ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
21 փետրվարի 2023

 

Փետրվարի 21-ին  Արամ Գրիգորյանի նախագահությամբ  հրավիրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական  նիստը:

Օրակարգի առաջին հարցը  ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր, որը  ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն  Մանգասարյանը:

Նախարարի հաղորդմամբ՝ նախագծում առաջարկվող առաջին լրացման նպատակը  հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց համար կենսաթոշակի տեսակը փոխելու  և հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ստանալու հնարավորության սահմանումն է՝ տարիքային խմբերի համար սահմանված համապատասխան աշխատանքային ստաժի ձեռքբերման պարագայում:

Հաջորդ լրացմամբ կսահմանվի, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, հոգեբուժարանում բուժվող և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող քաղաքացիներից բացի, լիազորագրով կարող է վերսկսվել նաև առաջին խմբի հաշմանդամի դադարեցված կենսաթոշակը:

Կհստակեցվի բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում ապրող՝ 18 տարին լրացած կենսաթոշակառուին վճարվող կենսաթոշակի չափը:

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետ կապված՝ դադարեցված կենսաթոշակների վճարումները վերսկսելու համար դիմելու ժամկետները:

Օրինագծի վերջին լրացումը վերաբերում է Ուկրաինայում գտնվող և այդ երկրում տիրող իրավիճակի պատճառով վերադառնալու հնարավորություն չունեցող մեր հայրենակիցների կենսաթոշակներին: Նման կենսաթոշակների վերսկսումը նույնպես կթույլատրվի լիազորագրերով՝ գրավոր դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործողության ժամկետը չլրացած: Ընդ որում ՝ չվճարված  կենսաթոշակը կվճարվի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացության հիման վրա նախագծով առաջարկվող վերջին փոփոխությունը լրամշակման կենթարկվի:

Դրական եզրակացությամբ նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստի օրակարգում:

Օրակարգի հաջորդ հարցը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխութուն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցի քննարկումն էր:

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատար Ի.Իշխանյանի  ներկայացմամբ՝  օրենքի նախագծով կհստակեցվեն հաշվառման և տրամադրման կարգերը, որոնք կհաստատվեն Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

Միաժամանակ օրենքի նախագծով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի ոչ միայն մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, այլև բոլոր պայմանագրային զինծառայողներին:

Օրենքի  նախագծի ընդունմամբ՝ բնակարանային պայմանների բարելավման ծրագրերից կօգտվեն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բոլոր զինծառայողները:

Օրինագիծը 5 կողմ ձայնով արժանացել է հանձնաժողովի հավանությանը , և այն կներկայացվի ԱԺ հերթական նիստին:

ԼՈՒՐԵՐ