ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ամփոփել է ՀՀ ԱՀ ներկայացուցչությունում Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ կայացած հանդիպման արդյունքները
04 նոյեմբերի 2022

Նոյեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՀ խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուները, ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչությունում Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

ԵԽ պատգամավորներից հանդիպմանը ներկա էին ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիս Մասիմո Կաստալդոյին, գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգին:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի՝Արցախի կողքին կանգնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման պաշտպանության գործում ունեցած դերակատարությունը, Արցախի ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:

Երկուստեք քննարկել են 2020թ. աշնանային պատերազմի հետևանքները, ինչպես նաև Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, ներկա և ակնկալվող մարտահրավերները և դրանց դիմագրավելու հնարավոր տարբերակները, տարածաշրջանային տրամադրությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության առկա փուլին, Արցախի ժողովրդի անվտանգությանն ու խաղաղ կյանքի իրավունքին, Ադրբեջանի հավակնություններին:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել մշտապես սատարել Արցախի ժողովրդին և կանգնել արցախահայության կողքին:

ԵԽ խորհրդարանականները խոստացել են հաջորդ անգամ ընդլայնված ներկայացուցչական կազմով այցելել տարածաշրջան:

ԼՈՒՐԵՐ