«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                                    Ընդունված է 2022 թվականի       

                                                                        սեպտեմբերի 29-ին

 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2020 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.

«Հոդված 24. Կազմակերպության գործունեության հաշվետվությունը

 

1. Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է գործունեության տարեկան հաշվետվություն։

2. Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Կազմակերպության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը (ենթակա է հրապարակման կազմակերպության կողմից համապատասխան նշման դեպքում), պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսա-համարը, էլեկտրոնային փոստը և պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում).

2) գործադիր մարմնի ղեկավարի անունը և պաշտոնը.

3) կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները.

4) Կազմակերպության անդամների (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաև այն կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը.

5) հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը.

6) հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը և համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ).

7) տարեկան մուտքերի (դրամական և (կամ) գույքային) ընդհանուր գումարը.

8) օգտագործված դրամական միջոցները և (կամ) շարժական, անշարժ գույքը.

9) հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։

3. Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուրը հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել են հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա նրանց գործունեության տարեկան հաշվետվություններում, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի, ներառվում է՝

1) հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) և տեղեկատվություն դրանց մասին (նպատակ, հիմնական արդյունքներ).

2) հանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական և (կամ) գույքային) ընդհանուր գումարը՝ ըստ ստացման աղբյուրների.

3) հանրային դրամական միջոցների և (կամ) տրամադրված գույքի օգտագործումը, ծախսերը:

4. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվություննե-րի համար նախատեսված կայքում հրապարակելու սույն հոդվածով նախատեսված հաշ-վետվությունը: Կազմակերպությունն իրավունք ունի Կազմակերպությունների կողմից հրապա-րակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու նաև իր գոր-ծունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։ Սույն հոդ-վածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրու-թյամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:

5. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը:»:

 

    Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «երկու միլիոն և ավելի» բառերը փոխարինել «տասը միլիոն և ավելի, իսկ ոչ հանրային միջոցներից՝ հինգ միլիոն և ավելի» բառերով, իսկ «հանրային միջոցներից ֆինանսավորման մասով» բառերը հանել:

 

    Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 26-րդ հոդվածի դրույթների գործողությունը՝ ոչ հանրային միջոցներից ֆինանսավորված հասարակական կազմակեր-պությունների մասով, տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարա-բերությունների վրա:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                           Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    

 

 

 

        2022 թ. հոկտեմբերի 14

        Ստեփանակերտ

        ՀՕ-65-Ն