ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքներ
27 հունվարի 2023

 

Արցախի Հանրապետության շրջանների բնակիչներին անհրաժեշտ է տեղեկացնել ստեղծված իրավիճակի, և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Այդ նպատակով Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի  ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքների բնակիչների հետ:

Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացմանը և կհանդիսանա պատմական, իրավական, աշխարհաքաղաքական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք: Շրջափակումը արցախահայությանը կանգնեցրել է աննախադեպ աղետի առջև: Վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Այս դժվարին օրերին առավել կարևոր են  համերաշխությունն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ», ընդգծել է ԱԺ նախագահը:

Այնուհետև նա առանձնացրել է շրջափակման ազդեցությունը մեղմելու առաջնահերթությունները.«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ինձ համար առաջնային  են ՝

1. քաղաքացուն տեր կանգնելու պետության պարտավորությունները,

2.սոցիալական նոր ծրագրերի անհապաղ ձեռնարկումը, հատկապես խոցելի խավերի, այդ թվում շրջափակման հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված մեր քաղաքացիների հանդեպ

3.տեսակետը, թե սոցիալական ծրագրերը ծուլության կամ անգործության են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում, քանի որ Արցախում ապրող ամեն մի հայ իրականացնում է սուրբ առաքելություն՝ ազգային արժանապատվության պահպանում»:

Հանդիպումը ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Բնակիչների բարձրացրած հարցերը քաղաքական, գյուղատնտեսության , սոցապահովության, անվտագային ոլորտներին էին առնչվում: Հարցերի մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, մյուսները կփոխանցվեն օպերատիվ շտաբ:

Ազգային ժողովի նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել համայնքների բնակիչներին՝ ճգնաժամային իրավիճակին  պատշաճ կերպով դիմակայելու համար:

 

 

ԼՈՒՐԵՐ