ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 6 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 32 պատգամավորներ, բացակա՝ 1-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի օր բոլորին, հարգարժան կառավարության անդամներ, գործընկերներ, հրավիրվածներ: Հարգելի պատգամավորներ, ԱԺ Կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ «Արդարություն» խմբակցության կազմում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Արդարություն» խմբակցության կազմից։ Իսկ հիմա սկսում ենք հոկտեմբերի 27-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին նախապատրաստվել գրանցման:
Գրանցում: Գրանցվել է 32 պատգամավոր, 1 պատգամավոր հարգելի պատճառով բացակայում է: Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Սիրելի հայրենակիցներ, ԱՀ խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված ԱՀ արժանապատիվ ու անվտանգ ապագային: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև: Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով: Սիրելի արցախցիներ, ԱԺ արտահերթ նիստի կազմակերպիչը ես եմ՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի աշխատողների հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը յուրաքանչյուր արցախցի է, ով մտահոգված է իր հայրենիքի ճակատագրով: Հավաստիացնում եմ ձեզ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում: Ուրեմն, հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը «Վերածննդի» հրապարակն է` 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու:
«ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվել է ինձ: Հիմա ես ձեզ եմ ներկայացնում. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5–րդ մասի 2-րդ կետի համաձայն` նստաշրջանի օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված են գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ներկայացրած հետևյալ հարցերը.
«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագծի մասին հարցերը:
Երրորդ բաժնում ներկայացված է Կանոնակարգով սահմանված ժամկետում գլխադասային հանձնաժողովի կողմից եզրակացություն չներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հարցեր կա՞ն նստաշրջանի օրակարգի վերաբերյալ: Եթե հարցեր չկան, հիմա քվեարկենք:
Քվեարկություն։
Կողմ՝ 32,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Գագիկ Բաղունց - «Ազգային ժողովի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգի մասին» որոշման նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Թովմասյանին:
Արթուր Թովմասյան - Այսօրվա նիստի օրակարգի նախագծում որպես պարտադիր քննարկման ենթակա հարց ներառված է «Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը», գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը, որոնք քիչ առաջ ներառել ենք նստաշրջանի օրակարգում, և, ինչպես միշտ, «Պատգամավորական հայտարարությունները»:
Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի հետ կապված: Եթե կան, խնդրեմ: Եթե չկան, քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն։
Կողմ՝ 32,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հարգելի գործընկերներ, այժմ սկսենք քննարկել «Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը»: Հրավիրում եմ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանին: Խնդրեմ, պարոն Ծատրյան:
Տիգրան Ծատրյան – ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, ԱՀ հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացվում է` ի կատարումն ԱՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 5-րդ և 25-րդ հոդվածների: Այն ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում Հաշվեքննիչ պալատի կողմից 2021 թվականին գործունեության տարեկան ծրագրին համապատասխան իրականացված աշխատանքների վերաբերյալ: Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության ծրագիրը, Պալատի կողմից իրականացված հաշվեքննության արդյունքներով կազմված եզրակացությունները, ինչպես նաև 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացվել են Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին, տեղադրվել Պալատի պաշտոնական ինտերնետային կայքում:
«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացվող տարեկան հաղորդումը բաղկացած է 3 մասից: Առաջին և երկրորդ մասերում ներառվել են ամփոփ տեղեկատվություն Հաշվեքննիչ պալատի կողմից բյուջեի կատարման նկատմամբ իրականացված հաշվեքննությունների և թեմատիկ հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ: Երրորդ մասում արտացոլվել են 2021 թվականին իրականացված հաշվեքննության արդյունքների վերլուծությունը, Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի և 2021 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտի արդյունքները և այլ տեղեկություններ:
Տարեկան ծրագրի առաջին մասով նախատեսվել է 4 ծրագրային կետ, որոնց շրջանակներում իրականացվել է 25 հաշվեքննություն: Հաշվեքննության արդյունքներով կազմվել և հաստատվել են ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը, ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի երեք, վեց և ինը ամիսների կատարման վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները: 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով 2021 թվականին 7 հաշվեքննության օբյեկտներում իրականացվել է մեկական հաշվեքննություն` 44 մլրդ 354 մլն 117 հազար դրամ կամ ԱՀ պետական բյուջեի 36,2 տոկոս հաշվեքննության ծավալով: 2021 թվականի պետական բյուջեի երեք, վեց և ինը ամիսների կատարման նկատմամբ 6 հաշվեքննության օբյեկտներում իրականացվել է ընդհանուր 18 հաշվեքննություն՝ 38 մլրդ 858 մլն 292 հազար դրամ կամ հաշվետու տարվա պետական բյուջեի ինը ամիսների փաստացի ծախսերի 32,2 տոկոսի չափով հաշվեքննության ծավալով: 2021 թվականի պետական բյուջեի երեք, վեց և ինը ամիսների կատարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքներն ամփոփվել են 2021 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունում:
Ծրագրի երկրորդ մասով նախատեսվել է 7 թեմատիկ հաշվեքննություն, որից 6 հաշվեքննություն հաշվետու տարում ավարտին է հասցվել, մեկը` օրենքի ուժով տեղափոխվել է հաջորդ տարի և ավարտվել 2022 թվականի առաջին կեսին: Ընդհանուր առմամբ, հաշվեքննությամբ ընդգրկվել են 10 պետական կառավարման մարմին` 11 մլրդ 170 մլն 793 հազար դրամ ֆինանսական ծավալ: Հաշվեքննությամբ ընդգրկվել են 2018-2020 թվականների բյուջետային տարիները, առանձին դեպքում` նաև 2021 թվականի ընթացիկ եռամսյակները, սոցիալական, տնտեսական, քաղաքաշինության, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներ: Հաշվեքննություններն իրականացվել են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված կարգով` կիրառելով հիմնականում հաշվեքննության ֆինանսական և համապատասխանության տեսակները: 5 թեմատիկ հաշվեքննության դեպքում կիրառվել է նաև կատարողականի տեսակը` հաշվեքննության առարկայի նպատակային արդյունավետության գնահատման տեսանկյունից: 2021 թվականի ծրագիրը կատարվել է բացառապես Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` առանց հաշվեքննության գործընթացում համապատասխան բնագավառի, ինչպես նաև հաշվեքննության վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետներ և փորձագետներ ներգրավելու: Հաշվեքննության ընթացքում հաշվեքննողները ղեկավարվել են հաշվեքննության իրականացման համար «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով և Հաշվեքննիչ պալատի կանոնակարգով: Հաշվեքննություն իրականացնող աշխատակիցների գործունեությունը հաշվեքննության օբյեկտների կողմից չեն բողոքարկվել: Հաշվեքննության ողջ գործընթացը, համաձայն «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի և 3-րդ կետի պահանջի, հաշվեքննողների կողմից փաստաթղթավորվել է: Հաշվեքննության արդյունքների հիմքում դրվել են անաչառ և համակողմանի տեղեկատվություն ու փաստեր: Տրված բոլոր գնահատականները հիմնված են պատշաճ ապացույցների հիման վրա: Տարեկան հաղորդման մեջ ներկայացված հաշվեքննությունների եզրակացությունը և ընթացիկ եզրակացությունները կազմվել են՝ հիմք ընդունելով հաշվեքննության ընթացքում հաշվեքննողների կողմից կազմված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները: Բոլոր ուղղություններով կազմվել է հաշվեքննության 36 արձանագրություն: Դրանք ամբողջությամբ, համաձայն «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և Հաշվեքննիչ պալատի կանոնակարգի 138-րդ կետի, ներկայացվել են հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին: ԱՀ պետական բյուջեի ինը ամիսների կատարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվել է բացատրություն, իսկ ԱՀ ֆինանսների նախարարության կողմից՝ 3 առարկություն, որը Հաշվեքննիչ պալատի կողմից չի ընդունվել: Հաշվեքննության մյուս օբյեկտների ղեկավարության կողմից առարկություններ չեն ներկայացվել: Հաշվի առնելով, որ 2020-2021 թվականներին պետական բյուջեների կատարման հաշվեքննությունների արդյունքներն ամփոփող Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները, որպես ինքնուրույն փաստաթղթեր, ներկայացվել և արդեն իսկ քննարկվել են Ազգային ժողովում, ներկայացնեմ թեմատիկ հաշվեքննությունների արդյունքներով կատարված վերլուծության տվյալները.
Հաշվեքննիչ պալատի կողմից 2021 թվականին իրականացված ֆինանսական հաշվեքննությամբ բյուջետային միջոցների օգտագործման ընթացքում`
- ֆինանսական փաստաթղթերի վարման գործընթացում հայտնաբերվել են 600 մլն 712 հազար դրամ գումարի անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ: Առանձին բյուջետային գլխավոր կարգադրիչների կողմից պատշաճ մակարդակով չի ապահովվել ֆինանսավորման հայտերը հիմնավորող փաստաթղթերի առկայությունը: Անհամապատասխանությունների և խեղաթյուրումների գերակշիռ մասը` մոտ 92 տոկոսը, արձանագրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում` պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքներով,
- հաշվետվությունների ձևավորման գործընթացում հայտնաբերվել են 40 մլն 560 հազար դրամ գումար խեղաթյուրումներ, որոնց գերակշիռ մասը` մոտ 80 տոկոսը, արձանագրվել է Կառավարության գործերի կառավարչությունում` կապված հաշվետվություններում փաստացի ծախսի ցուցանիշների սխալ արտացոլման հետ:
Համապատասպանության հաշվեքննությամբ բյուջետային միջոցների օգտագործման ընթացքում`
- հայտնաբերվել է 103 մլն 852 հազար դրամի իրավական ակտերին անհամապատասխանություն, որից 52 տոկոսը` Կառավարության գործերի կառավարչությունում՝ կապված Կառավարության որոշումների հիման վրա ձեռք բերված գույքի տնօրինման հետ, և 36,7 տոկոսը` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում` կապված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների հետ,
- հայտնաբերվել է 3 մլն 453 հազար դրամի անհամապատասխանություն քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված պահանջներին, որոնք պայմանավորված են կապալառու կազմակերպությունների կողմից կատարողական ակտերով փաստացի չիրականացված աշխատանքներ ներկայացնելու հետ:
Կատարողականի հաշվեքննությամբ արձանագրվել է 119 մլն 865 հազար դրամի անհամապատասխանություն` կապված նպատակային արդյունավետության սկզբունքի չպահպանման հետ: Արձանագրված անհամապատասխանությունների 95 տոկոսը բաժին է ընկնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Հիմնականում պայմանավորված է 114 մլն 351 հազար դրամ արժեքով գույքի ձեռքբերման գործընթացով:
Ներկայացվածը միայն ֆինանսական հետևանքների առաջացրած անհամապատասխանություններն ու խեղաթյուրումներն են: Արձանագրվել են նաև ֆինանսական հետևանքների չհանգեցրած անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, որոշ դեպքերում` պարբերկան բնույթ կրող: Այսպես`
- «Պետական բյուջեի պահուստային ֆոնդ» ծրագրով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ճշտված նախահաշվի և փաստացի ծախսի ցուցանիշները խեղաթյուրվել են,
- Նախագահի աշխատակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և առողջապահության նախարարության կողմից գնման բազայի գինը գերազանցող գնումների դեպքում գնման պայմանագրեր չեն կնքվել, իսկ Կառավարության գործերի կառավարչության կողմից ներկայացված գնումների տարեկան հաշվետվություններում չեն արտացոլվել բանակցային ընթացակարգով իրականացված գնումների վերաբերյալ տվյալները: Բացի դրանից, շենքերի ու շինությունների, ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով Կառավարության գործերի կառավարչությանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշումներում մատնանշվել է կոնկրետ գույքը կամ վաճառողը` չպահպանելով գնման գործընթացի մրցակցային հիմունքների կազմակերպման սկզբունքը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հյուրանոցային և սննդի ծառայությունների տեխնիկական բնութագրերը ամբողջությամբ և հստակ չեն նկարագրվել ձեռքբերվող ծառայության հատկանիշները, պայմանները,
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առողջապահության նախարարության, Կառավարության գործերի կառավարչության կողմից իրավաբանական անձանց դրամաշնորհի կամ ֆինանսական աջակցության տրման դեպքերում պայմանագրեր չեն կնքվել,
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից ձեռք են բերվել շենքեր և շինություններ` առանց օրենքով նախատեսված պարտադիր գնահատման,
- «Կապիտալ ներդրումներ» ծրագրով նորմերի և գործակիցների սխալ կիրառման հետևանքով կատարողական ակտերով ներկայացվել է պակաս գումար, առանձին դեպքերում օբյեկտների շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց շինարարության թույլտվության, ինչպես նաև առանց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի: Չեն պահպանվել աշխատանքների կատարման վերջնաժամկետները: Նշված անհամապատասխանություններն արձանագրվել են նաև նախորդ հաշվեքննությունների արդյունքներով:
- Կառավարության գործերի կառավարչության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով չի վարվել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից «Պետական բյուջեի պահուստային ֆոնդ» ծրագրով «հաշվապահական հաշվառումն» հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության պահանջներին համապատասխան չի իրականացվել, հաշվապահական ձևակերպումներ չեն իրականացվել, ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային, ծախսերի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման գործառույթները չեն կատարվել, բացակայել են դրամարկղի մուտքի ու ելքի օրդերները: Ասկերանի քաղաքային համայնքը ֆինանսների նախարարի հրամանով սահմանված ժամկետում անցում չի կատարել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգին:
Ընդհանուր առմամբ, հայտնաբերված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների գերակշիռ մասն արձանագրվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացված հաշվեքննությունների արդյունքով: Իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում Գլխավոր դատախազությանն են տրամադրվել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից դրամաշնորհի ձևով «Կառավարում» ՓԲԸ-ին 180 միլիոն դրամ գումարի տրամադրմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները, ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի «Կապիտալ ներդրումներ» ծրագրերի շրջանակներում իրականացված հաշվեքննությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
Հարգելի պատգամավորներ, այսքանը 2021 թվականի իրականացված հաշվեքննությունների մասով: Կցանկանայի համառոտ անդրադառնալ Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալների. հաշվետու տարում անց է կացվել 31 նիստ, ընդունվել է 67 որոշում, որոնց գերակշիռ մասն առնչվել է հաշվեքննության գործընթացին: Թափանցիկության և հրապարակայնության սկզբունքի պահպանման նպատակով նիստերի օրակարգերը, հրապարակման ենթակա որոշումները «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով նախատեսված ժամկետներում հրապարակվել են Պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: 2021 թվականի Պալատի հաստիքների միջին համալրվածությունը կազմել է 30 հաստիք, պահպանման ծախսերի համար պետական բյուջեից տրամադրվել է 128 մլն 376 հազար դրամ կամ ծրագրային ցուցանիշի 83 տոկոսը: Պահպանման ծախսերը, նախորդ տարվա համեմատ, նվազել են 4 մլն 547 հազար դրամով:
Քննարկվող տարում Պալատի 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունները, իսկ ընթացիկ տարում նաև 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունները ենթարկվել են աուդիտի ԱՀ ԱԺ աշխատակազմի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության` «Աուդիտ Պրո» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Համաձայն աուդիտորական կազմակերպության եզրակացության` «Պալատի ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում ֆինանսական վիճակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի և 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ»:
Հաշվեքննիչ պալատը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ԱՀ Սահմանադրությամբ պալատի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ` ապահովելով հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում բյուջետային միջոցների օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվության ներկայացումը:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:
Գրանցում: Գրանցվել են 3 պատգամավորներ: Պարոն Կասյան, խնդրեմ, թող պատրաստվի Մետաքսե Հակոբյանը:
Վլադիմիր Կասյան – Պարոն Ծատրյան, Ձեր 20 րոպե զեկուցման մեջ համարյա 17 րոպեն հատկացրեցիք տարածքային կառավարման նախարարության կողմից թույլ տված խախտումներին: Ես ուզում եմ ճշտել` դատախազի կողմից ներկայացվեց՝ մոտ 196 մլն դրամ խախտում է իրականացվել: Այդ նույն խախտումները, որոնք որ Դուք նշեցիք, մտնու՞մ է այդ գումարի մեջ, թե` ոչ: Եվ երկրորդ հարցը. ինչպիսի՞ իրավական որևէ գործունեություն եք կիրառելու այդպիսի խախտումների հետ կապված:
Տիգրան Ծատրյան – Շնորհակալություն: Պարոն Կասյան, խախտումների մի մասը մտնում էր դատախազի կողմից հնչեցված թվի մեջ, սակայն կան խախտումներ, որոնք չեն մտցվել: Խախտումների մի մասը պայմանավորված էին 2020 թվականի պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացված գործառույթների մի մասով, որտեղ, օբյեկտիվ պատճառներից ելնելով, հնարավոր չի եղել պահպանել, ոչ թե պահպանել, այլ ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Բայց, անշուշտ, կան նաև ինչ-որ խախտումներ, որոնք ներկայացվել են, և մեր կողմից նաև տրամադրվել են քննչական մարմիններին:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:
Վլադիմիր Կասյան – Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Գալստյանը:
Մետաքսե Հակոբյան – Պատերազմից հետո, երբ մենք ասում էինք, որ թիրախային են հենց այն գերատեսչությունները, որտեղ սոցիալական աջակցություն կամ ընդհանրապես աջակցություններ են տրվում, կարծես լուրջ չէր վերաբերվում, սա փաստ: Փաստորեն սոցապ նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ձեր հաշվետվությունը կարելի է դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին: Եվ հորդորում եմ դատախազությանը ևս մեկ անգամ հետամուտ լինել և հետագայում նաև մեզ տեղյակ պահել ինչ ընթացքում են, որովհետև հնչեցվում են թվեր, որոնք մեր վիճակում գտնվող երկրի համար ընդունելի չեն: Հաջորդը, որ անհանգստացնում է, կուզեի լսել այդ հարցի պատասխանը, այստեղ տեղյակ են նաև մեր գործընկերները, որ մենք նախաձեռնում էինք հնարավորություն ունենալ ներդրումային հիմնադրամում մուտք ունենալու և քիչ թե շատ տեղեկություն ստանալու, որովհետև կարծես դա մի ամուր բերդ լինի և մեր մուտքը խստիվ արգելված է այնտեղ: Որևէ տեղեկատվություն չունենք, բայց գնալով ինֆորմացիան, որ ունենք ներդրումային հիմնադրամի գործունեության վերաբերյալ, խիստ անհանգստացնող է: Ուստի կուզենայի իմանալ ձեր գրաֆիկով նախատեսված ե՞րբ եք պատրաստվում, ե՞րբ է լինելու ստուգումներ, երբ են իրականացվելու ներդրումային հիմնադրամում և նաև բնակարանային կոմիտեում: Շնորհակալություն:
Տիգրան Ծատրյան - Տիկին Հակոբյան, նախատեսում ենք մինչև տարեվերջ մեր ծրագրի համապատասխան իրականացնել հաշվեքննություն նաև Արցախի պետական ներդրումային հիմնադրամում: Արդյունքների մասին մենք և արձանագիրը, և եզրակացությունը տեղադրում ենք մեր ինտերնետային կայքում: Անհրաժեշտ գործառույթները մենք կիրականացնենք: Ճիշտն ասած 2022 թվականի ծրագրով մեր կողմից չի նախատեսվել իրականացնել հաշվեքննություն բնակարանային կոմիտեում, անհրաժեշտության դեպքում կընդգրկենք հաջորդ տարիների հաշվեքննություններում:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: Պարոն Գալստյան, խնդրեմ:
Դավիթ Գալստյան – Պարոն Ծատրյան, երբ որ հաշվետվությունը Հաշվեքննիչ պալատի քննարկվում էր հանձնաժողովում, մենք շատ հարցեր բարձրացրեցինք, և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ավելի բացված ինֆորմացիա կտաք, որպեսզի մենք կարողանանք լիագումար նիստին ավելի կոնկրետ խոսել: Սակայն ձեր կողմից այդ բացված տեղեկությունները չգիտենք ինչի չի տրամադրվել, թույլ չտվեցիք, չցանկացաք, թե մոռացաք, չեմ կարող ֆիքսել: Բայց երբ որ ձեր հաշվետվություններում նշում եք 40 միլիոն խեղաթյուրում, խեղաթյուրումը ի՞նչ է նշանակում ընդհանրապես, այս գումարը հափշտակությու՞ն է եղել: «Խեղաթյուրում» բառը ո՞նց կբացատրեիք հաշվետվությունում նշած, որպես ի՞նչ է այդտեղ ներառված: Եվ 114 միլիոնի որ ասում են գույք է ձեռք բերվել, մենք սրանց հաշվետվությունները բացված ուզում էինք հասկանայինք ինչ է: Այդպես էլ չտվեցիք: Դրա համար այսօր ձեր ներկայացրած մեր նույն ձևի հարց ու պատասխանը կարող է մի քիչ ավելի առարկայական չստացվի: Այս ամեն ինչի մասով, երբ որ մի բան պայմանավորվում ենք, պարոն Ծատրյան, եկեք իրար հարգենք, իրար ասած անենք, որ կարողանա հետագա մեր գործունեությունը ճիշտ ծավալվի: Շնորհակալություն:
Տիգրան Ծատրյան – Պարոն Գալստյան, մեր կողմից ներկայացվել է տարեկան հաղորդումն Ազգային ժողովին, որտեղ բոլոր այստեղ նշված թե՛ անհամապատասխանությունների, թե՛ խեղաթյուրումների մասին մանրամասն արձանագրվել է, բացի այդ 40 միլիոնից: Ինչ վերաբերվում է 40 միլիոն խեղաթյուրմանը, դա հաշվետվության խեղաթյուրումն է, այսինքն՝ իրականացվել են ծախսեր, նախատեսվել է ծրագիր, որ ծրագրով նախատեսված է օրինակի համար ծախսել 100 միլիոն դրամ, փաստացի ֆինանսավորվել է 60 միլիոն դրամ, սակայն ծախսը գրանցվել է 100 միլիոն դրամի: Այսինքն՝ հաշվետվության սխալ կատարում էր, ոչ թե հափշտակություն կամ ինչ-որ մի այլ բան: Ինչ վերաբերում է 114 միլիոն դրամի գույքի ձեռքբերմանը, իրականացվել են նշված գործարքը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում առանց որևէ պայմանագրի, կամ ինչ-որ մի այլ փաստաթղթի գումար է փոխանցվել մատակարար կազմակերպությանը, որպեսզի իրենց կողմից մատակարարվի ապրանքանյութական կամ տեխնիկական սարքավորումներ, որը հաշվեքննության ժամանակահատվածում որևէ փաստաթուղթ մեզ չի տրամադրվել:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:
Դավիթ Գալստյան – Պարոն Ծատրյան, երբ որ ասում եմ բացված պետք է ներկայացնենք, մեր պայմանավորվածության շրջանակում նկատի ունեմ, հանձնաժողովի ժամանակ, երբ որ այդ ներկայացվածները ավելի բացվածք էին ուզում, քան ներկայացված է, ի՞նչ է նշանակում 114 միլինի ոչ գույքը կա, բայց գումարը փոխանցվել է, գիտենք ում է փոխանցվել, դրա հետևից ո՞վ է գնում այս գումարի: Մի քիչ անհասկանալի է էլի, 114 միլիոնի փաստաթուղթ չկա, որ ձեռք է բերվել գույք, և սրա հետևից ո՞վ է գնում: Դատախազությունը զբաղվու՞մ է սրանով, թե` չէ, կոնկրետ այս 114մլն գույքի ձեռք բերման համար:
Տիգրան Ծատրյան – Իմ կարծիքով, մեր պայմանավորվածությունից հետո, ես չեմ հիշում, կներեք, եթե չեմ ներկայացրել ձեր պայմանավորվածության այդ տեղեկատվությունը: Ինչ վերաբերում է այս գումարին, այո, մենք հետևում ենք ընթացքին և անհրաժեշտության դեպքում արդեն ավելի ստույգ քայլեր կձեռնարկենք՝ կապված այս 114 միլիոնի հետ, այսինքն՝ գումարի փոխանցման և արդեն հետամուտ ենք լինելու ...
Դավիթ Գալստյան – Ի՞նչ տիպի գույք է, ի՞նչ կազմակերպության է փոխանցվել, մի քիչ ինֆորմացիա էլի այս մասով տվեք, եթե հնարավոր է:
Տիգրան Ծատրյան – Գույքը «Caterpillar» տեխնիկական տրակտորներ են, գումարը փոխանցվել է, սակայն առանց պայմանագրի, և մեզ խոստացվել է, որ մինչև մյուս ամսվա վերջը լրիվ այդ ամբողջ փաստաթղթերը մեր մոտ կլինեն:
Դավիթ Գալստյան – Բայց գույքը փաստացի կա՞:
Տիգրան Ծատրյան – Հա, գույքի մի մասը փաստացի կա:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ծատրյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Պարոն փոխնախարար, այս մեղադրանքները հնչեցվում են ձեր նախարարությանը: Ես երկու տարբերակ եմ տեսնում` կամ դատի տվեք գլխավոր դատախազին, կամ Հաշվեքննիչ պալատի նախագահին, կամ էլ գնացեք նստեք: Անմեղության վարկածը կա: Ամեն անգամ ԱԺ բարձր ամբիոնից հնչեցվում է: Դա ժողովրդի գումարներն են, քառասուն հազար բռնի տեղահանված ունենք, որոնց մի մասի հարցերը չենք լուծել: Գնացեք մի հատ օպերատիվ շտաբ, ԱԺ նախագահն է հիսունից ավել անգամ օպերատիվ շտաբ գնում: Քանի՞ անգամ եք եղել Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանվածների մասով զբաղվածների մոտ` օպերատիվ շտաբում: Չի կարելի, եթե հանցագործ է, պիտի դատվի, եթե ոչ, դուք դատարան տվեք: Վերջացրեք այդ գործը: Մի ձևի փակեցեք, ամոթ է: Շնորհակալություն, պարոն Ծատրյան:
Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Եթե կա եզրափակիչ ելույթի ցանկություն, խնդրեմ: Կա՞ եզրափակիչ ելույթի ցանկություն:
Սրանով ավարտում ենք «Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մասին» հարցի քննարկումը:
Սկսում ենք օրենքների նախագծերի քննարկումը:
«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լևոն Գաբրիելյանը։ Խնդրեմ, պարոն Գաբրիելյան:
Լևոն Գաբրիելյան - Հարգելի ԱԺ նախագահ, ԱԺ պատգամավորներ, ներկաներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
Հոդված 1-ին`
«Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի N 47 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ԺԶ կետում «և վարկային կազմակերպություն» բառերը փոխարինել «Վարկային կազմակերպություն և պետության կողմից ստեղծված հիմնադրամ» բառերով:
Հոդված 2-րդ`
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնակման հրապարակման հաջորդ օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ին ծագած հարաբերությունների վրա:
Հիմնական նպատակը տվյալ օրենքի նախագծի ընդունման պայմանավորված է եղել հետևյալ պատճառներով. մինչ 2020 թվականի ավարտը ներառյալ «Արցախէներգո» ՓԲԸ մասնավոր բանկերից վերցրել է վարկեր, որի տոկոսների վճարները համախառն եկամուտից նվազեցվում էին: 2020 թվականի դեկտեմբերի 30-ին դրանք տվյալ վարկը պահանջի իրավունքի զիջման հիման վրա փոխանցվել է Արցախի ներդրումային հիմնադրամին և վերաձևակերպվել որպես փոխառություն, իսկ ԺԶ կետում տվյալ սահմանափակումը կար, ինչի հիման վրա տվյալ տոկոսները արդեն համախառն եկամուտից չեն նվազեցվում, ուստի տվյալ փոփոխությամբ առաջարկում ենք, որպեսզի 2021 թվականը ներառյալ այդ տոկոսավճարները համախառն եկամուտից նվազեցնեն շահութահարկի վճարման համար: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել:
Գրանցում: Հարցեր չկան:
Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ, «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, և տրվել դրական եզրակացություն: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Գրանցում: Հարցեր չկան: Մտքերի փոխանակություն: Չկան։ Եզրափակիչ ելույթներ: Չկան:
Քվեարկության է դրվում «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 30,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հաջորդ հարցն է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Նորայր Ավանեսյանը։
Նորայր Ավանեսյան - Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱՀ օրենքի նախագիծը: Օրինագծի համաձայն՝ առաջարկվում է պետական բյուջեի սեփական եկամուտները ավելացնել 5 միլիարդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է որոշ հարկ վճարողների հարկային բազայի ճշգրտմամբ, իսկ ծախսային մասում նախատեսվում է լրացնել նոր ծախսային ծրագիր՝ պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման դրամական աջակցության նոր ծրագիրը, որի համար նախատեսվում է 5 միլիարդ դրամ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Տիկին Հակոբյան, խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան - Չնայած, որ պատասխանը մոտավոր գիտեմ, բայց ուզում եմ հնչեցնեք, որպեսզի մեր բռնի տեղահանված հայրենակիցներն էլ լսեն՝ 5 միլիարդը նկատի ունեք 40 հազարականները: Հարց. ամռանը տեղահանված, նկատի ունեմ Աղավնո, Բերձոր և ներքին Սուս, իրենք ևս ներառվա՞ծ են:
Նորայր Ավանեսյան - Այո, կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել, այդ բնակավայրերը նույնպես մտցվել են:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ավանեսյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։
Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ, Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱՀ օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, և 6 կողմ ձայներով տրվել դրական եզրակացություն: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք:
Արթուր Թովմասյան – Հարցեր պարոն Հարությունյանին: Պարոն Կասյան, խնդրեմ:
Վլադիմիր Կասյան - Հարցս երևի փոխնախարարին պիտի տայի, բայց ավելի ճիշտ է հանձնաժողովի նախագահին, ուրեմն տեղահանված բնակչության մեջ կան միայնակ թոշակառուներ, և դրանց թիվը այնքան էլ շատ չէ: Ըստ ինձ, օրինակ ես գիտեմ, որ Շուշիի շրջանում ընդամենը 8 միայնակ թոշակառու է եղել, և դրանց էլ են 40 հազար դրամ հատկացնում` մեկ շնչին, և այսօրվա դրությամբ, գիտենք, որ բնակարանային վարձերը 100-120 հազարից պակաս չկա: Կան ընտանիքներ, որոնք 4,5,6 շունչ են, դրանց բավարարում է, բայց միայնակ թոշակառուներ ունենք, այդ գումարը չի բավարարում, որովհետև իրենք ընդհամենը 35 – 40 հազար թոշակ են ստանում, բայց բնակվարձը Ստեփանակերտում կամ շրջաններում 100 հազարից չի իջնում: Այդ հարցի վերաբերյալ, ճիշտն ասած, միգուցե տեղը չի կամ ժամանակը չի, բայց հետագայում պետք է այդ հարցի վերաբերյալ որևէ մի լուծում տալ:
Արթուր Հարությունյան – Պարոն Կասյան, ճիշտ եք ասում, պիտի ուղղեիք ֆինանսների փոխնախարարին, ես Ձեր հնչեցրած հարցի հետ համամիտ եմ, կարող ենք համատեղ նաև առաջարկություն ներկայացնենք այդ հարցը առանձին քննարկելու համար:
Վլադիմիր Կասյան – Եղավ, շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Նախատեսվում է նաև մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել: Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:
Այժմ քվեարկության է դրվում է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 32,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Սա ինձ համար հաճելի քվեարկություն է, որովհետև երկար ձգձգվում էր այդ 40 հազար դրամները մեր հայրենակիցներին: Մենք հասցրել ենք կարծեմ հուլիս, օգոստոս ամիսը վճարելու: Դեռևս մեր հայրենակիցները սեպտեմբերի, հոկտեմբերի գումարները չեն ստացել: Կարծում եմ, որ կկանոնակարգվի, և մինչև տարեվերջ արդեն մենք պարտքի զգացումը չենք ունենա բռնի տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ:
Արթուր Թովմասյան - Հաջորդ հարցն է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը։
Սուրեն Գալստյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում ենք նոր կարգավորումներ, որոնք պայմանավորված են որոշակի խնդիրների և օրենսդրական բացերի շտկման, ինչպես նաև ոլորտի զարգացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխությունների արդիականությունը փաստում են նաև ՀՀ անշարժ գույքի և կադաստրի ոլորտում նմանատիպ օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ, որոնք ապահովում են համակարգի կայուն զարգացումը:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք հետևյալը.
Օրենքի 9-րդ հոդված.
Ըստ գործող օրենքի՝ «Իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջը» չէր տարածվում միայն նախկինում պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդում ընդգրկված բազմաբնակարան շենքերում գտնվող շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման վրա: Այս փոփոխությամբ առաջարկում ենք այդ պահանջը չտարածել նաև հարևանների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պարսպի կամ այլ բաժանագծի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վրա:
Օրենքի 11-րդ հոդվածի փոփոխությամբ նախատեսվում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության մատչելիությունն ապահովել ոչ միայն հարցվող անշարժ գույքի միավորի նկատմամբ հարցման պահին սեփականատեր հանդիսացող անձանց համար, այլև տվյալ գույքի նկատմամբ իրավունք ունեցող անձանց, իրավատերերի, գործարքների կողմերի համար՝ իրենց իրավունքների և սահմանափակումների ծագման, փոխանցման, փոփոխման կամ դադարման վերաբերյալ:
Օրենքի 14-րդ հոդվածի փոփոխությունը նպատակ ունի կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման համար ստեղծել օրենսդրական հիմք՝ սահմանելով ուղղման կարգ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
Օրենքի 24-րդ հոդվածի լրացմամբ նախատեսվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմանի գործարքների) ծագող իրավունքների պետական գրանցման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը, մասնավորապես՝ զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին, մարտական առաջադրանքների կամ այլ ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հանգամանքը, դիմողի այնպիսի հիվանդությունը, որը խոչընդոտել է նրա իրավունքի իրացմանը:
Օրենքի 30-րդ հոդվածի փոփոխությունը բխում է օրենքի 24-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունից, այն է՝ լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե նոտարական վավերացում ստացած գործարքի հիման վրա պետական գրանցման դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ և պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը այդ ժամկետի բացթողումը հարգելի չի համարել սույն օրենքի 24-րդ հոդվածով առաջարկվող հիմքերով:
Օրենքի 31-րդ հոդվածի փոփոխությունը պայմանավորված է համակարգում ներդրված էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ և նախատեսում է կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի ռեգիստրի գործառույթների հստակեցում՝ օրենսդրորեն ամրագրելով էլեկտրոնային համակարգի միջոցով ավարտական փաստաթղթերի կազմումն ու հաստատումը:
Օրենքի 32-րդ հոդվածի լրացմամբ սահմանվում է փոստային կապի միջոցով տեղեկատվության տրամադրման պայմանները, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը, ինչպես նաև տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը:
Օրենքի 33-րդ հոդվածի լրացմամբ հստակեցվել են անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրումը կասեցնելու հիմքերը:
Օրենքի 34-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի կարգավորել պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղման հիմքով նոր գրանցման վկայական տրամադրելու հետ կապված հարցերը:
Օրենքի 35-րդ հոդվածի փոփոխությամբ հստակեցվում է գույքի սեփականատեր չհանդիսացող անձի այլ գույքային իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը՝ բացառությամբ հիպոթեքի պետական գրանցման:
Օրենքի 43-րդ հոդվածի փոփոխությամբ նախատեսվում է կարգավորել և հստակեցնել նաև ամուսինների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքային հարաբերություններին առնչվող հարցերը:
Օրենքի 48-րդ հոդվածի փոփոխությամբ հստակեցվում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում ի պաշտոնե ստորագրությունների իսկությունը ճանաչելու իրավասություն ունեցող անձանց կողմից կազմվող պայմանագրերի ստորագրման կարգը:
Օրենքի 49-րդ հոդվածի փոփոխությամբ լրացվում են ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրերին առաջադրվող պահանջները:
Նախագծով առաջարկվում են նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ՝ կապված նորմատիվ իրավական ակտերի անվանումների հիշատակումն օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցման և ձևակերպումների միասնականության ապահովման հետ:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Գալստյան: Հարցեր պարոն Գալստյանին: Խնդրեմ, պարոն Գալստյան:
Դավիթ Գալստյան – Օրենքի նախագծի հետ կապ չունի, բայց քանի որ ձեր ոլորտում են այդ գործողությունները կատարվում, դրա համար: Մարտակերտի շրջանում, ինչքան գիտեմ Դուք էլ եք տեղյակ, հինգ թե վեց քաղաքացի կա, որոնց գույքը պետական գերակա շահ է ճանաչվել, և դա պետք է փոխհատուցվի: Երկու տարուց ավել է, չի փոխհատուցվում, և կցանկանայի հասկանալ, թե այդ գործընթացը ինչ փուլում է, որպեսզի կարողանանք քաղաքացիներին հստակ պատասխան տալ:
Սուրեն Գալստյան – Շնորհակալություն հարցի համար, պարոն Գալստյան: Գիտեմ ինչ հարցի մասին է: Ֆինանսների նախարարությանը արդեն համապատասխան գրությունն ուղարկված է, պատասխանելուց հետո արդեն այդ միջոցները կտրամադրենք, ֆինանսների նախարարությունը կտրամադրի, և կփոխանցենք քաղաքացիներին: Ընթացքում է գործընթացը:
Դավիթ Գալստյան – Ճիշտն ասած սրանից մի շաբաթ առաջ ֆինանսների նախարարը մեզ հավաստիացնում էր, որ իրենց մոտ նման գրություն չկա: Դրա համար հարցս ուղղեցի Ձեզ: Երբվանի՞ց է այդ գրությունն այնտեղ:
Սուրեն Գալստյան – Ուրբաթ օրվանից այդ գրությունն ուղարկված է:
Դավիթ Գալստյան – Եղավ, շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Այդ հարցն անպայման լուծվելու է, պարոն Գալստյան: Հարցը բարձրացրել եք, կարծում եմ մինչև տարեվերջ, դա վերջին բանն եմ ասում, բայց ավելի շուտ ժամանակում: Շնորհակալություն, պարոն Գալստյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Խնդեմ, պարոն Աղաջանյան:
Սևակ Աղաջանյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն:
Արթուր Թովմասյան – Հարցեր պարոն Աղաջանյանին: Չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Մտքերի փոխանակություն: Եզրափակիչ ելույթների ցանկություն: Չկան:
Այժմ քվեարկության է դրվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 32,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, օրակարգային հաջորդ հարցն է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Խնդրեմ, պարոն Միրզոյան:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացնում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
«Հոգեբուժական օգնության մասին» գործող օրենքով հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավաբանական օգնություն տրամադրում է հոգեբուժական կազմակերպության հետ պայմանագիր կնքած իրավաբանը կամ իրավական կազմակերպությունը և որպես ֆինանսավորող կողմ հանդես է գալիս հոգեբուժական կազմակերպությունը:
Ներկայացված նախագծերով նախատեսվում է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող անձանց հնարավորություն տալ անվճար ստանալ իրավաբանական օգնություն, որը կտրամադրի հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանը, իսկ «Փաստաբանության մասին» օրենքում կատարվող փոփոխություններով հիմք է ստեղծվում հանրային պաշտպանի գրասենյակի համար տրամադրելու անվճար իրավաբանական օգնություն նշված անձանց: Միաժամանակ նախատեսվում է անվճար իրավաբանական օգնության իրավունք վերապահել նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված անձանց:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է լրացնել դրույթ, համաձայն որի՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ժամանակ պարտադիր է նաև հանրային պաշտպանի կամ փաստաբանի ներկայությունը, սակայն փաստաբանի խելամիտ վարձատրության համար գումար վճարելու պարտավորությունից դիմողները չեն ազատվում: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Պարոն Գալստյան, խնդրեմ:
Դավիթ Գալստյան – Պարոն Միրզոյան, որ ասում եք անվճար, ի նկատի ունեք, որ պետության կողմից է ֆինանսավորվելո՞ւ: Եվ ասացիք փաստաբանների պալատը անվճար: Եթե ցանկություն լինի, հիմա էլ կարող է չէ՞ անվճար այդ օգնությունը տրամադրել:
Ժիրայր Միրզոյան – Ոչ, անվճար՝ կոնկրետ օգնություն ստացողի համար: Դրա համար պետությունը վճարում է հանրային պաշտպանի գրասենյակին սահմանված կարգով: «Փաստաբանության մասին» օրենքում ունենք հոդված, որտեղ սահմանված է անվճար իրավաբանական օգնություն ստացողների ցանկը: Մենք ցանկում ավելացնում ենք նաև հոգեբուժարանում գտնվող անձանց և Արցախի Հանրապետության վերջին պատերազմին տեղահանված անձանց:
Դավիթ Գալստյան – Պետպատվերի շրջանակում:
Ժիրայր Միրզոյան - Այո:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Խնդրեմ, պարոն Աղաջանյան:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը կից նախագծերի փաթեթով քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Տիկին Հակոբյան, խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան - Ունեմ ինֆորմացիա, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները այս ընթացքում, նույնիսկ վերջին օրերում նույնիսկ այն տեղահանվածները, ովքեր ժամանակավոր վարձով բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, բնակարանային խնդիրների հետ կապված օգտվել են իրավաբանի ծառայությունից, և օրինակ օրերս մի տեղահանված ընտանիք հինգ հարյուր հազար վճարել էր փաստաբանին: Դուք մինչև հավանություն տալը, հանձնաժողովին ի նկատի ունեմ, արդյո՞ք այս տեսակ հարցերը ուսումնասիրել եք, և առաջարկ արել է, և այս օրենքը հետադարձ ուժ ունենալո՞ւ է, թե՞ ոչ:
Սևակ Աղաջանյան – Ոչ, ուսումնասիրություններ չեն արվել: Օրենքի նախագիծը հետադարձ ուժ չի ունենալու:
Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք:
Մետաքսե Հակոբյան – Դե երևի կամ պիտի ավելի շուտ մտածել նման փոփոխություն անելը, կամ կարծում եմ, պիտի ինչ-որ մի ձև մեխանիզմ գտնվի: Գիտեմ, որ կոնկրետ սերտիֆիկատներ տրամադրվելու գործընթացից հետո իրավաբանական ծառայությունների կարիք են մարդիկ ունեցել, և ութ միլիոն դրամի սերտիֆիկատ ստացողը ևս օրինակ հինգ հարյուր հազար էլ վճարի, որ իրավաբանի, փաստաբանի ծառայությունից օգտվի, մի քիչ տեղին չէ ու խելամիտ չէ: Կարծում եմ՝ պիտի ինչ-որ առաջարկ արվի գոնե կառավարությանը այս խնդիրները լուծելու:
Սևակ Աղաջանյան – Եթե կոնկրետ տվյալներ կան, ներկայացնենք:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Աղաջանյան, եթե պարզաբանումների խնդիր լինի, մտքերի փոխանակության կամ եզրափակիչ ելույթում խնդրեմ: Նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, գրանցվեք: Չկա: Եզրափակիչ ելույթներ։ Չկան:
Քվեարկության է դրվում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 30,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հաջորդ հարցն է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Խնդրեմ, պարոն Միրզոյան:
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն: Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներառում է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
«Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականը հրապարակվում էր մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, որից հետո նորմատիվ իրավական ակտերի հրապարակումն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Միաժամանակ «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակման պահանջ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է նաև մի շարք այլ դեպքերում: Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակում «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականում, հրապարակումը նախատեսվում է իրականացնել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական arlexis.am կամ հրապարակային ծանուցման ինտերնետային azdarar.nkr.am, այս վերջինը միայն հանրաքվեի մասով, կայքերում: Օրինագծերի փաթեթով կատարված մնացած փոփոխություններով փաթեթում ընդգրկված օրենքները համապատասխանեցվում են Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե կան հարցեր, խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Խնդրեմ, պարոն Աղաջանյան:
Սևակ Աղաջանյան – Հարգելի պատգամավորներ, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից նախագծերի փաթեթով քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Կա՞ն հարցեր: Չկան: Զբաղեցրեք Ձեր տեղը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթների ցանկություն ունե՞ք։ Չկա:
Քվեարկության է դրվում «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 29,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Օրակարգային հաջորդ հարցն է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Խնդրեմ, պարոն Ստեփանյան:
Գեղամ Ստեփանյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «ինչպես նաև Պաշտպանի» բառերից հետո լրացնել «օգնականից և» բառերը և օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասում «ինչպես նաև Պաշտպանի» բառերից հետո լրացնել «օգնականի և» բառերը:
Ըստ էության առաջարկվող նախագծով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում դեպարտամենտից, քարտուղարությունից, ինչպես նաև Պաշտպանի հասարակական հիմունքներով գործող խորհրդականներից զատ սահմանել նաև Պաշտպանի օգնականի պաշտոնը: Համանման կարգավորումները առկա են նաև Հայաստանի Հանրապետության «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում և նման առաջարկը բխում է Պաշտպանի` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել։ Խնդրեմ, պարոն Գալստյան:
Դավիթ Գալստյան – Պարոն Ստեփանյան, մինչև նիստին մտնելը մի հատ գրություն ենք ստացել Քրիստինե Գրիգորիի Բալայանից: Ուղղված է նաև Ձեզ, Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապված հարց է, հարցումներ է ուղարկել, իրեն մերժել են, բոլորին եկել է: Այս գրության հետևից Մարդու իրավունքների պաշտպանը ի՞նչ լիազորություններ ունի և իր լիազորությունների շրջանակում ի՞նչ է նախապատրաստվում անել, հաշվի առնելով, որ մենք՝ պատգամավորներս, չկարողացանք որևէ կերպ մուտք գործել ներդրումային հիմնադրամ, իսկ մեր գրություններին պատասխանում են «փակ գաղտնի է», բանկային գաղտնիքի քողի տակ կամ անձնական տվյալների հրապարակայնացման գաղտնիքի տակ անթույլատրելիության մթնոլորտ են ստեղծում և չեն տրամադրում որևէ տեղեկություն: Ձեր լիազորություններում կա՞ն հստակ կետեր նշած, որ դուք կարող եք նման հարցերով հիմնադրամներում որևիցե հարց քննարկել կամ ինֆորմացիա ունենալ:
Գեղամ Ստեփանյան – Շնորհակալություն հարցի համար: Գրությունը իհարկե ես էլ ստացել եմ և այս պահի դրությամբ մեր դեպարտամենտում գտնվում է քննարկման փուլում՝ հասկանալու համար նախ մեր լիազորությունները՝ կապված գրության բովանդակության հետ: Այն, ինչ վերաբերում է իրավունքներին և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գործողություններին ուղղված այդ իրավունքների սպասարկմանը, մտնում է մեր լիազորությունների մեջ: Կոնկրետ այս դեպքով ավելի խորը ուսումնասիրություններից հետո արդեն մեզ համար հստակ կլինի, թե ինչ գործողություն մենք կարող ենք ձեռնարկել առհասարակ՝ կապված բարձրացված հարցի հետ: Այս պահին հստակ և սպառիչ պատասխան այդ հարցով տալ չեմ կարող:
Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք:
Արթուր Թովմասյան - Բոլոր խմբակցությունները ստացել են չէ՞ դա:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Խնդրեմ, պարոն Աղաջանյան:
Սևակ Աղաջանյան – Հարգելի պատգամավորներ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Չկան: Պարոն Աղաջանյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակություն: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 30,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա :
Որոշումն ընդունվել է:
Հաջորդ հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը։ Խնդրեմ, պարոն Լազարյան:
Արայիկ Լազարյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, մինչ օրակարգի հարցին անցնելը ձեր թույլտվությամբ մեկ նկատառում. քանի որ, ինչպես պարոն Կասյանն է ասում, պարոն Ծատրյանի ելույթի երեք-չորս րոպեներ նվիրված են կառավարչությանը, պատրաստ եմ ամենևին կասկածի տակ չդնելով հաշվեքննությունը, անհրաժեշտության դեպքում տալ պարզաբանումներ կառավարչության գործողությունների և դրանց հիմնավորումների վերաբերյալ: Շնորհակալություն:
Ինչպես տեղյակ եք, Արցախի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել է սույն թվականի հունվար ամսից, երբ նախնական քաղաքական մի շարք խորհրդատվություններից հետո Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Հանձնաժողովը, հիմք ընդունելով Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկությունները և տեսակետները, մշակել է և ընդունել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որում արտացոլված էին սահմանադրական բարեփոխումների նախանշվող հիմնական ուղղությունները և թեզերը: Նախագահի կողմից այն հավանության արժանացավ հունիս ամսին, և համապատասխան հրամանագրով մեկնարկ տրվեց սահմանադրական բարեփոխումների երկրորդ փուլին, ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների արդեն մասնագիտական հանձնաժողով, որը հայեցակարգի շրջանակներում մշակեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը, Սահմանադրության փոփոխությունների տեքստը, որը դրվեց հանրային քննարկման իրավական-տեղեկատվական միասնական հարթակում: Հանրային քննարկման ընթացքում Ազգային ժողովում ներկայացված բոլոր խմբակցությունների գրավոր առաջարկով, հաշվի առնելով առկա մարտահրավերները, աշխարհաքաղաքական իրողությունները, առաջարկվեց սահմանադրական փոփոխությունների առավել ճկուն գործիքակազմ ներկայացնել՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը և հնարավորություն տալով առաջացող մարտահրավերները հաղթահարել առանց ցնցումների: Հանձնաժողովը քննարկել է այդ առաջակները, և մշակվել է արդեն ձեր քննարկմանը ներկայացված տարբերակը, ըստ որի առաջարկվում է՝
վերանայել Սահմանադրության փոփոխման եղանակներին առնչվող իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով գործող Սահմանադրության 163-րդ հոդվածը, համաձայն որի՝ Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները անփոփոխ են, այսինքն՝ այս անփոփոխ հոդվածներին նախագիծը չի վերաբերում: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում, դա «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» հոդվածն է, փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը: Նախագծով միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրության մյուս բոլոր հոդվածներում, ինչպես նշեցի՝ բացառությամբ անփոփոխ հոդվածների, փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Կասյան:
Վլադիմիր Կասյան - Ես չհասկացա Ձեր ռեպլիկան ինձ հետ կապված:
Արայիկ Լազարյան – Պարոն Կասյան, Դուք ինչպես նշեցիք, պարոն Ծատրյանի ելույթի 17 րոպեն նվիրված էր տարածքային կառավարման նախարարությանը: Քանի որ նաև հնչեց կառավարչության գործերի անունը ...
Վլադիմիր Կասյան - Դու պատասխանատո՞ւ ես ենթակառուցվածքների նախարարության համար: Հարցս քեզ չի վերաբերում:
Արայիկ Լազարյան – Պարոն Կասյան, խոսքը կառավարչության մասին է:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Պարոն Լազարյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը:
Արայիկ Լազարյան – Հարգելի նախագահող, խնդրում եմ առաջին ընթերցմամբ նախագիծը հավանության արժանանալուց հետո նաև ունեմ առաջարկ երկրորդ ընթերցման քննարկման ժամկետների վերաբերյալ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Հա, դա կասեմ: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել և տվել է դրական եզրակացություն առաջին ընթերցման համար:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Չկան: Շնորհակալություն, պարոն Աղաջանյան: Մտքերի փոխանակության համար եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Պարոն Թովմասյան, խնդրեմ:
Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, խոսքս ուղղված է ոչ թե ձեզ, այլ մեր բազմաթիվ հայրենակիցների, ովքեր մտածում են, թե այսօր մենք Սահմանադրության փոփոխության նախագիծը որ քվեարկենք, ընդունվում է և վերջ: Այդպես չէ: Ազգային ժողովն իրավունք ուներ երկու երրորդով փոփոխություն կատարել նաև գործող Սահմանադրության մեջ: Կան հոդվածներ, որ Ազգային ժողովը այդ լիազորությունները ունի: Ես ուզում եմ շատ պարզ բացատրել: Այս առաջին ընթերցման ընդունումից հետո մենք ունենալու ենք նաև երկրորդ ընթերցում, որ առաջարկես, այդ ժամկետի սահմաններում, մենք ուղարկելու ենք նաև Սահմանադրական դատարան: Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ հակասահմանադրական չէ այս փոփոխությունը, մենք գնալու ենք հանրաքվեի: Եվ ժողովուրդ, քեզ է վերապահված՝ այդ իրավունքները տա՞լ Ազգային ժողովին, թե՞ ոչ: Եթե հանրաքվեի արդյունքներով պարզվեց, որ Ազգային ժողովն է այդ փոփոխությունները կատարելու երկու երրորդով, թեկուզ ես համոզված եմ, որ երեսուներեք «կողմով» պետք է լինի դա կամ միայն հաշվի չի առնվելու Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետը: Հաշվի է առնվելու հասարակության լայն խավերին հուզող հարցերը, թե ինչպես են տեսնում ապագա Սահմանադրությունը: Կարելի է ժամերով խոսել, որ ղեկավարման նախագահական ինստիտուտը ճիշտ է, կարելի է ժամերով խոսել, որ ղեկավարման խորհրդարանական ձևը ճիշտ է: Սիրելի հայրենակիցներ, դուք եք որոշելու: Հավաստիացնում եմ ձեզ, որ այն փոփոխությունները, որոնք կատարվեն, չեն լինելու անձի համար, այն փոփոխությունները, որը մտահոգում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին, դրանք գործող Սահմանադրության վտանգավոր հոդվածներն են, որոնց մասին մեր պատգամավորները հարցազրույցներով արդեն հանդես են եկել տարբեր լրատվամիջոցներում: Այնպես որ այս առաջին ընթերցումներից հետո մենք կունենանք նաև երկրորդ ընթերցումը: Ես ցանկացա մի քիչ պարզաբանեմ, որովհետև կար այդ կասկածանքը, որ այսօր մենք Սահմանադրությունը փոփոխում ենք: Չէ, այդպես չէ, ժողովուրդ, դուք եք այդ իրավունքը տալու: Եթե տաք, մենք կանցնենք այդ հոդվածների փոփոխությանը, եթե ոչ՝ կգործի նախկին Սահմանադրությունը: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Եզրափակիչ ելույթների ցանկություն: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 30,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Խնդրեմ, պարոն Լազարյան:
Արայիկ Լազարյան - Հարգելի պատգամավորներ, հաշվի առնելով, որ Սահմանադրության փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց և այն հանգամանքը, որ այն անհետաձգելի ռեժիմով է ներկայացվել ձեր քննարկմանը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով՝ առաջարկում եմ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը՝ ժամը 17:00-ն: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: Հարգելի պատգամավորներ, քանի որ հիմնական զեկուցող պարոն Լազարյանն առաջարկեց երկրորդ ընթերցման համար նախատեսված գրավոր առաջարկների ժամկետը կրճատել, ուստի առաջարկում եմ լսել Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը Կանոնակարգի 75-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկվում է առանց քննարկման:
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
2022 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը՝ ժամը 17:00-ն:
Քվեարկություն։
Կողմ՝ 29,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Արթուր Թովմասյան - Իսկ հիմա անցնում ենք օրակարգի վերջին հարցին՝ «Պատգամավորների հայտարարություններին»։
Հերթագրում: Հերթագրվել են երկու պատգամավորներ: Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:
Դավիթ Գալստյան – Այսօր այս դահլիճում շատ էր խոսվում չարաշահումների, յուրացումների, վատնումների, ինչպես նաև ինֆորմացիայի ոչ հստակ տրամադրումների մասին, ինչպես նաև բոլորս ստացել ենք այս գրությունը, թե մեր քաղաքացիներին նույն հիմնարկը երկու անգամ տարբեր պատասխաններ է ներկայացնում՝ մեկը մյուսին հակասող: Ամիսներ առաջ, երբ որ նախաձեռնել էինք նման հիմնադրամներում հաշվեքննություն անցկացնել, ստեղծել հաշվեքննիչ հանձնաժողով, քննիչ հանձնաժողով Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում, մեր գործընկերները արձակուրդի պատճառով, թե չգիտեմ ինչ-ինչ պատճառաբանություններով, խոստացան, որ սեպտեմբեր ամսին կվերանայեն և կանդրադառնան հանրային հնչեղության այս հարցին: Իրոք մեր հանրության մոտ շատ հարցեր կան, որոնց պետք է պատասխան տրվի հենց Ազգային ժողովի կողմից, քանի որ նման նախաձեռնություն կար և խոստումներ կային, ընդունվում էր, որ հանրային հնչեղություն ստացած հարցերին պետք է անպայման անդրադառնա Ազգային ժողովը՝ իր լիազորությունների սահմանում: Ուզում եմ հիշեցնել, որ արդեն հոկտեմբեր ամիսն ավարտվում է և ոչ մի նախաձեռնություն չկա: Հիշեցման կարգով իմ գործընկերներին, դեմը նոր տարի է, նոր տարվա արձակուրդներ կարող են լինել, եկեք մինչև նոր տարի գոնե այս գործընթացը առաջ տանենք: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Բաղունց, խնդրեմ:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, հայրենակիցներ, ողջ հայ ժողովրդի համար եկել է ճշմարտության պահը: Հայաստանի Հանրապետության իշխանությունները Արցախի Հանրապետության երաշխավորից անցել են Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների երաշխավորի դիրքին, այնուհետև հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունը սպառել է Արցախին օգնելու ռազմաքաղաքական ռեսուրսները:
Համաշխարհային և տարածաշրջանային դերակատարները Հայաստանի Հանրապետության վզին են փաթաթում խաղաղության պայմանագիր, որը Արցախի համար համարժեք է մահվան դատավճռի: Ու այսօր, դեմ դիմաց մնալով չափազանց ագրեսիվ տրամադրված ադրբեջանա-թուրքական ալյանսի դեմ, մենք, հանուն հայրենիքի փրկության, պարտավոր ենք առաջանորդվել մի կարգախոսով, որով հին աշխարհում ծնողները իրենց զինվոր որդիներին ուղարկում էին մարտի. «Վահանով կամ վահանի վրա»: Ու սակրամենտալ, սրբազան հարցն է՝ պատրա՞ստ ենք մենք զենքը ձեռքին զոհվելու, բայց չհանձնվելու: Բոլոր այն (չի լսվում) միայն կեղծ հայրենասիրություն եմ համարում: Իրավիճակը ադեկվատ գնահատելու և անելիքներ մշակելու փորձերը առաջ են քաշում մի շարք հարցեր, որոնց պատասխանները հիմք կհանդիսանան մեր ռազմավարությանը:
1. Արտաքին քաղաքականությունում կոմպլիմենտարիզմը, մեր պարագայում առավել ևս անհաջող կատարմամբ, բավականին վտանգավոր է: Այնուամենայնիվ, ինչքանո՞վ է իրական ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Արցախի բնակչության երաշխիքները՝ հաշվի առնելով, որ դա ենթադրում է այս կամ այն չափով շեղում դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղղվածության վեկտորից:
2. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսվում է 2023 թվականին ֆինանսավորել Արցախի զինված ուժերը:
3. Բացառվո՞ւմ է արդյոք դեմարկացիայից և խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո գոնե մինչև 2025 թվականը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին՝ Լաչինի միջանցքում, Ադրբեջանի մաքսակետի տեղադրումը:
4. Խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում ինչքանո՞վ է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն ձեռնամուխ լինելու զբաղվել Արցախի հարցերով միջազգային հարթակներում: Եթե նվազագույն չափով, ապա ինչպիսի՞ն կլինի նրանց օժանդակությունը մեր ԱԳՆ-ին, օրինակ՝ Արցախի պատվիրակության այցերի կազմակերպման Մոսկվա կամ Բրյուսել:
5. Մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ արդեն իսկ սկսել են բաձրաձայնել ադրբեջանցի փախստականների Ղարաբաղ վերադառնալու հարցը: Այստեղ ևս հակազդեցություն գործադրելու լուրջ մարտավարություն պետք է մշակվի:
Այս կամ նման բազմաթիվ խնդիրներ ամփոփելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ Արցախի իշխանությունները հայտնվել են Հայաստանի Հանրապետության իշխանությունների վերջին տարիների անցած հետագծի սկզբնակետում և նույնատիպ ռազմաքաղաքական սխալների կրկնման առջև: Մեծ հաշվով մարտավարության երկու ճանապարհ կա. մի կողմից՝ նմանակել «իրավահավասար» չակերտավոր Ադրբեջանի հետ, ինչը, մեծ հավանականությամբ, բավականին արագ կսողա հայկական կողմի ավելի ու ավելի ցավալի զիջումների շարանին, մյուս կողմից՝ մենք հռչակում ենք հիբրիդային՝ իրավական և ռազմաքաղաքական դիմակայության սկզբունքը, մոտավորապես այն, ինչից սկսվել է ղարաբաղյան շարժումը. առաջինը՝ վերականգնում ենք ինքնորոշման սկզբունքի իրավական փաթեթը և հնարավորինս տարածում ենք բոլոր միջազգային հարթակներում, երկրորդ՝ երկրում կազմակերպում ենք մաքսիմալ ծանրակշիռ համաժողովրդական սատարում ինքնորոշման սկզբունքին, օրինակ, իշխանությունների հովանու տակ հարմար պահին կազմակերպում ենք քսանմեկ հազարից ավելի հավաք: Զուգահեռաբար պաշտպանության բանակի հետ կապված սահմանափակումները կոմպենսացնում ենք ոստիկանության և ԱԱԾ զինված ուժերի ուժեղացմամբ: Շատ կարևոր եմ համարում պետական կառավարման համակարգի բարեփոխումները՝ ժողովրդավարության հիմքերի և մեխանիզմների լայն կիրառմամբ և հինգերորդ՝ կրթության համակարգի բարձր որակի ապահովում: Կողմնորոշումը բարձր կրթական համակարգի և բարձր տեխնոլոգիաների վրա պետք է դառնա արգելապատ, որը հուսալիորեն կանջրպետի մեզ ձանձրացուցիչ հարևաններից՝ համատեղ ապրելու կոշտ անհրաժեշտության և պահանջի պայմաններում:
Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ եթե մենք ազգովի, աննկուն վճռականությամբ կրկին ոտքի կանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում, ապա մեզ կհաջողվի մոտակա մեկ-երկու տարով սառեցնել իրավիճակը՝ հետագայում ակնկալելով մեր պայքարը շարունակել ավելի բարենպաստ ռազմաքաղաքական պայմաններում:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Այսքանով ավարտեցինք այսօրվա նիստի աշխատանքները: Ցտեսություն: