ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 6 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԸ 15:00
Նիստին մասնակցում են պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 33 պատգամավորներ, բացակա՝ չկա: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի օր բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, նիստին հետևող սիրելի հայրենակիցներ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ սույն թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:
Առաջարկվել է 2022 թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15.00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը: Այժմ պատրաստ ենք սկսել մեր աշխատանքները: Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Ներկա են 33 պատգամավորներ, բացակա՝ չկա: Այդպես էլ պետք է լիներ:
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Արթուր Թովմասյան - Արցախը հայկական պահելու, Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացնող հանրահավաքի ամենակրտսեր սիրելի մասնակից, ամենատարեց մասնակից, արցախցի: Սա Քո հանրահավաքն է, և նրա կազմակերպիչը Դու ես:
Սիրելի հայրենակից, եթե Դու այս պահին տանն ես, ապա շտապիր Քո տեղը զբաղեցնել Վերածննդի հրապարակում՝ Քո խաղաղասեր խրամատում: Սա նաև Քո հանրահավաքն է, ու նախաձեռնողներից, կազմակերպիչներից մեկն ես:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին, աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին՝ այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը:
Հայ ժողովրդի հավաքական ապագան այսօր որոշվում է նաև Արցախում: Դիմում եմ ողջ հայ ժողովրդին՝ միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:
Այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև։ Այսօր է, որ առավել քան երբևէ հայ ժողովուրդը պետք է շարունակի գործել միասնական, միակամ ու միաբան:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները մեր հայրենիքի նկատմամբ զուրկ են պատմական, իրավական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել։
Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ուժերը:
Հավատացած ենք, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։
Հավաստիացնում եմ, որ մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ։
Ինչպես Արցախի Հանրապետության նախագահն է նախօրեին հայտարարել՝ «պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ դնում Արցախի գոյությունը»:
Մենք պետք է տեր կանգնենք 1991թ․ սեպտեմբերի 2-ին՝ Հանրապետության հռչակման օրվան, 1991թ․ դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին և 1992թ․ հունվարի 6-ի Անկախության հռչակագրին։
Լիահույս ենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
Այսօր համայն հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը և խաղաղությունը ամրապնդելուն:
Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ:
Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք արցախյան գոյապայքարի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը:
(լռության րոպե)
Արցախը եղել է, կա ու լինելու է: Շնորհակալություն:
Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնելու համար հրավիրվում է հարցի հիմնական զեկուցող, արցախյան վերջին պատերազմում հերոսացած ազատամարտիկ Արտյոմ Ավագյանի հայրը՝ պատգամավոր Արեգ Ավագյանը: Խնդրեմ, պարոն Ավագյան:
Արեգ Ավագյան - Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի հետ կապված հայտարարություններն ու հնչեցված դիրքորոշումները լուրջ մտահոգություն են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատվածում ի լուր աշխարհի արձանագրել և փաստել հետևյալը. Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։
Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։
Վերահաստատելով, որ մեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների և պետականաշինության առանցքային հիմքերից է հանդիսանում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը։
Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները և շահերը տարբեր երկրներում և միջազգային ատյաններում` համակողմանի նպաստելով Արցախի Հանրապետության ճանաչման գործին։
Արցախի Հանրապետությունը կողմնակից է կայուն խաղաղությանը և, հետևաբար, նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը միտված քայլերին, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է վերապահումով մոտենան Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը։
Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ մեզ համար անընդունելի է, քանի որ այն չի արտացոլում պատմաիրավական իրողությունները։ Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին։
Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում և, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ Նախագահ Վ. Պուտինի անմիջական և գործուն մասնակցությունը՝ դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով: Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ։
Մեր պայքարը շարունակական է, դիրքորոշումը՝ անփոփոխ և արտահայտում է աշխարհասփյուռ հայության հավաքական կամքն ու ամբողջությամբ բխում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022թ. ապրիլի 14-ի հայտարարությամբ նախանշված սկզբունքներից:
Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ավագյան: Հարցեր պարոն Ավագյանին: Հերթագրում: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանին: Խնդրեմ, պարոն Բալայան:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, որոշման նախագիծը քննարկվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, այն միաձայն ընդունվել է: Խնդրում եմ այն հայտարարության տեսքով ընդունել:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Բալայան: Հարցեր պարոն Բալայանին: Հերթագրում: Շնորհակալություն, պարոն Բալայան, զբաղեցրեք Ձեր տեղը:
Այժմ մտքերի փոխանակության, ելույթների համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրում: Հերթագրվել են հինգ պատգամավորներ: Պարոն Ստեփանյան խնդրեմ, թող պատրաստվի Մարսել Պետրոսյանը:
Գեղամ Ստեփանյան – Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, արդեն երկու տարի է, ինչ Արցախի Հանրապետության ժողովուրդն ապրում ու արարում է ոչ սովորական պայմաններում՝ անորոշություն, Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքներ, հոգեբանական ճնշումներ, ենթակառուցվածքների պարբերական խաթարումներ և նման տասնյակ խնդիրներ:
Երկու տարի է՝ Արցախի ժողովուրդը տագնապի զանգ է հնչեցնում միջազգային հանրության և բոլոր շահագրգիռ կառույցներին` փորձելով նրանց հասցնել այն ակնհայտ ճշմարտությունը, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները` բազմիցս խախտելով կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողություններին վերջ տալու եռակողմ հայտարարության ելակետային դրույթը՝ ոտնահարելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության միջազգային սկզբունքը:
Այս ամենով Ադրբեջանը մեծապես վնասում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը` կասկածի տակ դնելով Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի արդյունավետությունը:
Երկու տարի է, ինչ Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում համառորեն ձգտում է տպավորություն ստեղծել, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։ Ստիպված ենք ցավով արձանագրել, որ միջազգային որոշ կառույցներում և որոշ ազդեցիկ երկրներում Ադրբեջանի մատուցած այսպես ասած «փաստարկները» ոչ միայն արժանանում են ուշադրության, այլև փորձ է արվում ժողովրդի ինքնորոշման իրավունքը ստորադասել աշխարհաքաղաքական հետաքրքրություններին, որոշ դեպքերում էլ՝ ադրբեջանական նավթին ու գազին։
Որևէ հակամարտության լուծում չի կարող միակողմանի զիջումների հաշվին լինել։ Մենք չենք համարում, որ խնդիրը լուծված է, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը, քանի վերականգնված չեն Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված քաղաքացիների խախտված իրավունքները, քանի դեռ բռնազավթված տարածքներում հետևողականորեն ոչնչացվում են հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը։
Վերջապես՝ հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ միջազգայնորեն ամրագրված չեն Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու արդեն իսկ իրացված իրավունքն ու լիարժեք պաշտպանված չէ մեր ժողովրդի անվտանգությունը։
Ինչպես նախկինում, այնպես էլ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի Հանրապետության հանրային ու պետական կառույցները անհատական ու հավաքական կարծիքների միջոցով մշտապես հայտարարել են այն բացահայտ ճշմարտության մասին, որ հայկական Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կարող լինել ու չի լինելու, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում նշանակելու է տարածք` առանց իր բնիկ հայ բնակչության։ Ու այսօր մեր ուղերձն աշխարհին այն է, որ արցախցին տեր է իր հայրենիքին, իր հայրերի հողում խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքին ու շարունակելու է պայքարել իր գոյության, իրավունքների ճանաչման ու միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու համար։
Այս հարցում Արցախի ժողովուրդն ունի ինչպես մայր հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության, այնպես էլ իր անվտանգությունն այսօրվա դրությամբ ապահովող ռուսական խաղաղապահ առաքելության, միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանի կայունությամբ հետաքրքված ուժային կենտրոնների՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի, Բրյուսելի աջակցության կարիքը։
Մարդու իրավունքներն իրենց համար գերակայություն հռչակած երկրներն իրավունք չունեն աչք փակել Արցախում նոր ցեղասպանության նախապատրաստության փաստի վրա, դա պարզապես զավեշտ է 21-րդ դարի աշխարհակարգի համար:
Այս համատեքստում կարևոր եմ համարում շեշտել, որ Արցախի հայաթափման ծրագրին այսօր խոչընդոտող գլխավոր գործոնը ռուսական խաղաղապահների ներկայությունն է: Գնահատելով ռուսական խաղաղապահների դերակատարությունը` տեղին եմ համարում Ռուսաստանի Դաշնության իշխանություններին դիմել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով:
Հարգելի գործընկերներ, իհարկե, խաղաղությունը ցանկալի նպատակ է բոլոր ժողովուրդների համար: Խաղաղության մասին տարածաշրջանում հենց Արցախի ժողովուրդն է բոլորից շատ երազում։ Սակայն խաղաղության գինը չի կարող լինել Արցախի ժողովրդի հայրենազրկումն ու հայկական Արցախի ոչնչացումը։
Մենք խորապես գիտակցում ենք անվտանգային այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց այսօր բախվում է Հայաստանի Հանրապետությունը: Արցախի հանդեպ մայր հայրենիքի հոգատար վերաբերմունքը մենք զգացել ենք մշտապես:
Վերջին երեք տասնամյակում մեր հազարավոր հայրենակիցներն իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի այս հատվածի հայկականության պահպանման համար։ Եվ այսօր նաև մեր սուրբ նահատակների պատգամն իրագործելու համար պետք է շարունակենք պայքարը՝ սթափ, կշռադատված քայլերով լուծումներ որոնելով մեր հայրենակիցների անվտանգության համար ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում։ Այդ ամենը չի կարող կատարվել մեկը մյուսի հաշվին, քանի որ առանց Արցախ չկա Հայաստան և առանց Հայաստան չկա Արցախ։
Մեր` Արցախի ժողովրդավարական կուսակցության խմբակցությունը կոչ է անում քվեարկել Ազգային ժողովի հայտարարության նախագծի օգտին:
Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Պարոն Պետրոսյան, խնդրեմ: Թող պատրաստվի Արթուր Հարությունյանը:
Մարսել Պետրոսյան – Մեծարգո նախագահ Ազգային ժողովի, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստն է։ Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին՝ հռչակելով Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 10-ին անցկացնելով Անկախության մասին հանրաքվե: Ինքնորոշման իր իրավունքն իրացրել է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության համապատասխանությամբ։ Ուստի իր բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքն ու պարտականությունը ժողովրդավարական ընթացակարգերով ընտրված Արցախի իշխանություններինն է։ Իսկ միջազգային հանրությունը իր հերթին պետք է խրախուսի ու օգնի Արցախին իրացնելու իր այս պարտականությունը։
Չնայած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր կեցության սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բաղադրիչի անվտանգությունը շաղկապում է Հայաստան-Արցախ-Սփյուռք համակարգին, այնուամենայնիվ, ռազմաքաղաքական կայունության հեռանկարն օբյեկտիվորեն դիտարկում է առավելապես Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո։ Այսինքն՝ մի կողմից առկա է ընդգծված ռուսամետ տրամադրություններով հասարակության բացարձակ մեծամասնություն և իշխանություն, մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկզբունքային դիրքորոշման ընդգծված զգուշավորություն։
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ելակետով Հարավկովկասյան տարածաշրջանի նոր անվտանգային ճարտարապետության ու գլխավոր դերակատարների վերադիրքավորումները վկայում են, որ զարգացումների նմանօրինակ բովանդակությունն ու տեմպը կարող են հանգեցնել Հարավային Կովկասում ռուսական ազդեցության չեզոքացմանը, ինչը մեզ ձեռնտու չէ: Արդյունքում Ռուսաստանը և Լեռնային Ղարաբաղը փոխադարձաբար կարող են կորցնել տարածաշրջանում վերջին գոյաբանական հենակետը։ Այս համատեքստում, պայմանավորված ԽՍՀՄ-ի իրավահաջորդության և պատմական արդարության վերականգնման քաղաքական պատասխանատվության փաստով, Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ երկխոսությամբ կարելի է և պետք է սահմանել հնարավոր գործակցության հստակ ուղենիշներ։
Նկատենք սակայն, որ նախքան դեպի հյուսիս, հարավ, արևմուտք կամ արևելք ճախրելը, մենք պարտավոր ենք սթափ կշռադատել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի անվտանգային շահերը, ոչ թե դրանք ի սպաս դնել մեր իսկ սեփական շահերը շրջանցող երկրներին և հոսանքներին։ Մասնավորապես հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում ՀՀ ներկայիս իշխանությունների հետ ունեցած անբնական հարաբերությունների պատճառաբանությամբ մայր Հայաստանին թիրախավորելու, նրան հյուսիսային կամ արևմտյան խաչմերուկներում օտար շահերին ստորադասելու, Արցախը հակահայաստանյան օջախ դարձնելու փորձերը միանգամայն մերժելի են։
Այս հպանցիկ դիտարկումների համատեքստում «Միասնական հայրենիք» խմբակցությունն առաջարկում է մշակել երկարաժամկետ հայեցակետային մոտեցումներ՝ սահմանելով ազգային մարտահրավերներն ու սպառնալիքները, խնդիրներն ու նպատակները, դրանց իրագործման հնարավոր ճանապարհները։
Հարգարժան գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Արցախի գոյության փաստացի երաշխիքը Արցախում ապրող հայն է։ Արցախի ինքնության բացարձակ երաշխավորը Մայր Հայաստանն է։ Արցախի անվտանգության շոշափելի երաշխիքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ներկայությունն է։
Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Պետրոսյան: Պարոն Հարությունյան, խնդրեմ: Թող պատրաստվի Արթուր Մոսիյանը:
Արթուր Հարությունյան - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված սիրելի հայրենակիցներ, Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր քույրեր և եղբայրներ, հարգելի գործընկերներ, Արցախն իր ողջ պատմության ընթացքում դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու, ազգային էությունը պաշտպանելու և հարատև գոյատևելու համար և այդ բարդ ու ծանր ճանապարհին տարբեր ժամանակներում ունեցել է ինչպես հաջողություններ, այնպես էլ, ցավոք, անհաջողություններ։ Հարյուրամյակներ առաջ՝ հայկական պետականության կորստից հետո, Արցախը գրեթե միակ հայկական նահանգն էր, որտեղ երկար ժամանակներ պահպանվել են պետականության հիմնասյուները՝ տվյալ ժամանակաշրջանին յուրահատուկ կարգավիճակներով։ Սիրելի հայրենակիցներ, այսօր էլ մենք կրկին կանգնած ենք այդ նույն մարտահրավերների առաջ։
1988թ․ սկսված մեր ազգային-ազատագրական շարժումն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ, երբ 90-ական թվականների սկզբներին փլուզվում էր Խորհրդային Միությունը և Արցախի ողջ ժողովուրդն ընտրեց անկախության ուղին՝ 91թ. սեպտեմբերի 2-ին ընդունելով Անկախության հռչակագիրը, այնուհետև ազատ և անկախ ապրելու իր կամքը արտահայտեց դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի միջոցով՝ միջազգային բոլոր իրավանորմերի և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան։ Մեր անկախության ավելի քան 31 տարվա պայքարի ընթացքում Արցախի ժողովուրդը անդադար փորձում էր իր արդարացի պահանջը հասցնել միջազգային հանրությանը, բայց ցավոք տարբեր սուբյեկտիվ պատճառներով մեր ձայնը լսելի չէր նրանց համար, որի արդյունքում Ադրբեջանը, օգտվելով այդ թողտվությունից, փորձեց ուժի կիրառմամբ լուծել այդ խնդիրը արցախյան երեք պատերազմների միջոցով, և միայն մեր հերոսների արյան գնով է մեզ հաջողվել Արցախը պահել հայկական: Փառք մեր հերոս նահատակներին։ Արցախցիներս մեր անկոտրուն ոգով անգամ այս վերջին աղետալի պատերազմից հետո այսօր էլ շարունակում և հետայսու շարունակելու ենք պայքարը հանուն մեր ինքնորոշման իրավունքի ու մեր անկախության, և դրա վառ վկայությունը այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պայքարելու կամքն ու վճռականությունն են՝ հայրենի հողում ապրելու և արարելու համար։
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ամենաշատը խաղաղության գինը գիտենք մենք և հետևաբար կողմնակից ենք խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կարող է դառնալ տարածաշրջանի կայունության և խաղաղության երաշխավորման կարևորագույն հիմքերից մեկը, սակայն այն չպետք է հարվածի տակ դնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ և անսակարկելի ճանաչման հնարավորությունները։
Այս համատեքստում կարևոր ենք համարում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող ջանքերն ու գործուն քայլերը, ինչպես նաև ընդունելի ենք համարում իրենց կողմից խաղաղության պայմանագրի կնքման համար ներկայացված առաջարկները, որով վերջնականապես չի կարգավորվում խնդիրը, սակայն հնարավորություն է տալիս մեզ շարունակելու մեր պայքարը հակամարտության արդարացի կարգավորման և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման համար, ինչին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը՝ փորձելով ներկայացնել աշխարհին, որ չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիր, այն արդեն իրենք լուծել են ռազմական ճանապարհով։ Բայց դա իրականում այդպես չէ: Մենք, ինչպես աշխարհում ապրող բոլոր ժողովուրդները, իրավունք ունենք ինքնորոշվելու և ազատ ապրելու: Սա պետք է գիտակցեն միջազգային հանրությունն ու բանակցային գործընթացում ընդգրկված բոլոր դերակատարները, հակառակ դեպքում դա նշանակելու է նոր աղետ և հայ ժողովրդի նոր ցեղասպանություն, որի պատմական պատասխանատվությունը կրելու են Ադրբեջանն ու իրեն սատարող բոլոր ուժային կենտրոններն ու միջազգային կազմակերպությունները։
Սիրելի հայրենակիցներ, մեր նպատակը ազնիվ է և արդար, մենք ընդամենը պահանջում ենք հարգել մեր անօտարելի իրավունքները, ուզում ենք ապրել անկախ, անվտանգ ու խաղաղ հայրենիքում և պատրաստ ենք պայքարելու մեր իղձերի իրականացման համար:
Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Արթուր Արմենի, խնդրեմ: Թող պատրաստվի Մետաքսե Հակոբյանը:
Արթուր Մոսիյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր ԱԺ արտահերթ նիստը և Վերածննդի հրապարակի հանրահավաքը ունեն մեկ օրակարգ, և այդ օրակարգի էությունն ու բովանդակությունը շատ պարզ է: Արցախահայությունը պատրաստ է տեր կանգնելու ազատ և անկախ ապրելու իր իրավունքին, ինչպես և շուրջ երեք տասնամյակ առաջ արցախյան ազգային-ազատագրական շարժման օրերին։
Անշուշտ, փոխվել են ժամանակները, փոխվել են իրողությունները, փոխվում է աշխարհակարգը։ Անփոփոխ է մնացել միայն արցախցու կամքն ու վճռականությունը՝ տեր կանգնելու իր պատմությանը, իրավունքներին, եկեղեցիներին, շիրիմներին, հազարավոր մեր նահատակ հերոսների արյունով սրբագործված հողին ու հայրենիքին։
44-օրյա աղետալի պատերազմից հետո մեր երկիրը կանգնել է նոր իրողությունների և մարտահրավերների առաջ։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, իրենք լուծել են այն։
Միջազգային տարբեր դերակատարների կողմից շրջանառվում են տարբեր փաստաթղթեր, տարբերակներ, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան միջազգային իրավունքի համամարդկային նորմերը, այլև տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը։ Այդպիսի քննարկվող փաստաթղթերից մեկը վերջին օրերին ՀՀ Ազգային ժողովում պատռվեց մեր գործընկերոջ կողմից: Այո՛, մենք փաստում ենք, որ անընդունելի, պատռման և շպրտման ենթակա է ցանկացած փաստաթուղթ, ում կողմից էլ այն ներկայացված լինի, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում, որովհետև դա պարունակում է 21-րդ դարում նոր ցեղասպանության կամ Արցախի հայաթափման վտանգ։
Այս ամենը թույլ չտալու համար կա մեկ ճանապարհ՝ համախմբվենք, դառնանք մեկ բռունցք և տեր կանգնենք մեր իրավունքներին։ Սա երկարատև պայքարի ճանապարհ է։
Հայ ժողովրդից առավել ոչ մեկը չգիտի խաղաղության գինը: Բայց իրական խաղաղության հասնելու համար պետք է հրաժարվել խաղաղության պատրանքից:
Պետք է ձերբազատվել թույլի, անճարակի, արհեստականորեն սերմանվող կոմպլեքսներից ու մարդկանցից։ Հաջողության կհասնենք միայն մեր իրավունքների համար աննահանջ պայքարող համահայկական ներուժով և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ:
Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, ընկեր Մոսիյան: Տիկին Հակոբյան, խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան - Սիրելի հայրենակիցներ, հասել ենք սահմանագծին, որից անդին մեր քաջորդիների արյամբ գծված հայրենիքի կորուստն է և այն չկորցնելու համար պիտի հետ նայենք և հիշենք:
Հիշում և հիշեցնում ենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 1991-ի գարնանը, Ադրբեջանն իրականացրեց ռազմական գործողություններ՝ գրավելով և իրենց տներից արտաքսելով հայկական բնակավայրերի տասնյակ հազարավոր բնակիչներին՝ ինչի արդյունքում կրկին ցեղասպանվելու վտանգի առջև էինք: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին՝ հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Ամիսներ անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հանրաքվե, որն Արցախի բնակիչներն իրականացրեցին արկերի պայթյունների և հրետակոծության ներքո՝ ունենալով նաև զոհեր խաղաղ բնակչության մեջ, սակայն լիահույս, որ կերտում են անկախ հայրենիք, և ստացվեց:
Հայրենակիցնե՛ր, Արցախի Հանրապետությունը այսօր առավել քան երբևէ կանգնած է գոյություն ունենալ-չունենալու խնդրի առաջ: Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումները նոր մարտահարավերներ են առաջ բերում Արցախի Հանրապետության համար։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիվ ու հակահայկական հայտարարությունները՝ միաժամանակ պնդելով, որ Արցախի հարց պարզապես չկա, ինչը բացարձակ անընդունելի մոտեցում է: Այն Արցախի Հանրապետության ուղիղ ոչնչացումն է, հայի նոր ցեղասպանությունն է։ Բաքվի նման քաղաքականությունն արդյունք է մի կողմից Հայաստանից ակնկալվող հստակ հակազդեցության բացակայության, մյուս կողմից՝ միջազգային հանրության լռության (բացառությամբ որոշ դեպքերի)։ Սրան, անշուշտ, գումարվում է նաև այն անպատժելիության մթնոլորտը, որ ձևավորվել է 2020-ին Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու, ահաբեկիչներ ներգրավելու ու պատերազմական հանցագործությունների համար միջազգային պատշաճ արձագանք չստանալու արդյունքում։
Այսօր առավել քան մտահոգիչ է նաև Արցախի ապագայի, արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրության, և առաջին հերթին, այսպես կոչված, հավաքական արևմուտքի դիրքորոշումը։ Վերջին զարգացումների, հանդիպումների ու հայտարարությունների արդյունքում այլևս միանշանակ է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու արևմուտքի մոտեցումը։ Այս մասին խոսեց նաև ԱՄՆ կոնգրեսականը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, որտեղ բացահայտեց հավաքական արևմուտքի նախագիծը՝ դա համեմելով մշակույթն ու մարդկանց պահպանելու հեղհեղուկ ու շեղող թեզերով։ Վստահ եմ՝ չեք մոռացել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններին այդ նույն հավաքական արևմուտքը կամ, ըստ Փաշինյանի, միջազգային հանրությունը, հորդորում, ստիպում էր Արցախի հարցում նշաձողն իջեցնել, ամեն կերպ խեղաթյուրում և փորձում է արժեզրկել մեր ինքնորոշման միջազգային իրավունքը, որն էլ իր ճնշող «միջնորդությամբ» արդեն, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն» է պատրաստել, որտեղ առոչինչ է միջազգային բոլոր նորմերին համապատասխան Արցախի ինքնորոշման իրավունքը և փաստացի այդ տարբերակը Արցախի Հանրապետության ոչնչացումն է:
Մյուս կողմում Ռուսաստանի Դաշնությունն է: Վստահ եմ՝ այս դեպքում ևս հիշում ենք, որ հենց Ռուսաստանի Դաշնության գործուն քայլերի արդյունքում կանգնեցվեց պատերազմը և արդեն 2 տարի է, որ 120000 արցախցի ապրում է Արցախի փոքրիկ պատառիկի վրա և շարունակում պայքարել իր իսկ պատմական հայրենիքում խաղաղ և արժանապատիվ ապրելու իրավունքը վերահաստատելու համար: Արցախում այլ կերպ ապրելու և մտածելու իրավունք չունենք, քանզի Արցախի ժողովրդի գենետիկ հիշողությունը և առավել ևս այսօրվա իրականությունը թույլ են տալիս վստահորեն խոսել նրանց հետ պատմական կապերը վերահաստատելու և վերաիմաստավորելու պարզ կենսաբանական անհրաժեշտության մասին: Այն, որ ռուս խաղաղապահի առաքելությունն անգնահատելի է, գիտի և տեսնում է մեզանից յուրաքանչյուրը, այն, որ միայն կոչեր հնչեցնելով և սաստելով հնարավոր չէ մեզ բաժին հասած թշնամուն կանգնեցնել, դա ևս գիտակցում ենք, հետևաբար Հայաստանի և Արցախի իրական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որը առաջարկում է հակամարտության կարգավորման իր տարբերակը, որն այս իրավիճակում կարող է հնարավորություններ ստեղծել Արցախի հարցի հետագա հայանպաստ լուծումներն ունենալու համար:
Դիմում եմ ոչ միայն այս դահլիճում նստած գործընկերներիս, այլ նաև այն հազարավոր արցախցիներին, ովքեր հենց հիմա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են և սպասում են մեր դիրքորոշմանն ու հետագա քայլերին: Հայրենակիցնե՛ր, մենք իրավունք չունենք սխալվելու, արկածախնդրությունը կկործանի թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, թե՛ մեր բոլորի երազանք հայրենիքը: Մենք պիտի պարզ և հստակ ուղղենք մեր վեկտորը, իսկ այն միայն մեկ ուղղություն ունի:
Ուստի բանակցողներից, որոշում կայացնողներից պահանջում ենք մերժել և հրաժարվել վավերացնել ցանկացած փաստաթուղթ, որտեղ կստորադասվի Արցախի ինքնորոշման իրավունքը և փորձ կարվի Արցախը բռնակցել Ադրբեջանին: Եթե բանակցել, ապա միայն մի հիմքով. Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական և ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Կոչ ենք անում Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին և մեր բոլոր բարեկամներին համախմբվել հանուն Արցախի՝ հստակ գիտակցումով, որ այսօր վտանգված է Արցախի լինելիությունը:
Եվ վերջում ուզում եմ վերահաստատել ամիսներ առաջ ասածս. ով հավատում, մտածում կամ բարձրաձայնում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, տիկին Հակոբյան: Պարոն Ավագյան, եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ս: Այժմ քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:
Կողմ՝ 33,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Հայտարարությունն ընդունված է: Ավարտեցինք օրակարգային հարցի քննարկումը: Սիրելի պատգամավորներ, աշխատակազմի աշխատողներ, հորդորում եմ բոլորիս միանալ Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքին: Շնորհակալություն: