ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը
16 նոյեմբերի 2022

Ժերար Լարշեին

Ֆրանսիական Հանրապետության Սենատի Նախագահ

 

Պարոն Նախագահ

Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականությունը դատապրտող բանաձեւի քվեարկման լուրը:

Իմ գործընկեր պատգամավորների անունից ուզում եմ Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին եւ Ձեզ անձամբ իմ խորին երախտիքը հայտնել նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձեւի։

Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը եւ կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության եւ շանտաժի իր քաղաքականությունից:

Հաճեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանքներիս հավաստիքը:

 

Արթուր Թովմասյան

ԱՀ Ազգային ժողովի Նախագահ

ԼՈՒՐԵՐ