ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել
08 դեկտեմբերի 2022

Դեկտեմբերի 8-ին Վահրամ Բալայանի նախագահությամբ հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  հերթական նիստը:

Օրակարգում ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Նախագիծը  լիազորված էր ներկայացնելու  ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ոլորտի պատասխանատուն նշել է, որ Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություններ և լրացումներ համապատասխան օրենքում: Նախագծի նպատակն է ստանալ  հյուրանոցային տնտեսության  օյեկտների ավելի ստույգ դասակարգումներ, որոնք  թույլ կտան վերահսկել ոլորտի որակը, կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

Փոխնախարարի փոխանցմամբ՝ նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ Արցախի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակների ավելի ստույգ բաժանման, ոլորտի որակի վերահսկողության, ինչն իր հերթին դրական կանդրադառնա ընդհանուր զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա:

ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Պատգամավորները ներքին զբոսաշրջության զարգացմանը նպաստելուն ուղղված հարցեր են ուղղել զեկուցողին:

Օրինագիծն  արժանացել է հանձնաժողովի  հավանությանը,  այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

ԼՈՒՐԵՐ