08 սեպտեմբերի 2022
08 սեպտեմբերի 2022
Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ընդունել է բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։
Հանդիպմանը մասնակցում էին «Ազատ- հայրենիք», «Արդարություն», «ՀՅԴ» և «ԱԺԿ» խմբակցությունների ղեկավարներն ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը։
Խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ողջունել է Վարդանյանի՝ Արցախի քաղաքացիություն ստանալու, Արցախում բնակություն հաստատելու մասին որոշումը և հույս հայտնել, որ այդ կարևոր քայլով կարդարացնի բազում արցախցիների սպասելիքները։
Իր հերթին Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, բարձր գնահատել օրենսդիր մարմնի՝ հետպատերազմյան և առանձնապես ստեղծված ծանր պայմաններում ծավալած գործունեությունը։ Վարդանյանը մասնավորապես ողջունել է Արցախի խորհրդարանի 2022թ․ ապրիլի 14-ի հայտարարությունը, որը միաբանության և արցախցու արդար իրավունքի պահպանման կոչն էր։
«Արցախի ապագայի հարցը միայն Արցախում ապրողների խնդիրը չէ, այլ համայն հայության», - նշել է Ռուբեն Վարդանյանը և վստահեցրել, որ պատրաստ է բոլոր հնարավորություններն ու ներուժը օգտագործել ի նպաստ Արցախի։
Խոսելով առկա մարտահրավերներից՝ բարերար Վարդանյանը առաջ է քաշել Արցախ այցելելու 3 հիմնական նպատակների տեսլականը՝ միտված Արցախի կարգավիճակի, անվտանգության և սոցիալ- տնտեսական զարգացմանը։
Անչափ կարևորել է ոչ միայն ռազմական, այլ նաև տեղեկատվական անվտանգության ապահովման հարցը։
«Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա», - իր խոսքն այսպես է ընդհանրացրել բարերար Վարդանյանը։
Խորհրդարանականները ողջունել են Արցախի և հայոց աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում Ռուբեն Վարդանյանի կայացրած որոշումը և փոխգործակցության պատրաստակամություն հայտնել։
Երկուստեք կարևորվել է համախմբվածությունը' հստակ նպատակի ու խնդրի շուրջ։