20 փետրվարի 2023
20 փետրվարի 2023
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյան
Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյան
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Տիկնայք և պարոնայք
Նախ և առաջ ողջունում ու շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Համայն հայության` ճակատագրորեն երկատված այս հատվածի համար շարժումն, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988թ. իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով, ըստ արժանվույն գնահատում խորհրդային կայսերապետության տոտոլիտար ռեժիմին պատանդված և ազգային փոքրամասնություններից առաջինը գլուխ բարձրացրած արցախահայության ըմբոստությունը: Դա ոչ այլ ինչ էր, քան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հայության ունեցած ճակատագրից խուսափում, իր պատմական հայրենիքում գոյապահպանական բացահայտ ազդականչ:
1988թ. փետրվարյան օրերը նշանավորվեցին ԼՂԻՄ-ի գրեթե բոլոր շրջաններում տեղի ունեցած ցույցերով ու միտինգներով, իսկ արդեն փետրվարի 13-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը:
Ներկա պահին դահլիճում են արցախյան շարժման ակտիվիստներ, ցույցերի և միտինգների կազմակերպիչներ: Շնորհակալություն ձեր ազգանվեր գործունեության համար:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ղարաբաղյան շարժումը, որպես արցախահայության ազգային -ազատագրական պայքար, ընդհատակյա կերպով առկա էր մինչև 1988 թվականի զանգվածային ցույցերն ու միտինգները: Դրդապատճառները տարաբնույթ էին: Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում պաշտոնական Բաքուն հետևողականորեն իրականացրել է հայատյաց քաղաքականություն, ինչը դրսևորվել է սպանություններով, առևանգումներով ու խոշտանգումներով, բռնադատումներով ու բռնաճնշումներով: Ադրբեջանը չի բավարարվել ֆիզիկական հետապնդումներով: 70 տարիների ընթացքում ոչնչացրել է դարերի պատմություն ունեցող հարուստ մշակութային ու հոգևոր ժառանգությունը՝ նպատակ ունենալով արցախահայությանը հեռացնել իր կրոնից ու հավատից:
Անշուշտ, արցախահայությունը չէր կարող համակերպվել այդ ամենին, իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը Մայր հայրենիքին վերամիավորվելն էր:
Ի հիշեցում նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որպես միջազգային վեճ, առաջին անգամ ծագել է 1918 թվականին Ռուսաստանի կայսրության փլուզումից հետո՝ անկախ դարձած Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային սահմանազատման անհրաժեշտության կապակցությամբ: Նույնիսկ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղը վիճելի կարգավիճակ ընդունեց: Իսկ Կարմիր բանակի կողմից հայկական երկրամասի բռնազավթումից հետո Ղարաբաղը մասնատվեց ու հանձնվեց Ադրբեջանին: Դրանով իսկ ղարաբաղյան հիմնախնդիրը հանվեց Փարիզի խաղաղ խորհրդաժողովի օրակարգից, որտեղ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հանգուցալուծումը:
Փաստորեն, Լեռնային Ղարաբաղը՝ պատմականորեն հայկական Արցախը, որն արդեն ճանաչված ու հռչակված էր որպես Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս, Խորհրդային Ադրբեջանին բռնակցվել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ: Իրականում այդ որոշումը իրավական տեսակետից հիմնազուրկ էր, քանզի այն անգամ չի քննարկվել ու քվեարկության չի դրվել երրորդ երկրի կուսակցական այդ մարմնում, որն ամենևին էլ օժտված չէր տարածքային հարցեր որոշելու իրավունքով: Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը (անեքսիան) անմիջականորեն իրականացվեց դեպի մահմեդական արևելք «կարմիր հեղափոխության» միջանցիկ տարհանման բոլշևիկյան ծրագրերի շրջանակներում: Կովբյուրոյի որոշումը դարձյալ ձևականորեն հավասարեցվել է բազմակողմանի միջազգային պայմանագրի, համաձայն որի Լեռնային Ղարաբաղին պետք է տրամադրվեր լայն ինքնավարություն: Սակայն, խախտելով Կովբյուրոյի՝ առանց այն էլ իրավական ուժ չունեցող որոշումը, Բաքուն, 1923 թվականի հուլիսի 23-ի ընդունած դեկրետով, մարզը կազմավորել է Լեռնային Ղարաբաղի մեկ հատվածի սահմաններում՝ երկրամասի բավականին մեծ շրջաններ՝ Քարվաճառ, Քաշաթաղ, Կովսական, Շահումյան և այլն, թողնելով նրա սահմաններից դուրս:
Անցյալ դարի 60-ական թվականներին արցախահայ մի շարք մտավորականների՝ ԼՂԻՄ -ը Մայր հայրենիքին վերամիավորելու փորձերն ու միջնորդությունները կասեցվեցին ազերական պետանվտանգության աշխատակիցների կողմից, իսկ ԽՍՀՄ ղեկավարությունը թողեց դա անպատասխան: Տարբեր տեսակի ճնշումների ու հետապնդումների արդյունքում նրանց մի մասը հարկադրաբար լքեց հայրենի երկրամասը:
Այսպիսով, ԼՂԻՄ-ը 1923 թվականին Ադրբեջանին բռնակցելուց հետո էլ բոլոր ժամանակներում արցախահայությունը առաջնորդված էր Մայր Հայաստանին վերամիավորման գաղափարական մղումներով:
Փառք ու պատիվ մտավորականության այդ սերնդի երախտավորներին:
Հարգելի´ ներկաներ
Ղարաբաղյան շարժման իրավաքաղաքական գագաթնակետը 35 տարի առաջ այս օրն էր: Արտահայտելով հայկական ինքնավար երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը՝ ԼՂԻՄ-ի բարձրագույն ներկայացուցչական մարմնի` մարզխորհրդի պատգամավորները 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում ԼՂԻՄ -ը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը վերամիավորելու մասին պատմական որոշում կայացրին: Այդ որոշմամբ՝ ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը մտավ իրավական հարթություն:
Ի պատասխան դրան՝ Բաքվի իշխանությունների կողմից մոլեգնեց հայատյացությունն ու արցախահայության հանդեպ վրեժխնդրությունը: Մերժելով ԼՂԻՄ մարզախորհրդի միջնորդագիրը՝ ԽՍՀՄ իշխանությունների թողտվությամբ, առավել դիպուկ արտահայտված հանցավոր անգործության ու անփութության պայմաններում Ադրբեջանը իրագործեց Սումգայիթի կոտորածը, որին հետևեցին Կիրովաբադի, Շամխորի, Շամախու, Բաքվի, Ադրբեջանի մյուս բնակավայրերի հայ բնակչության կոտորածները: Շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական:
Արցախահայությունը համառ էր: Էթնիկ տիպական կենսակերպին հարիր իր կողահաստությամբ շարունակեց պայքարը՝ ընտրելով նոր մարտավարություն: Այնուհետև, երբ Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրի մասին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին ու սկզբունքերին լրիվ համապատասխան:
Անկախ պետականության հռչակագրի ընդունումը ամրագրվեց 1991թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով, որի ընթացքում բնակչության ճնշող մեծամասնությունն արտահայտվել է Ադրբեջանից լրիվ անկախացման օգտին:
Մեր ժողովրդի ինքնորոշման սահմանադրական իրավունքի խաղաղ իրացմանը հակառակ՝ Ադրբեջանը առաջնորդվեց հիմնախնդիրը հանգուցալուծելու ուժի կիրառման տարբերակով: Ղարաբաղին պարտադրվեց լայնածավալ պատերազմ:
1992-1994 թթ. ադրբեջանա-ղարաբաղյան առաջին պատերազմն ավարտվեց մեր նորանկախ պետությունը շրջափակած ադրբեջանական ռազմական հենակետերի ոչնչացմամբ ու տարածքների ազատագրմամբ, որով, փաստորեն շեշտակի նվազեցին մեր բնակավայրերի վրա հակառակորդի կողմից թիրախավորման և խոցելիության ռազմական հնարավորությունները, ապահովվեց անվտանգության գոտի:
1994 թ. մայիսի 12-ի Բիշքեկյան եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը, այնուամենայնիվ, չհրաժարվեց ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքից:
Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թվականի ապրիլյան և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020 թվականի աշնանային պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները:
Գլուխ ենք խոնարհում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր քաջարի զինվորների առջև: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց անմար հիշատակը:
/ Լռության րոպե/
Շնորհակալություն
Հարգելի´ ներկաներ
2020 թվականի աշնանային նախադեպն ու ծավալները չունեցած պատերազմը մեզ կանգնեցրել է լուրջ մարտահրավերների առջև: Մենք կանգնած ենք անցյալից դասեր առնելու, լավագույնը ընդօրինակելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև:
Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ու Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորակազմը:
Պատեհ առիթ է այս ամբիոնից շնորհակալության խոսք հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության համար: Պետք է նաև խոստովանել, որ խաղաղապահ ուժերին չի հաջողվում լիարժեք իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները հետպատերազմական ժամանակաընթացքում ավելի խորացան: Իշխանությունների կողմից արվում է հնարավորը բռնազավթված տարածքների տասնյակ հազարների հասնող բնակչությանը բնակարանններով ապահովելու, նրանց զբաղվածության, սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Առաջնահերթությունների շարքում է կաթվածահար տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնումը: Սակայն 2022թ. դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը պաշարման մեջ առավ Արցախը, խափանվեցին այդ ծրագրերի իրականացումը: Ադրբեջանը, օգտվելով ռուս - ուկրաինական հակամարտության ձգձգվող իրավիճակից, փորձում է օգտվել պահից և հնարավորինս հասնել առավելագույնի:
Նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում, Ադրբեջանը հումանիտար աննախադեպ աղետ է առաջացրել՝ հույս ունենալով հայաթափել Արցախը:
Վստահ եմ, որ այս արհեստածին դժվարությունները ևս կհաղթահարենք: Մեր ազգային հպարտությունն անսասան է: Այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում: Անբեկանելի է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը:
Ելույթի ավարտից առաջ ևս մեկ կարևոր նկատառում. իրավիճակի թելադրանքով ՝ ղարաբաղյան շարժման հերթական հոբելյանը տոնում ենք համեստ ձևաչափով, բայց և այնպես, հավատացած եղեք, որ մեր պատմական առանցքային նշանակության բոլոր հոբելյանները ապագայում կդիմավորենք տոնական տրամադրությամբ:
Աստված պահապան հայկական երկու հանրապետություններին:
Շնորհակալություն: