ԼՈՒՐԵՐ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
14 սեպտեմբերի 2022

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին

Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ:

Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

«Ազատ ՀայրենիքՔՄԴ»

«Միասնական հայրենիք»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

ք. Ստեփանակերտ

14.09.2022թ

 

ԼՈՒՐԵՐ