‹‹Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2012թ. մայիսի 30-ին

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում 

                     քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման)

                     և հողաշինարարության գործունեության իրականացումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք:

2. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման վկայականի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի (այսուհետ` վկայական) գործողության կասեցման հիմքերն են`

1)  վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը:

4. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում կամ պատշաճ ձևով ուղարկվում է որակավորում ստացած անձին: Վկայականի գործողությունը կասեցվում է մինչև դրա պատճառների վերացումը: Վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորում ստացած անձն իրավունք չունի իրականացնելու քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն:             

 5.Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են`

 1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը.

 2) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.

  3) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը.

  4) վկայականի գործողության կասեցման ժամկետում գործունեություն իրականացնելը.

  5) մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը.

  6) որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը:

  6. Վկայականի գործողության դադարեցման մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ 5-րդ մասի 6-րդ կետի) տրվում կամ պատշաճ ձևով ուղարկվում է որակավորում ստացած անձին: Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը կարող է դիմել դրա գործողության դադարեցման օրվանից վեց ամիս հետո:

 7. Վկայականի գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Վկայականի գործողության կասեցման և դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 8. Գրանցող մարմինը պատասխանատվություն չի կրում որակավորում ստացած անձանց` սույն հոդվածում նշված աշխատանքների որակի և տվյալների հավաստիության համար:

 9. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (օգտագործողի) միջոցների հաշվին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-80-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

 

 

   

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ`                                                                       Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2 հունիսի 2012թ.

ք.Ստեփանակերտ

 ՀՕ-16-Ն