհրաժեշտությունը: 2023 թվականի ակնկալիքները ավելին են: Մեզ սպասվում են բազում խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ուժերի մեկտեղում՝ ի սպաս և ի նպաստ բոլորիս: Դժվարություններով և փորձություններով անցած 2022 թվականի քաղած դասերը, արձանագրված փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հնարավորություն տա: Բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում բոլորիս: Շնորհակալություն:
Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի և հերթական նստաշրջանի աշխատանքները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված:
(Հնչում է ԱՀ օրհներգը):