ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 6 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԸ 10:00
Նիստին մասնակցում են պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ, նիստին ներկա է նաև Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:
Առաջարկվել է 2022թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին (հիմնական զեկուցող՝ պատգամավոր Գեղամ Ստեփանյան): Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և համապատասխան եզրակացությունով պատրաստ ենք այն քննարկելու, ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին: Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2:
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնելու համար հրավիրվում է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Խնդրեմ, պարոն Ստեփանյան:
Գեղամ Ստեփանյան – Ազգային ժողովի հայտարարությունը Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին: Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված բնապահպաններ ու լրագրողներ, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը: Իբրև բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի ու սկզբունքների կոպտագույն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:
Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:
Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:
Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու: Սիրելի´ հայրենակիցներ, մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցեր պարոն Ստեփանյանին: Գրանցում: Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանին: Խնդրեմ, ընկեր Բալայան:
Վահրամ Բալայան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, հայտարարության տեքստը քննարկվել է հանձնաժողովի նիստում, միաձայն դրական կարծիքով ներկայացվել է ձեզ ընդունման համար:
Արթուր Թովմասյան – Հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին: Գրանցում: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Հերթագրվել են 3 պատգամավորներ: Ընկեր Իշխանյան, խնդրեմ, թող պատրաստվի Արթուր Հարությունյանը:
Դավիթ Իշխանյան – Ողջույն, սիրելի գործընկերներ: Կարծում եմ, նախագահի խոսքը այս առումով համահունչ էր երեկ երեկոյան տեղի ունեցած խորհրդակցության, այսօր առավոտյան անվտանգության խորհրդի քննարկման և երևի այն ասելիքին, որ պիտի նաև իմ կողմից այստեղ ներկայացվի որպես նաև մեր խմբակցություն: Մենք, իհարկե, շատ պարզ հասկանում ենք, որ քաղաքական գործընթացներն Ադրբեջանի կողմից այս ամբիոնից ինքս առիթ եմ ունեցել ամիսներ առաջ, գուցե մեկ տարի առաջ անդրադառնալու, որ քաղաքական այն գործընթացը, որ Ադրբեջանը որդեգրել է դանդաղ տանելու, մեզ Հայաստանից կտրելու և Ադրբեջանին ինտեգրելու գործընթացը ունի որոշակի փուլեր: Սա հերթական փուլերից մեկն է: Գաղտնիք չէ, և կարծում եմ, բոլորդ էլ համակարծիք կլինեք և բնականաբար տարբեր պատրվակներով դա ունենալու է իր դրսևորումները: Մենք խոսել ենք նաև այն ևՙ ռիսկերի, ևՙ այն ռեսուրսների մասին, թե մենք ինչ ունենք, և ինչ կարող ենք ունենալ, բայց այնուհանդերձ շատ կարևոր է ներկա փուլում հասկանալ, որ Ադրբեջանը անցել է մի նոր փուլի և փորձելու է սրանով մեր ցամաքային կապը կտրել Հայաստանի Հանրապետությունից: Այն ինչ որ եռակողմ հայտարարությամբ ամրագրված է անխափան կապը, փորձելով այս ցամաքային կապը կտրել և մեզ դարձնել անկլավ, մեզ դնել անկլավային վիճակում: Սա շատ կարևոր է հասկանալ և այդ ուղղությամբ այն ինչ որ մեզ առաջարկվում է վերջնագրի տեսքով, բնականաբար, սա որևէ ձևով չպետք է ընդունել, բայց նաև չպետք է զգացմունքային մոտեցումներ ցույց տալ և փորձել այն պատասխանատվությունը, որ վերցնում ենք մեր վրա, որպես խորհրդարան՝ վերցնում է գործադիրը իր վրա, համենայնդեպս, այդ պատասխանատվությունը նաև ունենա հաջորդական քայլերի ամրագրված փաթեթ: Ես նաև համոզված եմ, որ բնականաբար գործընթացը միտված է երկու կողմերին և մեզ՝ Արցախին, և բնականաբար նաև ռուսական կողմին: Այսօր առիթ եմ ունեցել գիշերվա մեր քննարկումների արդյունքում այն հարցերից մեկը, որ հետևյալն է, իսկ ու՞մ դեմ է դա ուղղված, լսելու պատասխանը երկրի ղեկավարից, որ ավելի հավանական է ռուսական կողմին, կարծում եմ, մենք ինքներս համակարծիք ենք, որովհետև տվյալ պարագայում 2025թ. մանդատի խնդիրը կա և այդ չստորագրված մանդատն Ադրբեջանի կողմից շահարկման նյութ դարձնելու և առաջիկայում ավելի սրացնելու անհրաժեշտություն է իրենց համար: Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես եղել եմ Եվրոպայի տարբեր երկրներում, տարբեր օջախներում այդ թվում նաև Եվրախորհրդարանում, եղել եմ, այս պահին մեզ համար շատ կարևոր մի երկրում՝ Հունաստանում՝ Աթենքում: Հունաստանի խորհրդարաններում տարբեր հանդիպումներ եմ ունեցել: Սոցինտերնի մասնակցությունը հետաքրքիր մի հարթակ էր, որտեղ տարբեր երկրների, որ սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել և իրազեկման քայլեր ձեռնարկել: Ասեմ ձեզ, ամբողջ Եվրոպան ներծծված է ուկրաինական հարցով, հակառուսական տրամադրվածությունը, տրամադրությունը գերիշխող են, Կովկաս, Ղարաբաղ, ղարաբաղյան հարց, հայ-ադրբեջանական հարցը լրիվ երկրորդական պլան է: Սա մենք պետք է հասկանանք և գիտակցենք և այն պատգամները, որ պիտի այսօր հայտարարությամբ նաև միջազգային կառույցներին փոխանցենք, պետք է լիարժեք օգտագործենք մեր հնարավորությունները: Ես մի քանի առաջարկներ ներկայացնեմ կոնկրետ մեր անելիքների վերաբերյալ: Թիվ մեկը դա բնականաբար առաջարկված այդ վերջնագիրը մերժելն է: Սա արդեն ամրագրվեց և նաև այդ ուղղության վրա ենք: Հայաստանի իշխանություններից, բնականաբար, մենք պետք է պահանջենք, պարոն Գալստյան, այո, պահանջենք լիարժեքորեն կատարեն իրենց պարտավորվածությունները՝ թե անվտանգության երաշխավորի և թե նաև որպես կողմ եռակողմ հայտարարության: Սա հստակ է: Որպես խորհրդարան այս պարագայում շատ կարևոր կլինի մեզ համար նաև Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների հետ որոշակի կապեր ապահովելը, հաշվի առնելով, որ ցամաքային կապը խզված է, մենք կարծեմ, պարոն Թովմասյան, եթե հնարավորություն ունենանք օնլայն կապի ապահովումը դարձնել իրական շատ ճիշտ կլինի այսօր կամ վաղը որոշակի քննարկումներ ծավալելու, ինչու՞, որովհետև Հայաստանի մեր գործընկերներն են միջազգային իրավունքների սուբյեկտ և իրենք հնարավորություն ունեն միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու մեր տեսակետները: Ես կարծում եմ, երկուստեք ճիշտ կլինի մեկ անգամ ևս ճշգրտելու մեր հնարավորությունները այդ առումով: Արտգործնախարարության ի մի է բերված և տարբեր տեղերում իրազեկման և տարբեր ակցիաներ իրականացնելու: Տեղեկացնեմ,որ այսօր՝ ժամը 13:30, տեղի է ունենալու հանդիպում Արցախի մշտական ներկայացուցչությունում Երևանում, մեր Հայ Դատի գրասենյակի կենտրոնական խորհրդի պատասխանատուի և գրասենյակի տնօրենի ներկայությամբ, որին ներկա են լինելու երևի մեր արտգործնախարարը, եթե հասցնի հասնել Երևան, մարդու իրավունքների պաշտպանը՝ մեր, որ Երևանում է, և պետնախարարի խորհրդական պարոն Բեգլարյանը: Մենք ունեցել ենք նաև որոշ այսպես քննարկումներ և ինչպես նախագահն ասաց հնարավորություններն օգտագործել տարբեր հարթակներում դա բարձրաձայնելու: Հանրային աջակցության մասին ես ուզում եմ մեկ անգամ ևս այստեղից բարձրաձայնել: Ես կարծում եմ՝ երկրի գործադիր իշխանությունները պետք է վստահ լինեն քաղաքական մեր համակարգի աջակցության առումով, այդ առումով առկա է ամեն ինչ: Մյուս կողմից շատ կարևոր է որպեսզի հանրության տարբեր շերտերի հետ մենք կարողանանք համապատասխան աշխատանքներ տանել, սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այն պատասխանատվությունը, որ մենք վերցնում ենք մեզ վրա, պետք է նաև մեր հանրությունը կիսի այդ պատասխանատվությունը: Որքանո՞վ է սա իրական, չդառնա, ես չեմ վարանում այս ամբիոնից ասել, սահմանադրական բարեփոխումների գործընթացի մոդելի նման մի մոդել, որ հանրային հասարակական դաշտը հանկարծ այլ տեսակետ ունենա: Այս մասին մենք խոսել ենք նաև անվտանգության խորհրդում և կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի այստեղ մենք ևս կարողանանք որոշակի ճշգրտումներ անելու և ինչու չէ աշխատանքի բաշխում՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական դաշտի ներկայացուցիչներ, շրջանային վարչակազմեր և այլն և այլն: Այդքանը:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Հարությունյան, խնդրեմ: Թող պատրաստվի Մետաքսե Հակոբյանը:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակելով իր կողմից տասնամյակների ընթացքում որդեգրած հայատյաց քաղաքականությունը, այս անգամ էլ կեղծ բնապահպանական օրակարգով արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ իրականացնելով համաշխարհային ծավալների հանցագործություն և ստեղծելով հումանիտար աղետ, որի արդյունքում փորձում են խուճապային տրամադրություններ ստեղծել մեր բնակչության շրջանում: Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, նրանք ակնհայտորեն ցույց են տալիս իրենց նկրտումները Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախը հայաթափելու ուղղությամբ, որն անպատժելիության հետևանք է: Այդ ամենն իրականություն չդառնալու միակ ճանապարհը Արցախի անկախությունը ճանաչելն է միջազգային հանրության կողմից: Սակայն Ադրբեջանն ամեն գնով փորձում է խոչընդոտել այդ գործընթացին՝ ներկայացնելով աշխարհին, որ այդ հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, որն իրականության հետ չի համապատասխանում: Դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային այլ դերակատարների կողմից, որ հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա: Միաժամանակ Ադրբեջանն օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, պարբերաբար խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ակնհայտորեն փորձում է ստվեր գցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա, դրանով իսկ հող նախապատրաստելով հետագայում նրանց տարածաշրջանից դուրս բերելու և եռակողմ հայտարարությունը չեղարկելու համար, որը կբերի անկանխատեսելի հետևանքների: Այդ համատեքստում կարևոր եմ համարում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատի տրամադրումը անորոշ ժամկետում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որպես միջազգային հիմնարար երաշխիք:
Սիրելի հայրենակիցներ, մեր գոյապայքարի բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ և այսօր էլ շարունակում և հետայսու ևս շարունակելու ենք պայքարել մեր հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իրավունքի համար: Դրա համար չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի բարձր քաղաքացիական պատասխանատվությունն ու անմնացորդ սերը մեր հայրենիքի նկատմամբ: Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք Արցախը պահել հայկական և մեր ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների լրիվ և անսակարկելի ճանաչման հիման վրա հասնել մեր վերջնանպատակին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան– Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Տիկին Հակոբյան, խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան– Հարգելի գործընկերներ, կարևորելով հերթական անգամ մեր միասնականությունը, որովհետև բնականաբար աղետի պարագայում, որը մենք արդեն 2 տարի և ավելի գտնվում ենք, բոլորս ենք աղետի մեջ և ունենալով երբեմն տարբեր հայացքներ, տարբեր հարթակներում կամ խնդիրներում, բնականաբար, մենք որդեգրել ենք պահել մեր միասնականությունը և չշեղվել նրանից՝ Արցախին վերաբերող անվտանգային հարցերին և ընդհանրապես Արցախի կարմիր գծերին և համաձայնելով նախագահ Հարությունյանի դիտարկումների հետ, ընդունում եմ, կարևոր է ինձ համար միասնական որոշումը, կամքի դրսևորման, այսինքն կարողանալու ինչ-որ ժամանակ, ինչ-որ դեպքում, այո, նույնիսկ պետք եկած ժամանակ ասել ոչ՝ հասկանալով, որ այո-ի դեպքում մենք միանշանակ կորցնելու ենք Արցախը և թշնամու հերթական ագրեսիային, որովհետև սա ագրեսիայի ամենաբարձր կետի դրսևորումն է, չտրվել դրան: Այնուամենայնիվ, պարոն Հարությունյանի ներկայացրածից հետո բազմաթիվ հարցեր մնացին, որը ես կփորձեմ առաջարկների ձևով փարատել այդ հարցերը, որովհետև պարոն Հարությունյանը բազմաթիվ պատճառներ բերեց՝ ինչու է փակվել ճանապարհը, մասամբ համաձայն էի, մասամբ ունեմ նաև իմ դիտարկումները, ուղղակի ինձ համար հետաքրքիր է դրանք դիտարկումներ էին նախագահի կողմից, թե հստակ ինֆորմացիայի արդյունք: Մյուս կողմից առաջարկ ունեմ նաև Ազգային ժողովին, որովհետև հասկանում եմ մեր հայտարարության մեջ ասված էր ամեն ինչ, ավելացնելու, պակասեցնելու բնականաբար ոչինչ չկա, սակայն առաջարկում եմ նաև գրավոր հայտարարություն ուղարկել Հայաստանի Հանրապետության Կառավարություն, Ազգային ժողով, ուղարկել նաև ՄԱԿ-ի անդամ երկրներին, եթե հնարավոր է թարգմանել և ուղարկել, կարծում եմ, այդպես շատ ավելի արդյունավետ և գործուն կլինի: Առաջարկում եմ Ազգային ժողովին, ինչքան էլ տարօրինակ թվա, բայց կտրել շփումը հակապետական գործունեություն իրականացնող տարրերի հետ, որովհետև երեկ ևս ականատես եղանք, ինչպես մարդիկ, ովքեր բավականին երկար ժամանակ, իրականում, ոչ թե անձերի դեմ, այլ պետության դեմ աշխատող, ազատ ել ու մուտ են անում Ազգային ժողով, հետո դուրս են գալիս այդպես հայտարարություններ տարածում ժողովրդի մեջ: Մենք, վառ գիտակցելով, որ ժողովրդական աջակցություն իրենք բնականաբար և ընդհանրապես չունեն, բայց չգիտես ինչու մենք լեգիտիմացնում ենք մեր իրենց հետ շփումներով և իրենց կատարած գործողությունները կամ հայտարարությունները: Շատ լավ է, որ արտաքին գործերի նախարարը Երևանում է այս պահին կամ կլինի Երևանում: Առաջարկում եմ նաև մեր գործադիր մարմնին կապ հաստատել իրենց գործընկերների հետ և գործուն քայլեր կատարել էլի այս ուղղությամբ, այսինքն այսպես անմիջական շփման արդյունքում կարողանալ համատեղ ինչ-որ աշխատանքներ իրականացնել: Ինձ մոտ նաև այսպիսի առաջարկ կա, որ մենք սկսել ենք շատ խոսել, մենք ասելով նկատի ունեմ ինձ, հնարավոր ցեղասպանության մասին հասկանում ենք, գիտակցում ենք, որ այո, Ադրբեջանի նպատակը հենց դա է, բայց նաև հասկանում ենք, որովհետև մեզնից յուրաքանչյուրը երևի բազմաթիվ զանգեր կամ հաղորդագրություններ են ստանում հենց ժողովրդի կողմից, հասկանում ենք, որ մեր այդ քաղաքական հայտարարություններով կամ հարցազրույցներում այդպիսի մտքեր հնչեցնելով խուճապի ենք մատնում մեր հայրենակիցներին, հետևաբար պետք է մեզնից յուրաքանչյուրը աշխատանք տանի հանրության հետ: Այնպիսի աշխատանք, որպեսզի նաև հարկ եղած դեպքում մենք նույն հոկտեմբերի 30-ի ձևով կարողանանք արտահայտել մեր ժողովրդի կամքը, որովհետև այն դիտարկմանը, որ սա նաև հոկտեմբերի 30-ի պատասխանն էր , մի փոքր ինձ համար ընդունելի չէ, որովհետև ժողովուրդը պետք է կարողանա իր կամքն արտահայտի, և միջազգային կառույցները երևի թե ավելի լավ հենց դա են տեսնում ու ընկալում: Նաև տեղյակ ենք, ես կոնկրետ մի խմբի մասին եմ տեղյակ, գուցե դուք՝ ավելի շատերի, ունենք հայրենակիցներ, որոնք չեն կարողացել վերադառնալ Արցախ, այս պահին արդեն 2 օր է Երևանում են, 18 անչափահաս երեխաներ իրենց 2 ղեկավարների հետ՝ 10 տարեկանից սկսած մինչև 13 տարեկան երեխաներ են, ովքեր Կառավարության, կարծեմ, միջնորդությամբ Եվրատեսիլին որպես հանդիսատես էին մասնակցում և արդեն 2 օր է այնտեղ են: Գիտեմ, որ ամեն ինչի խնդիր այդ երեխաները կարող են ունենալ: Հյուրանոցում են մնում: Խնդրում եմ նաև, պարոն Թովմասյան, օպերատիվ շտաբի միջոցով երևի նման հարցերը ճշտել ու փորձել այնպես անել, որ հանկարծ այնտեղ միայնակ մնացածները խուճապի մեջ չընկնեն: Առավել քան վստահ եմ, որ մենք միասնական լինելով կարողանալու ենք հաղթահարել նաև այս աղետը, որի մեջ հայտնվել ենք բոլորս: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Այժմ քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:
Քվեարկություն:
Կողմ՝ 31,
Դեմ՝ չկա,
Ձեռնպահ՝ չկա:
Այդպես էլ պետք է լիներ: Հայտարարությունն ընդունված է: Ավարտեցինք օրակարգային հարցի քննարկումը: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: