ԼՈՒՐԵՐ
ԱՀ խորհրդարանի ղեկավարն ընդունել է ամերիկահայ գրող, բարերար, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան - Թերքոթին
19 հուլիսի 2022

Հուլիսի 19-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ամերիկահայ գրող, բարերար, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին։

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով ամերիկահայ բարերարին, շնորհավորել է ՀՀ քաղաքացիություն ստանալու և Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Արթուր Թովմասյանը կարևորել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի, մասնավորապես՝ վերջինիս կողմից կյանքի կոչված «Սեր Արցախ» ծրագրի գործունեությունը և նշել, որ 2020թ պատերազմից հետո Արցախում ծնունդների զգալի աճ է գրանցվել։

Աննա Թերքոթը նախ՝ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա՝ ընդգծել «Իմ նշանաբանն է պաշտպանել Արցախը։ «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի իրագործման հիմնական նպատակն էր՝ հիշեցնել Սփյուռքի մեր հայրենակիցներին, որ Արցախը կա, ապրում է և պետք է աջակցել Արցախում ծնվող յուրաքանչյուր երեխայի։ Սփյուռքում անտեղյակ են  Արցախում տիրող իրավիճակից և հուսով եմ՝ իմ ծրագրերով և այցով կարող եմ որոշակի գնահատական տալ»:

Նա  շեշտել է, որ «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախի նորածիններին և նրանց մայրերին տրամադրվող նվեր-արկղի պարունակությունը հավաքվում և փաթեթավորվում է Հայաստանում և Արցախում ծրագիրը, ըստ շահառուների արտահայտած կարծիքի, հաջողված է։

Հանդիպմանը, որին ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանը, անդրադարձ է կատարվել Արցախի անվտանգային հարցերին և բռնի տեղահանված արցախցիների  բնակարանային խնդիրների լուծմանը։

Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ եռամիասնությամբ և համազգային  օրակարգի ձևավորմամբ միայն նոր հաջողություններ կարձանագրենք։

ԱԺ նախագահը հուշանվերներ է հանձնել Աննա Աստվածատուրյան-Թերքոթին և հաջողություններ մաղթել հայրենանվեր աշխատանքում։

ԼՈՒՐԵՐ