20 հուլիսի 2022
20 հուլիսի 2022
Հուլիսի 20-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է կազմակերպել, որին մասնակցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, խորհրդարանի պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Քննարկումը վարում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Օրակարգում երկու նախագիծ էր, օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
Հիմնավորելով «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ նախարարության պատասխանատուները շեշտել են, որ այն բխում է Արցախի Հանրապետության կրթության ոլորտում նախնական զինվորական պատրաստության նոր հայեցակարգի և ծրագրի ընդունումից, դրա հետ կապված զինղեկների և մասնագետների վերապատրաստող կրթական չափորոշիչներ, հայեցակարգեր, առարկայական ծրագրեր, արդիական մասնագիտական և մեթոդական գրականություն, ուսումնական միջոցներ, տեխնոլոգիաներ մշակող «Գիտաուսումնական կենտրոն» ստեղծելու անհրաժեշտությունից։
Նախագիծը երրորդ անգամ է քննարկվում ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:Խորհրդարանականները լրամշակման անհրաժեշտություն են տեսնում:Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով էլ հարցը կարելի է կարգավորել կառավարության որոշումներով:Նա մատնանշել է, որ կոնկրետ ռազմավարության բացակայությունն է խնդիր ստեղծում :
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանբ: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև որակյալ կադրերի պատրաստումը և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը:
Քննարկվել են նաև օտարերկրյա ԲՈՒՀ-երում ուսանելու ռազմավարության, գիտամեթոդական կառույցների գործունեության անհրաժեշտության, դպրոցների նյութատեխնիկական բազան համալրելու հետ կապված հարցեր:
Որոշվել է խնդրո շուրջ քննարկումները առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործադիրի խորհրդակցություններին պատգամավորական կազմի մասնակցությունը ապահովել: