ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
30 հոկտեմբերի 2022

Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության  խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ  արտահերթ  նիստ է գումարել: Նիստին  զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցում էին շուրջ 40,000 քաղաքացիներ Ստեփանակերտից և շրջաններից:

Նիստը մեկնարկել է Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի՝ աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին ուղղված ուղերձով. « Այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը»:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայոց պետականության և ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգներին, դիմել է նաև ողջ հայ ժողովրդին՝ միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին, և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:

Նիստի օրակարգում Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին հարցն էր: Հայտարարության տեքստը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մարսել Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Արթուր Մոսիյանը և Մետաքսե Հակոբյանը:

Ազգային ժողովի հայտարարությունը ընդունվել է միաձայն:

Նիստի ավարտից հետո խորհրդարանականներն ու աշխատակազմի անդամները միացել են հանրահավաքին:

Արտահերթ նիստի տեսանյութը հղումով՝

https://www.facebook.com/ArtsakhParliament/videos/671690874608178

 

ԼՈՒՐԵՐ