«Գովազդի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2006 թվականի

հունիսի 14-ին

 

Հոդված 1. «Գովազդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը «լեզվով» բառից հետո լրացնել «շարադրանքի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի`

ա) «ա» կետը «համընդհանուր» բառից հետո լրացնել «և ազգային» բառերով.

բ) «դ» կետի «գործունեությանը, մասնագիտությանը, ապրանքատեսակին և այլ» բառերը փոխարինել «գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը և այլն» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը «կրում են» բառերից հետո լրացնել «բացառապես» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները, Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի կողմից հաստատված արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոններին և չափորոշիչներին համապատասխան:».

բ) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «չկրող» բառը փոխարինել «կրող» բառով.

բ) 2-րդ մասը «գերատեսչությունների» բառից հետո լրացնել «,տարածքային կառավարման» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:»:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 15.

Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները

 

 

1. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդներում արգելվում է`

ա) ներշնչել, որ ալկոհոլը և ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.

բ) դրդել սպառողներին ալկոհոլի և ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

գ) ներկայացնել խմիչքներում` ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.

դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:

2. Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն:

3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին:

4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:

5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) և ծխախոտի գովազդը:

6. Արգելվում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա:

7. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:

8. Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պաստառների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով:

9. Արգելվում է`

ա) մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված և մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ և հեղուկ, ինչպես նաև կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը.

բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ և նկարներ տեղադրելը.

գ) կրծքի կաթի փոխարինիչներ իրացնելը` առանց վերջիններիս տուփի վրա կրծքով սնուցման առավելությունների մասին գրառումների.

դ) գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը:

10. Արգելվում է դեղամիջոցների, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության:

Արգելվում է թմրադեղերի, թունավոր և ուժեղ ազդող դեղամիջոցների գովազդը:

Արգելվում է այն դեղամիջոցների, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:

Դրանց ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

11. Արգելվում է զենքի և զինամթերքի գովազդը` բացառությամբ որսորդական և սպորտային զենքի և զինամթերքի:

12. Գովազդային վիճակախաղի դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է:

13. Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան կազմակերպչի գովազդի ընդհանուր տևողությունը,

այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի և չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

14. Վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների ցուցադրումը:

15. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը Հանրային հեռուստատեսությամբ, բացառությամբ հովանավորության դեպքերի:

16. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո:

 

Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը «վտանգավոր,» բառից հետո լրացնել «ապա» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «լիազորված» բառով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

3 հուլիսի 2006թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-300