ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7 - ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 6 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի օր բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Ազգային ժողովի հերթական նիստում նախատեսված է երկրորդ ընթերցմամբ քննարկել Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ ներկայացված Սահմանադրության փոփոխության նախագիծը:
Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Գրանցվել են 30 պատգամավորներ, հարգելի պատճառով 3 պատգամավորներ բացակայում են:
Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Նիստի օրակարգում ընդգրկված է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացությամբ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը:
Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի եղել, իսկ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացությամբ երկրորդ ընթերցման ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը, և, ինչպես միշտ, «Պատգամավորական հայտարարությունները»:
Եթե հարցեր կան նիստի օրակարգի վերաբերյալ, խնդրեմ: Հարցեր չկան:
Եթե չկան, քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի նոյեմբերի 3-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 30,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: Խնդրեմ, պարոն Լազարյան:
Արայիկ Լազարյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ ես ներկայացրի նախագիծը: Տեղյակ պահեմ, որ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել, ինչպես նաև հեղինակի առաջարկությամբ նախագիծը չի լրամշակվել և փոփոխությունների չի ենթարկվել: Այսքանը: Խնդրում եմ քննարկել հետագա ընթացքը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ առաջարկությունների հեղինակները: Քանի որ առաջարկություններ չեն եղել, ուստի հարցեր չեն տրվում:
Շնորհակալություն, պարոն Լազարյան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Խնդրեմ, պարոն Աղաջանյան:
Սևակ Աղաջանյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, առաջին ընթերցմամբ Սահմանադրության փոփոխության նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: Հանձնաժողովը կողմ է քվեարկել և տվել է դրական եզրակացություն:
Արթուր Թովմասյան - Քիչ առաջ նշեցի, որ առաջարկություններ չեն եղել, հետևաբար նաև մշտական հանձնաժողովի նախագահին հարցեր չենք տալիս:
Շնորհակալություն, պարոն Աղաջանյան:
Հիմա անցնենք մտքերի փոխանակությանը: Ելույթների համար խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Արթուր Թովմասյան – Ես փորձելու եմ չկրկնել այն մտքերը, որոնք արտահայտել եմ առաջին ընթերցման ժամանակ: Հիմա ես ասեմ, որ շատ նորմալ պրոցես է հասարակության մեջ: Հենց ժողովրդավարությունը դրա մասին է խոսում, կլինի այո-ի շտաբ, կլինի ոչ-ի շտաբ: Արդեն դա երևում է հեռախոսազանգերից: Եվ ասեմ մեր հայրենակիցներին՝ մեր պատգամավորները բոլորը տեղյակ են դրա մասին, որ այսօր եթե երկրորդ ընթերցմամբ ընդունվեց սահմանադրական փոփոխությունների մասով այս նախագիծը, դա դեռևս վերջը չէ: Մենք այն ուղարկելու ենք Գերագույն դատարանին: Եթե մեր հայրենակիցները ինձ ասում են, որ հակասահմանադրական է այդ նախագիծը, ապա Գերագույն դատարանի որոշումը մեզ բոլորիս համար վերջնական է: Ուզում եմ հայտարարել, որ ոչ մի անգամ, ոչ միայն Գերագույն դատարանի գործերին, այլև արդարադատության ոլորտին, դատախազության, իրավապահ մարմիններին, ոչ մեկին խնդրանքով չեմ դիմել և չեմ դիմելու: Այն, ինչ որոշեց Գերագույն դատարանը, դա դեռևս պետք է մենք հետագայում նշանակենք հանրաքվեի օր: Եվ մենք չենք պատասխանատու այո-ի շտաբի: Ամեն մի կուսակցություն, ոչ թե պատգամավորները առանձին-առանձին են, այլ ամեն մի խմբակցություն, ամեն մի կուսակցություն հանրաքվեի օրը հայտարարելու է, որ այդ սահմանադրական փոփոխությունների այո-ի կողմնակից է: Եվ պարտադիր չէ ուժերին ներգրավված լինեն խորհրդարանում, կամ անհատները: Նրանք էլ կհայտարարեն, որ մենք շտաբի կողմնակից ենք: Ցանկացած հանրաքվե Արցախի պետական շինարարության առաջնային խնդիրներից մեկն է: Եվ եթե այս լեռնային երկրում մեզ հաջողվեց հերթական անգամ հանրաքվե անցկացնելու, համապետական ընտրություններ անցկացնելու, նշանակում է այս աշխարհատարածքը որպես անկախ պետություն կայացել է: Եվ մեր ժողովրդին է տված, այդ լիազորությունները ու՞մ են տալու: Մենք բոլորս հարգելու ենք մեր ժողովրդի քվեն: Եթե այո-ն առավել շատ է, ապա մենք պետք է անցնենք այդ գործընթացներին: Նորից եմ ուզում մեր հայրենակիցներին ասել, որ Արցախի Հանրապետությունում չկա 33 մարդ, որը ի վիճակի է Սահմանադրություն գրելու: Սա պատգամավորների գործը չի լինելու: Մենք քաղաքական որոշում ենք կայացնելու այս կամ այն հոդվածի մասով: Եվ ամենակարևորը՝ երդումը: Արցախի նախագահը երդվում է, որ պաշտպանելու է Արցախի տարածքային ամբողջականությունը, ժողովրդի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ Արցախի նախագահը պետք է երդվի, որ ինքը պատրաստ է անձնազոհության, և երկրի ցանկացած պաշտոնյա պետք է զինվորի երդում տա: Այդ լիազորությունները, նորից եմ ասում, քվեարկություններից հետո մենք մի հատ էլ քվեարկություն կունենանք Գերագույն դատարան ուղարկելու: Ուղղակի իմ հորդորն է, խնդրանքս է, որովհետև սա է պահանջում իրողությունը, չեմ ասում եղեք միակամ, խոսքս վերաբերում է «այո» և «ոչ» ասողնեին, բայց եղեք համերաշխ, չվիրավորեք, որովհետև սա հանրաքվե է: Շնորհակալություն:
Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա:
Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը, քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Այժմ քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ Գերագույն դատարան դիմելու մասին որոշումը հետևյալ բովանդակությամբ.
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
Քվեարկություն:
Կողմ՝ 30,
Դեմ` չկա,
Ձեռնպահ չկա:
Շնորհակալություն:
Անմիջապես նիստը ավարտվելուց հետո ուղարկում եք Գերագույն դատարան:
Որոշումն ընդունված է:
Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված է հարցի քննարկման ընդհատում մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը:
Անցնում ենք «Պատգամավորների հայտարարություններին»:
Խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Ավարտեցինք օրակարգի վերջին հարցի քննարկումը:
Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները: Ցտեսություն: