ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել
21 փետրվարի 2023

 

 Փետրվարի 21-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այն ներկայացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Առստամյանը:

Նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության: Ընդ որում՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել  ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում, ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները կարող են կանչվել  ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

Նախագծի ընդունմամբ` կապահովվի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու պաշտպանության կազմակերպման և իրականացման հետ կապված միջոցառումների լիարժեք կատարումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հավաքներին ներգրավված քաղաքացիներին զբաղվել նաև իրենց առօրյա հոգսերով:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

ԼՈՒՐԵՐ