04 դեկտեմբերի 2022
04 դեկտեմբերի 2022
Դեկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հանդիպում են ունեցել պատերազմի օրերին Արցախ այցելած Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Ջոն Ինյարիտուի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմում էին ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը և Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիան»-ի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը։
Կողմերը մտքեր են փոխանակել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների վերաբերյալ։
Քննարկվել են նաև Արցախի և Իսպանիայի միջև բարեկամական շրջանակների ձևավորման ու փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները։
ԱՀ ԱԺ պատվիրակությունը հաստատել է, որ կարգավորման երկարատև հնարավորությունը կարող է լինել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքի միջազգային ճանաչման դեպքում։
Հանդիպման ավարտին Սերգեյ Ղազարյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի անունից Ջոն Ինյարիտուին ու Լևոն Գրիգորյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» և «Երախտագիտություն» մեդալներով։