ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 6 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 27 պատգամավորներ, բացակա՝ 6: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան – Հարգարժան նախարար, հարգարժան գործընկերներ և հրավիրվածներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2022թ. նոյեմբերի 9-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Առաջարկվել է 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված՝ «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցերն՝ օրենքի նախագծերի փաթեթի տեսքով: Օրակարգային հարցերը քննարկվել են խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում և պատրաստ ենք ներկայացնելու արտահերթ նիստում, ուստի առաջարկում եմ անցնել նիստի աշխատանքներին: Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում: Ներկա են 27 պատգամավորներ, բացակա՝ 6:
Աշխատակազմի ղեկավարին՝ ճշտել հարգելի և անհարգելի բացակայող պատգամավորներին:
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Այժմ սկսենք նախագծերի փաթեթի քննարկումը: Այն Հանրապետության նախագահի կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ, պարոն նախարար:
Ժիրայր Միրզոյան – Ազգային ժողովի հարգաժան նախագահ, հարգարժան գործընկերներ: Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ունեն հետևյալ բովանդակությունը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից հանվում է ընտրողների ռեգիստրը որոնման հնարավորությամբ տեղադրելու, իսկ ոստիկանության կայքից ըստ ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակը տեղադրելու վերաբերյալ դրույթները: Բռնազավթված տարածքների համար համայնքի ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների փաստացի բնակության վայրի: Համապետական ընտրությունների դեպքում ՀՀ-ում գտնվող տեղահանված ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ՀՀ-ում գտնվելու բնակության վայրի հասցեների: Տեղամասային կենտրոնում փակցվող ընտրողների ցուցակում տեղահանված քաղաքացիների համար նշվում է նաև քվեարկության օրը ՀՀ-ում կամ ԱՀ-ում փաստացի գտնվելու վայրի հասցեն, այսինքն՝ երկու հասցե է նշվում: Ծանուցագրեր կուղարկվեն միայն այն համայնքներին, այդ թվում՝ ՀՀ ընտրողներին, որտեղ կլինեն մեկից ավելի տեղամասեր: Քվեարկության օրը կազմվող ընտրողների ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմիններին ներկայացնելու իրավունք կունենան բոլոր այն անձինք, ովքեր ունեն ընտրելու իրավունք, սակայն դուրս են մնացել ընտրողների ցուցակից: Ընտրողներին գրանցելու համար որպես անձը հաստատող փաստաթուղթ կընդունվի նաև նույնականացման քարտը: Հանվում է համապետական ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորման և այդ ցուցակները տարածքային ընտրական հանձնաժողովում փակցնելու վերաբերյալ դրույթը: Հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հանրաքվեի նախնական արդյունքները Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության պարտադիր ուղիղ եթերով հրապարակելու վերաբերյալ դրույթը: Վերանայվում են ընտրողների թիվը և ցուցակները ներկայացնելու տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու նպատակով հայտեր ներկայացնելու, տեղամասային կենտրոներ սահմանելու, ընտրական տեղամասեր կազմավորելու ժամկետները՝ սահմանելով ավելի սեղմ ժամանակահատվածներ:
<<Հանրաքվեի մասին>> օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հանրաքվեն անցկացնել այն նշանակելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ քան 45 օր հետո, գործող կարգավորմամբ 50 և 65 օր է, և հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակել Ազգային ժողովի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքերում՝ Arlexis.am և Azdararnkr.am կայքերում, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 30 օր առաջ: Գործող կարգավորմամբ 50 օր է: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցեր պարոն նախարարին:Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Խնդրեմ, պարոն Աղաջանյան:
Սևակ Աղաջանյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցեր հանձնաժողովի նախագահին:
Հերթագրվել: Պարոն Ստեփանյան, խնդրեմ, թող պատրաստվի Մետաքսե Հակոբյանը:
Գեղամ Ստեփանյան – Շնորհակալություն: Առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը ընդհանուր առմամբ պարզ է, բայց, հարց. չե՞ք կարծում, որ համապետական ընտրության կամ հանրաքվեի համար նպատակային կարող է լինել, սահմանել ոչ թե մեկ օր, այլ գոնե 2 օր:
Սևակ Աղաջանյանը – Այսինքն, ընտրությունները նշանակել ոչ թե մեկ օր, այլ երկու օ՞ր:
Գեղամ Ստեփանյան – Այո: Այդ պրակտիկան նախադեպ ունի: Կան երկրներ, որտեղ համապետական ընտրությունները կազմակերպում են ոչ թե ամսաթվային մեկ օրվա կտրվածքով:
Սևակ Աղաջանյանը – Բայց ի՞նչ նպատակ ունի 2 օրը:
Արթուր Թովմասյան – Կարծում եմ այդ հարցին նախագծի հեղինակը կպատասխանի:
Գեղամ Ստեփանյան – Նպատակը հավանական ռիսկերից խուսափելն է և անկանխատեսելիության այդ հանգամանքը:
Սևակ Աղաջանյան – Ես ռիսկեր չեմ տեսնում ճիշտն ասած:
Գեղամ Ստեփանյան – Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Ռիսկեր կան նույնիսկ այս նիստի ժամանակ, 5 րոպե հետո: Եզրափակիչ ելույթում այդ հարցին կպատասխանի նախարարը: Տիկին Հակոբյան, խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան – Մի գուցե իմ հարցին էլ կարիք կլինի, որ պարոն նախարարը պատասխանի, բայց ամեն դեպքում, հնչեցնեմ: Օրենքում կար այսպիսի կետ, որ չի սկանավորվում, չեն փակցվում, այսինքն՝ որևէ տեղ չեն երևում այն մարդիկ, ովքեր քվեարկելու են, քանի որ, տեղահանվածների խնդիրը հաշվի առնելով, պիտի քվեարկեն այնտեղ, որտեղ որ փաստացի ապրում են: Դա միայն վերաբերում է տեղահանվածների՞ն, թե ընդհանրապես Արցախում բնակվող հայերին:
Արթուր Թովմասյան – Կարծում եմ նույնպես հեղինակը կպատասխանի:
Սևակ Աղաջանյան –Երեկ հանձնաժողովի նիստում այդ չփակցնելու հարցը քննարկվեց և անվտանգային նկատառումներից ելնելով դա է հիմնական պատճառը:
Մետաքսե Հակոբյան – Դա ընդունում եմ, բայց ուզում եմ հասկանամ՝ միայն մեր տեղահանված բնակիչներին է վերաբերու՞մ, թե՞ բոլորին է վերաբերում՝ Արցախում բնակվող հայերին, որովհետև այս բոլոր փոփոխությունները, հասկանալի է, կատարվում են այն պատճառով, որ մենք ունենք տասնյակ հազարավոր տեղահանված հայրենակիցներ: Հիմա ես ուզում եմ հասկանամ բոլորի համար նույն կերպ է լինելու՞, թե՞ առանձնացվելու են տեղահանվածները և այն մարդիկ, ովքեր ապրում են իրենց տներում:
Սևակ Աղաջանյան – Չէ: Բոլորի համար էլ նույն կերպ է լինելու:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Ելույթի ցանկություն կա՞: Հերթագրվել: Չկա: Իսկ հիմա եզրափակիչ ելույթի համար, պարոն նախարար, խնդրեմ:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն: Պարոն Ստեփանյան, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները որևէ կերպ չեն վերաբերում ժամանակահատվածին, որի ընթացքում կատարվում է քվեարկություն, այսինքն այդ հոդվածների որևէ փոփոխություններ չեն նախատեսվում: Հաշվի է առնվում մեկ օրում կազմակերպելը այն, որ ընտրական տեղամասային կենտրոնում առավելագույն թիվը ընտրողների 2000-ն է, 2000-ից ավելի դեպքում կազմավորվում է երկրորդ կամ հաջորդ տեղամասային կենտրոնը: Այսքան ընտրությունների ժամանակ պատմության ընթացքում դեռևս չի եղել որևէ դեպք, երբ ժամանակահատվածը չբավարարի: Դրա համար մենք այս հարցին չենք անդրադարձել՝ երկու կամ ավելի օր կազմակերպելու հետ կապված: Ինչ վերաբերվում է սահմանափակումներին՝ կապված ընտրողների ցուցակները փակցնելու կամ կայքերից հանելու և այլն, դա վերաբերում է բոլոր ընտրողներին՝ տեղահանված կամ չտեղահանված: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ ժողովրդավարական արժեքների խորացման տեսանկյունից մենք ունենք խնդիր այս կարգավորումներում, բայց մենք գնում ենք այս քայլին՝ նպատակ ունենալով անվտանգության շատ ավելի բարձր նպատակը իրացնելու և որևէ խնդիր չստեղծելու հետ կապված: Իհարկե, ինչպես նշեց պարոն Թովմասյանը ապահովագրված չենք որևէ կերպ, ուղղակի սրանք քայլեր են, որոնք կնվազեցնեն հնարավոր ռիսկերը և ավելի անվտանգ կկարողանանք կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Արթուր Թովմասյան – Արձագանքու՞մ եք: Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցի քննարկումն ավարտված է: Այժմ քվեարկության է դրվում «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:
Կողմ՝ 27,
Դեմ՝ չկա,
Ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է: Այսքանով ավարտում ենք արտահերթ նիստի աշխատանքները: