ԼՈՒՐԵՐ
Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
09 դեկտեմբերի 2022

Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ դեկտեմբերի 9-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը.«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է ՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»: Այնուհետև խորհրդարանը լռության րոպեով հարգել է բոլոր պետություններում ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի հիշատակը:

Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրակարգային միակ հարցի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Նախագծին, որը նախօրեին արժանացել էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը, 29 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:

 

 

 

ԼՈՒՐԵՐ