ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների
02 սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։

Շնորհավորելով  Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՝ Ա Թովմասյանը ողջունել է հյուրերին այս հիշարժան օրը Արցախում և արցախցու կողքին գտնվելու համար։

 Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոսել է առաջիկայում Արցախ- Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ  նիստ գումարելու մասին։

Անդրադառնալով 2022թ մարտյան և օգոստոսյան դեպքերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այսօր վտանգված է ոչ միայն Արցախում ապրելու իրավունքը, այլև արցախցու կյանքի իրավունքը։ Արթուր Թովմասյանը հավաստիարացրել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդգրկված խմբակցությունների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում  անփոփոխ է ու անսակարկելի։ Հայաստանյան պատգամավորները հանդես են եկել շնորհավորական ելույթներով , համոզմունք հայտնել, որ մշտապես Արցախի և արցախցու կողքին են։ Լիահույս են, որ մոտ ապագայում վերաիմաստավորված կնշեն Արցախի Հանրապետության հռչակման օրը։

Հանդիպման առանցքային հարցերի շարքում Արցախի անվտանգությունն ու հետագա ճակատագրի տեսլականն էր։

ԼՈՒՐԵՐ