ԼՈՒՐԵՐ
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կոչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին
05 հունվարի 2023

Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Այսօր 25 -րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:

Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկիրները գրեթե նույն տեսակետն ունեին: Հումանիտար աննախադեպ աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, ոչ միայն հասցեական հայտարարությունների կարիք ունի, այլև, կարծում եմ, այդ ուղղությամբ գործուն ու տեսանելի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը կա: Առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, Արցախը զրկված է մանկական սննդի և պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից:

Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը:

 

ԼՈՒՐԵՐ