ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել
21 սեպտեմբերի 2022

Սիրելի հա´յ ժողովուրդ

Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը ՝ Հայաստանի Հանրապետությունը, 31 տարեկան է։

Ազգային-ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը։

Եվ այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև։ Համազգային իղձերի հանգուցալուծումների մարտավարություններում հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան:

Սեպտեմբերյան վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին մեկ անգամ ևս փաստեցին, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերիներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։

Խոնարհումս Արցախյան բոլոր պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար հայրենի հողը իրենց արյամբ սրբագրած քաջորդիների հիշատակին։

Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ Հայաստան աշխարհին և ողջ հայությանը մաղթում եմ կայուն ու ապահով խաղաղություն և բարեկեցություն։

Աստված ապավեն հայկական պետականությանը։

ԼՈՒՐԵՐ