ԼՈՒՐԵՐ
ԱԺ համատեղ նիստում քննարկվել են սոցիալական ապահովության, առողջապահության, վիճակագրության  ոլորտների  2023 թվականի ֆինանսավորման հարցերը
02 դեկտեմբերի 2022

 

Դեկտեմբերի 2-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Քննարկվել են սոցիալական ապահովության, առողջապահության, վիճակագրության  ոլորտների  2023 թվականի ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2023 թվականի պետական բյուջեի նախագծում կազմում են 30 մլրդ 200 մլն ՀՀ դրամ, որը 2022 թվականի բյուջեից 700 մլն ՀՀ դրամով ավել է:

Ավելացումը պայմանավորված է կենսաթոշակների և զինվորական թոշակների  բարձրացմամբ ու մի շարք հոդվածների ավելացմամբ: Մասնավորապես՝ 16 տոկոսի աճ է նախատեսվում գործազրկության հաղթահարման ծրագրում, 11 տոկոսով կաճի մայրության նպաստը, 80 տոկոսով կավելանան մասնագիտական ուսուցման ծախսերը, կավելանա թաղման նպաստի բյուջեն՝ կազմելով 270 մլն ՀՀ դրամ:

2 մլրդ ՀՀ դրամով կնվազի տեղահանվածների աջակցության ծրագիրը՝ պայմանավորված գույքային խնդիրների լուծման ենթածրագիրը բնակարանային կոմիտեին փոխանցելով:

2023 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության  ոլորտի ծախսերի մասով նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 401.1 մլն ՀՀ դրամ:

 Առողջապահության բնագավառի ծախսերը հիմնականում ուղղված են Արցախի Հանրապետության ամբողջ բնակչության անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը լիարժեք իրականացնելուն:

Նախագծով նախատեսված է 13 մլրդ 179.7 մլն ՀՀ դրամ: 2022 թվականի համեմատ բյուջեն 13 տոկոսով կկրճատվի, ինչը պայմանավորված է մի շարք հոդվածներում գումարների նվազեցմամբ: Մասնավորապես՝ դեղորայքների տրամադրման ծրագրով նախկին 1 մլրդ 104 մլն դրամի փոխարեն ֆինանսավորումը նախատեսվում է 500 մլն ՀՀ դրամի չափով, ստոմատոլոգիական օգնության ծրագրով  ֆինանսավորումը նախատեսվում է 672 մլն ՀՀ դրամի չափով նախկին 727 մլն ՀՀ դրամի դիմաց:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նախագծում լուրջ թերացումներ է տեսնում, ըստ նրա՝ խնդիրներ կան 25 ծրագրերում:

Հաջորդիվ ներկայացվել է  ազգային վիճակագրական ծառայության բյուջեն: Այն կազմելու է մոտ 292 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին  3,1 մլն ՀՀ դրամով կնվազեն աշխատակազմի պահպանման ծախսերը՝ կապված աշխատողների թվաքանակի հետ:

ԼՈՒՐԵՐ