ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հանդիպել են ԱրՊՀ գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ
21 սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ, հանդիպել են Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի  և ուսխորհրդի անդամների հետ:

Խորհրդարանականները ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը  ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները:Նրանք ընդգծել են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Արցախում, առանց մեր ժողովրդի ու իշխանության որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու՝ հայաստանյան գործընկերների հավաստիացումները պատգամավորները փոխանցեցին հանրությանը:

Հանդիպմանը, որին ներկա էր նաև ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների հետ կապված հարցեր:

Խորհրդարանականները պատասխանեցին դասախոսական կազմի և ուսանողության հարցադրումներին: Նրանք նշեցին, որ խաղաղության օրակարգը տեսնում են Արցախի ինքնիշխանության պահպանման ու Հայաստանի անձեռնմխելիության պայմաններում:

Ստեղծված իրավիճակում   պատգամավորները երկպառակտությունից խուսափելու, տարաձայնությունները մի կողմ թողնելու, ազգային օրակարգի շուրջ համախմբվելու  կոչով հանդես եկան:

Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, օրենսդիր-ժողովուրդ կապի  ամրապնդումը: ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը  նշեց, որ  հանդիպումների շարք են նախատեսում  հանրության լայն շերտերի հետ:

ԼՈՒՐԵՐ