ԼՈՒՐԵՐ
  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝  նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձին
20 փետրվարի 2023

     

     Սիրելի´ հայրենակիցներ

     Շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային - ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյա հոբելյանի առիթով:

      Շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988թ. իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով:

       Իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը Մայր հայրենիքին վերամիավորվելն էր:

   Ղարաբաղյան շարժման  իրավաքաղաքական գագաթնակետը 35 տարի առաջ այս օրն էր: Արտահայտելով հայկական ինքնավար երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը՝ ԼՂԻՄ-ի բարձրագույն ներկայացուցչական մարմնի մարզխորհրդի պատգամավորները, 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում ԼՂԻՄ -ը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը  վերամիավորելու մասին պատմական որոշում կայացրին: Այդ որոշմամբ՝ արցախյան ազգային-ազատագրական շարժումը մտավ իրավական հարթություն:

     Սակայն մեր ժողովրդի ինքնորոշման սահմանադրական իրավունքի խաղաղ իրացմանը հակառակ՝ Ադրբեջանը առաջնորդվել է  հիմնախնդիրը հանգուցալուծելու ուժի կիրառման տարբերակով:

      Ադրբեջանի սանձազերծած 3 պատերազմները վերահաստատեցին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արցախն առանց հայերի նենգ մտադրությունները:

     Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք ձեռքբերումների ու կորուստների միջով: Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել: Վիրավոր Արցախը այսօր շարունակում է ապրել այդ զոհողությունների գնով:

     Պայքարի ոգի ներարկած փետրվարյան ազգային վերածննդի շունչը և մեր հայրենիքի, պետականության համար թափված արյունն ու քրտինքը ներկա օրերում մեզ համար նոր ոգորումների մղիչ պետք է հանդիսանան: Դա է արցախցու կենսունակության ու հարատևության բանաձևը:

        Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները հետպատերազմական ժամանակաընթացքում ավելի խորացան:

    Առաջնահերթությունների շարքում  է կաթվածահար տնտեսության, ենթակառուցվածքների վերականգնումը: Սակայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը պաշարման մեջ առավ  Արցախը, խափանվեցին այդ ծրագրերի իրականացումը: Ադրբեջանը հումանիտար աննախադեպ աղետ է առաջացրել Արցախում ՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը:

        Վստահ եմ, որ այս արհեստածին դժվարությունները ևս կհաղթահարենք:

         Թանկագի´ն հայրենակիցներ

      Մեր ազգային հպարտությունն աներեր է: Այն ոչ ոք չի կարող խաթարել:Մենք վճռական ենք մեր պայքարում: Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը:

 

ԼՈՒՐԵՐ