ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին
22 դեկտեմբերի 2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով

միջազգային արձագանքների մասին

 

2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի:

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը երախտագիտություն է հայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանքելու համար:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին՝ բնապահպանական մտացածին պատրվակով Ադրբեջանի իշխանությունների սադրանքները քողազերծելու, տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալու և համապատասխան եզրակացություններ ներկայացնելու նպատակով կիրառել միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր, մասնավորապես Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ:

Ակնկալում ենք գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:

ԼՈՒՐԵՐ